ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սիրիայի քրդերի ինքնակառավարումը եւ թուրքական զգուշացումները

29 հուլիսի, 2013 | 18:39

SyriaՀյուսիսային Սիրիայում քրդական իրողական ինքնավարությունը հետզհետե ձեւավորվում է ու կայանում: Ներքրդական բանակցություններն արդեն խոսում են իրողական ինքնավարությունը իրավական հարթություն տեղափոխելու մասին: Եւրոպական կառույցներին այս առումով դիմումներ են կատարվում եւ ներկայացուցչական հաստատություններ առաջացնելու ուղղությամբ բարձրաձայն քննարկումներ են տեղի ունենում: Իբրեւ թե փակ խորհրդակցություններից արտահոսքի ձեւով դուրս եկած տեղեկություններ են հրապարակվում այս բոլորը հաստատող: Նույնիսկ ինքնավար Քուրդիստանի սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման ենթակա է:

Այս բոլորը անշուշտ հանրային կարծիքը պատրաստելու համար է, թէ Սիրիայում քրդական ինքնավարությունը կայացման ընթացքի մեջ է եւ իբրեւ քաղաքական միավոր ճանաչման հրամայական պիտի առաջադրի: Առաջատար ուժը Ժողովրդավարական միություն կուսակցությունն է, որ այս ուղղությամբ քրդական տարբեր խմբավորումների հետ է բանակցում:

Առաջադրանքները, որոնք հայտարարվում են Ժողովրդավարական միություն կուսակցության կողմից, փորձում են զգուշավորություն պահել: Նրանք խնդրո առարկա չեն դարձնում Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ավելի օգտագործում են ինքնակառավարում բառակապակցությունը: Զգուշավորությունը սակայն երկկողմանի է. եւ հակառակ սիրիական տարբեր ճակատների հետ արձանագրված սահմանափակ միջադեպերին, թե՛ կառավարական եւ թե՛ հակակառավարական ուժերը զգուշավորության սահմանագիծը թվում է թե հարգում են քրդերի նկատմամբ:

Խնդիրը սակայն, սիրիական կողմերի նկատմամբ եւ փոխադարձաբար կիրառվող քաղաքականություններին չի վերաբերում, որքան այս զարգացումներով հիմնական մտահոգ եւ անհանգիստ վիճակ ցուցաբերող Անկարային:

Թե՛ թուրքական եւ թե՛ միջազգային մամուլը խոսում է անցնող ուրբաթ Անկարայից հնչած ազդարարության մասին: Վարչապետ Էրդողանը զգուշացրել էր քրդերին հյուսիսային Սիրիայում Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քայլեր առնելիս` ակնարկելով ինքնավար Քուրդիստանի հայտարարության հավանականությանը:

Նման ոճով, կիսասպառնական հայտարարություններով Անկարան միայն Սիրիայի վարչակարգին եւ Սիրիայի քրդերի հետ չէ, որ խոսում է: Եգիպտոսում ծայր առած շարժումը, իսլամական վարչակարգի տապալումը հայտնապես խոր անհանգստության է մատնել Թուրքիայի իսլամական վարչակարգի ղեկավարներին: Կահիրեի եւ Անկարայի իշխանությունների երեւութական դիմագծերը, անշուշտ տարբեր հանգամանքներով ու պայմաններով զուգահեռներ ունեն (ունեին): Իսլամական վարչակարգերը, որոնց հակակշիռը զինվորականությունն է, որ երկրի ու պետության շահերից մեկնած միջամտություն կատարելու մղձավանջի տակ է պահում գործող իշխանություններին:

Իսլամական վարչակարգի տապալումը Կահիրեում կշարունակի անհանգիստ վիճակում պահել նույն բնութագիրը ունեցող թուրքական իշխանություններին: Առանց մոռանալու անշուշտ, որ Եգիպտոսը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան հիմնական մրցակիցներ են արաբական աշխարհի եւ հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու առաջնային գործոնի դիրքը գրավելու մրցավազքում:

Սակայն, եթե Եգիպտոսում գաղափարակից վարչակարգի տապալումը անհանգստացնում է Անկարայի վարիչներին, Սիրիայում քրդական ինքնավարության կայացումով համաքրդական միավորման ուրվականը շատ ավելի խոր տագնապի է առաջնորդում Էրդողանին ու իր վարչախմբին: Այս մեկը արդեն Թուրքիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող լրջագույն վտանգ է, որը օրից օր ավելի տեսանելի է դառնում:

Հիմա նայենք ընդհանուր համապատկերին` Անկարայից դիտված: Վայրիվերումներով հատկանշվող եւ հաճախ մրցակցային լարվածությամբ դրսեւորվող հարաբերություններ Իրանի հետ. ոչ միայն խզված, այլ թշնամական հարաբերություններ Դամասկոսի հետ, սպառնական մոտեցումներ հյուսիսային Սիրիայում ստեղծված ինքնավար Քուրդիստանի հետ: Եւ փակ սահմաններ Հայաստանի Հանրապետության հետ:

Հիշե՞նք, որ ոչ հեռու անցյալում Անկարայի արտգործնախարարությունը հոխորտում էր «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսով:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
2. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
3. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
4. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
5. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. Չփոխել զուգահեռի ուղղությունը
6. Հայկական կողմը ինքն է իրականացնում Վիեննայի եւ Պետերբուրգի որոշումները
7. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
8. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով
9. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
10. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: