ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սվեն-Էրիկ Ռիսեի “Հայաստան, իմ սեր” նորվեգերեն գրքի շնորհանդեսը Օսլոյում

04 մարտի, 2017 | 21:48

ՕՍԼՕ.- ՕՐԵՐ.-Մարտի 4-ին  Օսլոյի Էլդորադո հայտնի գրախանութի լեփ-լեցուն դահլիճում  կայացավ Հայաստանի մեծ բարեկամ  Սվեն-Էրիկ Ռիսեի նորվեգերեն  “Հայաստան, իմ սեր” (Hayastan – derfor elsker jeg Armenia) գրքի շնորհանդեսը։

norvegia rise 3

Նորվեգացի հեղինակը ներկայացրեց իր սիրո խոստովանությունն առ Հայաստան և հայ ժողովուրդ, մի քանի հատվածներ ընթերցեց գրքից,   ներկաներին ցուցադրեց լուսանկարներ, որոնք ուղեկցվեցին հետաքրքիր մեկնաբանություններով ու բացատրություններով։ Հեղինակն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային որոշ խնդիրների՝  ադրբեջանական ագրեսային, բլոգեր Լապշինի արտահանձնմանը, ինչպես նաեւ այլ արդիական թեմաների: Գրքի նախաբանը գրել է Նորվեգիայի Հանրային հեռուստաընկերության (NRK) վետերան լրագրող, բազում գրքերի հեղինակ Յան Օտտո Յոհանսենը։

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան հեռուստամեկնաբան և գրող Սթայն Մորտեն Լիերը, Հայկական մշակութային միության ղեկավար Լիանա Հարությունյանը, Հայ առաքելական եկեղեցական խորհրդի ներկայացուցիչ Նարինե Հարությունյանը և Նորվեգական Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լենե Վետելանդը:

norvegia rise 3 rise 2017Նշենք, որ պրն. Ռիսեն Հայաստանի հարցերով փորձագետ է, հանրակրթական դպրոցի տնօրեն, դասավանդում է ֆրանսերեն եւ կրոնի պատմություն, նաեւ փորձում է հայերեն սովորել։  Բազմիցս նորվեգական թերթերում  հանդես է եկել Հայաստանին նվիրված հոդվածներով, անդրադարձել ցեղասպանության թեմային, հանրային դասախոսություններով հանդես եկել տարբեր լսարանների առջև: Նորվեգացիներն այնքան են ոգեւորվել նրա պատմություններից, որ խնդրել են այցելություն  կազմակերպել Հայաստան, ինչն էլ նա սիրով իրականացրել է։  Առաջին այցելությունից հետո Հայաստանով հետաքրքրվողների թիվը մեծացել է։ Սվեն-Էրիկը  հպարտությամբ ինքն իրեն հայ է համարում և երազում է ստանալ հայկական անձնագիր:

Գիրքը շատ մտերմիկ և հումորային տոնով գրված սիրո պատմություն է: Հեղինակը ընթերցողին ճանապարհորդության է տանում, որտեղ հեղինակը և նրա թուրք ընկերը շրջագայում են երկրով, բացահայտում Հայաստանը, հանդիպում և շփվում հետաքրքիր մարդկանց հետ, որոնք իրենց հետ կիսվում են հետաքրքիր պատմություններով: Հեղինակը գրքում նաև անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, համեմատականներ տանում հրեաների Հոլոքոստի հետ, քննարկում Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման իրողությունը, նաեւ՝ անդրադառնում Ղարաբաղյան հիմնահարցին: Գիրքը գեղարվեստական և գիտական ժանրերի մի ներդաշնակ միաձուլում է:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց գրքի հեղինակը, գիրքը տպագրել է իր անձնական միջոցներով, վաճառվել է տպաքանակի կեսը՝ 250 օրինակ, այն արդեն ձեռք են բերել բազմաթիվ խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, ուղարկել է նաեւ Նորվեգիայի թագավորին ու վարչապետին։

՚՚Իմ ցանկությունն է, որ որքան հնարավոր է ավելի շատ մարդ իմանա Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի մասին, եւ Նորվեգիան նույնպես ճանաչի հայերի ցեղասպանությունը՚՚,-ասում է  Սվեն-Էրիկ Ռիսեն։ Այդ նպատակով նա գրքի շնորհանդեսին էր հրավիրել նաեւ դպրոցների պատմության ուսուցիչներին, որպեսզի նրանք նույնպես տեղեկանան հայերի ցեղասպանությանը եւ պատմություն առարկան դասավանդելիս անդրադառնան հայ ժողովրդի պատմության դաժան իրադարձություններին։


norvegia rise 2 2017Հեղինակը ծրագրում է ՚՚Հայաստան, իմ սեր՚՚  գիրքը թարգմանել հայերենի եւ անգլերենի։

Ավելացնենք նաեւ, որ շնորհանդեսը ուղեկցվեց  հյուրասիրությամբ, որը կազմակերպել էին օսլոյաբնակ հայերը՝  ներկաներին հրամցնելով հայկական ուտեստների տեսականի, իսկ վերջում ներկաները ձեռք բերեցին գրքի մակագրված օրինակները։

Սվեն-Էրիկ Ռիսեի հետ մեր հարցազրույցը կարդացեք ՕՐԵՐ-ի առաջիկա համարում։

Հակոբ Ասատրյան

ՕՍԼՈ

ՕՐԵՐ ամսագիր  ,  Orer.eu

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի 

norvegia grki shnorhandes2 2017norvegia grki shnorhandes Risenorvegia rise 5


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: