ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կոչ է անում այլընտրանքային եղանակով ինքնիշխանության վերականգնմանը

13 մարտի, 2013 | 12:10

ԵՐԵՎԱՆ- Հայաստանի Հանրապետությունում 1995 թ. ի վեր ընտրությունները վերածվել են աշխարհաքաղաքական ուժերի նորգաղութային շահերը սպասարկող ապազգային պետական կառավարման համակարգի և նրա միջուկը կազմող հանցավոր վարչախումբի վերարտադրության միջոցառումների:

Նույնիսկ նախագահական «ընտրություններում», որոնց ժամանակ օրինաչափորեն արձանագրվում է ժողովրդի մոբիլիզացիայի և պայքարի ուժգնության շատ ավելի բարձր մակարդակ, հնարավոր չէ հաղթահարել ընտրակեղծիքի մեխանիզմը:

Միևնույն ժամանակ հարկ է փաստել, 2013 թ. նախագահական «ընտրությունների» ընթացքում ձևավորվել է աննախադեպ մի երևույթ: Այս անգամ բարձրացած ընդվզման ալիքը հետևանք չէ միայն կեղեքման դեմ հերթական պոռթկման: Ժողովուրդն իրեն բնորոշ ներքին իմաստնությամբ գիտակցում է, որ այսպես շարունակվելու դեպքում «ընտրությունների» հաջորդ հնգամյա փուլի համար երկիրը կարող է դիմադրության բավարար ռեսուրս չունենալ, ուստի իր ընդվզման մեջ նաև գոյատևման պայքարի ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին:

Հայ ժողովրդի այս ընդվզման որակը հուշում է, որ դրա ճիշտ ուղղորդման և կազմակերպման դեպքում ոչ միայն հնարավոր է մեր երկիրը հանել քաղաքական փակուղուց ու վերականգնել նրա ինքնիշխանությունը, այլև հասնել համազգային զարթոնքի և կառուցել նոր որակի հայկական պետություն:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը փաստում է, որ մենք ըստ իրավիճակի տրամաբանության պարտավոր ենք կատարել քաղաքական փակուղուց դուրս գալու առաջին կազմակերպական քայլը, որպիսին կարող է լինել միայն պետական կառավարման համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային համակարգի ձևավորման գործընթացի մեկնարկը: Այդ նպատակով անհրաժեշտ է առավելագույնս օգտվել ժողովրդական ընդվզմամբ առաջացած ներկայիս մոբիլիզացիայի աննախադեպ հնարավորությունից և ուժերը չվատնել կանխորոշված ելքով հերթական, այս անգամ արդեն՝ Երևանի ավագանու «ընտրությունների» վրա:

Ժամանակն է ինքնակազմակերպվելու և միահամուռ ջանքերով ձեռնամուխ լինելու այլընտրանքային եղանակով դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների ձևավորման միջոցով մեր ինքնիշխանության վերականգնման և նոր որակի հայկական պետության ստեղծման համազգային նպատակի իրագործմանը:

 Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. 28 ՄԱՅԻՍ 1918 . ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ
2. «Ուխտ Արարատի»ի հերթական միջոցառումը. Այցելություն «Սարդարապատ» Հուշահամալիր
3. «Սարդարապատ» շարժման ամանորյա ուղերձը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: