ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

04 դեկտեմբերի, 2017 | 08:06

Մարդու իրավունքների հեղինակավոր պաշտպան, դեսպան Փաուերը միանում է Ընտրող հանձնաժողովին Բեռլինի Aurora Dialogues քննարկումների նախօրեին

Դեկտեմբերի 1, 2017թ., ԵՐԵՎԱՆ. ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ եւ պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:

«Մենք չափազանց ոգեւորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին եւ պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում նրա բացառիկ փորձն ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները եւ օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան»:

Դեսպան Սամանթա Փաուերը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչը։ Որպես Նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ նա արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի մասնագետներից մեկն է դարձել: Մինչ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ Բազմակողմ հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: Նրա ուշադրության կենտրոնում են եղել բռնությունների կանխարգելումը, ՄԱԿ-ի բարեփոխումները, ԼԳԲՏ անձանց եւ կանանց իրավունքները, ինչպես նաեւ կրոնական ազատությունների պաշտպանությունը: Փաուերը հեղինակել է «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գիրքը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Հաշվի առնելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենազդեցիկ մարդիկ» եւ Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

««Ավրորա» մրցանակը եւ դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարեւոր է հիշել անցյալի վայրագությունները, այլեւ մեզանից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը», – նշեց դեսպան Փաուերը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, եւ ունեն կամք կուտակելու եւ պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում»:

Նա միանում է «Ավրորա» մրցանակի ներկայիս Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաեւ Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի եւ «Մերկատոր» հիմնադրամի  համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգեւ եւ հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com

 

 

 


Առնչվող նյութեր
1. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
2. Դեկտեմբերի 4-5-ը Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ
3. Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին
4. Հայտնի են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները. Սոմալիի, Կոնգոյի, Սիրիայի, Սուդանի եւ Աֆղանստանի ներկայացուցիչները
5. Մեգին հանուն երեխաների. «Ավրորա» մրցանակի երկարաժամկետ ազդեցությունը
6. Նամակ «Ավրորայի» հերոսին
7. ԱՎՐՈՐԱ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
8. Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
9. Բաց նամակ` Բան Կի-Մունին
10. 2017թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները տեղի կունենան ապրիլի 24-ից մայիսի 28-ը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
5.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
6.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
7.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
8.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
9.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
10.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: