ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին

Պետք է լինել ազնիվ ու ոչ կոմպրոմիսային,-ասում էր արվեստագետը։
05 նոյեմբերի, 2017 | 23:02

Հարցազրույց ՕՐԵՐ-ին

Հոկտեմբերի 26-ին Երեւանում 71 տարեկանում  կյանքից հեռացավ  նկարիչ, դիզայներ Սարո Կալենցը /Գալենցը/։ Անվանի արվեստագետի հետ մեր հանդիպումը տեղի էր ունեցել  դեռեւս 2013 թվականին Երեւանում, Կալենց թանգարանում՝ իր հյուրընկալ տանը, ուր ամեն ինչ ներշնչված է մշակույթով ու արվեստով, ուր ժամանակին հյուրընկալել  են հայկական արվեստի ու գիտության հայտնի դեմքերին։ 

Սարո Գալենց, Հակոբ Ասատրյան, Արմեն Կալենց

Ակադեմիական հանգստությամբ Վարպետը մեկ առ մեկ սիրով ցուցադրում էր  Կալենց թանգարանի ցուցանմուշները, ծանոթացնում վերջին հրատարակություններին, որից հետո  մի բաժակ սուրճի շուրջ տեղի ունեցավ մեր զրույցը։ Այդ ընթացքում մեզ միացան նաեւ նրա կինը՝ թանգարանի տնօրեն, լուսանկարչուհի Լարիսա Կատասանովան, եղբայրը՝ Արմեն Կալենցը եւ  «Նովոյե վրեմյա,, թերթի խմբագրի տեղակալ Կարեն Միքայելյանը։ Հարցազրույցը վերածվեց հաճելի երկարատեւ զրույցի։

Հարցազրույցի տպագրությունն իր խնդրանքով հետաձգվեց, բայց այդպես էլ կենդանության օրոք չհասցրեցինք այն հրապարակել։ 

 

Վարպետի մասին

Սարո Գալենցն ապրեց լի ու հետաքրքիր կյանք, լինելով ժամանակի ճանաչված նկարչական զույգի՝ Հարություն եւ Արմինե Կալենցների զավակը, նա ոչ միայն ժառանգեց նրանց տաղանդները, այլեւ ավելի կատարելագործված փոխանցեց նոր սերնդին՝ իր ուսանողներին։ Ու թեեւ երիտասարդ տարիներին մոտոցիկլետ էր քշում եւ ակտիվորեն  սպորտով  զբաղվում, բայց նկարչությունը նրա արյան մեջ էր եւ դրանից խույս տալ չէր կարող։  

Սարո Գալենցի դիմանկարը, հեղինակ՝ Արչի Գալենց

Նա ուսանեց ե՛ւ Երեւանում, ե՛ւ Տալլիննում, մոտ 20 տարի ապրեց Մոսկվայում /1971-1991թթ./, ունեցավ ստեղծագործական թռիչքներ։  Ամուսնանալով հայտնի քանդակագործ եւ գեղանկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի դստեր՝ Նազելիի հետ, ունեցավ երկու զավակ՝ Հարություն Արչի Գալենցին եւ Անի Նիկոլ Գալենցին։ 1991 թվականին վերջնականապես տեղափոխվեց Հայաստան, երկրորդ ամուսնությունից ծնվեց դուստրը՝ Արմինեն։

Սարո Գալենց. Առաջին կնոջ՝ Նազելի Նիկողոսյանի եւ դստեր՝ Անիի դիմանկարները։ 1988թ.

Իր բազմաթիվ զրույցներում  նա միշտ նշել  է, որ եղել է ,,հոր տղան,,, շատ է կապված եղել Հարություն Կալենցի հետ, ով բացառիկ հեղինակություն էր իր համար, իսկ մորն իրականում սկսել է սիրել  ու հասկանալ 50 տարեկանում, երբ Մոսկվայից վերադառնալով Երեւան, ապրել է նրա հետ ու խնամել նրան, հասկանալով, որ նա մեծ մտածող է ու փիլիսոփա։ Նա համարում էր, որ ծնողներից ժառանգել է սկզբունքայնությունը եւ անզիջող կեցվածքը՝ հատկապես արվեստի հարցերում ։  ,,Հայրս ասում էր, որ մինչեւ գլխիդ մեջ կտավը չի վերջացել, մի մոտեցի կտավին։ Այնքան եմ ափսոսում, որ հորիցս շատ բան չեմ սովորել,,- տարիներ առաջ մի հարցազրույցում հիշում էր նա։

Սարո Գալենցի դիմանկարը, հեղինակը որդին է՝ Արչի Գալենցը

,,Կյանքը կարճ է, ժամանակ շատ չունես, եւ պետք է աշխատես անընդհատ տալ, ստեղծագործել,,- ասում էր Սարո Գալենցը։ 1991 թվականից լինելով  Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի  գծանկարի եւ գունանկարի ամբիոնի վարիչ, նա սիրով կատարեց այդ առաքելությունը՝ վայելելով ուսանողության անվերապահ սերն ու համակրանքը։ ,,Ուսանողներին թույլ չեմ տալիս կուրորեն պատճենահանեն այն, ինչ որ տեսնում են,,- ասում էր նա։

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Գալնեցը  բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ բացեց  Երեւանում, Փարիզում, Մոնրեալում, Մոսկվայում, Նյուպորտ Բիչում (ԱՄՆ), Նիկոսիայում, մասնակցելով նաեւ  խմբակային շատ ցուցահանդեսների: Հատկանշական էին հատկապես իր 60-ամյակին՝ 2006 թվականին  Երեւանում Գեղարվեստի ակադեմիայի ,,Ալբերտ եւ Թովե Բոյաջյանների,, պատկերասրահում բացված ,,Քննություն,, անհատական ցուցահանդեսը, որի համադրողը որդին էր՝ Արչի Գալենցը։  10 տարի անց, նույն պատկերասրահում բացվեց 70ամյակին նվիրված անհատական վերջին ցուցահանդեսը, որ կոչվում էր «Թափանցող լույս,,։

Գալենցն այն կարծիքին էր, որ արվեստը միայն զգացմունքի վրա չի կարելի կառուցել։ Ինքն իրեն համարում էր  որոշ չափով սյուրռիալիստական, որոշ չափով սիմվոլիզմի ուղղության կրող ։ ,,Կյանքիս մեջ մի գործ ստեղծեմ, որ մնա պատմության մեջ։ Ինձ հետաքրքրում է, ինձնից հետո հետք թողնելը,,-ասում էր նա եւ ցանկանում այնպես նկարել, որ համապատասխանի ժամանակի պահանջներին։ ,,Իմ բոլոր գործերը պետք է երջանկություն պարգեւեն մարդկանց,,- ասում էր նա։

Աշխատելիս սիրում էր, որպեսզի արվեստանոցում լինի  իդեալական մաքրություն, նույնիսկ մի հաղորդման մեջ կատակով ասում էր, որ կարող է սպիտակ կոստյումով ու սպիտակ ձեռնոցներով նկարել։

Արամ Իսաբեկյան, Սարո Գալենց, Արչի Գալենց, Կարեն Աղամյան

Մինչեւ կյանքի վերջը զբաղվեց ինքնակրթությամբ, կարդում էր, նայում էր ֆիլմեր, թատերական ներկայացումներ։ Նկարչությունից ու դիզայնից զատ նաեւ  սիրում էր գրքերի կամ թատերական ներկայացումների ձեւավորումները։

,,Ես երջանիկ մարդ եմ, լավ կին ու զավակ ունեմ, հիանալի ընկերներ, երջանկությունը մեզ ուղեկցող բան է, որ հաճախ չենք նկատում։ Նաեւ երբ նկարը ստացվում է, ավելի երջանիկ ես զգում,,- ասում էր նա վերջին հարցազրույցներում։

Ու թեեւ ինքը համարում էր, որ երեխաների նկատմամբ շատ խիստ է, բայց միաժամանակ շատ հանգիստ էր, բարի ու իսկական մտավորականի կեցվածքով, որ վայել է մեծ արվեստագետներին։

Սարո Գալենցն իր վերջին հանգրվանը գտավ ծնողներին կողքին՝ Երեւանի քաղաքային գերեզմանատանը։

ուսանողուհի Վանուհի Հովհաննիսյան, Արամ Իսաբեկյան, Սարո Գալենց

Կալենցների ընտանիքի լավագույն գնահատականը թերեւս տվել է  Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, որի խոսքը գրել  է լրագրող Մելանյա Բադալյանը.  «Հայաստանում մարդկային, նկարչական մթնոլորտ ստեղծած ամենալավ ընտանիքներից մեկն է Կալենց ընտանիքը: Այն մթնոլորտը, որ ստեղծվել էր Կալենցների շուրջը՝ նրանց ապրած կյանքի, ստեղծագործության շնորհիվ, եզակի երեւույթ էրպատիվ կբերեր ամենազարգացած եվրոպական յուրաքանչյուր երկրի։ Մենք ուրախ ենք, որ տեսել ենք այդ մեծերին, իսկապես բարեբախտություն է, որ իմ կյանքի ընկերն է եղել եւ շարունակում է մնալ այդ ընտանիքի  տաղանդավոր զավակը՝ Սարո Գալենցը: Հրաշալի արվեստագետ, միաժամանակ չափազանց համեստ՝ իր անձի հանդեպ: Տարիներ շարունակ նա զբաղված է իր ծնողների աշխատանքները հանրությանը ներկայացնելով ու դա անում է հիանալի՝  կառուցել  նման թանգարան, ցուցադրություններն այդպես ինքնատիպ ու ճաշակով կազմակերպել, եզակի է  հայաստանյան պայմաններում: Իսկապես տաղանդավոր ընտանիքի իսկական ժառանգորդ, որ  իր առանձնահատուկ արվեստով փայլել է տարիներ շարունակ:  Սարոն խորը նայող արվեստագետ է, մտածող արվեստագետ: Նրա ստեղծագործություններում մտածմունք կա, խոհ կագիտելիքներ կան, մեծ ինտելեկտ կա, պրպտող միտք ունի, նաեւ այն քչերից է, որ կարդացող է…»։

 

Հարություն Կալենցը եւ նրա ժառանգությունը

2009 թվականին Սարո Գալենցը հիմնադրեց «Կալենց,, մշակութային հիմնադրամը, իսկ 2010 թվականի ապրիլին՝ Հարություն Կալենցի 100- ամյակի և Արմինե Կալենցի 90-ամյակի կապակցությամբ Կալենց մշակութային հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բացվեց Կալենց թանգարանը։ Իսկ մեր զրույցը սկսեցինք  2012 նոյեմբերին Բեյրութում բացված Հարություն Կալենցի անհատական ցուցահանդեսից, որը մեծ մշակութային իրադարձություն էր թե՜ լիբանանահայության, եւ թե՜ լիբանանցիների համար։

Վաթսունվեց տարի անց Կալենցը վերադարձավ Բեյրութ։ 1930-1946 թվականները նրա բեյրության շրջանի ամենաբեղուն տարիներն էին։ 1910 թվականին Սեբաստիայի Կյուրին գյուղաքաղաքում ծնված մանուկը՝ Խարմանդայան ազգանունն ուներ, որ 1915 թվի ցեղասպանության ժամանակ մոր ու երկու եղբայրների հետ գաղթել ու փրկություն էր  գտել սիրիական անապատներում, այնուհետեւ մոր մահից հետո դարձել մանկատան սան, ստացել կրթություն, հայ մեծ արվեստագետ Օնիգ Ավետիսյանի շնորհիվ ստացել էր նկարչության առաջին դասերը։  1930 թվականից հաստատվելով Բեյրութում, նա կարողացավ դառնալ ժամանակի ամենագնահատված հայ նկարիչներից մեկը։ Ինչպես իր հուշերում է գրում նրա կյանքի ընկերուհին՝ Արմինե Կալենցը. ,,Ընտանիքի ներսում պատմում էին, որ Անիից գաղթած հայ ազնվական ընտանիք են եղել եւ սկզբում կոչվել են Ֆերմանյան, որ բառացի թարգմանությամբ նշանակում է հրովարտակ։ Իսկ երբ այլազգիներն սկսել են ոչնչացնել հայ ազնվական ընտանիքներին, Ֆերմանյանը դարձել է Խարմանդաեան։ Խարման թրքերենով նշանակում է կալ, կալս եւ ահա կալս բառը Կալենցի վերածեց հենց Հարությունը՝ ինքը։ Ընտանիքի փոքր եղբայրը նույնպես վերցրեց այդ ազգանունը, եւ չորս եղբայրներից երկուսը դարձան Կալենց,,։

Կալենց թանգարանի սրահում

,,Ներիր ինձ Հարություն,, գիրքը, որ Արմինե Կալենցը հրատարակել է 1997-ին, մի գեղեցիկ հուշապատում է սիրելի ամուսնու մասին, այն օրերի, որ Կալենցներն անցկացրել են Հայաստանում  եւ դիմգրավել առօրյա դժվարությունները։

Եվ ահա տասնամյակներ անց Կալենցի ,,Երկու կյանք,, ցուցահանդեսը  Բեյրութում էր։

– Ինչո՞ւ Բեյրութում,- այս հարցով էլ սկսեցինք մեր զրույցը Սարո Գալենցի  հետ։

– Սփյուռքը Հայաստանի համար շատ կարեւոր ֆունկցիա ունի։ Մեր մշակույթը սնուցվում է սփյուռքից։ Այնտեղից  գալիս են ամենատարբեր հոսանքներ ու մոտեցումներ, որոնք նպաստում են արվեստի զարգացմանը։ Վերցնենք Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի փորձը։ Ժամանակին Բեյրութը հայ  որբերին հնարավորություն տվեց, որ մարդ դառնան,եւ ժամանակին  այդ մարդիկ դարձան Հարություն Կալենց կամ Պոլ Կիրակոսյան։  Շատ երկրներում  հայերը տեղավորվեցին, բայց ոչ ամենուր կարողացան դրսեւորվել, չկարողացան համակերպվել եւ դուրս եկան այդ երկրներից։ Երբ  առաջին անգամ գնացի Լիբանան եւ տեսա, թե ինչպիսի հանդուրժող երկիր է, հասկացա, որ ժամանակն է մեր հարգանքի տուրքը մատուցել  այդ երկրին։ Որոշեցինք ցուցահանդես կազմակերպել՝ իբրեւ շնորհակալություն արաբ ժողովրդին, որ ժամանակին տեղ տվեց հայերին։

Կալենց թանգարանի շենքը Երեւանում

Ցուցահանդեսում ներառված էր վաթսուն նկար՝  երեսունը լիբանանյան շրջանից եւ երեսունը՝ հայաստանյան։ Ցուցահանդեսը  ցույց էր տալիս այն ճանապարհը, որ անցել էր Կալնեց արվեստագետը։ Առաջին դահլիճում ցուցադրվում էին բարելեֆները, որոնք  Կալենցը ստեղծել  էր 28 տարեկանում Լիբանանում եւ 1939 թվականին ներկայացրել Նյու Յորքի Էքսպոյում բացված Լիբանանի տաղավարում։ Այդ տարի Լիբանանի արվեստն առաջին անգամ ներկայացվեց միջազգային հանրությանը որպես անկախ երկիր։ Այդ աշխատանքն արժանացավ  ,,Ոսկե մեդալի,, եւ դիպլոմների, Լիբանանի կառավարության շնորհակալությանը։ Նա ստացավ  նաեւ Փարիզում լիբանանյան թոշակով ապրելու առաջարկ։ Սակայն Կալենցն ընտրեց Հայաստանը եւ ընտանիքով տեղափոխվեց Երեւան։ Նա որոշեց մասնակցել Հայաստանի բարգավաճմանը։

Հայաստանում Հարություն Կալենցը տասը տարի չաշխատեց։ Դրանք  ամենածանր տարիներ էին, հետո եկավ վերելքը, որքան որ հնարավոր էր նման արվեստագետի համար, իսկ մի երկրում, ուր այլ մտածելակերպ է իշխում, շատ դժվար էր նրա համար բարձրանալը։ Միշտ պետության կողմից մերժված էր։ Վերջապես 2010-ին թանգարանի բացման հետ սառույցը կոտրվեց եւ մեր պետությունն ընդունեց Կալենցին։ Այս ցուցահանդեսի բացումը դրա շարունակությունն էր, որի համար շատ շնորհակալ եմ մեր մշակույթի նախարարությանը։ Եթե չլիներ պետության օժանդակությունը, նման ցուցահանդես իրականցնելն անհանար կլիներ։ Ցուցահանդեսին աջակցեցին նաեւ  Սոլիդեր լիբանանյան դահլիճը, Լիբանանի մշակույթի նախարարությունը եւ Լիբանանում Հայաստանի դեսպանությունը։ Ցուցահանդեսին եկել էին Հայաստանի ու Լիբանանի ղեկավար մարմինների ներկայացուցիչները։

Արմինե Կալենց

Ինձ համար շատ կարեւոր էր, որ բացի հայերից, արաբ ուսանողները  եւ դասախոսներն էին գալիս, ովքեր հարցադրումներ էին անում եւ իսկական մշակութային մթնոլորտ էր տիրում։ Այս ցուցահանդեսն իրապես ծառայեց իր նպատակին։ Ցուցահանդեսին մասնակցում էին Կալենցի  թանգարանի տնօրենը՝ Լարիսան/ խմբ.- Գալենցի տիկինը/, ես եւ եղբայրս՝ Արմենը, որ ժամանել էր ԱՄՆ-ից։ Մեր մյուս հարազատներն էլ Լիբանանում միացան մեզ։

-Դուք նույնպես հայտնի նկարիչ եք, մանկավարժ։ Ինչպի՞սն է եղել Ձեզ վրա Ձեր ծնողների ազդեցությունը։

– Ես ազնիվ պետք է լինեմ եւ ասեմ, որ շատ վախենում էի այդ ազդեցությունը կրելուց։ Այդ պատճառով իմ նկարչությունից հանեցի գույները, որպեսզի ոչ մի բանով չհիշեցնեմ հորս։ Հայրս եթե գերզգայուն, նրբազգաց արվեստագետ էր, ես հակառակը՝ տրամաբանական ճանապարհը ընտրեցի։ Ազդեցությունը սեւի եւ սպիտակի հարաբերությունն է մարդկային հարաբերություններում, մարդկայնությունը, բարությունը, ճշմարտությունը, ուղղամտությունը, այն, ինչով ինձ դաստիարակել է։ Սա է հիմքը, որով  մենք նման ենք։ Մենք բոլորովին տարբեր նկարիչներ ենք, բայց մարդուն ծառայելու նպատակով՝ նույնն ենք։ Պետք է լինել ազնիվ ու ոչ կոմպրոմիսային։ Պրոֆեսիոնալ մարդիկ կհասկանան, թե ինչ եմ ասում։

Թանգարանում միայն Ձեր ծնողներին ե՞ք ներկայացնում, թե՞ այլ նկարիչների գործեր նույնպես ցուցադրում եք։

-Անպայման ցուցադրում ենք։ Միայն թե այդ արվեստագետը պետք է լինի Կալենց թանգարանում ներկայանալու համար արժանի մեկը։ Մենք անցած տարի ցուցադրեցինք տարբեր ուղղություններ ներկայացնող երիտասարդ, ժամանակակից մտածելակերպ ունեցող նկարիչների։ Ցուցահանդեսի հիմնական գաղափարը եւ նշանաբանը նորարարությունն էր, Կալենցի մտածելակերպի հետագա ընկալումները երիտասարդների կողմից։ Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեց նաեւ դասախոսությունների շարք։

Շատ հաճախ արվեստագետները, միայն զգացմունքի վրա հենվելով, սխալվում են։ Հայաստանը միշտ կանխման մեջ է մեծ երկրներում տեղի ունեցող արվեստի խնդիրներից։ Պետք է նախ դու ինքդ քեզ հասկանաս, որ քո ձայնը լսելի դարձնես դրսում։  Երբեք օտարի պրոբլեմները չես կարող այնպես ներկայացնել, ինչպես քո խնդիրները։

Արմինե Կալենցի ,,Առավոտ լուսո,, կտավը

– Իսկ Կալենցի ստեղծագործության դասեր անցկացնում ե՞ք։

-Այս թանգարանը նման նպատակ ունի։ Եվ ոչ միայն Հարություն Կալենցի, այլեւ Արմինեի։ Մենք փորձում ենք տարբեր տեսակետից մոտենալ այս խնդրին։ Ցուցահանդեսներին  հրավիրում ենք երիտասարդներին եւ թողնում ենք, որ իրենք խոսեն, կարծիքներ հայտնեն իրենց ընկալումների մասին։

Այն, որ դուք բնակվում եք նաեւ այս թանգարանի շենքի մի մասում, դա նաեւ յուրահատուկ  շունչ է տալիս թանգարանին։

-Միգուցե։ Մարդիկ երբ նայում  են կտավները ,  երբ խոսում ենք նրանց հետ, նկարներն այլ բովանդակություն են ստանում։

Խմբ. Ի դեպ, 2017 թվականի հունիսի 15-ին «Կալենց» թանգարանում  բացվեց Հարություն Կալենցի անձնական հավաքածուի ցուցադրությունը, որը Կալենցը 1946 թ. իր հետ բերել էր Բեյրութից:

Սարո Գալենց. ,,Կինը հղի է որդիով,, 1971թ.

Ժամանակակից  արվեստի  ուժը

 

Սարո Գալենցի աշխատանքներից

Ժամանակակից հայ  նկարչությունը ինչքանո՞վ է հետեւում միջազգային համաշխարհային կերպարվեստի զարգացումներին։

-Այսօր ինտերնետի միջոցով կարող ես տեղեկանալ, թե ինչ է կատարվում աշխարհի տարբեր տեղերում։ Բայց եթե դու քո մաշկի վրա չես զգում, միայն լսում ես, եթե չես ապրում այդ կյանքով, դա լինում է ներմուծված գաղափար։ Պետք է համընդհանուր լուծումներ գտնես, քոնը լինի, քո միջով անցկացնես։ Ինքդ պետք է հասկանաս, որ ծնես։ Սա շատ լուրջ խնդիր է արվեստի մեջ եւ մշտապես հարցական ունի իր մեջ։ Արվեստը չի թելադրում։

Արվեստի ուժը ինչպե՞ս  եք պատկերացնում կամ զգում։

Սարո Գալենցի կտավներից

-Նկարչությունը մի ուժ ունի, երաժշտությունը՝ մի այլ, բայց նույն խնդիրն են լուծում։  Արվեստը մեծ ֆունկցիա ունի եւ ժամանակի ինֆորմացիա է կրում իր մեջ։ Օրինակ, ավանգարդի շրջանի նկարչությունը այդ ժամանակի ինֆորմացիան է կրում։ Դրա համար էլ պատմությունը շատ ինֆորմացիա արվեստից է վերցնում, քան գրականությունից, տեսնելով, թե ինչ թեմաներ է արվեստագետն ընտրել այդ շրջանում։ Այդ իմաստով, արվեստը մեծ կարեւորություն ունի։ Իսկ արտնուվոյի ժամանակաշրջանում տեսանելի էր, թե ինչպիսին էր հանրության վերաբերմունքը մարդու ու ժամանակի  փիլիսոփայությանը։

Սարո Գալենցը դստեր՝ Արմինե Գալենցի հետ

Ըտանիքը եւ երեխաները

Մի փոքր Ձեր ընտանիքի ու ձեր երեխաների հաջողությունների մասին։ Նրանք ձեզանից ժառանգել են նկարչության նկատմամբ սերը։ Ի՞նչ նախասիրություններ ունեն։

-Իհարկե, իմ երեք երեխաներն անտարբեր չէին կարող մնալ։ Գիտակցաբար, թե անգիտակցաբար կրում են այն հայրենասիրության գաղափարները, որ Կալենցները կրել են իրենց մեջ։ Հարությունը (Արչի Գալենց, 46 տարեկան-խմբ.) արդեն անունով լավ նկարիչ է, ինքնուրույն եւ լավ արեց, որ գնաց Գերմանիա, նա կարողացավ լրիվ անկախ լինել եւ ազատվել Կալենցի ազդեցությունից։ Նա ստորագրում է լատինատառ Գալենց։ Թանգարանում էլ գրում ենք Կալենց- Galents։

Երեխաներն ազատ են իրենց նախասիրություններն ընտրելու հարցում։ Փոքրիկս՝ Արմինեն/այժմ՝ 12 տարեկան/  հիանալի նկարում է, հիանալի դաշնամուր է նվագում, վերջերս նույնիսկ շախմատի չեմպիոն դարձավ։ Թեեւ թենիսի դասատուն ցանկանում է, որ թենիսիստ դառնա։

Մյուս դուստրս՝  26-ամյա / այժմ՝ 31-ամյա. խմբ./ Անի Նիկոլը, Մոսկվայում է, սովորել է  արվեստաբանություն, այժմ մեծացնում է փոքրիկներին։

Անի Նիկոլ եւ Արմինե Գալենցներ, 2017թ.

Դուք  ծնվե՞լ եք այստեղ, այս տանը։

-Ես ծնվել եմ Երեւանում՝ այս տանը, այստեղ էլ մեծացել եմ։ 67 տարեկան եմ։ Չեմ ուզում այլ տեղ գնալ, այստեղ անելիքներ ունեմ։ Գունանկարի-գծանկարի ամբիոնի վարիչն եմ Գեղարվեստի ակադեմիայի գծանկարի եւ դիզայնի բաժնում։ Մեծ ուշադրություն եմ դարձնում, որ արվեստագետը մտածող լինի։ Դիզայները պետք է ոչ թե էմոցիոնալ լինի, այլ մտածող։

Ձեր տան պատերին շատ հետաքրքիր լուսանկարներ կան։ Դրանց հեղինակը  ո՞վ է։

Սարո Գալենցը՝ դստեր Արմինեի եւ կնոջ՝ Լարիսայի հետ իր ցուցահանդեսի բացման օրը

– Կինս` Լարիսան, պրոֆեսիոնալ նկարիչ է, բավականին հետաքրքիր հայացք ունի։ Լարիսան այն հազվագյուտ լուսանկարիչներից է, որ դպրոց է անցել իմ արվեստանոցում։ Ինքը գիտի ինչ բան է կոմպոզիցիա, հիանալի գիտի արեւելյան կոմպոզիցիան։ Մի նպատակի վրա շատ երկար կարող է աշխատել։ Նա այդ արվեստի միջավայրում եփվում է։ Նույնքան պատասխանատու արվեստագետ է, որքան մենք։ Այս թանգարանի համար նաեւ իրեն ենք պարտական։

Այդ դեպքում մեկ հարց ուղղենք նաեւ տիկին Լարիսային։ Հայաստանյան լուսանկարչությունը եւ  Ձեր աշխատանքներն ի՞նչ աղերսներ ունեն։

Լարիսա Կատասանովա-  Հիմա չեմ տեսնում։ Մի շրջան ակտիվ համագործակցում էի, ակտիվ ցուցադրվում էի։ Մեկ անհատական ցուցահանդես ունեցա, եւ դա ինձ վստահություն ներշնչեց, որ պետք է շարունակեմ։  Ես նկարիչ-լուսանկարիչ եմ։  Ֆրանսիական նախագիծ կար` ISF – Image sans frontier կողմից եւ ես միակն էի, որ ֆոտոարտով մասնակցեցի։ Նկարիչների միութունը  եւ  ,,Դիվանագետ կանանց ասոցիացիան,, իրականացրին եւ հիմնականում մասնակցեցին կին նկարիչներ, եւ մեկ էլ ես՝ իբրեւ  լուսանկարիչ։  2006 թիվն էր, Արմինե Կալենցը նույնպես ներկա էր։  Ժամանակին ես փորձեցի նկարչությամբ  զբաղվել,  բայց հասկացա, որ դա տառապանք է լինելու։ Ելքը գտնվեց շատ պատահական։ Երբ իմ ապարատով նկարեցի եւ ցույց տվեցի, Արմինե Կալենցն ասաց. ,,Այս երեք գործը կպահես եւ մնացածը կթափես,,։

Իսկ թանգարանի հետ կապված աշխատանքները մեր ողջ ժամանակը խլեցին եւ 2010 թվին, երբ բացվեց, ավելի խորացանք թանգարանի գործերի մեջ։ Այս ընթացքում ահագին նյութեր հավաքեցի, որ կցանկանայի հանրությանը ցույց տալ, ցուցահանդեսով հանդես գալ, հատկապես Բեյրութում, այնտեղ լուսանկարչությունը զարթոնք է ապրում։

Ի դեպ, անգլերենից ռուսերեն եմ թարգմանում նաեւ դիզայնի մասին մի գիրք, որի թարգմանությունը քննարկվում էր Արմինե  եւ Սարո Կալենցների կողմից եւ վերջնական տարբերակն էր պատրաստվում։

Մենք ուզում ենք պրոֆեսիոնալ լաբորատորիա  բացել, կան արվեստագետներ, որ սպասում են դրա հնարավորությանը։ Եթե ցուցահանդես  կազմակերպենք, պետք է այնպես անել, որ դա լուսանկարչության նոր փուլ լինի։

Զրույցը վարեց  Հակոբ Ասատրյանը

2013 թվական, Երեւան- Պրահա

Կալենցների տանը՝ Սարո եւ  Արմեն Կալենցներ, Լարիսա Կատասանովա, Կարեն Միքայելյան

Սարո Գալենց, Կարեն Միքայելյան, Հակոբ Ասատրյան, Արմեն Կալենց

 


Առնչվող նյութեր
1. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
2. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
3. Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/
4. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում
5. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
6. ՖԻՆԼԱՆԴԻԱ. Մրցանակներ հայ շնորհալի երեխաներին
7. Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
8. «Արդեն ամեն մեկս ունենք մեր Հայաստանը». օտար նկարիչները հայաստանյան 10 օրերի մասին
9. «ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում
10. Օտարազգի նկարիչները ճանաչեցին Հայաստանի գույները

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: