ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սվետլանա Հակոբյան. Մենք ազգովի պետք է փոխենք մեր մտածողությունը՝ դուրս գալով զոհի հոգեբանությունից

12 հունվարի, 2016 | 10:18

Svetlana Hakobian 2ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է ՙԴար՚ հիմնադրամի նախագահ, բանաստեղծ, նկարչուհի Սվետլանա Հակոբյանը

-2012 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Ձեր անհատական ցուցահանդեսը ՙԳերդաստանի խորհուրդը՚ վերտառությամբ։  Ո՞րն է Ձեր գերդաստանի խորհուրդը, ի՞նչ միջավայրում եք ծնվել ու հասակ առել, դեպի ու՞ր են տանում Ձեր արմատները։

-Մարդու արմատներն, անշուշտ, իրեն հասած և իր գենետիկ կոդի մեջ գրառված բոլոր նուրբ երանգներն են, որոնք հիշողության ազդակներով տեղափոխվում են ժառանգների մեջ՝ դառնալով վարքագիծ, կերպար, շարժուձև, գույն, պատկեր, բնավորություն, օժտվածություն: Երբեք և որևէ անգամ դատարկ տեղը ոչինչ չի լինում, իսկ եթե կա մի հենակետ, մի ռացիոնալ հատիկ, պարարտ հող, կենդանության նշույլ, ապա այն իր գործն է անում:

Հայրական կողմից արմատներով Մուշից (Ալաշկերտից) եմ, մայրական կողմիցª Վանից: Հայրական արմատներս ամուր էին, օժտված նահապետական տոհմիկ մտածողությամբ, գերդաստանի խորհուրդն իրենց ներսում կրողներ էին նրանք և այս ամենի բնականոն շարունակողը և պատասխանատուն ինքս եմ իմ ապրած և դեռ ապրելիք կյանքով:

-Թե՜ ձեր նկարչության մեջ,  եւ թե՜ պոեզիայում մեծ տեղ եք տալիս ընտանիքին, ինչը հմտորեն իրականցրել եք նաեւ առօրյա կյանքում՝ դաստիարակելով  հիանալի  որդիների, որոնք այլեւս կայացած անհատներ են, ամեն մեկն իր ասպարեզում։ Թերեւս նաեւ Ձեր անձնական փորձառությունը դրդեց, որպեսզի հանդես գաք ընտանիքի մայր դաստիարակելու  գաղափարով։  Ո՞րն էր պատճառը, արդյո՞ք Հայաստանում խարխլվել է մայրության ինստիտուտը։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ կրթությունը. հատուկ դասագրքերով, հեռուստատեսային հաղորդումներով, ինչպե՞ս։

22-Ինչպիսին են իմ որդիները, գնահատողը նախ հասարակությունն է: Ինքս ազատ կարող եմ խոսել նրանց թերությունների և առավելությունների մասին: Իսկ թե ինչը դրդեց երկար մտորել Հայաստանում մայր կրթելու դպրոցներ հիմնելու մասին, անշուշտ, դա անհանգստությունս էր, կապված մեր մայրերի սխալ մտածելակերպի և գործելակերպի հետ: Ես այդ, և մի շարք այլ թեմաներով, իմ ֆեյսբուքի էջում բազմաթիվ հրապարակումներ ունեմ: Պատկերացումներս այդ թեմայի շուրջ շատ լայն, բազմաբնույթ, խորը և ամբողջական են: Մեր նախնիներն իրենց թևավոր խոսքերի, ասույթների, իրենց աշխատությունների մեջ անդրադարձել են այդ հարցին. բավական է հիշել Գ. Նժդեհին, Խրիմյան Հայրիկին, Ամենայն Հայոց Բանաստեղծ Հ. Թումանյանին։ Մենք նյութի, պատմական ժամանակաշրջաններից մեզ հասած օրինակների, փորձի պակաս չունենք. մեզ մնում է ուսումնասիրել ամբարվածը  և համապատասխան քայլեր կատարել: Եթե Արցախյան պատերազմից հետո, երբ գերտերությունները դեռ չէին ճշտել ՙմեր անելիքները՚ իրենց ռազմավարական ծրա•րերում (թե ինչպես պետք է ծառայեցնեն մեզ իրենց շահերին): Այդ պարագայում մենք պետք է ավելի ճկուն գտնվեինք և շատ արագ կազմակերպվեինք, և այսօր արդեն կունենայինք քաղաքացիական հասարակություն: Անցել է արդեն 20 տարի: Տեխնոլոգիաների արագընթաց զարգացման այս ժամանակաշրջանում մարդուն ընձեռված հնարավորությունները շատ ավելի մեծ են, իսկ դրանից չօգտվել նշանակում է հետ մնալ քաղաքակրթության զարգացման բնականոն ռիթմից:

-Ձեր տղաներին դաստիարակելիս, ո՞րն էր Ձեր հիմնական պատգամը։

– ՙԴաստիարակել՚  ասվածի մեջ ես բռնություն եմ տեսնում: Մեկ անգամ, երբ մեկնել էի Մոսկվա, այցելեցի մեր գրասենյակ: Ինձ մոտեցավ աշխատակիցներից մեկը, ով երկար տարիներ մեզ մոտ է աշխատում: Նա հարցրեց, թե ինչպես եմ դաստիարակել իմ երեք զավակներին, որ այդպիսի բարձր մարդկային հատկանիշներով են օժտված: Այնուհետև տխուր ավելացրեց. ՙԵս Ձեզ վաղուց էի սպասում, որ իմ հարցի պատասխանը ստանամ: Ես ունեմ մեկ որդի և չգիտեմ ինչպես վարվել: Տագնապն ինձ ներսից պատել է և չեմ կարողանում այն հեռացնել ինձնից՚: Լսեցի նրան խաղաղությամբ, առանց հորդորի կամ նրան խաղաղեցնելու փորձի, ասելով, որ չգիտեմ, թե ինչ բան է ՙդաստիարակել՚ ասվածը: Ես ապրել եմ այնպես, ինչպես ապրել եմ. եղել եմ նրանց և՜  մայրը, և՜ ընկերը, և՜  քույրը: Մենք միշտ կիսվել ենք միմյանց հետ օրվա անցուդարձով: Կինը լռեց և ընկավ խոհերի գիրկը:

Երբ հետադարձ հայացք եմ ձգում իմ անցած ճանապարհին, դարձյալ հայտնվում եմ իմ ապրած հեքիաթի աշխարհում, որտեղ ամեն բան ինձ համար սիրելի էր: Ժամանակներն անզոր են եղել ջնջելու ինձ համար շատ կարևոր ապրումներս, և ամեն անգամ հիշելիս, այդ ամենը ամենակենսական թրթիռներով է համակվում հոգիս:

 

 

 

– ՙԴար՚ հիմնադրամը երկար տարիներ բավականին մեծ կրթա-լուսավորչական գործունեություն է ծավալել Չարենցավանում։  Տպագրում եք բազմաթիվ գրքեր, մասնակցում բարեգործական ծրագրերի, ԱՅԲ դպրոցի ու Ծաղկունք գյուղի դպրոցի զարգացմանը, Չարենցավանում  եք նաեւ ծրագրեր իրականացրել։ Հրատարակել եք Աննա Պետրոսյանի տիտանական աշխատանքը՝ 7 հատորանոց  ՙԲոլոր ժամանակների Հայաստանը՚։ Այդ բոլոր նախագծերից որոնք են Ձեզ համար ամենակարեւորները, Svetlana Hakobyan ev Anna Petrosyanթեեւ գիտեմ, որ միշտ առավելությունը տվել եք կրթական ծրագրերին։  /www.dar.am/

-ՙԴԱՐ՚ հիմնադրամի մասին կարող ենք խոսել ու խոսել։ Արված գործերի մասին արդեն նշեցիք Ձեր հարցադրման մեջ, իսկ անելիքների, ծրագրերի մասին վերը նշված հարցադրման մեջ ես արդեն որոշ բաներ ասացի և չեմ ուզում կրկնվել, քանզի անելիքները անհամար են և առջևում են: Նաեւ ասացի արդեն մայր կրթելու դպրոցի մասին։

-Որքան տեղյակ եմ, նաեւ բժշկական ծրագրեր եք իրականացնում։ Կարող ենք բացել փակագծերը եւ ներկայացնել դրանք։ Բիոռեզոնանսային մեթոդի մասին էիք կարծեմ ինձ պատմել եւ ՙԱրեգակ՚ ընտանեկան առողջության կենտրոնի։

-Այո, այդպես է, և ինքը՝ անվանումը, համապատասխանում է կենտրոնի բնույթին և նպատակներիս իրականացմանը: Իմ անցած ճանապարհն այդ առումով փորձություններով լի է եղել. ոչինչ պատահական չէ:  Կենտրոնն իր բնույթով տարբերվում է մյուս կենտրոններից: Այն իր մեջ ներառում է բավականին ընդգրկուն ծրագրեր մարդու առողջության վերաբերյալ: Իմ կողմից ուսումնասիրված համապատասխան գրականությունը և անմիջական շփումս ինձ մի տրամաբանության հանգեցրին. բնությունը մարդուն տվել է նաև վերականգնվելու հնարավորություն՝ առանց քիմիական ծագման հաբերի: Այդ բժշկության անունն է հոմեոպաթիա՝ նմանաբուժություն: Մեկ հարցի շրջանակում հնարավոր չէ բավարարել հարցադրողի հետաքրքրությունը, բայց այն, որ հոմեոպաթիան հրաշքներ է գործում, ես ինքս եմ համոզվել:  / www.aregakkentron.am/

– ՙԺաննա դը Արկ՚ պոեմում գրում եք, որ այդ կերպարը շատ է օգնել Ձեզ։ Հատկապես ո՞ր գծերեն են Ձեզ համար դարձել ուսանելի՝ ազատության տենչը, համարձակությունը, թե այլ բնորոշիչ…

-ՙԺաննա Դ’Արկ՚ պոեմը գրել եմ ազգային զարթոնքից ոգևորված: Իմ մեջ կուտակված պետություն և պետականություն ունենալու անհագ ցանկություն կար, որն ինձ հետ բերել էի, գուցե, իմ ծննդյան օրվանից: Եվ ահա հասունացել էր ժամը: Ժաննա Դ’Արկի կերպարը հառնեց իմ առջև. գյուղացի առասպելական աղջնակի ազատության տենչը ուսանելի է՝  իր ոգու հզոր ուժի և նախախնամության պարտադրանքով: Նա իր հայրենիքի փրկիչը դարձավ:

– Գալով Ձեր պոեզիային, չեմ կարող  զուգահեռ չանցկացնել Ձեր նկարչության հետ։ Ինչպես ՙԼուսինե՚ պատկերագրքում եք ներկայացրել, դրանք այնքան միահյուսված են, որ երբեմն հարց է առաջանում, բանաստեղծության ծնունդն է խթանում նոր նկարի ստեղծմանը, թե հակառակը։ Այլ խոսքով՝ ով է ում ստրուկը։

svetlana hakobyan-ՙԱրվեստ՚ ասվածը, անկախ այն բանից, թե որ ոլորտին է վերաբերում, առկա է ամենուր և փոխկապակցված է յուրաքանչյուր ոլորտի հետ:  Նկարչության մեջ պոեզիա և երաժշտություն, թե պոեզիայի մեջ նկարչություն և երաժշտություն, նմանապես երաժշտության մեջ նկարչություն թե պոեզիա, միահյուսված են, պարզապես արտահայտչաձևերն են տարբեր: Ի դեպ, սկսել եմ գրել դպրոցական հասակից (թոռնիկս՝ Սարգիս Աղաջանյանը, սովորում է 3-րդ դասարանում և արդեն հեքիաթներ է գրում, ինչպես նաև նկարում է և օժտված է երաժշտական տաղանդով), բայց միշտ ինչ-որ բանի պակաս էի զգում, մի բանի, որը կլրացներ և կամբողջացներ իմ ներքին զգայական դաշտի պակասը: Ինձ համար դա եղավ կերպարվեստը:

– Համացանցի եւ սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները անսահմանափակ են։ Դուք նաեւ օգտվում եք ֆեյսբուքի, կամ ինչպես հայերեն թարգմանում են՝ դիմագրքի հնարավորություններից։ Որքանո՞վ են սոցիալական ցանցերն ազդում մարդկանց վրա։  Չե՞ք կարծում, որ դրանք երբեմն խաբուսիկ պատկերացում են տալիս մարդկանց ու կյանքի մասին։

-Ցանկացած բան, այդ թվում՝ սոցիալական կայքերը, ունեն իրենց և դրական, և բացասական կողմերը: Ցանկացած գործոնի չարաշահում իր բացասական հետևանքներն է ունենում: Ինչ վերաբերում է ֆեյսբուք սոցիալական ցանցին, ապա ասեմ, որ այն մի հզոր գործիք է մարդկության ձեռքերում, եթե այն ճիշտ օգտագործենք: Շատ հաճախ կայքէջերում հանդիպում եմ այնպիսի անհեթեթ գրառումների, լուսանկարների, տեսացուցադրումների, որ մեղմ ասած, զարմանում եմ: Մի՞թե մարդիկ այլ զբաղմունք չունեն: Իսկ ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, այն պետք է դառնար և պետք է կարողանանք այն դարձնել աշխարհում տարածված հայությանը համախմբելու աննախադեպ միջոց: Այսօր առավել քան երբևէ մենք դրա անհրաժեշտությունն ունենք: Նշեմ, որ հզոր ներուժ ունենք աշխարհով մեկ սփռված: Թե՜  մարդկային, թե՜  նյութական, թե՜  գիտական մտքի ներուժի պակաս չունենք. ի մի բերել է պետք, հասկանալի դարձնել և ճիշտ ուղղորդել դեպի գլխավոր նպատակակետ:

-Փիլիսոփայությունն ու նկարչությունը շաղկապված են միմյանց հետ, ինչը լիովին արտացոլված է ոչ միայն  ձեր նկարներում, այլեւ հրապարակախոսական հոդվածներում։  Կյանքում ի՞նչ տեղ ունի ձեր փիլիսոփայությունը։

-Ստեղծագործողն իր ստեղծագործություններում արտացոլում է իր միտքը, իսկ եթե այն խորը փիլիսոփայություն չի պարունակում, ապա ստեղծագործությունը սնանկ է, մերկապարանոց, անիմաստ, ոչինչ չասող։  Ինձ համար ապրելու և ստեղծագործելու փիլիսոփայությունն արարման հիմք է ակնկալում: Շրջապատի մարդկանց ապրելու միջավայրը պետք է դարձնել որքան հնարավոր է կենդանի, գեղեցիկ, պայծառ և լուսավոր, վարակվել և վարակել լավատեսությամբ:

-Հայաստանը հայտնվել է այնպիսի աշխարհաքաղաքական թնջուկի մեջ, որ անվերջանալի է թվում այս անորոշությունը։ Ըստ Ձեզ ո՞րն է ելքը։

-Ինձ համար շատ կարևոր և մեծ նշանակություն ունի իմ երկրին վերաբերող ցանկացած խնդիր: Չկա անլուծելի խնդիր. կա ճիշտ կամ սխալ մոտեցում խնդրի լուծմանը: Ամենակարևորը ցանկությունն է։ Որքան էլ որ ասենք, թե մենք անզոր ենք այսօրվա աշխարհի մտածողության և գործելակերպի դեմ, ես չեմ ընդունում, չեմ հասկանում. այն իմ պատկերացումների աշխարհից դուրս է: Միևնույն է, մեր գենետիկ հիշողությունն այնքան ամուր է նստած մեր մեջ, որ թույլ չի տա նշանակություն չտալ նրա կարևորությանը: Հենց սրա շնորհիվ է, որ մենք հասել ենք այստեղ և շարունակելու ենք մեր երթը դարերի մեջ: Իսկ ելքը մտածողության հեղափոխության մեջ եմ տեսնում: Մենք ազգովի պետք է փոխենք մեր մտածողությունը՝ դուրս գալով զոհի հոգեբանությունից: Պատերազմ հաղթած ժողովուրդն իրավունք չունի այսքան խեղճանալ: Որ տեսանկյունից էլ դիտարկենք, կյանք մի եզրակացության. պատճառն այնքան  նյութականի պակասը չէ, որքան, անկասկած, մեր հոգևոր արժեքների սնանկությունը: Մեր ժողովրդի հոգևոր սնման աղբյուրներն իր արմատներն են: Եվ ահա կտրվել է կապը սնման աղբյուրի հետ, արդյունքում էլ այսօր ունենք այն, ինչը որ ունենք: Մեզ վրա օտար շատ կենտրոններ են աշխատել՝ ձգտելով մեզ բաժան-բաժան անել, խեղաթյուրել մեր պատմությունը, արժեզրկել մեր նախնիներից ժառանգած ահռելի քաղաքակրթականը: Մենք արարել ենք ոչ միայն մեր երկրում, այլև երկրից դուրս՝ ամբողջ աշխարհում: Չկա եվրոպական մի երկիր, ուր մեր ժողովրդի ուրույն և շքեղ ձեռագիրը չլինի, ուր չլինի հայի մասնակցությունը նրանց ճարտարապետության մեջ, քաղաքական, մշակութային և ընդանրապես առօրյա կյանքում: Սթափվել է պետք: Բավ է քաղաքներ կառուցենք, նվիրաբերենք սրան ու նրան և պատեհ առիթով նրանք մեզ վտարեն իրենց երկրներից, նաև մեր հողից, ի սկզբանե նախասահմանված մեր հայրենիքից:

svetlana hakobyan nkar Հողը մեզ չի ների: Նա մեր պահանջն է զգում: Տե՜ր կանգնեք մեր ունեցվածքին, ազգային արժեքներին, պապերից մեզ փոխանցված մեր անվերապահ ժառանգությանը:

Մի՞թե պատահական է, որ Նոյան Տապանը Արարատի գագաթին հանգրվանեց, առաջին անգամ քրիստոնեությունը մենք ընդունեցինք և տարածեցինք ի լուսավորում աշխարհի։

Այս ամենը մեզ վստահության հիմքեր պետք է տա, որպեսզի մենք աշխարհի առջև կանգնենք բաց ճակատով և շիտակ քայլեր անենք։ Մենք ուժեղ ենք մեր արժեհամակարգով, մեր մտքի անսպառ կարողությամբ, մեր հավատքով և ոգու հզորությամբ։

 

– Հայոց ցեղասպանության թեման Ձեզ հուզել է ՙԷրգիր՚ շարքի կտավներում՝ Արեւմտյան Հայաստան կատարած ճամփորդության ազդեցությամբ։  Մեկդարյա տարելիցը նաեւ որոշակի հանգրվան է՝ թե՜ մեզ համար, թե՜ թուրքերի եւ թե՜ մնացյալ աշխարհի։  Չե՞ք կարծում, որ նոր մոտեցումներ են պետք այս հարցում։

-Այն ամենը, ինչ կատարվեց մեր ժողովրդի հետ, դուրս է մարդկային բանականության սահմաններից: Մեր օրերում եւս շարունակվում է սպանդը տարբեր երկրներում, տարբեր ազգությունների հանդեպ, քանզի մինչ օրս համապատասխան գնահատական չի տրվել, չի դատապարտվել ոճրագործությունը, աշխարհի շատ պետությունների կողմից: Նրանք էլ շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, սակայն ողբերգությունները նրանց կողմից օգտագործվում է որպես միջոցը՝ իրենց քաղաքական շահերը սպասարկելու համար: Ասածս նորություն չէ որևէ մեկի համար և անդադար խոսել այդ մասին և եզրակացության չգալ, թե ինչո՞ւ մեզ հետ տեղի ունեցավ այդ ոճրագործությունը անիմաստ եմ համարում:

13Ողբերգությունը մեզ համար դարձրել ենք համախմբման միջոց: Տարին մեկ անգամ՝ ապրիլի 24-ին, Հայաստանի և աշխարհասփյուռ հայությունը իր հարգանքի տուրքն է մատուցում մեր նահատակների հիշատակի առջև: Դրանով իսկ կապը պահելով: Սակայն դրանից ի՞նչ դասեր ենք քաղել կամ ո՞րն է մեր հետագա քայլերը այսօրվա Հայաստանը զորացնելու համար, չգիտեմ: Արևմտյան Հայաստանում շրջագայելիս (2002 թվականն էր) ինձ համար մեկ գերնպատակ ունեի, վերջնականապես փրկվել զոհի կործանարար հոգեբանությունից, փնտրել և գտնել այն նախահիմքերը, որոնք պատճառ դարձան Արևմտյան Հայաստանի կորստին: Այս ամենը պետք է որ բարձրացվի պետական քաղաքականության մակարդակի վրա, եթե կուզեք, դառնա ազգային գերակայություն:

Այո, անկասկած մեկդարյա տարելիցը հանգրվան է, մեզ համար մեծագույն պատասխանատվություն, հավերժացնելու բյուր զոհերի խնկարկելի հիշատակը, ազգային և քրիստոնեաբարո երկրի կառուցմամբ:

Մեր գերակա մոտեցումը սա է, իսկ թե ինչ դասեր կքաղեն թուրքերը, դա նախ իրենց գործն է, նրանք պիտի որ վերջապես ապաշխարեն, քավեն զարհուրելի մեղքը ՙիրենց երկրի՚ և իրենց սերունդների վրայից: Բայց արդյո՞ք թուրք տեսակը պատրաստ է քավության: Համոզված եմ, որ նրանց մեկ բան է մնումª վերադարձնել մեր ԷՐԳԻՐԸ մեզ: Եվ եթե խորագետ լինեն ու հեռատես, ապա վստահաբար մի սխրանք պիտի գործեն՝ կամովին վերադառնան իրենց էթնիկ բնօրանները, Ալթայի անտառներն ու թուրքմենական անապատները: Ինչ վերաբերվում է մնացյալ աշխարհին, ապա թող իրենք որոշեն իրենց անելիքն ու ճշտեն վերաբերմունքը:

Ի վերջո, ինչո՞ւ է աշխարհի առաջադեմ մարդկությունը հանդուրժում այդ տեսակի գոյությունը մոլորակի վրա, որի անունն է թուրք։

Ի վերջո, աշխարհում չկա մի երկիր, ուր հայը ճանաչված չէ որպես արարող և տվյալ երկրին հավատարիմ, օրինակելի քաղաքացի: Սա, համոզված եմ, բավարար նախապայման է աշխարհի համար:

-Գալով պատմությանը, ըստ Ձեզ Հայաստանը ինչպիսի՞դասեր ունի քաղելու պատմությունից։

-Մեր դասերը։ Մեր մեծերը մեզ շարունակ դաս են տալիս, մենք անտեսում ենք այդ դասերը: Ամենակարևոր դասը հետևյալն է. գիտակցել, որ ոչ թե արտաքին ուժերն են քանդել մեր տունը, այլ մենք մեր երկպառակություններով, մեր ուխտադրժությամբ և պետականամերժությամբ:

Պետականության զգացողության բացակայությունն է մեր ՙտառապած և փառապանծ՚ ազգի մեծագույն թերությունը: Սա պիտի արմատախիլ անենք մեր սրտից և մտքից, մեր ներաշխարհից: Եվ կշահենք մեծապես:

Սա է մեր գլխավոր դասը:

Զրույցը վարեց  Հակոբ Ասատրյանը

Երեւան-Պրահա

2015թ.  ապրիլ

Հարցազրույցը տպագրվել է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2015 թվականի 1-4\73\ համարում։ 

 

 

Պոեզիա 

Սվետլանա Հակոբյան

ՕՐԸ
Օրհնանքով եմ ես իմ օրն սկսում
Եվ ավարտում եմ օրն իմ օրհնանքով,
Հույսեր, ժպիտներ, ծիծաղներ բազում
Բերո˜ւմ եմ, լցնում խորքերն իմ հոգու:
Իմ շուրջն եմ նայում՝ ցավն է ամեն տեղ,
մուրացկանություն ու համակ թախիծ,
Հացփոր պոռնիկներ ու գունատ որբեր,
Տեր իմ, ո՞ր մեկին ես փրկեմ ցավից,
Որ չապրեն սոված ու սև չհագնեն,
Ու բոլոր մարդիկ աշխարհի վրա,
Օրհնանքով իրենց օրը ավարտեն:

 

ՈւՂԵԿԻՑՆԵՐ
Եվ ծնվեց մի օր Սերը երկնքում,
Նրա հետ՝ Ցավն ու Տառապանքը այն,
Եվ Ցավն ու Սերը՝ երկնի ճամփեքով
Ճանապարհ ելան շրջագայության:
Սերն ում հանդիպեց՝ փաթաթվեց նրան
Անհուն քնքշությամբ ու գորովանքով,
Իսկ Տառապանքը միշտ կողքից, արթուն
Պատժե˜ց նրան իր տառապանքով:
Ու այդ օրվանից Սեր ու Տառապանք
Ուղեկիցներ են հավերժ ու անքուն,
Մի օր բացո˜ւմ են մեկ-մեկու ճամփա,
Մի օր՝ մեկ-մեկու ճամփա են փակում:

 

ՄԵԾ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ
Եվ կգա մի օր, որ արթնացումի հուշերով արբած,
Լուսե պսակներ կհյուսեմ կամաց
Մատներիդ թախծոտ շարժուձևերով:
Երազները քո կշոյեմ քնքուշ,
Քո աչքերի մեջ ու շուրթերիդ տակ
Համբույր է պահված՝ քաղցրի˜կ ու անուշ…
Բյուր ու բյուրածալ կապույտների մեջ
Քո Կանաչ գույնը կտեսնես մի օր,
Եվ արշալույսին ծագած արևը
Քեզ կբարևի իր գոց աչքերով
Եվ շռայլորեն քեզ կզարդարի
Իր շշուկներով…
Եվ քեզ՝ իր հեռվից, իր անհայտ տեղից
Այցի կգա նա՝ անսպասելին…

 

ԴԱՎԻԹ
Քնելու ժամ չէ, արթնացի˜ր, Դավի˜թ,
Գիշեր ու ցերեկ ի՞նչ ես մրափում,
Մսրա Մելիքն ու Սասնա իշխաններն
Առանց քեզ՝ քո հոր ոսկին են չափում:
Տանում են քառսուն անաղարտ կույսեր,
Քառասուն հարսներ, որ երկանք աղան,
Ուզում են Սասնա ու քո հորեղբոր՝
Ձենով Օհանի պատվի հետ խաղան:
Էլ չհավատա˜ս ոչ մեկի կյանքում,
Էն շաղգամատեր պառավից բացի,
Սասունն աչքիդ դեմ գերի են տանում,
Քեզ թողնում անտեր ու առա˜ նց հացի:
Մարութա վանքն են քարուքանդ արել,
Քեզ ոչ ոք մի ճոթ հաց չի խոստանում,
Օրը ճաշ դառավ, շամփուրը գրկած,
Հերի՞ք չէ քնես պառվի բոստանում:
Մասուրի չափ է ընկույզը դարձել,
Ե˜լ քնի˜ց, լաո˜, օր դարձավ տարին,
Վեր, Փոքր Մհերն Ագռավաքարից,
Տե˜ս, դո˜ւրս է բերում Քուռկիկ Ջալալին:

 
ՀԱՅԱՑՔ
Նոր եմ հասկանում, թե ինչո՞ւ են մեզ
Հավերժ հալածել,
Հալածել սրով, ամբաստանությամբ,
Ստով, նախանձով, դավաճանությամբ:
Պատճառը մեկն է՝
Միշտ սարսափել են մեր իշխանական
Հպարտ կեցվածքից,
Խելոք ծառայից ու հարևանից,
Մեր հին պատմության ծանր բեռներից,
Նաև ա˜յն վախից, թե կիշխենք իրենց.
Ո՞ւր էր, թե այդպես մենք մտածեինք
Ու կո˜ւլ չտայինք պատվախնդրորեն
Հայոց Մեծ Ջարդի հաբը դժնդակ,
Որ դեռ այսօր ենք կուլ տալիս մեկ-մեկ,
Հինը՝ չմարսած:
Ամոթը այստեղ ծանր է արյունից, պատիվը՝ զոհից:
Բայց գուցե հենց այդ Հուշի Սպին է,
Որ պիտի այդպես, այնքա˜ն լայնանա,
Որ Մեր պատմության առաջին ելման
Քարտեզը դառնա,
Այն անունների բերդ ամրոցներով,
Այն անունների զորեղ կանչերով,
Որոնցով, ինչպես աստղերով երկնի,
Մեր քարավանն է միշտ գնում առաջ՝
Ծանր, բայց հավե˜րժ իր ղողանջներով:


Առնչվող նյութեր
1. Մայր կրթելու դպրոցը` ազգային գերակա շահ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: