ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սեւան Նագգաշյան. ,,Կյանքում ապրում ես ու կարծես միշտ ձգտում ես կատարելության,,. արվեստագետի հիշատակին

28 նոյեմբերի, 2016 | 14:43

sevanՄամուլից տեղեկացանք, որ նոյեմբերի 27-ին  Երևանում` The Club սրճարանում, կայացել է հուշ-երեկո` նվիրված գեղանկարչուհի Սևան Նագգաշյանի ծննդյան տարեդարձին: Երգել են Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Կարեն Մամիկոնյանը, Լուսինե Ազարյանը, Հասմիկ Հարությունյանը: Համերգի հասույթը` 210,000 դրամ, կտրամադրվի Սևանի անկատար մնացած ծրագրերից մեկը կյանքի կոչելուն. Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում կկահավորվի գեղարվեստի կաբինետ, որը կկրի տաղանդաշատ նկարչուհի Սևան Նագգաշյանի անունը: Հիշեցնենք, որ ծանր հիվանդությունից հետո, 47-ամյա անվանի գեղանկարչուհին այս տարվա հոկտեմբերի 13-ին մահացավ Կանադայում։

sevan-naghasiani-hishatakun

Չհրապարակված զրույց Սեւանի հետ 

Գեղանկարչուհի Սեւան Նագգաշյանի հետ մեր զրույցը տեղի էր ունեցել տարիներ առաջ,Երեւանի իր տանը,  բայց մի տեսակ կիսատ էր մնացել, ու անընդհատ մտածում էինք շարունակելու մասին, բայց այդպես էլ չհասցրեցինք։ Բայց այն ինչ որ հասցրել է պատմել Սեւանը, լիովին բացահայտում է իր ներքին աշխարհն ու մարդկային գեղեցկությունը։  

Սեւան Նագգաշյան. ,,Կյանքում  ապրում ես ու կարծես միշտ ձգտում ես կատարելության։ Դա ամենասիրուն բանն է կյանքում,,։

– Սեւան, մինչեւ քո գործերի մասին խոսելը, պատմիր ինչպե՞ս հայտնվեցիր կերպարվեստի աշխարհում։
– Ծնվել եմ Բեյրութում՝ 1968-ին,  պատերազմի տարիներին։ Բախտավոր եմ եղել, որ այդ ,,աբսուրդ,, տարիներին մեր տունը գտնվում էր Բեյրութի լեռնային մասում, անտառ կար մեր տան մոտ։ Մի կատու ունեի, որի հետ թափառում էի անվերջ, ծառերն ու ծաղիկներն էի ուսումնասիրում։ Մի օր էլ հայտնաբերեցի, որ աստղեր կան։ Այսինքն փոքր տարիքից բնական գեղեցկության նկատմաբ միշտ էլ շատ ուշադիր եմ եղել։ Այն ժամանակ չգիտեի, թե ինչ է նկարչությունը, բայց հիմա որ տարիների հեռվից նայում եմ, հասկանում եմ, որ ակնհայտ էր իմ ընտրած ճանապարհը։ Ամեն մի բնական երեւույթ կամ գեղեցկություն իմ վրա շատ մեծ տպավորություն էր թողնում։
Ես երեւի 5 տարեկան էի, մի օր հայրս մի տուփ ջրաներկ բերեց։ Ու այդպես բացեցի եւ սկսեցի նկարել, ու մի ֆանտաստիկ աշխարհ գտա։ Մինչ այդ իմ գունային հասկացությունը միայն բնության մեջ էր՝ ծաղիկների ու ծառերի մեջ։ Ջրաներկով ես մի այլ աշխարհ հայտնաբերցի։

sevan-naccashian_oneՄեր բակում հայ կին կար, որը հայերի երեխաներին հավաքում էր ու բացիկներ էինք սարքում-նկարում, ծնողներիս ասել էր, որ նկարիչ է ձեր աջիկը։ 13 տարեկանից շատ էի ուզում նկարչական դպրոց գնալ։ Եվ երբ հաճախեցի դպրոց, սովորեցի, իսկ ավարտական տարին, նկարչության դասատուս իմ գործերն ուղարկել էր Հռոմ՝ ակադեմիայում ուսումս շարունակելու համար, քանի որ Բեյրութում նկարչական դպրոց չկար։ Այդ ուսուցիչս՝ Վազգեն Թութունջյանն էր, մի օր եկավ մեր տուն, ծնողներիս հետ խոսեց, բայց հայրս դեմ էր, իսկ մայրս հուզվեց։ Մայրս մտածում էր, որ դեռ փոքր եմ երկրից դուրս գալու համար։ Ու քանի որ այդ ժամանակ եբայրս արդեն Հայաստանում համալսարան էր ընդունվել եւ ճարատարապետություն էր ուսանում, թողեցին, որ գամ Երեւանում սովորեմ։

Այդպես հայտնվեցի Հայաստանում՝ գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1986 թիվն էր։ Ես ուրախ եմ, որ եկա, բայց որպես հայ անձ ինձ համար այստեղ կայանալն էր շատ կարեւոր։ Բեյրութում ուրիշ է, այնտեղ այլ հետաքրքրություններ ունես արվեստում, կարող են քեզ նաեւ չհասկանալ։ Այդ տարիքին փորձում ես բոլորի նման լինել, բայց չես կարողաանում, դա անհնար է։ Դրա համար երբ եկա Երեւան, հասկացա, որ որեւէ մեկն եմ՝ բոլորի նման։ Որովհետեւ մարդիկ զարգացած էին, ավելի քաղաքավար էին, մինչեւ 1995 թվական սովորեցի վեց տարի եւ շարունակեցի եւս երեք տարի՝ խորանալով մասնագիտությանս մեջ։ Դա առիթ էր, որ երկար մնայի։ Հետո նաեւ սկսեցի աշխատել։

1980 ականների վերջին ծնողներս գնացին Կանադա եւ ես էլ գնացի ու դարձա Կանադայի քաղաքացի։ Մոներալում աշխատում էի մուլտֆիլմերի ստուդիաներում։ Գնում էի մի քանի ամիս աշխատում էի, փող էի հավաքում, հետ էի գալիս Հայաստան։ Ի դեպ, Երեւանում էլ ուսանողական տարիներից Հայֆիլմի մոլտիպիկացիոն բաժնում սկսեցի աշխատել, եւ երբ վերադարձա Կանադա, շատ հեշտ էր ինձ համար։ Շատ հետաքրքիր երկու ֆիլմի վրա եմ աշխատել, որ մեծ արձագանք են ունեցել. մեկը՝ ֆրանիսացի ռեժիսորի Սիլվեն Շոմեի  ,,Ծեր կինն ու աղավնիները՚՚, եւ մյուսը՝ ,,Բելվիլի եռյակը՚՚։ Երկուսն էլ բազմաթիվ նոմինացիաներ են ունեցել։
Կանադայում որոշ ժամանակ ,,Արտս քլաբ՚՚ նկարչական միությունում էի, որ հին ակումբ էր եւ պարբերաբար ցուցադրվում էի այնտեղ։ Միշտ այդ ցուցահանդեսներին մրցանակներ եմ շահել եւ մի տարի լավագույն մրցանակին եմ արժանացել։ Կանադայի նկարիչների ընկերկացության անդամ եմ դարձել։ Մի ընկեր նկարչի հետ ուսումնական խումբ էինք ստեղծել։ Օֆորտներ էի անում եւ վաճառում ՓԲՍ ընկերության ցուցահանդեսներում։
Ընդհանրապես ամեն մի կտավի վրա տարիներով աշխատում եմ, հատկապես յուղաներկ նկարների վրա։ Կարող եմ անվերջ ավելացնել։ Երբեք ինքնագոհ չեմ։ Կյանքում կարծես ապրում ես ու միշտ ձգտում ես կատարելության։ Դա ամենասիրուն բանն է կյանքում։

sevan-naccashian_window-of-dreamsՀայաստանում ինչո՞վ եք զբավում։ Գիտեմ, որ ,,Նարեկացի,, արվեստի միության հետ եք աշխատում։ 
– Տարվա մեջ մի քանի ամիսը գնում եմ Կանադա ծնողներիս մոտ, վերջին անգամ Մոներալում անհատական ցուցահանդես ունեի։ Կապը չեմ կտրում։ Այստեղ էլ չեմ նկարում։ Չարենցի տուն- թանգարանում Չարենցի 115- ամյակին նվիրված ցուցահանդես ունեմ։ Աշխատում եմ Նարեկացի արվեստի միությունում՝ նկարչության բաժնի գեղարվեստական ղեկավար. ցուցահանդեսների կազմակերպում, նկարների ընտրություն։ Վանաձորի եւ Գյումրիի գեղարվեստի ակադեմիաների պատկերասրահների հետ ենք աշխատում։

Նաեւ իբրեւ դիզայներ մասնակցում եմ Նարեկացի կենտրոնի հրատարակած գրքերի ձեւավորմանը։ Հրատարակել ենք Ժողովրդական նվագարանների վերաբերյալ գրքույկ։ Շուշիում քանադակագործության սիմպոզիում եղավ, դրան նվիրված գրքույկ ենք հրատարկել, Վիգեն Ավետիսի հետ գրքույկ ենք հրատարակել։ Այս տարի Վահրիճ Բախչանյանի նկարչական գիրքը ձեւավորեցի։ Համշենահայկական խմբի համար ,,Վովա,, վավերագրական ֆիլմ էր նկարվել, եւ իրենց հետ կապված լուրջ ծրագիր եմ անում։ Գյումրիի Բիենալեին եմ մասնակցում։ Տարբեր այլ ծրագրեր կան, որոնց ցանկանում եմ մասնակցել։ Նարեկացիում եւս մի հայտնի ծրագիր կա՝ Հոգեւոր երգերի։ Երաժիշտ կա, որ համաձայնել է երեխաներին պատարագ սովորեցնի, իսկ ես նկարչություն եմ սովորեցնում։ Ռուբեն Հախվերդանի հետ երգի տեսահոլովակի եւ մուլտֆիլմի վրա ենք աշխատել։

sevannaccashian_portrait-of-anahit-charents
– Քո մոտ լավ է ստացվում դիմանկարը եւ նատյուրմոտը։
– Բայց ես կոմպոզիցիաներս եմ սիրում։ Ես հիշում եմ, որ ծնողներս շատ էին ասում, որ մարդկանց դեմքերին շատ էի նայում, բայց չէի լսում։ Մինչեւ հիմա դա իմ մոտ կա։

Այստեղ Սեւանը սկսեց հանել ու ցույց տալ իր նկարները, բացատրել, թե որն ինչու է նկարել։ Այնուհետեւ նա հիշեց հորը, ինձ նվիրեց հոր՝ արձակագիր  Հայկ Նագգաշյանի ,,Բերքահավաք,, գիրքը, որն ինքն էր կազմել ու ձեւավորել։

,,Հայրս ապրել է Եթովպիայում, ուր շատ ժամանակ է անցկացրել բնության մեջ, Շալա կոչվող լճում ունեցել է լավ հուշեր, որի հմայքով տարված ուզել է ինձ անվանել Շալա, բայց մայրս ուզել է, որ հայկական անուն ունենամ, նամանավանդ որ Սևանն էլ է գեղեցիկ լիճ, այնպես որ ես երկու անուն ունեմ՝ Սևան, Շալա։,, պատմում էր Սեւանը։

Որոշեցինք խոսակցությունը շարունակել հաջորդ անգամ, երբ գիրքը կարդացած կլինեմ ու Պրահայից կգամ Երեւան։ Գիրքը կարդացի մեծ հետաքրքրությամբ, ծանոթացա ոչ միայն Ռամկավար-ազատական կուսակցության երեւելի անձերից մեկի՝ Հայկ Նագգաշյանի կենսագրությանը, այդ կուսակցության մեջ սկսված պառակտումների պատճառներին, հայրենիք-սփյուռք կապերի հետաքրքիր դրվագներին,  այլեւ նրա գեղեցիկ պատմվածքներին։ Շատ հարցեր առաջացան մոտս։ Ավաղ, Սեւանը դրանց այլեւս չի կարող պատասխանել։ Բայց այն լուսավոր ժամերը, որն անցկացրի նրա տանը, միշտ կմնան իմ հիշողության մեջ։

Ուրախ եմ, որ «Նարեկացի» արվեստի միության նկարչական խմբակը կոչվում է Սևան Նագգաշյանի անունով:

Հակոբ Ասատրյան

Պրահա

Լուսանկարները՝ Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի եւ ՕՐԵՐ-ի

sevan_etching_theatre_sc6sevan_etching_theatre_sc3 sevan-naccashian_have-you-loved-enough sevan-naccashian_hopeiii


Առնչվող նյութեր
1. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
2. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
3. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
4. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
5. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
6. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
7. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
8. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
9. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
10. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: