ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՍԵՐՈՎԲԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆԵԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

19 ապրիլի, 2018 | 16:20

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԵՐՈՎԲԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆԵԱՆ ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Այսու ուրախութեամբ կը տեղեկացնենք մերազն ժողովուրդին, որ Կիրակի, 15 Ապրիլ 2018-ին, առաջնորդանիստ Քէօլն քաղաքին մէջ գումարուեցաւ Գերմանիոյ Հայոց Առաջնորդութեան Թեմական-Պատգամաւորական արտահերթ Ժողովը (ԹՊԺ)` ընտրելու համար Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Գերմանիոյ Թեմի նոր Առաջնորդը: Արտահերթ ԹՊԺ-ին ներկայ էին 14 եկեղեցական համայնքներու 56 հոգեւորական եւ աշխարհական պատգամաւորներ:

Ընտրութեան ներկայացուեցաւ Թեմական Խորհուրդի կողմէ կազմուած եւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ վաւերացուած եռանուն ցանկը` հետեւեալ անուններով. Հոգշ. Տ. Եղիշէ Վարդապետ Աւետիսեան, Հոգշ. Տ. Կիւրեղ Վարդապետ Դաւթեան, Հոգշ. Տ. Սերովբէ Վարդապետ Իսախանեան:

Առաջնորդանիստ «Սբ. Սահակ-Մեսրոպ» եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած փակ- գաղտնի քուէարկութեամբ եւ ձայներու աւելի քան 90 առ 100 յարաբերակցութեամբ Գերմանիոյ Հայոց Թեմի նոր Առաջնորդ ընտրուեցաւ Հոգշ. Տ. Սերովբէ Վրդ. Իսախանեանը:

Ընտրութեան արդիւնքները գրաւոր կերպով անմիջապէս փոխանցուեցաւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնութիւնն ու վաւերացումը: Վեհափառ Հայրապետը իր 19 Ապրիլ 2018 թուակիր նամակով հաստատեց արտահերթ ԹՊԺ-ի ընտրութիւնը եւ իր հայրական ու հայրապետական օրհնութիւնները փոխանցեց նորընտիր Թեմակալ Առաջնորդ Հոգշ. Տ. Սերովբէ Վարդապետ Իսախանեանին:

Հայցելով Գերմանահայոց նորընտիր Առաջնորդի համար Աստուծոյ անսպառ օրհնութիւնը` մերազն ժողովուրդը կը հրաւիրենք աղօթելու Հայր Սուրբին քաջառողջութեան եւ արեւշատութեան, ինչպէս նաեւ եկեղեցւոյս պայծառութեան եւ բարօրութեան համար: «Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա եւ զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան»: Քէօլն, 19 Ապրիլ 2018 Դիւան Առաջնորդարանի

ԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Հոգշ. Տ. Սերովբէ Վրդ. Իսախանեանը, աւազանի անունով` Ռազմիկ, ծնուել է 1963 թ. օգոստոսի 20-ին, Իրանի Փերիա գաւառի Հազարջրիբ հայաբնակ գիւղում: 1968 թ. ընտանիքի հետ հայրենադարձուել է Հայաստան եւ բնակուել նախ Արմաւիրի շրջանի Խանջեան գիւղում, ապա Էջմիածին քաղաքում:

Միջնակարգ դպրոցն աւարտելուց յետոյ 1980-ին ընդունուել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գէորգեան Հոգեւոր Ճեմարան: 1981-83 ծառայել է խորհրդային բանակում, ապա շարունակել ուսումը: 1986 թ. աւարտելով Ճեմարանը եւ պաշտպանելով աւարտաճառը` 1987 թ. յունիս 7-ին ձեռնադրուել է կուսակրօն քահանայ: 1989 թ. նոյեմբերին պաշտպանելով վարդապետական թեզ` ստացել է վարդապետական աստիճան: Ձեռնադրութիւնից յետոյ Մայր Աթոռում ստանձնել է տարբեր պարտականութիւններ:

Այնուհետեւ երջանկայիշատակ Վազգէն Ա Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ նշանակուել է Տաթեւի վանքի վանահայր, ապա Սիւնեաց նորաստեղծ թեմի փոխառաջնորդ: 1992 թ. հոգեւոր հովւութեան է կոչուել Մոլդովայում, ապա Միջին-Ասիական Հանրապետութիւններում, իսկ 1995 թ. յունուարից Գերմանիայի Հայոց Թեմում, ուր հովուական պարտականութիւնների կողքին 2010 թուականի յունիսից նշանակուել է Գերմանիայի Հայոց Թեմի փոխառաջնորդ:

2015 ապրիլ-նոյեմբեր ամիսներին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ տնօրինութեամբ ստանձնել է Հոլանդիայում Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի Փոխանորդի պաշտօնը: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ վերադարձել է Գերմանիա իր նախկին պաշտօնին:

2018 թ. յունուարի 12-ին Թեմիս նախկին առաջնորդ Բրձշ. Տ. Գարեգին Արքեպս. Բեկչեանի հրաժարականից յետոյ Թեմական Խորհրդի կողմից ընտրուել է Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ:

15 ապրիլ 2018 թ. հրաւիրուած արտահերթ Թեմական-Պատգամաւորական Ժողովը նրան ընտրել է Գերմանիայի Հայոց Թեմի նոր Առաջնորդ: Սերովբէ Վրդ. Իսախանեանը հեղինակել է Հայ Եկեղեցուն նուիրուած բազմաթիւ յօդուածներ եւ գրքոյկներ:

Նրա կողմից հրատարակուել են հայերէն եւ գերմաներէն լեզուներով երկու աղօթագրքեր, ինչպէս նաեւ երկու գրքեր` «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագը» (հայերէն եւ գերմաներէն) եւ «Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Եկեղեցի» (գերմաներէն): Տիրապետում է հայերէն, գերմաներէն եւ ռուսերէն լեզուներին:

Գերմանահայոց թեմի առաջնորդարան


Առնչվող նյութեր
1. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
2. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
3. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
4. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
5. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
8. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
9. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
10. Հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: