ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը

Մայրենին երկիրը պահող հիմնասյունն է
15 նոյեմբերի, 2017 | 19:09

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը

Մեր զրուցակիցը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր գործընկեր՝ ճանաչված լրագրող, ՀՀ ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանն է, ում լավ գիտեն ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, որի նախանձախնդիր գործունեության շնորհիվ դեռ 2000-ական թվականներին շատ բան արվեց սփյուռքի դպրոցներում մայրենիի ուսուցման և պահպանման նպատակով՝ ավելի որոշակի և հասցեական դարձնելով մայրենիի ուսուցիչների վերապատրաստումները՝ ակտիվ համագործակցության հրավիրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և հայոց թեմերին։ Դեռ ավելին, մեկ-երկու տարի սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումները և կեցությունը կազմակերպվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդ վեհափառի օրհնությամբ ու աջակցությամբ։

Ինչ խոսք, ուրախալի է, որ տարիներ անց Սերգո Երիցյանը ստանձնեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավարությունը, և դեռ այն ժամանակ նրա կողմից ներկայացվեցին լեզվի պաշտպանության երկարաժամկետ ու համապարփակ ծրագրեր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Բայց ինչպես հաճախ է ստացվում, այդ ծրագրերն ամբողջությամբ իրագործել չհաջողվեց, քանի որ 2009 թվականից երկրում սկսված տեսչական բարեփոխումները սկզբունքորեն խոչընդոտեցին լեզվի պետական տեսչության գործունեությունը՝ դեռ ավելին անհասկանալի առաջարկություններ հնչեցին տեսչությունը լուծարելու,նրա գործունեությունը կազմալուծելու վերաբերյալ։

Հուսանք, որ մեր պետական այրերն այնքան խելամիտ ու շրջահայաց կգտնվեն, որ կհասկանան երկիրը պահող այդ կարևոր սյունը` լեզուն և նրա պաշտպան  պետական մարմինը վերացնելու վտանգը։ Մենք կապվեցինք Սերգո Երիցյանի հետ և խնդրեցինք պատասխանել մեզ և մեր ընթերցողներին անհանգստացնող հարցերին։

 

– Պարոն Երիցյան, ամիսներ շարունակ հասարարական-քաղաքական շրջանակներում և մամուլում քննարկվում էր Լեզվի պետական տեսչության ճակատագիրը։ Այժմ մի տեսակ «հարաբերական հրադադար» է։ Ինչո՞վ ավարտվեցին այդ քննարկումները, և ինչպե՞ս է Կառավարությունը պատկերացնում Լեզվի պետական տեսչության հետ կապված խնդրի հանգուցալուծումը։

Սերգո Երիցյան – Քննարկումները  դեռ չեն ավարտվել: Դրանց հիման վրա մենք փաստաթուղթ ենք կազմել, որը շրջանառել ենք` տարբեր նախարարությունների, գերատեսչությունների կողմից կարծիքներ ստանալու նպատակով: Մոտեցումները դրական են. նպատակը լեզվի ասպարեզում լիազոր մարմին ունենալն է և լեզվի շահերը պաշտպանելը:

– Կարճ ճշտում։ Այժմ Ձեր տեսչությունը գործու՞մ է, թե՝ ոչ։ Ինչո՞վ են զբաղված 15 աշխատակիցները։

Սերգո Երիցյան – Իհարկե, գործում է: Բայց բավականին տևական ժամանակ է, որ ոչ միայն մենք, մնացած տեսչությունները ևս, չեն զբաղվում զուտ տեսչական գործունեությամբ, քանի որ ՀՀ Կառավարության` 2015 թվականի հունիսի 30-ի հմ.839-Ա որոշմամբ կասեցվել են ստուգումները մինչև տեսչական բարեփոխումների  ավարտը և նոր տեսչական մարմինների ձևավորումը:

Մենք, օրինակ, շարունակում ենք հրապարակային  գրվածքների` լեզվին վերաբերող դիտարկումները, ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում: Շարունակում ենք ուսումնասիրել հեռուստառադիոեթերի, մյուս  ԶԼՄ-ների, դասագրքերի  լեզուն, կազմում ենք հորդորակներ և ամփոփագրեր,  կատարում ենք քաղաքացիների ընդունելություն, պատասխանում ենք նրանց անհանգստացնող լեզվական հարցերին:

– Տարիներ շարունակ աշխատելով այս ոլորտում, Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ կատարել «Լեզվի մասին» օրենքում, որ հայոց լեզվի պաշտպանությունը լինի ավելի ամուր, տրամաբանված և  հասարակության բոլոր խավերի համար կիրառելի, անկախ նրանց հասարակական դիրքից և պաշտոնից։

Սերգո Երիցյան – Այսօր մեր լեզվի համար ավելի քան նպաստավոր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ Սահմանադրությամբ և «Լեզվի մասին» ՀՀ օրենքով է պաշտպանված հայերենը: Ուրիշ խնդիր է, որ լեզվի զարգացմանն անհրաժեշտ է  աջակցել ոչ միայն պատժիչ գործողություններով` տուգանքներով, այլ բացատրական, իրազեկման աշխատանքների ճանապարհով: Վերջին մեր փորձը, երբ տնտեսվարող  սուբյեկտներին իրազեկում էինք լեզվական օրենսդրության պահանջների մասին, ցույց տվեց, որ բացատրական  աշխատանքներն արդյունավետ են: Մարդիկ  ականջալուր  են  և պատրաստակամ են խախտումները վերացնելու: Ուրեմն խիստ  արդիական է զգուշացման, իրազեկման մեխանիզմների ներդրումը և կիրառումը: Պետք է այնպես անել, որ լեզվին առնչվող  խնդիրները  չհասնեն և չբախվեն  օրենքի վերջին միջոցին՝ տուգանքին:

– Ձեր վերջին հաշվետվություններից մեկում նշել էիք, որ 2016 թվականի ընթացքում 470 դիտարկում եք անցկացրել, որից 270-ի պարագայում դիմել եք տնտեսվարողներին, որ վերացնեն միայն օտար լեզվով ձևավորված ցուցանակների խախտումները։ Չե՞ք կարծում, որ Լեզվի տեսչության նման քայլերը շատ քիչ են ընդհանուր լեզվական վիճակի բարելավման համար, քանի որ նույն աղետալի վիճակն է հեռուստատեսային եթերում, մամուլում, հասարակական-քաղաքական քննարկումներում և այլն։ Ի՞նչ մեխանիզմներ են հարկավոր դրա համար։

Սերգո Երիցյան – Լեզուն, անկասկած,  պետք է պաշտպանել: Օրինակ, մինչև հիմա սահմանված չեն լեզվի անաղարտության և մաքրության չափորոշիչները,  և օրենքը կարող է պատասխանատվություն նախատեսել միայն այն դեպքում, երբ ցուցանակը, գովազդը, գործավարությունը հայերեն չեն… Այնինչ պետք է պայքար մղել նաև լեզվի մաքրության, հայոց լեզվի  կանոնների պահպանման համար՝ կյանքի բոլոր ոլորտներում, բացառել փողոցային լեզվի մուտքը դպրոց, հեռուստատեսություն, այլ միջավայրեր:

– Վերջին շրջանում քննարկումներ սկսվեցին ռուսերենի ուսուցմանն արտոնյալ և հատուկ կարգավիճակ տալու համար։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է տրամաբանական որևէ օտար լեզվի ուսուցմանն այլ կարգավիճակ տալը, և ինչքանո՞վ է այդ գաղափարախոսությունը կրում քաղաքական շեշտադրություն։

Սերգո Երիցյան – Մենք այս առթիվ արտահայտել ենք մեր դիրքորոշումը: Պետք է սկսել հայերենի ուսուցման  դրվածքի  բարելավումից: Երբեմն Հայաստանի բուհերի հումանիտար ֆակուլտետներ դիմած դիմորդները դժվարանում են հաղթահարել հայոց լեզվի քննական դրական շեմը:

Ո՞վ է ասում, որ մենք չենք կարևորում օտար լեզուների, այդ թվում և ռուսերենի ուսուցումը: Ուրեմն մեզ անհրաժեշտ է օտար  լեզուների ուսուցման հայեցակարգ և որոշակի քայլերի ձեռնարկում, որ իսկապես մեր հասարակությունը  տիրապետի օտար  լեզուներին:

– Արևմտյան մի շարք երկրներում, այդ թվում՝ Չեխիայում պահանջվում է, որպեսզի երկրի քաղաքացիություն ստանալու պարագայում հանձնեն չեխերենի քննություն։ Արդյո՞ք նման հարց քննարկվել է Հայաստանում, և ինչպե՞ս է ապահովվում պատգամավորների, դատավորների և երկրի նախագահի` հայոց լեզվին տիրապետելու պահանջը։

Սերգո Երիցյան – Մեր Սահմանադրությունն այս առումով հստակ չափանիշներ է դնում, ուղղակի պետք է մտածել այն չափորոշիչների մասին, որոնք թույլ կտան, որ սահմանադրական նորմն իր խնդիրը կատարի: Անցած խոհրդարանական  ընտրությունների ընթացքում մենք  բավարարվեցինք  հավաստիանալով,  որ այս  կամ այն պատգամավորության թեկնածուն իր կրթության վկայագրում  ունի հայերենի դպրոցական կամ բուհական մակարդակով գիտելիքների մասին գրառում: Բայց դա այն պատճառով էր, որ նախապատրաստության ժամանակը քիչ էր:  Հիմա հենց այն ժամանակն է, երբ իսկապես, պետք է մտածել  հնարավոր չափորոշիչների մշակման մասին։

– Չեխիայից, և ոչ միայն Չեխիայից, եվրոպական երկրներից հաճախ են Ձեզ դիմում մեր հայրենակիցները` տեսչությունից ակնկալելով իրենց անուն, ազգանուն, հայրանունների ճիշտ գրությունը: Գիտեմ, որ տեսչությունը այդ պարտականությունն ունի նաև իրավական ակտի մակարդակով:

Սերգո Երիցյան – Այո’, Լեզվի պետական տեսչությունը տարիներ շարունակ լեզվական պարզաբանումներ է տվել և շարունակում է տալ մեր քաղաքացիներին` անուն-ազգանունների հայերեն և այլ լեզուներով գրության վերաբերյալ: Քանի որ ՀՀ քաղաքացիների անձնագրերում և նույնականացման քարտերում գրառումը կատարվում է հայերեն և անգլերեն, մենք Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի մասնագետների հետ մեկտեղ մշակեցինք հայերենից անգլերեն տառադարձության սկզբունքներ, սակայն ինչ-ինչ պատճառներով մեր նախագիծը վերանվանվեց և վերածվեց հայերենից լատինատառի գրադարձության կանոնների` ստանդարտի տեսքով: Որքան գիտեմ, ստանդարտի մշակման աշխատանքներն ավարտվել են, բայց ի սկզբանե դրված նպատակը, այն էր` քաղաքացիների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելը, միատեսակ վարչարարություն կիրառելը և վարչական մարմնի հայեցողական լիազորությունների չարաշահման ռիսկերը նվազեցնելը, խեղաթյուրվեց և այսօր ունենք   ոչ մի հարց չլուծող փաստաթուղթ, ավելին, այդ ստանդարտի ընդունումը չի վերացնելու անճշտությունները, չի լուծելու առկա բազում խնդիրները, առաջացնելու է ՀՀ քաղաքացիների անձնանունների, ազգանունների և հայրանունների ուղղագրական և արտասանական զուգաձևություններ, սխալագրություններ և շփոթ:

– Ինչպե՞ս եք պատկերացնում սիրիահայերի Հայաստանում հաստատվելուց հետո արևմտահայերենի  ուսուցման անհրաժեշտությունը`  մշակութային երկխոսության տեսակետից։

Սերգո Երիցյան – Արևմտահայերենը մեր լեզվի անբաժանելի մասն է, և այն չպետք է  կորցնել, որովհետև այն ազգային արժեք  է մեզ համար: Անկասկած, պետք է շարունակել  ոչ միայն սիրիահայերի,  այլև մեր երեխաների` արևմտահայերենի ուսուցումը:

Գիտեմ, որ  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մտածում է փորձնական ծրագրերի  մասին: Այստեղ ուսումնասիրման խնդիր կա, նաև ուսուցչական կադրերի  պատրաստման և վերապատրաստման հետ կապված հարցեր: Առնվազն  բանասերները, հումանիտար ուղղության այլ մասնագետները, պետք է ծանոթ  լինեն և  տիրապետեն արևմտահայերենին: Ձեր նախորդ հարցի առնչությամբ այստեղ ևս պետք է նշեմ, որ սիրիահայերի անուն-ազգանունների տառադարձության դեպքում առանձնակի դժվարություններ են առաջանում, քանի որ գործ ունենք արևմտահայերենի հետ: Վերոնշյալ ստանդարտը մշակողները հաշվի չեն առել նաև այս հանգամանքը;

– Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում հայոց լեզվի վիճակը Հայաստանում։ Ի՞նչը պետք է շտապ փոփոխության ենթարկվի։

Սերգո Երիցյան – Լեզվի վիճակը Հայաստանում  օրհասական չէ: Ուրիշ բան չլինի, լեզուն ինքն է կարողանում իրեն պաշտպանել: Իսկ եթե մենք կարողանանք  գործուն  օգնություն  ցուցաբերել լեզվին, այն զարգացող և առաջընթաց կլինի: Առաջին հերթին   պետք է մշակել «Լեզվական քաղաքականության պետական ծրագիրը» առաջիկա 10 տարիների համար, որտեղ կնշվեն կոնկրետ քայլեր և զարգացումներ: Մեզ անհրաժեշտ են լեզվական շտեմարաններ` բանկեր, տեղանունների, անձնանունների ժամանակակից բառարաններ, ինչպես նաև` դրանց էլեկտրոնային տարբերակները:  Այս և նման ասպարեզներում  կան նախաձեռնություններ, մասնավորապես օրինակ, պրոֆեսոր Մանուկյանի ուսանելի փորձը։ Բայց նման քայլերով հնարավոր չէ լուրջ հաջողությունների հասնել: Նման մարդկանց  կողքին պետությունը` ի դեմս  նաև լեզվի ասպարեզի լիազոր մարմնի,  պետք է կանգնի: Կարծում եմ, որ չկա մեկ հայ, որը չսիրի, չհարգի և չգնահատի իր լեզուն,  ուղղակի  այդ լիցքերը  պետք է միշտ  թարմ և արթուն պահել:

– Թերևս հետաքրքրող հարցերն ավելի շատ են, քան մենք ուղղեցինք պարոն Երիցյանին։ Հուսանք, որ մեզ հուզող մնացած հարցերի պատասխանները մենք կարող ենք ստանալ, երբ ունենանք վերակազմավորված և լեզվի պաշտպանությունն ավելի լայն հնարավորություններով ստանձնած պետական մարմինը։ Չես կարող չհամաձայնել մեր զրուցակցի հետ, որ մայրենին երկիրը պահող կարևոր հիմնասյունն է։

ՕՐԵՐ

Ստորեւ ներկայացնում ենք Լեզվի տեսչության կողմից  հայտնաբերված լեզվական խախտումների օրինակներ։


Առնչվող նյութեր
1. Չինական դասական պոեզիայի հարստությունը
2. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
3. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
4. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար
5. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում
6. Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը
7. Հոբելյանի շեմին. Սերգո Երիցյան
8. Եզդիական նոր տարին նշվեց Ակնալճի սրբատեղիում
9. Ուխտագնացություն դեպի Արդվի. Հովհան Օձնեցու գահակալության 1300-ամյակը
10. Հայոց լեզուն՝ Լիսաբոնի համալսարանում . սեմինար, համերգ եւ ցուցահանդես

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հինգերորդ դարի պատմիչը նկարագրում է հայ հասարակության ողբալի վիճակը
2.Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների (ՅՈՒՆԻՍԵՖ)
3.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
4.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
5.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
6.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
7.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
8.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
9.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
10.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: