ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սյունիքի մարզի արոտավայրերը եւ կառավարության ու ընդդիմության դիրքորոշումները

06 փետրվարի, 2013 | 09:18

ԵՐԵՎԱՆ-Այսօր Հայաստանի Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս շարունակվեց Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու մասին վիճահարույց հարցի քննարկումը: ՕՐԵՐ-ն այս խնդրին անդրադարձել է դեռեւս հունվարի 16-ին` վկայակոչելով Ֆարս լրատվական ծառայության հաղորդագրությունը։

ԱԺ-ում այս հարցը բարձրացրել է ԱԺ Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա տվել է հետեւյալ հարցերը` 1.ի՞նչ է տալու այս գործարքը Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանի գյուղացիությանը, 2. ինչո՞ւ հնարավոր չէր պետականորեն երաշխավորել մսամթերքի, կաթնամթերքի իրացում և անասնաբուծության զարգացմանը մասնակից դարձնել մեր գյուղացիությանն ու տնտեսվարողներին, 3. կառավարությունը գիտակցո՞ւմ է պետական և համայնքային հողերը օտարերկրյա իրավաբանական անձանց վարձակալության տալու տնտեսական, քաղաքական ու բնապահպանական հետևանքները:

Պատասխանելով՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ որևէ օտարերկրյա պետությանը ՀՀ որևէ տարածք սեփականության իրավունքով տրվել չեն կարող, բայց վարձակալությամբ կարող են: Իսկ Սյունիքի մարզպետարանը վարձակալությամբ հողատարածք կարող է տալ բացառապես մրցույթի միջոցով, բայց առանց մրցույթի դա կարող է անել միայն կառավարությունը: Դա նաև կարող է արվել միջազգային պայմանագրի հիման վրա, սակայն այդպիսի պայմանագիրը պետք է անցնի խորհրդարանով ու ստորագրվի ՀՀ նախագահի կողմից:

«Բարեբախտաբար, այս ընթացակարգերը չեն իրականացվել, և այդ փասըաթուղթը, որի մասին մենք խոսում ենք, որևէ ընթացակարգ չէ, ոչ էլ միջազգային պայմանագիր է, և կողմերից որևէ մեկի համար որևէ պարտավորություն չի առաջացնում»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի զարգացմանը, Հրայր Թովմասյանն ասաց, որ հնարավոր է հատկապես Սիսիանի ու Եղեգնաձորի տարածաշրջանն օգտագործել անասնապահության զարգացման համար:

«Այս առումով` եթե նման մի հարց երբևէ քննարկվի, չի կարող լինել որևէ մարզպետարանի մի աշխատակցի արևմտահայերենով թարգմանված փաստաթղթի տակ դրված ստորագրության հիման վրա: Մեր օրենսդրությունը այդ իմաստով շատ խիստ է, հրապարակայնության բավականին մեծ դաշտ է սահմանում», -հայտարարեց Հրայր Թովմասյանը, նշելով նաեւ, որ անհանգստանալու առիթ չկա, քանի որ իրավական հիմք ունեցող որևէ փաստաթուղթ չկա:

Մյուս կողմից, Նախախորհրդարանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ`

Հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած կառավարող վարչախմբի ապազգային և հանցավոր վարքագիծը վերաճում է հայրենադավության:

Ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի բավարարման նպատակով երկրի գաղութացման, նրա բնական ռեսուրսների ու մարդկային ներուժի գիշատչական քայքայման ու սպառման քաղաքականությունն իր տրամաբանական արտացոլումն է գտնում նաև արտաքին քաղաքականության ոլորտում:

Օտար ուժերին Հայրենիքը մաս-մաս հանձնելու միջոցով ներքին լեգիտիմության օրեցօր նվազող բացը լրացնելու քաղաքականությունը հետզհետե արտահայտվում է ավելի ու ավելի վտանգավոր ձևերով: Երկրի ռազմավարական օբյեկտներն ու հիմնական միջոցները օտար կապիտալին հանձնելու և Հայաստանը հանքահումքային կցորդի վերածելու, օտարալեզու դպրոցներ հիմնելու, հայ-թուրքական արձանագրություններ ստորագրելու, Արցախի հարցում պարտվողական դիրքորոշում որդեգրելու քայլերին հաջորդեց Սյունիքի արոտավայրերը իրանցիներին վարձակալության հանձնելու գործարքը: Ներկայացված շղթայի մեջ սրան հաջորդող տրամաբանական քայլը պետության ինքնիշխանության կամավոր զիջումն է:

Այս գործարքի վերաբերյալ ամեն մի ողջամիտ հայ մարդու առաջնային մտահոգության առարկան Հայրենիքից վերջնականապես զրկվելու վտանգն է: Հողերի էրոզիայի և անապատացման, անասնաճարակների և մարդու առողջությանը սպառնացող վտանգների, տեղի հայ բնակչության ապրուստի միջոցների նվազեցման հեռանկարը կամ դիտարկվող գործարքի ակնհայտ ապօրինի առումները նույնպես մտահոգիչ են, սակայն տվյալ պարագայում երկրորդական են դառնում:

Ազգուրաց վարչախումբն ու նրա պարագլուխը չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ ամբողջովին բթացրել են մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը և նրան զրկել են Հայրենիքին սպառնացող վտանգը զգալու ունակությունից: Պատմությունը ցույց է տվել, որ նման պարագաներում հայությունը համախմբվում է և հակահարված է տալիս:

Նախախորհրդարանը վարչախմբից պահանջում է դադարեցնել հայրենադավության այս գործարքը, իսկ ժողովրդին կոչ է անում զգոն և հետևողական լինել Հայրենիքը օտարին հանձնելու գործընթացը խափանելու գործում:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. 10 հազար զինված էթնիկ ադրբեջանցիներ կհաստատվեն Սյունիքում,, . արոտավայրերի վարձակալությանն է անդրադարձել The Moscow Times-ը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: