ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սիպիլի և Անդրե Սիմոնյանի նոր` «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակը

02 հունիսի, 2017 | 13:29

 

«Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիպիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Դավիթ Այվազյանը։ Նախաձեռնությանն աջակցել են նաև հոլանդական «Բրուններա» հիմնադրամը և «Տերյան» մշակութային կենտրոնը։

Շնորհանդեսի մեկնարկին ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիպիլը եզակի երգչուհի է, քանի որ նա Թուրքիայի պետական բեմերում հայերեն երգելու իրավունք ունի, նրա երգերը հնչում են թուրքական հեռուստաընկերություններով, մեծ տարածում են վայելում: Այսպիսով՝ մենք, ի դեմս Սիպիլի, Թուրքիայիում ունենք մի հզոր դեսպան, ում արվեստը կարող է մեղմացնել այն բոլոր բացասական տրամադրությունները, որոնք առկա են Թուրքիայում հայ համայնքի նկատմամբ: Եվ այս ամենը Սիպիլի թովիչ ձայնի և նրբաճաշակ երգացանկի շնորհիվ է: Սիպիլը արդեն տասը տարի ճանաչում էր վայելում Ստամբուլում, երբ պատահաբար նրան ներկայացրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Այդ հանդիպումը-զրույցը այնքան էր ոգևորել նախարարին, որ նա երգչուհուն հրավիրեց Հայաստան, և դա շրջադարձային եղավ Սիպիլի կյանքում: Այս երգչուհին մեզ համար բացառիկ է, և այդ բացառիկությունը առավել ընդգծվեց Անդրե Սիմոնյանի համագործակցության արդյունքում, երբ շունչ ստացավ այս հրաշալի երգը: «Քեզ եմ երգելու» ստեղծագործությունը Հայրենիք վերադարձի կոչ լինելուց բացի հաղորդակցություն է օտար եզերքներում ապրող հայերի սրտերի միջև: Սա զրույց է հոգու հետ, երբ մարդու մեջ արթնանում է ինքնության գիտակցությունը»:

Այնուհետև երգի կատարողներ Սիպիլը և Անդրե Սիմոնյանը ներկայացրին Հայրենիքի հետ կապված իրենց պատմությունները և երգի ստեղծման ուղին: «Ես առաջին անգամ Հայաստան եկա 1996 թվականի սեպտեմբերին: Անկախության օրվա նախապատրաստություններն էին ընթանում, Հանրապետության հրապարակում երիտասարդներ էին հավաքված, իսկ Երևանը մթության մեջ էր: Ինձ թվում է՝ ես հենց այդ օրը սիրահարվեցի Հայրենիքիս: Պապիկս երազում էր, որ իր թոռներից մեկը Հայաստանում ապրեր: Ես իրագործեցի իր երազանքը, և ահա արդեն 11 տարի է՝ այստեղ եմ ապրում: Այս ընթացքում միշտ ցանկանում էի մի հայրենասիրական երգ երգել, և երբ լսեցի «Քեզ եմ երգելու»  երգը, կարծես այն իմ հայրենադարձության պատմությունը լիներ: Արդյունքը եղավ իմ ու Սիպիլի այս համագործակցությունը, որը նախևառաջ հնարավորություն էր արտահայտելու իմ հայրենասիրությունը»,-նշեց Անդրե Սիմոնյանը:

Երգչուհի Սիպիլը իր խոսքում ասաց. «Իմ մանկությունը անպատասխան հարցերով է անցել, քանի որ չէի հասկանում՝ ինչու դրսում չէր թույլատրվում հայերեն խոսել, ինչու հեռուստատեսությամբ հայկական երգ ու երաժշտություն չէր հնչում և այսպես շարունակ: Սակայն երբ հետագայում պատմությունն ուսումնասիրեցի, իրականությունը իմացա, սկսեցի ավելի ամուր լարերով կապել հայ մշակույթին, մասնավորապես՝ հայ երգարվեստին: Տարիներ շարունակ երգում էի եկեղեցական երգչախմբում, սակայն երազում էի իմ երգերը, մտքերը լայն լսարանին հասցնել: Այդպես թողարկեցի իմ առաջին «Սիպիլ» ալբոմը, և այն մեծ արագությամբ հասավ Հայաստան ու տարածվեց Սփյուռքում: Իսկ ահա «Քեզ եմ երգելու»  երգը լսեցի դեռևս մեկ տարի առաջ և շատ հավանեցի: Ես միշտ երախտապարտ կմնամ երգի հեղինակին՝ Հասմիկ Հախվերդյանին, այս երգն ինձ ու Անդրեին նվիրելու համար»:

Այնուհետ հանդիստեսին առաջին անգամ ներկայացվեց «Քեզ եմ երգելու»  երգի տեսահոլովակը:

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: