ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

20 ապրիլի, 2014 | 09:20

Garegin Vehapar - Patarag 31-7-2013Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնը։ Տոնի առիթով աշխարհասփյուռ բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ, հայ հավատացելոց փոխանցվեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Հարության տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական այրեր, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Մինչ Հայրապետական պատարագի սկսվելը, Ս. Հռիփսիմե վանքից Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող հայորդյաց տների և Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի սաները թմբուկների ձայների ներքո քայլերթով եկան Մայր Աթոռ` դիմավորելու Վեհարանից Մայր Տաճար իջնող Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահի գլխավերևում ամպհովանին կրում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը և սիրիահայ Սուրեն Վարդանյանը:

Ս. Պատարագին Նորին Սրբությանը` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությունը, վերստին «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը և իր բարեմաղթանքները փոխանցելով համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի, իր հայրապետական պատգամը հղեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով:

ejmiatsin zatik 2014Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Ես եմ լոյս աշխարհի, որ գայ զկնի Իմ`

ընդ խաւար մի գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց»

(Յովհ. Ը 12):

Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս,

Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Սուրբ Հարության տոնը հուսառատությամբ է լուսավորել մեր հոգիները: Մահվանից հարություն է առել մեր Փրկիչը, մահաբեր գործիքից խաչը վերափոխվել է կենաց ծառի, մարդն ու տիեզերքը նորոգվել են կյանքի և հավերժության շնորհով:

Այսօր Քրիստոսով հարուցյալ նոր արարչություն է, նոր կյանքի ճանապարհ` պայծառացած կենարար լույսով, որ պարգևում է Փրկիչը. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Հարուցյալ մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական ու նաև երկրային լուսավոր կյանք ունենալու աստվածային հրավեր են` ուղղված յուրաքանչյուր մարդու, քանզի Սուրբ Հարության շնորհները բաշխվում են բոլորին, նաև` նրանց, ովքեր դեռևս կանգնած չեն հավատքի ճանապարհին, ովքեր կյանքի փորձություններից սրտաբեկ` ընդվզում են Աստծո դեմ: Սուրբ Հարության շնորհները սփռվում են նաև այնտեղ, որտեղ պատերազմների և մոլեգնող ահաբեկչությունների մեջ դառնացած են մարդիկ, կարծրացած են սրտերը, որտեղ մարդիկ կրում են տառապանքների դաժան բեռը, որտեղ զոհվում են հրեշտականման մանուկներ` աղքատության, անտարբերության, ռազմական գործողությունների հետևանքով: Մարդկության կյանքն ալեկոծող բոլոր հակամարտությունների, հումանիտար, բնապահպանական աղետների, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, բոլոր հոգսերի ու մարտահրավերների վրա այսօր փայլում է Քրիստոսի Հարության խավարացիր լույսը: Հարության հավատքը, որ վերափոխել է պատմության ընթացքը, կրթել է հոգի ու միտք, կերտել մշակույթ, զարգացման առաջնորդել պետություններ, առաջադրել արդարության և իրավունքի համամարդկային չափանիշներ, մարդասիրական արժեքներ ու սկզբունքներ, այսօր էլ հրաշագործ զորությունն է, որին պիտի ապավինենք, որով պիտի նորոգվեն աշխարհն ու մարդկային հոգիները` նոր իրագործումներով, խաղաղությամբ, սիրով, բարիքով պայծառակերպելու մարդկության կյանքը: Այսօր չկան հասարակություններ, պետություններ առանց խնդիրների, կարիքների ու նեղությունների: Հասարակություններն ու պետությունները, սակայն, չեն կարող ունենալ առաջընթաց, անգամ դատապարտված են ոչնչացման, եթե չլինեն հոգևոր-բարոյական արժեքների վրա կյանքի հաստատման, առաջընթացի ու կատարելության առաջնորդող տեսիլքն ու նպատակները և դրանց նվիրյալ առաքյալները: Արդարև, մարդկության մեծ նվաճումները խիզախումներն են ազնիվ տեսլական ունեցող անհատների, ինչպես քրիստոնեության լույսի տարածողները եղան Քրիստոսի աշակերտները, ովքեր առ Աստված հզոր հավատքով, անձնազոհ հանձնառությամբ սկզբնավորեցին հարուցյալ կյանքի ուղիներն աշխարհում` ի սեր մարդու փրկության, երջանկության ու բարօրության: Ամեն ոք, ով հավատում է Աստծուն, ով սեր ունի արարչության ու մարդկանց հանդեպ, առաքյալ է և պիտի իրագործի իր առաքելությունը աներկբա գիտակցությամբ, որ Աստծո օրհնությունն է շնորհաց աղբյուրը, որն հեռացնում է կյանքի մռայլը, Աստծո զորակցությունը բազմապատկում է աշխատանքի արդյունքները, Աստծո մխիթարությունը փարատում է հուսահատությունն ու տխրությունը, Աստծո երկնային արդարությունն ամրապնդում է հիմքերը երկրային արդարության: Այս գիտակցության, այս ոգու հառնումով պիտի ամոքվեն ներկա աշխարհի վերքերը, սիրո և համերաշխության ուղիներում հաստատվեն երկրների ու հասարակությունների ընթացքը, կյանքը վերափոխվի հարության լույսով, որ պատգամն է մեր Տիրոջ և խորհուրդը` Քրիստոսի Հարության:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Փրկչի Հարության ավետիսն այսօր հրավեր է աշխարհասփյուռ մեր ժողովրդին հայրենական և ազգային մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլ աներեր կամքով ջանքեր գործադրելու հայրենի մեր երկրի, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի համար: Ժամանակի հողմերի մեջ որտե±ղ պիտի մնար մեր ժողովուրդը, եթե չզորանար Քրիստոսի Հարության շնորհներով, եթե չունենար Հայրենիքի, ազգի հանդեպ սերը և չկարողանար այն հենարան դարձնել նեղության ժամին և ուժ` ապրելու, ստեղծելու և վեր հառնելու: Մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող ենք վճռել կյանքը վերափոխելու անվարան ձգտումով, քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ, ազնիվ, բարի ընթացքով, մեր հանձնառություններով, հայրենանվեր, ազգաշահ գործերով: Սուրբ Հարության տոնը մեզ բերում է քաջալերությունը հուսավառ ոգով կյանքի կոչելու այն ծրագրերը, որ յուրաքանչյուրը, Տիրոջը հետևելու կոչին արձագանքելով, կարող է իրագործել ընտանեկան, հասարակական, պետական և ազգային մեր կյանքի համար` անձնական շահը չտարբերելով երկրի ու ժողովրդի շահից: Մեր կոչման և պատասխանատվության մեջ հոգով ու նվիրումով ծառայենք, ձգտենք հաջողությունների ոչ միայն մեզ համար, այլև` միմյանց, հայրենական և ազգային մեր կյանքի առաջընթացի համար և, ինչպես պատվիրում է մեր Տերը, համարենք, որ արեցինք ընդամենը այն, ինչ պարտավոր էինք (Ղուկ. ԺԷ 10):

Հայրական Մեր խոսքն ենք ուղղում հատկապես երիտասարդ Մեր զավակներին ի Հայրենիս և ի Սփյուռս` հորդորելով լինել տերունապատվեր առաքելության կրողներ` երիտասարդության հրաշալի ներուժը հույսով ու հավատքով միախառնելով ազգային կյանքին: Մեր կյանքի դժվարությունների ու հրամայականների, մեր ժամանակների եսակենտրոն ու հոգեկործան անցողիկ ընթացքների և երևույթների, փորձության բոլոր հողմերի դիմաց ամուր պահեք երիտասարդական կենսահաստատ ոգին` անսասան կանգնած հավատքի վեմին, հիշելով խոսքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Սիրելի երիտասարդ զավակներ Մեր, Դուք, որ անդրանիկ սերունդն եք մեր Հայրենիքի ազատ կյանքի, ձեր սրտերում իբրև ամենամեծ գանձ, կրեք ու պահպանեք Քրիստոսով ազատ, Քրիստոսով պայծառ հոգու լույսը: Ժողովուրդը, որ ունի Աստծո օրենքով կրթված որդիներ, ունի նաև իրական հույսեր, բարի հեռանկար: Դուք պիտի իրագործեք այդ հույսերը պետական, ազգային և եկեղեցական մեր կյանքի անդաստաններում, մեր Հայրենիքի սահմաններում, Սփյուռքում մեր մայրենիի և մշակույթի պահպանության դիրքերում, մեր երկիրը հզորացնելու, Արցախի ազատ ապրելու իրավունքը, մեր արդար դատը պաշտպանելու մարտադաշտերում և ձեր հոգու նվիրումով, հայրենական և ազգային կյանքում ձեր հանձնառություններով պիտի հյուսեք հաղթանակները մեր նորօրյա կյանքի:

Ներկայիս ազգային մեր կյանքի մտահոգություններից է շարունակում մնալ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակների դժվարին կացությունը: Վերջին շրջանում նոր տագնապ են հարուցել Քեսաբում Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների ծավալած ռազմական գործողությունները: Հայաբնակ շրջանի ավերումը և հայ բնակչության տարհանումը շարունակությունն է հայ ժողովրդի հանդեպ որդեգրած թուրքական նույն ոճրագործ քաղաքականության, որին պիտի կարողանանք դիմակայել պետական, եկեղեցական, ազգային մեր կառույցներով, միասնական ջանքերով պաշտպանելով մեր ժողովրդի իրավունքները:

Այսօր, սիրելիներ, երբ Քրիստոսի Հարության տոնի լույսն ու խանդավառությունը վերստին բաբախում են մեր սրտերում, առաքելական խոսքի համաձայն` հագած լույսի զրահը (Հռ. ԺԳ 12), իբրև Տիրոջ Հարությամբ ցնծացող, տրտմությունը, երկյուղն ու հուսահատությունը մերժող առաքյալներ, ելնենք վերափոխելու մեր և մեր հայրենյաց ու ժողովրդի կյանքը նոր իրագործումներով, գալիքի մեր պայծառ տեսիլքը լուսաշող իրականություն դարձնելու հաստատուն քայլերով:

Այս հավատով և մաղթանքով, Սուրբ Հարության ավետիսով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և Տիրախնամ նրանց հոտին: Տիրոջ պահպանությունն ենք հայցում իրենց և հանապազ զորակցությունը` տերունապատվեր առաքելության մեջ:

Քրիստոսի Հարության շնորհների հայցով Մեր ողջույնն ենք բերում պատարագի սրբազան արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին և Առաջին տիկնոջը: Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին։ Սուրբ Հարության բերկրալի ավետիսով Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր զավակներին:

Զատկական այս սուրբ և նվիրական օրը ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Հարության շնորհները զորացնեն ձեզ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրելու հույսով ու հավատքով և սիրով ու համերաշխությամբ կերտելու մեր կյանքի նոր բարի օրը:

Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի աշխարհը համայն, բարօր առաջընթաց շնորհի մեր Հայրենիքին, պայծառություն` մեր Սուրբ Եկեղեցուն և հավատավոր ազգիս հայոց` այսօր և միշտ բարեբանելու Սուրբ Հարությունը մեր Փրկչի.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

###


Առնչվող նյութեր
1. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը
2. Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
3. Լույս է տեսել «Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը
4. Էջմիածնում բացվեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»ի նոր կրթահամալիրը
5. Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
6. Էջմիածնում ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմը
7. Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը սկսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
8. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը
9. Սուրբ Զատիկը նշվեց Պրահայում. լուսանկարներ
10. Սուրբ Զատիկի պատարագը ապրիլի 16-ին ժամը 13-ին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: