ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը

20 հունիսի, 2017 | 09:15

Հոբելյանական մաղթանքներ և  մտորումներ

 

Ինչպես տեղեկացրել ենք Երևանում՝ Թեքեյան մշակույթի կենտրոնում, տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի հերթական գրքի շնորհանդեսը։

Նա այս անգամ «Հայ մեծանուն գործարար-բարերարներ» շարքից անդրադարձել է Թամամշյանցներին, ընթերցողին մատուցելով «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գիրքը։

Թիֆլիսահայ ազնվականության կյանքի և գործունեության հանդեպ պրոֆեսոր Սերգո Երիցյանի հետաքրքրությունն այս անգամ Թամամշյանցների հայտնի գերդաստանի շուրջ է, որի շառավիղները զբաղվել են ոչ միայն գործարարությամբ ու վաճառականությամբ, այլև ծավալել ակտիվ բարեգործական ու քաղաքացիական գործունեություն: Նրանք անտարբեր չեն եղել ոչ միայն հայ, այլև վրացի և այլ ազգերի խնդիրների վերաբերյալ` աջակցելով նրանց կրթության զարգացմանն ու սոցիալական պայմանների բարելավմանը. «Նրանք միայն իրենց համար չէին ապրում, այլև իրենց կողքին գործող հանրության կյանքով ու դժվարություններով. իրողություն, որ գալիս է նրանց քրիստոնեական և մարդասիրական խոր դաստիարակությունից»,-նշում է հեղինակը:

Ի դեպ, ներկայացվող գրքի առաջաբանում հեղինակը հետգրությունում նշում ունի. «Ավարտելով գիրքը՝ հասկացա, որ այնքան էլ հեռու չէ իմ ծննդյան օրը՝ հունիսի 11-ը, որն այս անգամ հոբելյանական է։ Այլ խոսքով, իմ ուսերին կունենամ ապրած 60 տարի։ Գուցե ներկայացվող գիրքն այդ առթիվ մի յուրահատուկ նվե՞ր համարեմ ինձ և իմ մերձավորներին, բարեկամներին, հարազատներին, գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են մեր ժողովրդի արժեքներով ու անցյալից քաղած դասերով»։

Միջոցառումը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ ու խոսքով, ում աջակցությամբ ծնունդ են առնում Սերգո Երիցյանի հայկական Թիֆլիսին և թիֆլիսահայերին առնչվող գրքերը և տեսաֆիլմերը։ Ի դեպ, այս շնորհանդեսին՝ Վազգեն սրբազանի նախաձեռնությամբ, հաջորդելու է Թբիլիսիում «Հայարտանը» կազմակերպվելիք շնորհանդեսը։

«Աստվածահաճո այս գործը սկիզբ է առել Թիֆլիսից, ավարտվել Հայաստանի տպարաններում, որ նորից վերադառնա Թիֆլիս: Այն տեղիք է տալիս մտածելու, որ պետք է հիշել անցյալը և մտածել` այն, ինչ հզոր է, պետք է անել հայրենիքում»,- նշեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և վստահեցրեց, որ վիրահայերը լավ են ճանաչում Սերգո Երիցյանին, ում գործն արժանի է գնահատանքի. նա նոր կյանք է տալիս թիֆլիսահայ գործիչներին:

Սրբազան հայրն ընդգծեց, որ Երիցյանը նախանձախնդիր է և ամեն անգամ Թբիլիսի գալով՝ իր հերթական գրքի և տեսաֆիլմի շնորհանդեսին, հայտարարում է իր հաջորդ ծրագրի մասին։ Դրանցից յուրաքանչյուրը նպատակ ունի մոռացությունից փրկել թիֆլիսահայ կյանքում կարևոր դերակատարություն ունեցած անհատների կյանքն ու գործունեությունը, նրանց թողած բարի հետքերը։

«Թիֆլիսի հայ ազնվականության կյանքից պետք է դասեր քաղել,- ասաց սրբազան հայրը,- դրանք մեզ այսօր էլ են անհրաժեշտ»։

Հաջորդ բանախոսը «Թեքեյան» մշակութային միության նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանինն էր։

«Նա աշխատում է ամենուր, բոլորիս համար և կարևորը` իր վրա, սկզբունքային մարդ է և պատասխանատու դասախոս` լրագրողների տարբեր սերունդներ կրթելիս»,-շնորհավորելով գրքի լույսընծայման առթիվ` նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Սերգո Երիցյանին պարգևատրեց «Մանկավարժական համալսարանի» ոսկե հուշամեդալով:

Ռեկտորն անդրադարձավ նաև Սերգո Երիցյանի լրագրողական և դասախոսական բազմամյա գործունեությանը և ընդգծեց, որ շատ դժվար էր Ռուսաստանի լրագրողական փայլուն դպրոցն ավարտելուց հետո թողնել մասնագիտական հզոր դաշտը, ուժ գտնել և վերադառնալ ու հայրենիքում հարթել լրագրողական ուղին:

Նախքան այս գրքի հրատարակությունը Սերգո Երիցյանն առիթ է ունեցել անդրադառնալու հայ գործարար-մեկենասներ Ալեքսանդր Մանթաշյանցի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Անանով-Հովնանյանի կյանքին ու գործունեությանը՝ ինչպես տեսաֆիլմերով, այնպես էլ հրապարակումներով, նաև գրքերով։

Հենց Թամամշյանցների գերդաստանին նվիրված տեսաֆիլմի նկարահանումների ժամանակ էլ ծնունդ առավ այս գիրքը, որը սիրով ներկաներին ներկայացրեց երաժշտագետ, կոմիտասագետ, «Ակունք» ազգագրական անսամբլի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանը, ընդգծելով, որ Սերգո Երիցյանն այս գրքում պատմում է Թիֆլիսի հայ ազնվականության ու նրանց ավանդույթների մասին։ «Այդ մարդիկ ստեղծող ու արարող էին։ Միշտ իրենց ունեցածից հանրային կարիքներին բաժին հանող։ Եթե կարիք էր լինում սեփական բնակարանը դպրոցի էին վերածում, բարեգործական ծրագրերում առաջինը ներդրում կատարում»,- ընդգծեց Արթուր Շահնազարյանը։

Երեկոն վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, ով հետաքրքիր փաստեր ներկայացրեց Սերգո Երիցյանի մասին։

Նա ասաց, որ վերջերս Սերգո Երիցյանը ընթերցողին է հանձնել «Էրգրի կարոտով» գիրքը՝ նվիրված Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդություն-ուխտագնացությանը և «Չինական ճեպանկարներ» գիրքը՝ նվիրված մետաքսի ճանապարհին և մեր բարեկամ երկրին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, ինչպես նաև «Բոլոնիայի գործընթացի ուրվագիծը» գիրքը, որն ունի «Երևանյան համաժողովից մինչև փարիզյան» խորագիրը։

«Սերգո Երիցյանի գործունեության շրջանակները բավականին լայն են՝ լրագրողական, դասախոսական, գիտական, քաղաքական, հասարակական,- շարունակեց Սարգիս Նաջարյանը,- եթե այս ամենը վիճակագրությամբ արտահայտենք, ապա դա կնշանակի 22 տարի անդադար եթերային կյանք՝ «Առաջարկում է հեռուստադիտողը» և «Կարծիք» հաղորդաշարերով, հեռուստալրագրության տեսության և պրակտիկայի մասին ակտիվ գիտական որոնումներ՝ ավելի քան 15 գրքով, կրթության բարեփոխումների մասին վերլուծական մոտեցումներ՝ 6 գրքով, Լոռվա աշխարհի, հայ բարերար-գործարարների մասին հետաքրքիր պատումներ՝ 4 գրքով ու բազմաթիվ տեսաֆիլմերով։ Եվ վերջապես, Սերգո Երիցյանի նախաձեռնած և ղեկավարած «Հայկական ներկապնակ» ծրագրով բացօթյա նկարչության 15 միջազգային փառատոն և 20 ցուցահանդես՝ ոչ միայն Լոռվա աշխարհում, այլև Հայաստանի բոլոր տարածաշրջաններում և Արցախում»։

Սերգո Երիցյանի վաղեմի ընկերներից է նաև ՀՊՄՀ-ի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով գործընկերոջը բնորոշեց ֆրանսիացի փիլիսոփաներին մեջբերելով. «Մարդն իր ծննդյան օրից չկայացած, կիսատ, բայցև կատարելագործվող նախագիծ է` միտված ապագային: Խելացիները գիտեն, որ մահկանացուներիս մեջ կատարյալները չկան, բայց իմաստությանը մոտ կանգնած մարդիկ վստահ են` ամեն վայրկյան կատարելագործվելու համար են. Սերգո Երիցյանն այդ օրինակներից է»:

1992-ից սկիզբ առնող նրանց համատեղ գործընկերության ընթացքում Հովհաննես Հովահաննիսյաին մշտապես զարմացրել են պրոֆեսոր Սերգո Երիցյանի` աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը, ստեղծագործական անվերջ որոնումներն ու բացառիկ աշխատասիրությունը. «Նա հաղթահարեց շատերի համար անհաղթահարելի թվացող փորձությունը` պաշտոնը, մնաց հասանելի ու մատչելի բոլոր ժամանակներում և բոլորի համար»,-հավելեց նա:

Այնուհետև նշվեց, որ Սերգո Երիցյանը Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո իր մասնագիտական կենսագրությունը սկսել է Հայաստանի հեռուստատեսությունում և ռադիոյում՝ ուր հաղորդաշար է հիմնել, այն վարել, դարձնելով եթերի ամենադիտարժան հաղորդումներից մեկը՝ «Կարծիքը»։ Հեռուստատեսությունում և ռադիոյում նա միաժամանակ ղեկավարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը։

Հանրային վստահությունը նրան թույլ է տվել 1996 թվականին ընտրվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայոց խորհրդարանի անդամ լինել մինչև 2003 թվականը։ Երբ նշանակվել է Հայաստանի կրթության և գիտության նախարար, կրթության ասպարեզում նշանակալից ու կարևոր բարեփոխումներ է իրականացրել։ Հետագայում նա եղել է ՀՀ նախագահի խորհրդական, այժմ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետն է։

Միջոցառմանը ներկա էր նաև Սերգո Երիցյանի լավ բարեկամներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Նրանց ծանոթությունը կայացել է նամակագրության միջոցով՝ շուրջ կեսդար առաջ։ Դպրոցական ընկերությունից այն եկել հասել է հասուն բարեկամության։

«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նրա անունն առաջատար լրագրողների լավագույն օրինակներից է: Նա աննկարագրելի աշխատասեր է, ինչը վառ օրինակ պետք է լինի իր ուսանողների համար»,-նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ու անդրադառնալով իրենց 45-ամյա ընկերությանը` վստահեցրեց` Սերգո Երիցյանը լավ ընկեր է:

«Գաղտնիք չէ, որ Սերգո Երիցյանը հանրաճանաչ մարդ-անհատականություն է,- ասաց հաջորդ բանախոսը՝ բանաստեղծ Սուրեն Մուրադյանը,- և պատահական չէ, որ իր պաշտոնական գործունեությանը՝ լեզվի պաշտպանությանը, զուգակցում է հայրենապաշտությունը՝ ավելի ու ավելի հանրության առջև բացահայտելով իր հայրենի եզերքը՝ Լոռվա աշխարհը։ Դրա վկայությունը պարբերաբար՝ ինչպես Լոռում, այնպես էլ Երևանում անցկացվող միջոցառումներն են։ Մոտ ապագայում «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն իր ամենակարևոր խնդիրն է համարում հենց իրենց մեծ հայրենակցի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանը արժանավայել դիմավորումը և անցկացումը»։

Նա ընթերցեց նաև իր բանաստեղծություններից մեկը և գիրք նվիրեց հոբելյարին։

Սուրեն Մուրադյանը նաև ասաց, որ Սերգո Երիցյանն իր ապրած 60 տարիներով ամենուր բարի հետք է թողել՝ կոնկրետ և առակայական գործունեության արդյունքներ՝ գրքերի, տեսաֆիլմերի, ամենատարբեր միջոցառումների տեսքով։ Որքան հաճելի է, երբ հենց եթերում նրա նախկին ուսանողները՝ այսօր ճանաչված լրագրողներ, հայտարարում են, որ  իրենց մասնագիտական կարողությունների և հաջողությունների համար պարտական են իրենց ուսուցչին։ Սերգո Երիցյանի հավերժական եռանդն այսօր էլ չի պակասել, զուգահեռաբար էլ չի պակասել նաև նրա նկատմամբ նրանց սերն ու ջերմությունը։ Սերգո Երիցյանի ուսանողական ընկերուհին՝ Հասմիկ Դարյանը, բանաստեղծական ուղերձ էր հղել նրան.

Սիրելի ընկեր, խոսքեր չեմ գտնում ես երախտիքի,

Պարտական եմ քեզ

Դու հայտնվեցիր իմ դժվար պահին,

Երբ ուղեփակոց էր ճանապարհիս,

Անանցանելի պատնեշ վիթխարի՝

Երբ որ փակ էին բոլոր դռները,

Ու հանկարծ, հանկարծ դու հայտնվեցիր

Ասես երկնքից՝

Ու ձեռք մեկնեցիր

Ամուր, հաստատուն

Ու կանգնեցրիր ինձ ոտքերիս վրա

Ամուր, հաստատուն։

Հոբելյանական ցերեկույթի և գրքի շնորհանդեսի ընթացքում Սերգո Երիցյանին շնորհավորեցին ընկերները, բարեկամները` ներկայացնելով հուշեր, պատառիկներ նրա ստեղծագործական և մասնագիտական անցած ուղուց:

Ձեռնարկի ավարտին ելույթ ունեցավ նաև պրոֆեսոր Սերգո Երիցյանը և շնորհակալություն հայտնեց գրքի պատրաստմանն առնչվող մարդկանց` ընդգծելով, որ գրքի երկունքը նման էր նեկտար հավաքելուն` գնացել ենք բացառապես նոր տեղեկատվություն գտնելու ճանապարհով:

Բարձր գնահատելով Վիրահայոց թեմի աշխատանքը և արդեն ստեղծված համագործակցությունը` Սերգո Երիցյանն իր պարտքն է համարում ամեն տարի Թիֆլիս գնալ նոր գրքով ու ֆիլմով. «Վերջին տարիներին ինձ հետաքրքրում է թիֆլիսյան ազնվականության կյանքը հատկապես այն դասերի առումով, որ նրանք կարող են մեզ տալ` ինչպես են իրենց ունեցվածքը ծառայեցրել ժողովրդին, կրթությանը, ժողովրդին ու մշակույթին: Նրանք շարունակում էին հայ ազնվականական խավի գործունեությունը, բայց մեկ տարբերությամբ` գերդաստանով` 50-ից ավել ականավոր գործիչներով` գործարարներ, վաճառականներ, գիտնականներ, արվեստագետներ. Թամամշյանցների գործը պետք է ցայտուն օրինակ լինի հայ գործարարների և բարերարների համար՝ թե ինչպես կարելի ծառայել իր ժողովրդին»,-նշեց պրոֆեսորն ու հավելեց, որ գրքի լույսընծայմամբ նպատակ է ունեցել հանրությանը ներկայացնել այդ գերդաստանի մարդկային լավագույն գծերի ներկապնակը:

Ամփոփելով 60 տարիների սեփական գործունեությունը` Սերգո Երիցյանը նկատեց. «Մասնագիտություն ընտրելիս փորձել եմ հասնել դրա վարպետությանը, պաշտոն զբաղեցնելիս եղել եմ պարտաճանաչ, նվիրված, սիրել և գնահատել եմ ճշտապահությունն ու տվածս խոստումը իրականացնելը»,-նշեց Սերգո Երիցյանն ու ևս մեկ անգամ կրկնեց ներկաներին քաջածանոթ իր կարևորագույն բանաձևը` «Հեռուստալրագրությունը նման է հավերժական սիրո, որից անհնար է բաժանվելը»:

Ավելացնենք, որ գիրքը սիրով տպագրության է պատրաստել և հովանավորել «Էդիտ-Պրինտ» հրատարակչությունը և նրա տնօրեն Մկրտիչ Կարապետյանը։

Ողջ միջոցառման ընթացքում ներկաներին իր կատարումներով հիացրեց Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։

 

Կարինե Տիտանյան


Առնչվող նյութեր
1. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
2. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
3. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
4. Չինական դասական պոեզիայի հարստությունը
5. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
6. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
7. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
8. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար
9. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում
10. Հոբելյանի շեմին. Սերգո Երիցյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: