ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սենսորային դեպրիվացիան և վերջինիս դերն ու նշանակությունն որպես հակակոռուպցիոն ազդեցիկ միջոցի

14 մարտի, 2018 | 15:54

Սենսորային դեպրիվացիան ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկային հուզազգացմունքային, ֆենոմենալ դաշտում կամ համակարգում անհատի և շրջակա միջավայրի միջև անհրաժեշտ ֆունկցիավորման, փոխգործակցության և էներգափոխանակության խաթարմամբ առաջ եկող ստիմուլային քաղց և անբավարարություն, ինչն ըստ էության արտահայտելով  արտաքին ստիմուլներից կամ գրգիռներից վերոնշյալ դաշտի կամ ապարատի մասնակի կամ ամբողջական մեկուսացման պատկերը կամ իրողությունը, վերջինիս  համար ուենում է այն դերն ու նշանակությունը, որ կտրուկ իջեցնելով հույզերի ուղեղային հիմքը կազմող որոշ տեսակի նեյրոմեդիատորների էլեկտրոնային և քիմիական ակտիվության մակարդակը, կոտրելով նույն այդ նեյրոնների  գործողության պոտենցիալի հաղորդման թափն ու ուժգնությունը, անխուսափելիոորեն առաջ է բերում մարդկային հուզաշխարհի հարաբերական դինամիկ կայունության և հավասարակշռության վիճակն ապահովող հոմեոստատիկ հաստատունների ամբողջության ռեզոնանսային տատանումներ կամ ֆլուկտուացիաներ:

Սենսորային դեպրիվացիան անհատին  կարող է <<այցի գալ>> ոչ բնական և  էքստրեմալ տարբեր իրավիճակների թելադրանքով, ինչպես, օրինակ՝ աշխատանքային հատուկ պայմանների դեպքում /կոսմիկական ապարատ, սուզանավ/, որևէ փակ տարածքում հարկադրական մեկուսացման ժամանակ/բանտ, նյարդահոգեբանական կլինիկա/, կամ էլ, ասենք՝ աշխարհագրական աննպաստ միջավայրում/տայգա, քարանձավ/ երկարաժամկետ ներկայության պարագայում՝ էական հանգամանքներ, որոնք անհատին զրկելով արտաքին աշխարհի հետ ներքին կապի ու հաղորդակցության կարևոր  թելերից և անոթներից, վերջինիս համար ստեղծում են կամ  էքզիստենցիալ՝ գոյաբանական,  կամ էլ  հոգեբանական լուրջ խնդիրներ:

Դեպրիվացիայի կարճատև փուլերը, ինչպես ցույց են տալիս մարդկային հոգեկանի գիտափորձարարական ուսումնասիրությունները, կոնկերտ անձի  վրա ունենում են թուլացնող էյֆորիկ ներգործություն, ըստ էության խթանելով նրա  գլխուղեղի բնական <<պարգևատրման համակարգի>> գործունեությունը, սակայն եթե  դեպրիվացիան ձեռք է բերում տևական և ձգձգվող բնույթ, ապա այն ցավալիորեն ծանր է նստում վերջինիս օբյեկտի ներաշխարհի վրա, այնքան ծանր, որ այդ ներաշխարհը սկսում է ճեղքեր և ճաքեր տալ հոգեախտաբանական տարատեսակ երևույթների՝ ծայրահեղ անհանգստության, տագնապի, վախի, դեպրեսիայի հալյուցինացիաների, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների, ապաանձնայնացումի, կամքի պաթոլագիական վիճակների և ընկալման խանգարումների ուժգին <<հորձանքից>> և <<հորդահոս ալիքներից>>։

Սենսորային դեպրիվացիայի ժամանակ ի հայտ եկող հոգեբանական երկակի այս վիճակների պատճառները հասկանալու, դրանց մասին հիմնարար և լիարժեք պատկերացում կազմելու համար, ինչպես հայտնի է՝ թե  ԱՄՆ-ում, թե  աշխարհի տարբեր երկրներում, հեղինակավոր տարբեր մասնագետների կողմից վերջին տասնամյակներին գիտափորձարարական բազմաթիվ հետազոտություններ ու ուսումնասիրություններ են իրականացվել, որոնց արդյունքում մարդկային ուղեղի և գիտակցության վերաբերյալ շատ տեսակետներ և պատկերացումներ են էականորեն սրբագրվել և արմատական վերանայումների ենթարկվել;

Այդ հետազոտություններից շատերը, ինչպես հայտնի է,  սերտորեն կապված են ամերիկացի նշանավոր նեյրոկենսաբան և բժիշկ-հոգեվերլուծաբան Ջոն Լիլիի անվան հետ՝ տաղանդավոր մի գիտնական, ով գիտակցության բնույթի և սենսորային դեպրիվացիայի վերաբերյալ իր խիզախ և մեծարժեք հայտնագործություններով լիարժեք իրավունք է վաստակել  արժանի և հաստատուն տեղ զբաղեցնելու ժամանակակից հոգեբանության ռահվիրանների շարքում և արդարորեն կրելու ժամանակակից հոգեբանության ռահահորդի պատվավոր տիտղոսն ու վսեմ կոչումը;

Պարզելու համար, թե ինչպես է մարդկային ուղեղն ու հոգեկանը ֆունկցիավորվում միջավայրային ստիմուլյացիայի սահմանափակման, արտաքին աշխարհից ամբողջական  մեկուսացման պայմաններում, Լիլին իր հետազոտությունների անցկացման համար ընտրում է յուրահատուկ մի խուց կամ կամերա, որն ըստ էության ոչ այլ ինչ էր, եթե ոչ  էպսոմյան աղաջրով  լցված, լիովին ձայնամեկուսացված և լուսաանթափանց  փակ մի ռեզերվուար՝ նախատեսված ռելաքսացիայի(լատ. relaxatio- թուլացում, ուժասպառում) հատուկ ընթացակարգի՝ֆլոաթինգի կազմակերպման և կիրառման համար, ինչը  հետագայում ստացավ <<Սահմանափակ միջավայրային խթանման թերապիա>>/REST  Restricted Environmental Stimulation Therapy/անվանումը։

Դեպրիվացիայի խցում ստեղծված պայմաններն այնպիսին էին, որ 1 ժամ տևողությամբ փորձարարության առաջին 40 րոպեները հետազոտվող անձին(փորձարկվողին)բացի ֆիզիկական և հոգեկան լավազգացողությունից, երբեմն հաղորդում էր նաև  մարմնական քորի սուր, անբնական զգացողություն/ ինչը սովորաբար տարածված է մեդիտացիայի սկզբնական  փուլերում/, իսկ փորձարարության վերջին 20 րոպեները փորձարկվողի համար նշանավորվում էր վերջինիս ուղեղի ալիքային ակտիվության սուր փոփոխություններով, մասնավորապես՝ ուղեղային ալֆա և բետա ռիթմերի փոխարինումով տետա ալիքով:

Այս ալիքն առաջ բերելով գիտակցության փոփոխված վիճակներ(altered states of consciousness)՝ և հետազոտվող անձի  գիտակցական գործընթացների ակտիվությունն ու արդյունավետությոնը հասցնելով ապագործնականացման մակարդակի/երբեմն նաև դիֆերենցիալ ամնեզիայի/, ըստ էության իր այս <<գրոհով>> հզոր իմպուլսներ է հաղորդում նաև նշյալ անձի հոգեգիտակցական համակարգի կառավարման կենտրոններին՝ <<հարկադրելով>> վերջիններիս գործի գցել դրական հակադարձ կապի սեփական մեխանիզմները և փորձարկվողի գիտակցությունը մղել դեպի ինքնացնցումի, արմատական ինքնանորոգումի, ասսենիզացիայի (աղբահանության) և  արդյունավետ ինքնակազմակերպման նոր փուլ։

Ջոն Լիլիի այս գիտափորձով կամ փորձարարությամբ լիովին և հիմնավորապես հաստատվում է REST-ի բացառիկ նշանակությունն ու արդյունավետությունն այնպիսի հիվանդությունների դեմ պայքարում, ինչպիսիք են սթրեսը, դեպրեսիան, թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը և այլն: Վերոնշյալ գիտափորձի մյուս կարևոր արդյունքն ու նորությունն այն էր, որ այն բացահայտում, ի հայտ է բերում նաև հետազոտվող անձի ներաշխարհի վրա սենսորային դեպրիվացիայի երկարատև փուլի ազդեցության աննախանձելի պատկերն ու դառը հետևանքները՝ հոգեախտաբանական տարատեսակ երևույթների՝ վախի, տագնապի, դեպրեսիայի և այլ ախտանշանների համաձուլվածքով: Սենսորային դեպրիվացիան, ի դեպ, խորթ և օտար չէ նաև կենդանական աշխարհին՝ ինչը փաստվում և հաստատվում է մի շարք զարգացած երկրների առաջատար գիտական կենտրոններում տարբեր տեսակի կաթնասուն կենդանիների նկատմամբ կատարված գիտափորձարարական  հետազոտություններով  ու ծավալուն, խորն  ուսումնասիրություններով; Կենդանական աշխարհում սենսորային դեպրիվացիայի ազդեցության խնդրին և դրա հարուցած հետևանքներին առաջինն անդրադարձել է Վիսկոնսի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Հարրի Հարլոուն, ով  դեռևս 1950-ական թվականներին մակակների վրա կատարված գիտափորձով՝ գիտափորձ, որն ստացավ <<Անհուսության խուց>> կամ ,,ուղղահայաց կամերա,,  անվանումը, հայտնաբերում և պարզում է , որ այս խցին <<զոհաբերված>> և իրենց մայրերից կտրված փորձարարական վերոհիշյալ կենդանիների մոտ մեկ կամ երկու օր անց դիտարկվում է որոշակի տագնապ և անհանգստություն՝ ինչը երեք ամսվա ընթացքում վերածվում է խորը ապատիայի: <<Պտտվելով խցով մեկ և անընդհատ տեղից տեղ շարժվելով, այդ կենդանիներն ի վերջո <<անազատության ճիրաններում>> արագորեն՝կորցնում էին  բնազդային ռեակցիայի իրենց ունակությունները՝ մասնավորապես կապվածության զգացողությունը մայր կապիկների հետ և լիովին հաշմվում՝ գիտափորձի վերջին <<արարում>> այդպես էլ չարձագանքելով ոչնչի, ոչ մի արտաքին ազդակի կամ գրգիռի>>,-նշում է Հարլուոն:  1960-ական թվականների վերջերին լրջագույն նախաձեռնություններով է  հանդես գալիս  նաև ամերիկացի նշանավոր գիտնական, կենդանաբան Ջոն Քալհունը՝ ճգնելով իր արժեքավոր գիտափորձերով մասնագետների ուշադրությունը բևեռել և հրավիրել  կենդանական աշխարհում տեղի ունեցող և արձանագրվող այնպիսի երևույթների և զարգացումների վրա, որոնք այդ աշխարհում ստիմուլյացիոն դեպրիվացիայի առաջացման աղբյուր և պատճառ են հանդիսանում: Այս առումով  միանգամայն տեղին և արդարացված կլիներ անդրադառնալ Ջ. Քալհունի կողմից լաբորատոր սպիտակ մկների և նորվեգական թափառամկների  վրա կատարված էքսպերիմենտալ որոշ հետազոտությունների հույժ ուշագրավ արդյունքներին՝ արդյունքներ, որոնց հիման վրա Քալհունը, ինչպես հայտնի է, համակողմանիորեն մշակում, տեսականորեն հիմնավորում  և մասնագետների լայն հանրությանն է  ներկայացնում <<վարքային անկում>>/behavioral sink/ անվանումով գիտական նոր հիպոթեզը՝ իր տեսակի մեջ թերևս միակն ու եզակին, որը  փորձում է ամբողջովին բացահայտել և սպառիչ կերպով նկարագրել  մկների պաթոլոգիական շեղվող վարքի առաջացման պատճառներն ու ներքին մեխանիզմները։

Այս հիպոթեզի շրջանակներում Քալհունի և նրա գործընկեր Հելսի Մարսդենի կողմից  1968-1972 թվականներին Ամերիկյան առողջության հոգեբանական կենտրոնում կազմակերպվում և փուլային հաջորդականությամբ անց են կացվում  25  փորձարարական հետազոտություններ, որոնց հորիզոնում բացահայտվում և որոշակիորեն ուրվագծվում է կենդանական աշխարհի մի յուրօրինակ և ֆենոմենալ պատկեր՝ պատկեր, որին ուշադիր և քննասույզ հայացք ձգելու պարագայում միայն հնարավոր է տեսնել և հասկանալ, թե ինչպես և ինչու է  փորձարարական մկների  համար ստեղծված, բայց արտաքին աշխարհից կտրված  դրախտային հատուկ միջավայրը/՝ ինչն այս պարագայում հանդես էր գալիս որպես 2 մետր լայնության, 2 մետր երկարության և 1,5 մետր բարձրության մի բաք՝ իր առավել քան 256 արկղիկ-բույներով, սննդի և ջրի անսահմանափակ պաշարով, իդելական մաքրությամբ, +20* ցելսիուս ջերմաստիճանով/, սենսորային դեպրիվացիայի առաջացման իր ներուժով  երկարաժամկետ հեռանկարում հիմնովին աղճատում լաբորատոր կենդանիների բնազդային վարքի ծրագիրը, արմատապես խարխլում և լիովին փլուզում դրանց  բնորոշ յուրահատուկ ուղղաձիգ շարժունության համակարգը, իսկ փորձարկումից որոշ ժամանակ անց լաբորատոր նույն մկների  բազմացման և վերարտադրության բուռն տենդենցը փոխարինում <<բնազդային՝ առաջին մահվան>>, իսկ այնուհետև՝ ֆիզիկական անէացման ծանր փուլերով:

1972 թվականի հունիսին, երբ Քալհունն ավարտում է իր գիտափորձը, փորձարարական բաքում  կենդանի մնացած լինում է ընդամենը 122 մուկ, այն դեպքում, երբ բազմացման բուռն վերելքի փուլում դրանց թիվը 2200-ից պակաս չէր: Այս գիտափորձի արդյունքները ևս մեկ անգամ հավաստում և վկայում են , թե որքան կարևոր և առանցքային նշանակություն ունի կենդանական աշխարհի գոյության համար արտաքին և ներքին միջավայրի կայուն փոխգործակցությունն  ու էներգափոխանակությունը՝ որոնց  խաթարումն, ինչ խոսք, զրկում է այդ աշխարհի ներկայացուցիչներին թե ինքնապաշտպանական բնազդից, թե  սեփական բույնն ու սնունդը գոյության բնական պայքարի արդյունքում ձեռք բերելու, պաշտպանելու ունակությունից և, ի վերջո, հետևողականորեն ներքաշում ինքնաոչնչացումի դաժան և անագորույն գործընթացների մեջ: Վերադառնալով մարդկային հուզաշխարհի ստիմուլյացիոն դեպրիվացիայի բուն խնդրին, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ վերջինիս հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը Ջոն Լիլլիի հանրահայտ գիտափորձից հետո այնքան է  մեծանում հոգեբանների արևմտյան՝ մասնավորապես ամերիկյան հանրակցության որոշակի շրջանակներում ու շերտերում, որ այստեղ, այս շրջանակներում նշված խնդրի հետ կապված, ծայր է առնում առավել խորը և լայնընդգրկուն հետազոտությունների մի հուժկու ալիք՝ ալիք, որն ի վերջո էական տեղաշարժեր է առաջ բերում հոգեբանության վարքային և գիտակցության ոլորտների բազմաթիվ նշանավոր հետազոտողների և տեսաբանների արժեքային կողմնորոշումներում՝ մղելով վերջիններիս համարժեքորեն արձագանքելու հոգեբանական որոշ եզրերի ընդվզումներին և  լիովին սրբագրելու ու վերանայելու սեփական քարացած հայացքներն ու կարծրատիպային պատկերացումները հոգեկան իրականության տարբեր կողմերի, մարդկային բնույթի, գիտակցականի և վարքի որոշ ասպեկտների վերաբերյալ:

Սենսորային դեպրիվացիայի բարդ և ինքնատիպ հոգեբանական ֆենոմենը անցնելով հետազոտական տարբեր աստիճաններով ու փուլերով և ի հայտ բերելով մարդկային գիտակցականի վերափոխման միանգամայն նոր կապեր և հնարավորություններ, արժանանում է նաև  ԱՄՆ-ի  ԿՀՎ-ն համապատասխան մասնագետների սևեռուն ուշադրությանը, որոնց ջանքերով էլ այն կարևորագույն բաղկացուցիչի կարգավիճակով ներառվում է  MK-ULTRA հատուկ նախագծի կամ էլ <<ԿՀՎ –ն գիտակցության վերահսկողության ծրագրի>> մեջ/CIA mind control program/ և ծառայեցվում ուղեղների լվացման դոկտրինից բխող կոնկրետ խնդիրների լուծմանը:

Սենսորային դեպրիվացիային առնչվող այդ խնդիրներն իրենց ամբողջության մեջ հանգում էին հետևյալին, այն է՝  լայնորեն ճանաչված և հեղինակավոր ուսումնական ու  հետազոտական հաստատությունների միջոցով պարզել՝ որքանով կարող է կոնկրետ անձի մանիպուլյացիայի ենթարկված գիտակցությունը ազդել նրա հարցաքննության արդյունավետության վրա  և որքանով սենսորային դեպրիվացիան որպես հարցաքննության էվֆեմիստական պարադիգմի առանցքային տարր կարող է կիրառություն գտնել երկրի արդարադատության համակարգում։

Այս ծրագրին  իրենց ակտիվ մասնակցությունն են բերում դեպրիվացիայի բնագավառի այնպիսի հայտնի հետազոտողներ, ինչպիսիք են Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի  երբեմնի ղեկավար, Նյուրնբերգյան դատավարությունից հայտնի Դոնալդ Էվեն Քամերոնը, կանադական ՄաքԳիլի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան, ականավոր ֆիզիոլոգ և նեյրոհոգեբան Դոնալդ Հեբբը և կանադական Մանիտոբա համալսարանի պրոֆեսոր Ջոն Զուբեկը, որոնց աշխատանքն, ինչ խոսք, ըստ արժանվույն է գնահատվում ամերիկյան կառավարության կողմից, իսկ գիտական ժառանգության կարևորագույն շատ տարրեր հետագայում համալրում են ամերիկյան արդարադատական պրակտիկայում լայնորեն կիրառվող <<Երրորդ աստիճանի հարցաքննության>>/Third degree (interrogation)/ որպես թե իրավական հույժ ազդեցիկ <<ասպազենի>> կամ գործիքակազմի առաջնային՝ <<գավազանային փաստարկների>> շարքերը: Վերոնշյալ հետազոտողների՝ դեպրիվացիայի խնդրին նվիրված աշխատանքների մեջ առավել նյութատարն ու ծավալայինը, առավել համակարգվածն ու բովանդակալիցը թերևս պատկանում է  Ջոն Զուբեկին՝ MK-ULTRA ծրագրի գիտական ղեկավարներից նրան, ով 1959 թվականից սկսած, նախաձեռնելով վարքային և հոգեբանական հետազոտությունների <<բուռն արշավ>>, մինչև իր կյանքի ողբերգական ավարտը՝ 1974 թվականը, հաջողում է Մանիտոբա համալսարանում իր իսկ ջանքերով ստեղծված սենսորային դեպրիվացիայի լաբորատորիայում կամավորական հիմունքներով դեպրիվացիոն փորձարկումների մեջ ներգրավել շուրջ 500  հետազոտվող անձի՝ այդ ընթացքում լույս ընծայելով նաև սեփական դիտարկումների և հետազոտությունների արդյունքներն ամփոփող բազմաթիվ արժեքավոր աշխատություններ/շուրջ 80 հոդված և 6 գիրք/, որոնք, ինչ խոսք, իրենց տիրական դրոշմն ու հետքն են թողնում ժամանակի հոգեբանական մտքի ու հոգեբանական գիտության զարգացման վրա՝ նոր թարմություն, նոր շունչ բերելով վերջիններիս և օգտակար նոր գաղափարներով ու չափորոշիչներով հարստացնելով այն։

Սենսորային դեպրիվացիայի բնագավառում թե Ջ.  Զուբերգի,  թե նրա հեղինակավոր գործընկերներ Ջ. Լիլլիի, Դ.  Քամերոնի, Դ.  Հեբբի կողմից հեռավոր 1950-60 ական թվականներին կատարված ուսումնասիրությունները, և թե  նորագույն ժամանակներում տարվող լուրջ և ծանրակշիռ հետազոտությունները /հատկապես ամերիկացի նշանավոր հոգեբաններ և հետազոտողներ՝ Դ. Կրեչի Մ. Ռոզենցվեյգի, Է. Բեննետի և Մ. Դայմոնդի ակտիվ մասնակցությամբ/ հիրավի թույլ են տալիս մեզ սպառիչ և հիմնավոր պատասխաններ գտնել մարդկային գիտակցության վերափոխման հետ կապված բազմաթիվ կարևորագույն և արդիական հարցերի, ինչպես նաև խորապես կարևորել և գնահատել մարդկային բնույթի կատարելագործման ու  վարքային մոդիֆիկացիայի կամ կառավարման մեջ  ստիմուլյացիոն դեպրիվացիայի անանց դերն ու նշանակությունը: Իսկ թե ինչպիսի տեղ ու նշանակություն է տրվում, վստահելիության ինչպիսի աստիճան կամ առաքելություն է վերագրվում սենսորային դեպրիվացիային որպես մարդկային բնույթի կատարելագործման կամ վերափոխման ազդեցիկ միջոցներից մեկի, այդ մասին առավել ցայտուն և վառ կերպով թերևս արտահայտվել է Միչիգանի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ջեյմս Վ. Մաքքոննելը, ով դեռևս 1970 թվականին <<Psychology today>>(Հոգեբանությունն այսօր) հանդեսում լույս տեսած <<Ազատազրկման դատապարտված անձանց ուղեղային լվացման իրական հնարավորությունն այսօր>> հոդվածում գրում է մասնավորապես հետևյալը․ <<Մենք մոտեցել ենք պատմական այն սահմանագծին, երբ սենսորային դեպրիվացիայի ֆունկցիոնալ կամ գործառույթային բարեշրջական և կայունարար՝ նեգէնտրոպիկ կողմը կամ հատվածը հմտորեն և խելամտորեն համակցելով և զուգակցելով  հիպնոսի, ռեկրեացիոն պրեպարատների, վարքային վերահսկման ավերսիվ համակարգի ճիշտ և անվտանգ կիրառման հետ, աներկմտորեն կարող ենք և պիտի հասնենք ուղեղների լվացման և կառավարման մեջ արագ, էֆեկտիվ ու շոշափելի արդյուքների, ինչն էլ նպաստավոր պայմաններ և հնարավորություններ կստեղծի արմատապես և հիմնովին փոխելու  մարդու անձը, նրա արժեքային կողմնորոշումներն ու անհատական վարքագիծը>>: Այստեղ ակամա հարց է ծագում. Եթե հնարավոր է իրապես սենսորային դեպրիվացիայի միջոցով հասնել մարդկային գիտակցականի կառավարման կամ վերափոխման, ապա ինչու այն խելամտորեն չօգտագործել հայաստանեաց արդարադատական պրակտիկայում, տարբեր հանցածին երևույթների, մասնավորապես՝ ամենակուլ չարիքի՝ կաշառակերության դեմ պայքարում:

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարբեր կազմակերպությունների տվյալներով համարվում է բարձր կոռուպցիոն ռիսկեր ունեցող երկրներից մեկը, որտեղ կոռուպցիայի բարձր մակարդակը տարիների ընթացքում հանգեցրել է աղքատության զգալի  աճի և տնտեսական զարգացման ցուցանիշների էական նվազման: Այդ մասին ևս մեկ անգամ վերահաստատեց նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիզոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ <<Ժամանակ>>-ի հետ զրույցում նշելով հետևյալը. <<Թե՛ մենք եւ թե՛ Հայաստանի կառավարությունը դեռեւս անելու շատ բան ունենք, որպեսզի մեր հարաբերությունները առեւտրային, տնտեսական ոլորտներում առավել խորանան:

Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, եւ որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետեւանքով փակվում են շուկաները, ձեւավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, եւ արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ; Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսեւորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը եւ ամենամեծ խոչընդոտը բացելու երկիրը առեւտրի եւ ներդրումների համար>>: Կոռուպցիայի դեմ անհաշտ և անզիջում պայքարն, ինչ խոսք, եղել և մնում է  հայաստանեաց գիտակից հասարակայնության առաջնային և ռազմավարական նշանակության խնդիրներից մեկը՝ խնդիր,  որի արմատական լուծումը մեզ հայտնի սովորական իրավական միջոցներից զատ, պահանջում է նաև ոչ սովորական և ոչ օրդինար առավել ազդու և գործուն միջոցների, մասնավորապես՝ սենսորային դեպրիվացիայի, ռեկրացիոն պրեպարատների, վարքային ուսուցման նոր օպերանտային համակարգի կիրառում: Այս տեսակ միջոցների գործադրումն, ըստ իս, միանգամայն և լիովին արդարացված է հասարակական քաղաքակրթվածության ներկայիս աստիճանով և  որևէ կերպ չհակասելով մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ 1984 թվ. Դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի պահանջներին, պիտի անվերապահորեն տարածվի հասարակական-պետական կյանքի` կոռուպցիայով վարակված  կոնկրետ ոլորտների, օղակների և օջախների վրա՝ խնդիր ունենալով հնարավորինս կարճ ժամկետում նախ ի հայտ բերել և, ապա, բարոյապես մշակել ու դաստիրակել <<հայոց կոռուպցիոն դասի կամ շերտի>> դատարկագլուխ ու անհոգի կերպարները՝ կերպարներ, որոնց վերափոխված գիտակցության մեջ, ի վերջո, երկաթագիր հայերենով պիտի ամրագրվի այն աստվածային ճշմարտությունը, որ սեփական երջանկությունը չի արարվում և չի էլ կարող արարվել մի կտոր հացի, մի պատառ ժպտի կարոտ սեփական հայրենակիցների դժբախտության, վշտի, տառապանքի հոգեկան անչափելի ցավի ու մորմոքի հաշվին, և որ այդ զոհասրտերից թռած հուսաբեկության տրտունջի, աղոթքի շշունջի, և զայրութի մռունչի հանդեպ բացահայտ քամահրանքը, անգոսնումը թե նշկահումը չի բերել և չի բերելու հոգեկան այնքան բաղձալի անվրդովություն ու խաղաղություն:

Ամենազոր ժամանակն, ինչ խոսք, լուրջ և ծանր փորձություններ ունի պահած յուր մեջ  բորենիակերպ կոռուպցիոն տարրերի և տիտղոսավոր սինքլորների համար ի տրիտուր վերջիններիս անհագ ընչաքաղցության գիշատչական դրսևորումների՝ դրսևորումներ, որոնք լուրջ վտանգ և սպառնալիք ներկայացնելով մեր երկրի անվտանգային շահերի, ժողովրդավարական պետությունաշինության տեսանկյունից, իրերի երկաթյա թելադրանքով անվերապահորեն  կկասեցվեն պետական հեղինակավոր կառույցների և անձանց կտրուկ ու հատու միջամտությամբ՝ ինչն էլ   նպաստավոր պայմաններ կստեղծի և պարարտ, բարեբեր հող կնախապատրաստի մեր երկրի տնտեսական զարգացման, մշակութային առաջընթացի և հրթիռային հետագա վերելքի համար: Նշյալ կոռուպցիոն տարրերին և տիտղոսավոր սինքլրորներին սանձելու, վերջիններիս <<պորտը տեղը դնելու>> ամենաազդու միջոցներից մեկը թերևս այն կլիներ, որ հասարակական-պետական որոշակի կառույցներ հետևողականորեն և նախանձախնդիր կերպով ձեռնամուխ լինեին  սենսորային և ստիմուլյացիոն դեպրիվացիայի հատուկ խցի կամ կամերայի ստեղծմանը, առավել խիստ պայմաններով՝ պայմաններ, որոնք պարտադիր ձայնամեկուսացման, բնական լուսավորության բացակայության, էպսոմյան աղի որոշակի պարունակության և որոշակի ջերմաստիճանի հետ մեկտեղ  կհատկանշվեն  նաև ինչպես էլեկտրաշոկային բաղադրիչի առկայությամբ, այնպես էլ խցի ներսի կոնկրետ և նախատեսված հատվածներում անոթի և սովալլուկ հայ մանկանց, ունեզրկված հայ մարդկանց հոգեմաշ, հոգեցունց պատկերների ու լուսանկարների թաքուն, չերևացող ներկայությամբ:

Այս պատկերների ցուցադրությունը պիտի նախատեսվի այն ժամանակ միայն, երբ յուրաքանչյուր կաշառասուն անձ անցնելով սենսորային դեպրիվացիայի մաղով և հայտնվելով գիտակցության փոփոխված վիճակների մեջ,  անհրաժեշտաբար կենթարկվի նաև  ուժգին էլեկտրաշոկի՝ ինչը թույլ կտա այդ անհոգի արարծներին դուրս ցատկել յուրյանց անտարբեր դրությունից և սեփական քար ու ապակյա հայացքները լիովին գամել ու սևեռել վերոնշյալ հոգեցունց պատկերների վրա՝ պատկերներ, որոնք առմիշտ և անջնջելիորեն դրոշմվելով նրանց ներաշխարհում, պիտի խոր զղջումի, ափսոսանքի գիրկը նետեն նրանց և մղեն նրանց սեփական ողջ քսակը հոժարակամ, մինչև վերջին լուման  դատարկել վասն կամ ի շահ հասարակական բարօրության:

 

Արմեն Մխիթարյան

Երեւան


Առնչվող նյութեր
1. Հայաստանի կողմից հակակոռուպցիոն առաջարկությունների իրականացման հարցերին առնչվող համաժողովը` նոյեմբերի 29-ին Երևանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: