ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերժ Սարգսյանը ճշմարտությունը վաղուց պետք է ասեր Մեդվեդեւին

Հովիկ Աբրահամյանն անընդունելի է համարում Ռուսաստանի գործելաոճը
08 ապրիլի, 2016 | 08:38

sargsian medvedevՆախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ Ձեզ ողջունել Երևանում: Ձեր պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Ցավոք, Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց:

Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից:

Եվ, իհարկե, Դմիտրի Անատոլիի, ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Շատ շնորհակալ եմ, հարգելի Սերժ Ազատի: Իրոք, հիմա լավ հնարավորություն է տպավորություններով և տեղեկատվությամբ փոխանակվելու մեր սովորական երկկողմ գործերի առումով: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ մենք բանակցություններ անցկացրինք, քննարկեցինք մեր երկրների տնտեսական համագործակցության ողջ սպեկտրը, ստորագրեցինք, իմ կարծիքով, ապագային վերաբերող կարևոր փաստաթղթեր, պայմանավորվեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ այնպիսի բարդ, բանավիճային և կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, գազի գնագոյացումը, ինչը, իմ կարծիքով, կարևոր է Հայաստանի կայուն զարգացման համար: Երևի, դարձյալ որոշ հարցեր մենք Ձեզ հետ հակիրճ կքննարկենք:

Չեմ թաքցնի, իհարկե, կառավարական պատվիրակության համաձայնեցված պաշտոնական այցը եղավ շատ դժվար ժամանակահատվածում, բայց մենք ծրագրերը չփոխեցինք: Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից, հասկանալ, թե ինչ է կատարվում և, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով: Մենք ելնում ենք նրանից, որ հիմա ամենակարևորը խաղաղություն պահպանելն է, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, ամենալավը չէ: Ես շատ լավ հիշում եմ Ձեզ հետ մեր նախկին զրույցները: Միգուցե այն ժամանակ հնարավորությունների մի մասը չհաջողվեց իրականացնել, բայց ամեն դեպքում, խաղաղ բանակցություններին, հանգիստ քննարկումներին այլընտրանք չկա: Սրա հետ է կապված նաև իմ այժմյան այցը. կցանկանայի որոշ բաներ Ձեզ հետ քննարկել, թե ինչ կարելի է անել մոտ ապագայում, բայց ինչ վերաբերում է Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետաձգմանը, ես հույս ունեմ, հավատացած եմ, որ ամեն դեպքում, այստեղ ընդմիջում չի լինի: Ես, անպայման, կխոսեմ մեր Եվրասիական միության գծով գործընկերների հետ: Ինչ-որ տեղ, երևի թե, նրանց պահելաձևը և որոշումները կարելի է հասկանալ. բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից՝ այն մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու:

Հիմա ամենակարևորն է՝ չկորցնել տեմպը, չստեղծել ինչ-որ արհեստական խնդիրներ: Այդ պատճառով այսօր, երբ մենք քննարկում էինք ինտեգրացիոն համագործակցության ապագան, պայմանավորվեցինք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում, կփորձենք անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը Երևանում, ինչպես և պատրաստվում էինք, որովհետև, անկեղծ ասած, մենք քիչ և հազվադեպ ենք հանդիպում: Մենք պայմանավորվել էինք դա անել երկու ամիսը մեկ, սակայն վերջին անգամ հանդիպել ենք կես տարի առաջ: Այդ պատճառով ես կուզենայի այդ հաճախականությունը մեծացնել, առավել ևս, երբ կա հիասթափություն, որը առաջացավ այստեղ՝ ձեզ մոտ, ամսի 8-ի հանդիպման տեղափոխման արդյունքում:

Ամեն դեպքում, շատ շնորհակալ եմ հրավերի համար: Մենք մեծ հետաքրքրությամբ այսօր անցկացրինք կառավարությունների գծով բանակցությունները: Հույս ունեմ, որ Ձեզ հետ հիմա կխոսենք բոլոր հարցերի շուրջ: Շնորհակալ եմ»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 7-ին   կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:
Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀՀ վարչապետը ողջունել է ՌԴ կառավարության նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու հրավերն ընդունելու համար:«Ձեր պաշտոնական այցը լավ հնարավորություն է՝ ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգին, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Պետք է նշեմ, որ ապրիլին 8-ին Երևանում պլանավորված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն առանց լուրջ հիմնավորումների վերջին պահին նախագահող երկրի կողմից առաջարկվել է տեղափոխել: Կցանկանայի ընդգծել, որ մենք անընդունելի ենք համարում նման գործելաոճը:

Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ակնկալում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում ձեռք կբերվեն կարևոր պայմանավորվածություններ, որոնց իրագործումն էապես կհարստացնի հայ-ռուսական համագործակցությունը:
Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը հետևողականորեն զարգանում է քաղաքական, ռազմատեխնիկական, էներգետիկ և հումանիտար բնագավառներում: Վերջին մեկուկես տարում երկկողմ իրավապայմանագրային դաշտը հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային փաստաթղթերով: Անցած տարի նոյեմբերին հաջող անցկացվել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովը:
Մենք մտադիր ենք շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ և քայլեր ձեռնարկել՝ վերոնշյալ նպատակների իրագործման, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ շրջանակում գործակցությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, նախապես մշակված սցենարի համաձայն, լայնամասշտաբ մարտական գործողություններ է սկսել՝ սպառազինությունների ողջ համալիրի, այդ թվում՝ T-90 տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, ТОС-1А ծանր կրականետային համակարգերի և օդուժի կիրառմամբ: Բազմիցս զենք է կիրառվել նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ:
Նման մասշտաբի գործողություններ չէին ծավալվել 1994 թ. հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ի դրությամբ գործում է հրադադարի պահպանման պայմանավորվածություն, բայց ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, կրակում է այդ թվում նաև խոշոր տրամաչափի զենքերից, գործի է դնում հետախուզա-դիվերսիոն խմբեր:
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն իրականացնել իր պարտականությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս հրադադարի ռեժիմի պահպանմանը»:
Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել Հայաստան: «Մենք վաղուց էինք պլանավորել կառավարական պատվիրակության պաշտոնական այցը, որն արտացոլում է մեր՝ հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները: Հուսով ենք, որ կընդունվեն որոշումներ մի շարք ուղղություններով, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել: Ստորագրման են նախապատրաստվել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են տիեզերական տարածության օգտագործմանը, բնակարանային-կոմունալ ոլորտին, շրջակա միջավայրի պաշտպանությանը, բժշկասանիտարական հսկողությանը, միջտարածաշրջանային կապերին: Հենց նոր մենք գործնականում պայմանավորվածություն ձեռք բերեցինք նաև գազի հարցի շուրջ: Հուսով եմ, որ այդ որոշումները կօգնեն Հայաստանին զարգանալ, իսկ մեզ՝ շարունակել ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը:
Դուք հիշատակեցիք այս շաբաթ Երևանում չկայացած՝ Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստը: Այո, նման տեղափոխություն տեղի է ունեցել, մեր գործընկերները դիմել են նման առաջարկով: Հասկանում եմ, որ հայկական կողմը պատրաստվում էր, և նմանատիպ տեղափոխությունները երբեք դրական էմոցիաներ չեն առաջացնում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք, նախ և առաջ, լիովին կարող ենք գոյություն ունեցող հիմնական հարցերը քննարկել Մոսկվայում հանդիպման ժամանակ, եթե Դուք ընդունեք մեր հրավերը, առավել ևս, որ հարցեր են կուտակվել, կես տարի այդ հանդիպումները չեն անցկացվել:
Երկրորդը՝ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հաջորդ նիստն առանց որևէ հետաձգումների անցկացնել Երևանում (մենք պայմանավորվել ենք հաճախ հանդիպել, ամիսը կամ երկու ամիսը մեկ անգամ):
Իսկ այդ տեղափոխության պատճառները բավական հասկանալի են, որովհետև տեղի ունեցածն, անկասկած, բավական բարդ իրավիճակ է ստեղծում, և նաև դրա հետ է կապված իմ այցը: Կան մի շարք հարցեր, որոնք նախատեսում եմ քննարկել Ձեզ հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ. դրանք խնդրի կարգավորմանը և երկխոսության շարունակությանը վերաբերող հարցերն են:
Մենք բավական ժամանակ ենք ծախսել, որպեսզի այդ երկխոսությունն ինտենսիվանա: Այն, ինչ տեղի ունեցավ, աննախադեպ իրավիճակ է 1994 թվականից ի վեր: Դա մեզ մղում է փնտրելու հնարավոր լուծումներ՝ գլխավորապես ուղղված խաղաղության, այն պայմանավորվածությունների պահպանմանը, որոնք ձեռք են բերվել այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Հիմա ամենագլխավորըը խաղաղության պահպանումն է և հաղորդակցության հնարավորությունը: Կարող եք չկասկածել, որ այդ հարցով Ռուսաստանը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը»:
ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար, կրթության, մշակույթի, ավիացիայի ոլորտներում գործակցության խորացման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցի շուրջ, որի վերաբերյալ արձանագրությունն ստորագրվել է հանդիպումից հետո:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը և առևտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում կողմերը կարևորել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և կանոնավոր հանդիպումները: Ապրանքաշրջանառության ծավալի աճի առումով երկուստեք ընդգծվել է նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը: Այնուհետև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը զեկուցել է նիստերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի և աշխատանքների վերաբերյալ:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը համակարծիք են եղել, որ այսօր ՀՀ կառավարությունում նախատեսված մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ կընդլայնվի երկկողմ իրավապայմանագրային դաշտը, որն էլ հնարավորություն կտա խորացնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության ընդլայնմանը և ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված ջանքերը:
Երեկոյան ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պաշտոնական պատվիրակության պատվին ՀՀ վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: Hovik Abramian Medvedev

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով  Հայաստանում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Եվս մեկ անգամ ողջունում եմ ՌԴ կառավարության նախագահ պարոն Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի և նրա գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան:
Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ հարգարժան պարոն Մեդվեդևի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում:
Մենք քննարկեցինք ինչպես հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ նախանշելով մոտ ապագայում մեր գործընկերության հիմնական ուղղություններն ու խնդիրները:
Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելը:
Քննարկեցինք նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այնպիսի ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են էկոնոմիկան, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, հումանիտար համագործակցությունը, կրթությունը, մշակույթը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը, որն այսօր համալրվեց ստորագրված նոր փաստաթղթերով:
Մանրամասն քննարկեցինք Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ:
Հատուկ ընդգծվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պարբերաբար նիստերի գումարման անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցներից մեկն է:
Երկուստեք ընդգծվեց նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը:
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան ինչպես միշտ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն, հաջողությամբ կյանքի կկոչվեն:
Իսկ հիմա, կցանկանայի խոսքը փոխանցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Խնդրեմ, պարոն Մեդվեդև»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև. «Ցանկանում եմ նշել, որ բանակցություններն իմ գործընկեր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես միշտ, կայացան ջերմ և բարեկամական մթնոլորտում: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, խոսեցինք Եվրասիական ինտեգրման ամրապնդման հեռանկարի մասին: Այս ինտեգրացիային ոչինչ չպետք է խանգարի, անգամ այս կամ այն հանդիպումները տեղափոխելու դեպքում: Պայմանավորվեցինք, որ մոտ ապագայում ևս կհանդիպենք՝ քննարկելու ամեն ինչ: Այնուամենայնիվ, հիմնական բանակցությունների գլխավոր թեման Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերն էին: Չնայած համաշխարհային ոչ բարենպաստ միջավայրին, մեզ մոտ համագործակցության ոչ վատ դինամիկա կա: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին առևտրատնտեսական հիմնական գործընկերը: Առևտրաշրջանառության ծավալն ավելի քան 1 մլրդ 250 հազար դոլար է կազմում. անկումը պայմանավորված է մեր երկրների միջև շրջանառվող ապրանքների գների տատանումով, այլ ոչ թե ֆիզիկական ծավալների նվազեցմամբ, որն ավելի կարևոր է:
Ռուսական կապիտալի ընդհանուր ծավալը, ինչպես նախկինում, մնում է նույնը`4 մլրդ դոլարի սահմաններում: Հայաստանում գործում է ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն: Մենք գտնում ենք, որ դա դրական է, սակայն ամենևին էլ առավելագույնը չէ: Հենց նոր ստորագրվեցին համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնց մասին իմ գործընկերն ասաց: Դրանք վերաբերում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են՝ տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման, բնակ-կոմունալ տնտեսության, բնապահպանության, առողջասանիտարական հսկողության և միջտարածաշրջանային համագործակցությանը: Մենք նաև պայմանավորվեցինք էներգետիկ ոլորտի հարցերի շուրջ, այդ թվում՝ գազի առաքման մասով, ինչը չափազանց կարևոր է Հայաստանում էլեկտրաօգտագործման սպառման, կայունության ապահովման, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի զարգացման համար: Սկսվել է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը: Սովորաբար այդ ծրագրերի իրականացումը երկար է տևում, սակայն մենք Հայաստանում նախատեսում ենք այն իրականացնել 5 տարվա ընթացքում:
Ընթացիկ տարվա փետրվարի 1-ից աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որի նախագահությունը մոտակա չորս տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետը: Չնայած ներքին տնտեսական դժվարին իրավիճակին, մենք պետք է առավելագույնս բացահայտենք Եվրասիական միության տնտեսական ներուժը, ինչի մասին ևս խոսել ենք: Հաշվի առնելով ընդունված որոշումները՝ համապատասխան միջոցառումը հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխելու մասին, պայմանավորվել ենք, որ Եվրասիական միության կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը կարճ ժամկետում կանցկացվի Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր: Իհարկե, մեզ միավորում է ոչ միայն առևտրատնտեսական համագործակցությունը, այլև մշակութային, պատմական հարաբերությունները, հումանիտար կապերը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ռուսաց լեզի տարածմանը, դա այն լեզուն է, որը մեր երկու երկրներին է կապում: Կցանկանայի, որ նման բնույթի հարաբերությունները շարունակվեն նաև ապագայում: Մենք պայմանավորվել ենք հետագայում ևս ամրապնդել հումանիտար-մշակութային համագործակցությունն այն ուղղություններով, որոնք արդեն գոյություն ունեն. դա երիտասարդների կրթության, համալսարանների միջև փորձի փոխանակումն է: Նաև քննարկել ենք ևս մեկ թեմա, որը վերաբերում է հայ գործընկերների առաջարկությանը՝ Հայաստան այցերի համար Ռուսաստանի ներքին անձնագրի օգտագործման մասին: Նման նախաձեռնությունը վկայում է մեր ժողովուրդների հարաբերությունների յուրահատկության մասին, և մենք, իհարկե, պատրաստ ենք, որպեսզի այդ նախաձեռնությունն իրականանա: Իհարկե, մենք այսօր չէինք կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրավիճակը: Ես այն քննարկել եմ վարչապետի հետ, երեկոյան ծրագրում եմ քննարկել նաև հանրապետության Նախագահի հետ: Այդ իրավիճակն անկասկած մեզ լուրջ մտահոգում է: Հույս ունենք, որ կպահպանվի հրադադարի ռեժիմը և կվերսկսվի քաղաքական գործընթացը: Շատ բան է արվել, որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, որպեսզի չզոհվեն մարդիկ, ենթակառուցվածքները չփլուզվեն: Ռուսաստանը հետագայում ևս պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, օգտագործել մեր ազդեցությունը համապատասխան գործընթացների շրջանակում: Այն մեխանիզմը, որն առկա է, այլընտրանք չունի, նրա լրազորություններն ամրագրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի կողմից: Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ ամենակարևորը հակամարտության թեժացման բացառումն է, քանի որ դա կարող է բերել ամենաողբերգական հետևանքների տարածաշրջանի համար: Այդ հարցի քննարկումն անկասկած կշարունակվի:
Վերջում կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ շնորհակալ եմ հայ գործընկերոջս՝ հրավերի, հիանալի մթնոլորտի համար: Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք տեղի ունեցած բանակցությունների ընթացքից, վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել մեր համագործակցությունը, այն ավելի փոխշահավետ և հաջողակ դարձնել: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հուսալի գործընկերը և բարեկամը: Շնորհակալություն ուշադրության համար»:

 

arm rus paimanagrer2016ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր:
Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարարության միջև ստորագրվել է քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության և բնակ-կոմունալ տնտեսության բնագավառներում համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՌԴ քաղաքաշինության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը:
ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության միջև միջազգային բժշկասանիտարական կանոնների իրագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՌԴ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյը ստորագրել են երկու գերատեսչությունների միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջև կնքվել է համագործակցության և փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի 1-ին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:
Ստորագրվել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր, որը ստորագրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը:
Երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը և Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության ռուսական գործակալություն ԲԸ գլխավոր տնօրեն Ալեկսեյ Տյուպանովը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի N 02-13-04 պայմանագրին կից լրացում կատարելու փաստաթուղթը ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:

medvedev egherni hushartsanՊաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մինչ ՀՀ կառավարությունում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
ՌԴ վարչապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Դմիտրի Մեդվեդևը եղել է «Հիշողության» պուրակում և ջրել 2008 թվականին իր տնկած եղևնին:

Պաշտոնական լրատվությունը հաղորդում է gov.am կայքէջը։

Մեդվեդեւի այցի արդյունքները

Հայտարարություններից զատ լրագրողներին հարցեր ուղղելու հնարավորություն տրված չէր: Այդուհանդերձ, վարչապետերի հեռանալուն համընթաց հայ լրագրողներից մեկը ՌԴ վարչապետին հարց ուղղեց, թե՝ կշարունակի՞ Ռուսաստանը զենք վաճառել Ադրբեջանին: Պատասխան, որպես այդպիսին, չեղավ, սակայն, Դմիտրի Մեդվեդեւը, հայաստանցի գործընկերոջ՝ լրագրողին արված հիշեցումից հետո, թե հարցեր տալու հնարավորություններ նախատեսված չեն, այնուամենայնիվ, ասաց՝ «Դե մարդիկ անհանգստանում են, հասկանալի է»:

Նշենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «սեղանին պայմանավորվածություններ կան» և իրենք մոտ են ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, արդյո՞ք նոր համաձայնագիր է դրված բանակցությունների սեղանին։ «Ոչ մի համաձայնագրի մասին մենք տեղյակ չենք։ Մենք որևէ անհիմն խոսակցության պատասխանել չենք ուզում»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը՝ շարունակեցինք հետաքրքրվել Հովիկ Աբրահամյանից: «Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու … Եթե ուզում եք զենք գնեն Թուրքիայից… Ամեն դեպքում4 եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն զենք գնելու, ապա գնելու են՝ Թուրքիայից կամ Իսրայելից»։

Հայտնի դարձավ նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի արդյունքում ստորագրված համաձայնագրի շնորհիվ Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը կնվազի: Ռուսաստանից ներկրվող գազը սահմանին այսուհետ կտրվի 150 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Թե սպառողի համար որքա՞ն կլինի գազի գինը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Գնման գինը կլինի 150 դոլար, այս պահին ավելին ասել չեմ կարող, փաստաթուղթը նոր է ստորագրվել»։  Հավելենք, որ ներկայումս սահմանին գազի գինը 165 դոլար է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

Հաղորդում է Հանրային ռադիոն www.armradio.am

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
5. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
7. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
8. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
9. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
10. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: