ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում,Եգիպտոսում, Ֆրանսիայում, Լիբանանում, Բաթումում, Մադրիդում

05 մարտի, 2013 | 10:40

Սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում,Եգիպտոսում, Ֆրանսիայում, Լիբանանում, Բաթումում, Մադրիդում

Ռումինիա

Մարտի 3-ին Բուխարեստի Միքայել եւ Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սումգայիթի ողբերգության նահատակների հիշատակին մատուցվեց պատարագ եւ հետպատարագի հոգեհանգստի արարողություն` Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի նախագահությամբ եւ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց միության ներկայացուցիչների, մեծ թվով ռումինահայերի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինահայոց միության եւ Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին:

Արարողությանը հաջորդեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ,, վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ խոսքով ներկաներին դիմեցին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը եւ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը: Դեսպան Գասպարյանը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի հանդեպ տարբեր ժամանակներում իրագործված ոճիրներին, ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի առջեւ ծառացած նորօրյա մարտահրավերներին, մասնավորապես` Ադրբեջանի կողմից լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը, որի մեջ, հսկայական ռեսուրսներ ներգրավելով, փորձ է արվում այլ երկրներում եւս խեղել դարերով ձեւավորված հայի դրական կերպարը, պատմահենությամբ եւ փաստերի խեղաթյուրմամբ հասնել տվյալ երկրներում սեփական ոճիրների քողարկմանն ու հասարակական կարծիքի փոփոխությանը` ի վնաս հայ ժողովրդի։ Այս առումով ՀՀ դեսպանը կոչ արեց ռումինահայերին համախմբվել եւ ակտիվ մասնակցություն ունենալ հայ ժողովրդի առջեւ ծառացած վերոնշյալ մարտահրավերների դիմագրավմանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին բաժանվեցին նաեւ սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցի խորհրդով Ռումինիայի Հայոց Միության կողմից պատրաստված «Սումգայիթ-25,, վերտառությամբ տեղեկատվական գրքույկներ։

Անցյալ շաբաթ Բուխարեստի ռումինալեզու «Ararat,, հանդեսը հանդես էր եկել պատմության կեղծարարների դեմ սուր արձագանքներով եւ հիմնավոր փաստարկումներով, ռումին լրատվամիջոցներին եւ վերլուծական շրջանակներին տրամադրել տեղեկատու նյութեր:

Եգիպտոս

Մարտի 3-ին Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն` նվիրված Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Պատարագի ավարտից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եգիպտահայ համայնքի հոգեւոր հայրերի, թեմական եւ քաղաքական ժողովների ղեկավարության, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ զետեղեց եկեղեցու բակում գտնվող հուշարձանի առջեւ` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:

Ֆրանսիա

Մարտի 2-ին Ֆրանսիայի Իզեր նահանգի ֆրանսահայ համայնքային կառույցների համատեղ նախաձեռնությամբ եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Գրենոբլ քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված երեկո։

Միջոցառման առաջին մասում ցուցադրվեց «Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն,, ֆիլմը` հեղինակ Մարինա Գրիգորյանի ներկայությամբ, որից հետո ներկաները հնարավորություն ունեցան նրան հարցեր ուղղելու։Երեկոյի երկրորդ մասը նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին, որի ընթացքում բանախոսները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի արդի փուլը, Արցախի հերոսական ժողովրդի երեկն ու այսօրը, իղձերն ու ակնկալիքները։Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Լիբանան

Մարտի 3-ին Լիբանանի հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական բոլոր եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ եւ կազմակերպվեցին հոգեհանգստյան արարողություններ` նվիրված սումգայիթյան եղեռնագործության 25-րդ տարելիցին:

Լիբանանում ՀՀ դեսպանության եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի Կենտրոնական մարմնի համատեղ նախաձեռնությամբ Սբ. Նշան եկեղեցու սրահում կազմակերպվեց սումգայիթյան եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Հակոբ Գերգերյանը, Մերձավոր Արեւելքում ԼՂ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը եւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը: Բանախոսներն անդրադարձան սումգայիթյան ջարդերի մանրամասներին, շեշտեցին միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունների եւ ջարդերի համապատասխան գնահատականի ու դատապարտման անհրաժեշտությունը:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ «Արցախի ժողովրդի քաղաքակիրթ եւ օրինական յուրաքանչյուր գործողությանը՝ սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին, հետեւում էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, տնտեսական շրջափակում: Սումգայիթում հայերի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված ջարդերը ամենադաժան էթնիկ զտումների եւ տեղահանման քաղաքականության դրսեւորում էր: Միջազգային հանրությանը վերջնականապես եւ մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Ադրբեջանում ապրող հայ ազգաբնակչության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: 25 տարի հետո մենք խոնարվում ենք սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջեւ եւ համոզմունք հայտնում, որ հայերի հանդեպ կատարված հանցագործությունները, աննկարագրելի դաժանություններն ու եղեռնագործությունը կարժանանան համապատասխան գնահատականի եւ կդատապարտվեն ողջ մարդկության կողմից»:

Միջոցառմանը ներկա էին հայկական կուսակցությունների եւ ազգային կառույցների ղեկավարները, լիբանանահայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Վրաստան

Բաթումում անցկացվեցին Արցախյան շարժման եւ Սումգայիթի եղեռնագործության 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության ու տեղի հայ համայնքի ջանքերով: Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում, աջարահայության հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց հոգեհանգստի կարգ, որին հետեւեց Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի ծավալուն ելույթը: Գլխավոր հյուպատոսը պատմեց Արցախյան շարժման, պատճառների ու ծագման, ադրբեջանական իշխանությունների կողմից ի պատասխան իրագործված վայրագությունների, մասնավորապես` սումգայիթյան ջարդերի մասին, անդրադարձ կատարեց Արցախի անկախ Հանրապետության ու արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման այսօրվա իրավիճակին: Խոսվեց նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից պետականորեն որդեգրած հայատյացության, պատմական, մասնավորապես` Խոջալուի ողբերգության հետ կապված փաստերի խեղաթյուրման քաղաքականության, Ռամիլ Սաֆարովի հերոսացման եւ այլի մասին: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթում, Ադրբեջանի մյուս քաղաքներում, ինչպես նաեւ Արցախում ադրբեջանցի բաշիբուզուկների կողմից մեր հայրենակիցների դեմ սանձազերծված ջարդերի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո, եկեղեցու երգչախմբի կողմից կատարվող երգերի հնչյունների ներքո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: Միջոցառմանը ներկա էին նաեւ վրաց հասարակայնության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Բաթումում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Ահմադ Ռեզա Արջիանին:

Այնուհետ աջարահայությունը տեղափոխվեց «Բարեկամության տուն», ուր տեղի ունեցավ «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված սեմինար` նվիրված սումգայիթյան եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին: Սեմինարի ընթացքում, արցախյան շարժման եւ սումգայիթյան ողբերգության մասին ելույթներ ունեցան «Մեր ապագան,, կազմակերպության ղեկավար Պետրոս Աբրահամյանը, աջարահայության հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, ինչպես նաեւ բաթումահայ դպրոցականները, որոնք ռեֆերատներ էին կազմել սումգայիթյան դեպքերի, արցախի հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ այսօրվա ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքի մասին: Բաթումահայերից կազմված «Էլիտա» համույթը, որի կազմում էին դաշնակահար Նելլի Տերտերյանը եւ ջութակահար Հասմիկ Ադամյանը, կատարեցին հայ դասականների ստեղծագործությունները:Միջոցառման վերջում ներկաների համար ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ» վավերագրական ֆիլմը:

 

Իսպանիա

Մարտի 3-ին Իսպանիայում ՀՀ դեսպանության կողմից Մադրիդի Սան Խուան դե լա Կրուս եկեղեցում կայացավ միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերի 25-ամյակին: Եկեղեցում հավաքված մադրիդահայության եւ իսպանական հասարակության ներկայացուցիչների առջեւ ներածական խոսքով հանդես եկավ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, ով ներկայացրեց ողբերգական իրադարձությունների պատճառներն ու հետեւանքները: Իր ելույթում նա, մասնավորապես, նշեց. «25 տարի անց մեր խոնարհ տուրքը մատուցելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին` կոչ ենք անում համաշխարհային հանրությանը վճռականորեն դատապարտել մարդկության դեմ գործած այդ ոճրագործությունը` կանխելու նման հանցագործությունների կրկնությունը աշխարհի որեւէ անկյունում,,:

Այնուհետ Տեր Մասիս քահանա Գույումջյանը կատարեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն-պատարագ: Ցուցադրվեց Սումգայիթի ոճրագործության մասին պատմող վավերագրական ֆիլմ, որից հետո հանդես եկան համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
3. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
4. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
5. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
6. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
7. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
8. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
9. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
10. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: