ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/

27 հոկտեմբերի, 2017 | 15:28

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, դիզայներ Սարո Հարությունի Կալենցը/Գալենցը/:

Սարո Գալենցը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում անվանի արվեստագետների՝ Հարություն (1910-1967) և Արմինե Կալենցների (1920-2007) ընտանիքում։ Այդ տարվա գարնանը՝ մայիս ամսին Սարո Գալենցի ծնողները նրա ավագ եղբոր՝ Արմեն Գալենցի հետ մշտական բնակվելու էին տեղափոխվել Լիբանանից Հայաստան։
Ավարտելով Երևանի Ղազարոս Աղայանի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, 1960-1965 թթ. սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ 1965-1970 թթ. սովորել է նկարչություն և տեքստիլ դիզայն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1967-1968 թթ. մեկ տարի սովորել է Տալլինի(Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում։

1971 թվականից Սարո Գալենցը շուրջ 20 տարի ապրել և աշխատել է Մոսկվայում։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միությունների անդամ։ Մոսկվայում նա ակտիվորեն ներգրավված էր խորհրդային մայրաքաղաքի գեղարվեստական միջավայրի մեջ, որտեղ բացի գեղանկարչությունից, հնարավորություն է ունեցել իրականացնել իր հետաքրքրությունները նաև մոնումենտալ արվեստի և դիզայնի մեջ։
1973-1987 թթ. Սարո Գալենցի ստեղծագործությունները մասնակցել են «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների շարքում՝ ՌուսաստանումՖինլանդիայումԲուլղարիայումՀնդկաստանումՇրի ԼանկայումՍիրիայում և Կանադայում։
1977 թվականին Համամիութենական սիմպոզիում-ցուցահանդեսում Վիլնյուսում (Լիտվա) Սարո Գալենցը արժանացել է Ոսկե մեդալի՝ «Առավոտ Վիլնյուսում» կոմպոզիցիայի համար։ Նույն թվականին նա իրականցրել է երկու հարթաքնդակ Գալվանական գործարանի նախամուտքի համար Տամբով քաղաքում (Ռուսաստան), և Մոսկվայում՝ ԺՏՆՑ (ВДНХ) «Խորհրդային Հայաստան՝ 60 տարի» Հայաստանի ցուցահանդեսային տաղավարի դիզայն։
1983 թվականին Հայաստանի թատերական ընկերության համար (այսօր Ֆրանսիայի դեսպանատան շենք) իրագործել է երկու բրոնզե դռներ՝ 32 կոմպոզիցիաներով դռների երկու կողմերում, և 1992-1993 թթ.՝ «Մուսաներ»՝ 12 կոմպեզիցիոն աշխատանքներ ընկերության բարի առաստաղի համար։
1986 թվականին իրականացնում է մեկ այլ մոնումենտալ աշխատանք Մոսկվայում՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախասրահի համար՝ 15 քմ «Ծաղիկներ» վիտրաժ պատուհան։ 1989 թվականին՝ «ԽՍՀՄ-ում արտադրված երաժշտական գործիքները» ցուցահանդեսի ձևավորում՝ ներկայացնելով 10 ծավալային պաննոներ։
1980-ական թվականների վերջին՝ երբ Հայաստանում ակտիվանում է անկախության շարժումը, Սարո Գալենցը վերադառնում է Երևան։ Նա հրավիրվում է դասավանդելու Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում։ 1992 թվականից մասնակցում է Հայաստանի նկարիչների միության ամենամյա ցուցահանդեսներին։
1990-ականների ընթացքում Սարո Գալենցը իրականացրել է մի շարք ուղևորություններ դեպի Եվրոպա և Ասիա՝ բացել է անհատական ցուցահանդեսներ Փարիզում (1998) և Նիկոզիայում (1996)։
Մեծ և կարևոր գործերից է համարում մեծ նկարիչ՝ Հարություն Կալենցի ժառանգությունը պահպանելու նպատակով՝ «Կալենց» թանգարանի ստեղծումը։ Ընտանիքի կողմից մեծ ջանքեր ու ֆինանսական ռեսուրսներ են ներդրվել Հարություն Կալենցի ստեղծագործությունների հավաքածուի համալրման և ,,Կալենց,, Թանգարանի կառուցման համար։ 2009 թվականին Սարո Գալենցը հիմնադրեց «Կալենց» մշակութային հիմնադրամը։ 2010 թվականի ապրիլ ամսին՝ Հարություն Կալենցի 100- ամյակին և Արմինե Կալենցի 90-ամյակին, Կալենց մշակութային հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բացվեց Կալենց թանգարանը։

2006 թվականի դեկտեմբերի 13-ին Երեւանում Ալբերտ եւ Թովե Բոյաջյանների պատկերասրահում բացվեց անվանի գեղանկարչի ,,Քննություն,, անհատական ցուցահանդեսը, որ մեծ իրադարձություն էր մայրաքաղաքի մշակութային կյանքում։

Սարո Գալենցն այս կյանքից հեռացավ՝ երկու ամուսնություններից թողնելով երեք հրաշալի եւ շնորհալի զավակների՝ Հարություն Արչի, Անի Նիկոլ եւ Արմինե Գալենցներին։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրակազմը խորապես ցավակցում է անվանի գեղանկարչի հարազատներին ու բարեկամներին։

ՕՐԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի “Գծանկարի և Գունանկարի” ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սարո Գալենցի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 18․00-ին՝ Կոնդի Ս․ Հովհաննես եկեղեցում։

Վերջին հրաժեշտի արարողությունը՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 12․00-14․00՝ ՀՀ Նկարիչների միության շենքի սրահում։

Թաղումը՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին, Թոխմախի գերեզմանատանը։

Վարչակազմ

Հ.Գ. Շուտով կհրապարակենք նաեւ Սարո Գալենցի՝ ՕՐԵՐ ամսագրին 2013 թվականին տված բացառիկ հարցազրույցը, որ մնացել է անտիպ եւ մինչ օրս չի հրապարակվել։


Առնչվող նյութեր
1. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
2. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
3. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
4. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
5. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
6. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
7. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
8. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
9. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
10. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: