ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Սա ինձ համար նոր կինո է, որին պետք մոտենալ նույն անհանգստությամբ…». Հարություն Խաչատրյան

09 հոկտեմբերի, 2017 | 17:31

Հարություն Խաչատրյանի առաջին աշխատանքային օրն ու առաջին հարցազրույցը՝ նոր պաշտոնում:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նորընտիր նախագահին ուղղված մեր առաջին հարցն էր՝ ինչի՞ց եք սկսելու:
Կինոմիության նախագահի առաջին քայլերից մեկը, ինչպես պարզեցինք, լինելու է վտանգի տակ գտնվող մասնագիտական «համքարությունների» ձևավորումը, որպեսզի ավելի պաշտպանված լինեն կինո ստեղծող ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց իրավունքները:
«Մասնագիտական համքարությունների, այլ կերպ՝ գիլդիաների կամ միությունների ստեղծումը չափազանց կարևոր է, որովհետև այսօր որևէ կերպ պաշտպանված չեն ո՛չ դերասանի, ո՛չ օպերատորի, ո՛չ ռեժիսորի, ոչ էլ ոլորտի մյուս մասնագետների իրավունքները:
Առաջիկայում կընդունվի Կինոյի մասին օրենքը: Գործընթացի մեջ լրջորեն «խորանալու» նպատակով արդեն հրավիրել եմ երկու իրավաբանների, որպեսզի կարողանանք մասնագիտորեն ավելի ճիշտ մասնակցել օրենքի կայացմանը»:
Կինոմիության նախագահի աշխատանքային օրակարգում նաև հանդիպումն էր ճարտարապետների հետ՝ քննարկելու Միության կինոդահլիճի վերանորոգման խնդիրը:
«Պետք է բացվեն դռները, դահլիճում պետք է ֆիլմեր ցուցադրվեն, այստեղ պետք է քննարկվեն բոլոր խնդիրները: Պետք է փնտրենք ճանապարհները դեպի միջազգային կինոփառատոններ, օգնենք երիտասարդներին: Մենք ուզում ենք երիտասարդ կինոգործիչների լուրջ խումբ ձևավորել:Կինոմիության աշխատունակությունը վերականգնելու համար շատ արագ պետք է քայլեր ձեռնարկենք: Այստեղ պետք է տիրի ստեղծագործական եռուզերը, որպեսզի մթնոլորտը հետաքրքիր լինի, մարդիկ գան, խոսեն կինոյից, արվեստից ու իրենց հուզող խնդիրներից»:
Հարություն Խաչատրյանը խոստացավ մասնագիտական հավաքներով պարբերաբար հաշվետու լինել այն ամենով, ինչ կատարվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում: Առնվազն մեկ ամիս անց Միությունը հանդես կգա նման «հաշվետվությամբ»՝ ներկայացնելու, թե ինչ արեցին այդ մեկ ամսվա ընթացքում:
Կինոմիության նախագահը գիտակցում է, որ «կոլեկտիվացում» ասվածն այս ոլորտում բարդ է լինելու, որովհետև արվեստագետներից յուրաքանչյուրն անհատականություն է և ունի իր հավակնություններն ու պատկերացումները: Այդուհանդերձ, միավորումը հնարավոր է, եթե կա ընդհանուր գաղափար, երազանք ու ձգտում: Նաև պայմանով՝ եթե ամեն ինչ անկեղծ է և ոչ թե ձևական:


«Մեր ցանկությունն է կրկին կենդանացնել կինոն, դարձնել գործիք, դարձնել զենք, մշակութային լուրջ փոխհարաբերությունների միջոց: Կարծում եմ, որ մարդիկ կգան այս ցանկության հետևից: Կինոյի վերաբերյալ պետական քաղաքականության մեջ այսօր լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Շատ կարևոր է, որպեսզի տարանջատվեն երկու կարևոր հասկացություններ՝ ազգային կինո և կոմերցիոն կինո: Սրանց խնդիրները տարբեր են, և դա պետք է հաշվի առնել պետական քաղաքականությունն իրականացնելիս: Մշակույթի նախարարն ինքը շատ նվիրված է կինոյին և շատ է ցանկանում, որ ամեն ինչ լավ լինի, հետևաբար համոզված եմ, որ տրամաբանական առաջարկները չեն անտեսվի»:
Հարություն Խաչատրյանը խոսեց նաև հայկական կինոն հանրահռչակելու, աշխարհին այն ճանաչելի դարձնելու հնարավորությունների, կինոյի թանգարան ստեղծելու գաղափարի ու այլ ծրագրերի մասին: Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում Խաչատրյանի անելիքը շատ է, արդյո՞ք դրանից չի տուժի ռեժիսոր Հարություն Խաչատրյանի կինոն, հարցին ռեժիսորն արձագանքեց.
«Սա ինձ համար նոր կինո է, որին պետք է մոտենալ նույն անհանգստությամբ, վախով ու մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ վերածվի արվեստի»:
Ալիսա Գևորգյան

Հայաստանի մշակույթի նախարարություն


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: