ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սքանչելի ու բանաստեղծային համերգ՝ գործակցութեամբ Ամերիկահայ դաշնակահար Արամ Առաքելեանի եւ Չինացի երգիչ Հուի Ճինի

21 մայիսի, 2016 | 13:10

aram arakelyan
Յոյժ ըմբոշխնելի ու առաջնակարգ ելոյթի մը ականատես գտնուեցանք այսօր, հռչակաւոր «Փրակի Գարուն» փառատօնի հովանւոյն տակ, մայրաքաղաքիս գեղեցիկ  Martinů դահլիճը տեղի ունեցած երկու բացառիկ տաղանդաւոր երիտասարդ երաժիշտներու կատարմամբ:

Չինացի թենոր՝ Հուի Ճին (ծնած Փեքինկ քաղաքը) եւ Ամերիկահայ դաշնակահար Արամ Առաքելեան (որ Երեւան ծնած է) գեղեցիկ ու պահանջկոտ յայտագիր մը հրամցուցին, բաղկացեալ Շումանի սքանչելի Diechterliebe երգաշարէն, Ռիխարտ Սդրաուսի Ութը «Վերջին թերթերէն» Հերման Կիլմի բանաստեղծութիւններէ առնուած (որոնցմէ մին է հանրածանօթ Die Nacht – «Գիշերը» երգը), ինչպէս նաեւ երկու կտորներ դաշնակի մենակատարի համար՝ Չայքովսկիի «Մայիս»-ը («Տարուոյ եղանակները» նուագաշարէն) եւ Քրայսլըրի Liebesleid-ի Ռախմանինովի դաշնամուրային մշակումը:

Առաջին իսկ վայրկեանէն՝ ակնյայտ էր այս երկու արուեստագէտերու երաժշտականութեան ու արհեստավարժային բացառիկ մակարդակը: Առաջին՝ Im wunderschönen Monat Mai երգի դաշնամուրի ընկերակցութեան սկզբնաւորութեան իսկ հնչած ձայներով՝ Արամ Առաքելեանը անմիջականօրէն ստեղծեց դիւթիչ բանաստեղծային մթնոլորտ մը, եւ իր նուագարանը կատարելապէս երգեցուց, հարուստ  ներաշխարհ մը կառուցելով, որուն նաշխուն գոյներուն առընթեր՝ անհաւատալի ըլլալու աստիճան նրբագոյն ստուերաւորումներ ու ձայնային շղարշաւորումներ կու գային ունկդիրներու լսողութիւնը փայփայելու: Հուի Ճինը իր երգեցողութեամբ ոչ նուազ զգայուն ու ճարտար, սքանչելիօրէն ջինջ ու պայծառ  ձայնով (օժտուած ողորկ, սահուն եւ լայն ձայնատարածքով), լեզուային ու առոգանութեան սքանչելի հասկացողութեամբ ու դատողութեամբ, եւ իր իսկ մարմնոյն մէջ կրած նուագարանի կատարեալ տիրութեամբ՝ այս բոլոր բարեմասնութիւնները ի սպաս դրաւ՝ յօգուտ երաժշտութեան ու բանաստեղծութեան:  Յիրաւի՝ անկեղծ, սրտանց ու ազնուական երգեցողութիւն. զուսպ, տիրական, եւ զուրկ ոեւէ  ցուցամոլութենէ: Զուտ երաժշտութիւնն էր, որ միշտ նախապատուութիւն կը վայելէր ամէն տեսակէտով՝ եւ կամ աւելի ճիշդ՝ բանաստեղծութեան ու երաժշտութեան կատարեալ զուգորդութիւնը, հաւասարակշռութիւնը, միաձուլումը:

Մեծապէս ոգեւորուած ու ներշնչուած այս երկու երիտասարդ արուեստագէտներու ելոյթէն՝ այսու ջերմօրէն կը շնորհաւորենք զանոնք, իրենց նորանոր յաջողութիւններ կը մաղթենք, իսկ մեր ընթերցողաց կոչ կ’ուղղենք՝ որ հետագային իրենց անունները ի մտի ունենան եւ առիթը չփախցնեն համտեսելու իրենց բարձր արուեստը յառաջիկայ ելոյթներու միջոցաւ:

 

Հայկ Սրկ. Իւթիւճեան

aram arakelyan 2

 


Առնչվող նյութեր
1. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
2. Տաղանդավոր դաշնակահար Դմիտրի Իշխանովը դարձավ 13 տարեկան
3. Վրացի հայտնի դաշնակահար Լուկա Օկրոսը հանդես կգա Պրահայում
4. Պրահայում հանդես կգա Հայաստանի ,,Տոնիկա,, ժողգործիքների անսամբլը
5. Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա հուլիսի 1-ին Երեւանում
6. Դոկտոր Հայկ Ութիջյանին շնորհվել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվո անդամություն
7. Երաժշտությունը մանուկների աչքերով
8. Իսպանիա. Կանանց մեկամսյակը մեկնարկեց աննախադեպ համերգով
9. Լիլիթ Յանի «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը
10. Կանանց տոնին նվիրված համերգ իսպանական Միսլատայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: