ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սուչավայի Հայկական Հրաշքը

27 հունիսի, 2017 | 20:05

 

Ռումինիայի Սուչավա քաղաքը նշանավոր է նրանով, որ այն Եվրոպայի միակ քաղաքն է, ուր կառուցվել են վեց հայկական եկեղեցիներ ու երկու վանքեր եւ բոլորն էլ հիմնված ԺԵ-ԺԶ-րդ դարերում:

Այս մասին մեզ տեղեկություն է տալիս Սիմեոն դպիր Լեհացին իր նշանավոր ուղեգրության մեջ 1608 թ. «Եւ կայր յայս քաղաքս երեք-չորս հարիւր տուն հայի. երեք քարաշէն եկեղեցի եւ երկու վանք վիմաշէն քաղաքէն ի դուրս, յոյժ գեղեցիկ եւ պատուվական. մինն մերձ եւ հուպ քաղաքին, միւսն երկու մղոն հեռի»:
Հայ մատենագրության մեջ Սուչավա քաղաքը հայտնի է Սչովա, Սոչով, Սիչով, Սուչով, Շեչով եւ մի շարք համանման այլ ձեւերով: Սուչավան առանձնակիորեն նվիրական է նաեւ նրանով, որ Լվովի եւ ընդհանրապես լեհահայ գաղութի նման համարվում է հիմնված անեցիների շառավիղների կողմից, եւ ըստ այդմ` ժառանգորդը այդ մեծ մշակույթի:

Հայերը Մոլդովիայում եւ Տրանսիլվանիայում հաստատվել են ԺԳ եւ ԺԴ դդ., մեծ թվով հայեր հաստատվեցին այստեղ Լեհաստանից, որպես առեւտրականներ եւ արհեստավորներ:

Ահա այսպես անեցիների շառավիղների առաջին հանգրվանը ռումինա-մոլդովական կողմերում դառնում է Սուչավան: Շատ լավ է բնորոշում անեցիների մուտքը այս հող ռումինահայ նշանավոր պատմաբան Հակոբ Սիրունին. «Անին, Մոլդովայի մեջ, Սուչավան էր ըրեր իր առաջին կայքը»:


Սուչավայի մասին հայ մատենագրության մեջ առաջին հիշատակությունը գտնում ենք ԺԳ-րդ դարի նշանավոր պատմիչ Վարդան Արեւելցու «Աշխարհացոյցում», ուր ասվում է. «Եւ ի վերայ Լօվայ եւ Սէչովայ գա հասանէ մինչ ի Կոստանդնուպօլիս»: Իսկ Սուչավայի հայ համայնքի մասին առաջին ուղղակի հիշատակությունը գտնում ենք Թեոդորոս Բ Կիլիկեցու 1388 թ. գրված կոնդակում, ուր ասվում է.«Յականաւոր թագաւորանիստ քրիստոսական մայրաքաղաքն ի Լովն եւ յամենայն վիճակն իւր բոլորովին. ի Սերաթն, ի Չիչովն, ի Կամենեցն, ի Լուցկայն…»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ որպես Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների ու քաղաքների թեմական կենտրոն հիշվում է Լվովը, իսկ այս թեմին մաս կազմող եւ տարբեր երկրներ ու բնակավայրեր ընդգրկող վիճակներից առաջինը հիշվում է Չիչովն` Սուչավան:
Մոլդովայի իշխանապետ Ալեքսանդր Բարին 1401 թ. Սուչավայում գրված հրովարտակով թույլ է տալիս հիմնելու մոլդովա-ռումինական կողմերի առանձին թեմական կառույց, որի առաջնորդանիստ կենտրոնն է դառնում Սուչավան:

Հաճկատարից բացի, Սուչավայում հայերը հիմնում են նաեւ Զամկայի կամ Սբ. Օգսենտի վանքը, իսկ քաղաքում որպես եկեղեցիներ` Սբ. Խաչը, Սբ. Սիմեոնը, Սբ.Աստվածածինը եւ Սբ. Նիկողայոսը: Սուչավայի հայ համայնքի այս բացառիկությունը պայմանավորված է եղել նաեւ առեւտրական կապերով եւ Սուչավայի բարենպաստ դիրքով: Այստեղով էին անցնում մերձվոլգյան շրջաններից Դանուբի ընթացքով շարժվող հայ վաճառականների քարավանների, որոնք պատմության մեջ հայտնի են Կարելե արմենեշտա` հայկական կառքեր կամ սայլեր անվանմամբ:
Ալեքսանդր Բարին 1401 թ. իր հրովարտակով իրավունք տալով հիմնելու Սուչավայի թեմը, այնուհետեւ 1408 թ. հոկտեմբերի ութի հրովարտակով Լվովից հրավիրում է հայ վաճառականներին եւ բնակեցնում Սուչավա, Սիրետ եւ Չեռնովիցի քաղաքներում: 1418 թ. Լեհաստանից հրավիրվում են եւս 3000 հայ ընտանիքներ, որոնցից 700 Սուչավայում է բնակվում:

Հայ համայնք ունեցել է իր քաղաքային վարչությունը իր քաղաքապետով եւ 12 հոգուց բաղկացած ավագների խորհրդով, ինչպես նաեւ հայերին վերաբերվող գործերը քննող հայ դատավորով: Սուչավայի մի շարք փողոցներ հայկական անվանումներ ունեն, իսկ կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Արմենասկը` Հայկական փողոց: Սուչվայում պահպանվել են տեղի հայերի մի շարք տներ, հյուրանոցներ, խանութներ եւ մի շարք այլ շինություններ:

Հայկական ծաղկուն կյանքով ապրող Սուչավայում 1629 թ. սպասավորել են 11 հոգեւորականներ: Նրանց անունները թվարկվում են նույն 1629 թ. Հաճկատարում գրված մի ձեռագրի հիշատակարանում:

Ինչպես նշվեց, Սուչավայում, բացի Հաճկատարի Սբ. Աստվածածին եկեղեցուց կառուցվել է Զամկան, որը ԺԵ-րդ դարում եղել է տեղի հայոց հոգեւոր առաջնորդական կենտրոնը: Անվանվում է նաեւ Սբ. Օգսենտ, նվիրված լինելով այս սրբի հիշատակին: Զամկայի մասին լեհ պատմաբան Լ. Շիմանսքին գրում է. «Զամքան, անկասկած հանդիսանում է Սուչավայի հայերի կառուցած ամենակարեւոր հոգեւոր յուշարձանը գերազանցելով մնացեալ բոլորին, ինչպէս իր մեծութեամբ, այնպես էլ իր արուեստով: Գտնուելով Սուչավայի արեւմտեան ծայրամասի` Արենի կոչուած բարձրավանդակում, նա ստացաւ լեհական Զամէք կամ յոգնակի` Զամքի անունը, որը լեհերէն նշանակում է բերդ, ամրութիւն կամ ամրոց»:

Զամկայի մասին, որպես թեմական առաջնորդանիստ կենտրոնի, առաջին հիշատակությունը գտնում ենք 1415 թ. ներքո, որպես առաջնորդ հիշվում է Ավետիք անունով մի եպիսկոպոս:

Ախթալայի Ս․Աստվածածնի վանքի վանահայր՝

Տ․Հեթում քահանա Թարվերդյան

 


Առնչվող նյութեր
1. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
2. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
3. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
4. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
5. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
6. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
7. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
8. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
9. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ
10. ՌՈՒՄԻՆԻԱ. Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: