ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռուսաստանը, Թուրքիան եւ Լեռնային Ղարաբաղը. Հայացք Լիբանանից

27 հուլիսի, 2016 | 06:54

sahan gantaharyanՑանկացած

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում Թուրքիայի կամ որեւէ այլ պետության միանալը կախված է բանակցային գործընթացում այդ երկրի կառուցողական ներդրումից։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նախ հայտարարությունը, իր բնագրային մեջբերմամբ. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաեւ ցանկացած այլ հակամարտության խաղաղ կարգավորման կամ բանակցային գործընթացին, ապա խոսքը կարող է վերաբերել ոչ միայն Թուրքիայի միանալուն։ Ցանկացած կառուցողական աջակցություն կարելի է դիտարկել  հենց այդ տեսակետից՝ որպես կառուցողական համագործակցություն։ Եթե պետությունը դրական առումով ավելացնելու բան ունի, ինձ թվում է, որ այստեղ ոչ մի խնդիր չի կարող լինել։ Բայց եւս մեկ անգամ ասում եմ, եթե խոսքը կառուցողական ավանդի մասին է»:

Բնականաբար,  նման հայտարարությունը դիտարկվում է վերջին շրջանում արձանագրված ռուս-թուրքական փոխմերձեցման ուղղությամբ դրսեւորված միտումների ընդհանուր պարունակում։ Եւ իրաւամբ, սկսվող գործընթացի առումով հայկական կողմի մոտ կար մտահոգություն, որ առաջին հերթին արցախյան հարցի կարգավորման վրա ինչպե՞ս կարող է ազդեցությունն ունենալ երկկողմանիորեն շրջադարձ կատարելու ուղղութեամբ մտահոգիչ երեւույթների շարանը։

Արեւմուտքի կողմից մեկուսացման ենթարկվող երկու պետությունները մղվել են մերձենալու եւ համագործակցելու։ Քաղաքական ներկա պահի իրականությունն է սա. Թուրքիայում կատարված զինվորական հեղաշրջման փորձի դիմաց երեւութապես վերապահ, զգուշավոր եւ ընդհանրությունների սահմաններում մնացել էին պաշտոնական Կրեմլի հայտարարությունները. իսկ հեղաշրջում կազմակերպվելու մասին Մոսկվայից թուրքական իշխանություններին տեղեկացնելու վարկածը, որը լայն շրջանառություն գտավ միջազգային լրահոսում մերձեցումից շատ ավելիի մասին է խոսում։ Ոչ անպայման խորը համագործակցության առումով, այլ պետական կառույցների վրա Անկարայի համապատասխան ծառայությունների անվերահսկողության մասին մտածելու ենթադրությունների տեղի տալով։

Զախարովայի հայտարարությունը առաջին հերթին բացասական տպաւորություն է փոխանցում։ Բայց փորձենք օգտագործված բառապաշարի եւ ասելաձեւերի երանգային շեշտադրումների վրա կենտրոնանալով միանշանակ հաստատումներ չնկատել այնտեղ։

Այսպես. Զախարովան Արցախի մասին խոսելով հանդերձ փորձել է քաղաքագիտական ընդհանուր տեսություն առաջ քաշել. ոչ միայն Արցախի, այլ ցանկացած հակարմարտության… ոչ միայն Թուրքիայի, այլ ցանկացած պետության միանալուն…. Տակաւին. ոչ միայն Թուրքիայի կողմից ցուցաբերվելիք կառուցողական աջակցության, այլ ցանկացած երկրի։

Քաղաքագիտական տեսության դասախոսության նմանվող Զախարովայի այս հայտարարությամբ  կարելի է հասկանալ, որ ցանկացած հակամարտության դեպքում, ցանկացած պետություն կարող է միանալ եւ ցանկացած երկրի կողմից կառուցողական աջակցությունը կարող է դիտարկվել այս տեսանկյունից իբրեւ կառուցողական համագործակցություն։

Սակայն, նույնիսկ այս «ցանկացած»-ները բաւարար չեն ըստ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական բանբերի։ Մասնակցությունը պայմանական է. այդ ցանկացած երկիրը պարտավոր է կառուցողական աջակցություն բերել ներգրավվելու համար հակամարտության լուծման գործընթացին։

Նույնիսկ այս անորոշությամբ եւ այս պայմանականություններով դժվար թե Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչը տակաւին երեկ, նախքան մերձեցումը արցախյան հարցի կարգավորման գործընթացին Անկարային ներգրավելու ենթադրությունների  մասին հայտարարություն աներ։ Մանավանդ, որ ռուսական կողմը անվերջ շեշտել է, որ արցախյան բանակցությունների համար կա, գոյություն ունի եւ աշխատունակ է միջազգային ընտանիքի  կողմից ճշտված ԵԱՀԿ-ի ձեվաչափ։

Զախարովան փաստորեն,  խոսում է թե՜Անկարայի ներգրավվածության հաւանականության մասին, թե՜ այդ ներգրավվածությունը անորոշացնում է ընդհանուր տեսությունների սահմաններում տեղափոխելով եւ թե՜ մանավանդ անշրջանցելի պայմանականություն է սահմանում, որը այս դեպքում արգելակում է Անկարայի մասնակցությունը։

Բայց այստեղ հետեւողը անպայման մտաբերում է «Իզվեստա» թերթի կողմից շրջանառության մեջ դրված մեկնաբանական լրատվությունը, որի համաձայն ՌԴ-ն պիտի աշխատի երկկողմանիորեն ապարշրջափակել ՀՀ-ը։ Այսինքն, արցախյան հարցի կարգավորումով բացել տալ Թուրքիայի կողմից փակված սահմանը։ Կառուցողական աջակցություն ասելով գուցե սա է ընկալում Մոսկվան։ Բայց դեռեվս պարզ չէ, որ այդ կառուցողական քայլը առնելու համար Անկարան ի՞նչ պատկերացուներ ունի  իր նախապայմանային քաղաքականութեան շրջագծում ընկալվող արցախյան հիմնահարցին ուղղությամբ։

Զախարովայի այս հայտարարության դիմաց լրագրողների մոտ առաջացած դժգոհություններին արձագանքելով Զախարովան ասել է. «Կան գործող միջազգային մեխանիզմներ, որոնք կոչված են զբաղվելու ԼՂ կարգավորմամբ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Ըստ որում՝ ոչ ոք չի չեղարկել երկկողմանի շփումները, որոնց շրջանակում ցանկացած երկիր կարող է քննարկել  իր ներքին կամ արտաքին քաղաքականության ուղղությունները: Հարցի հիմքում այն է, թե որքանով են կառուցողական դեր կատարում կարգավորման գործընթացի մաս չհամարվող երկրները, որոնք փորձում են նպաստել կարգավորմանը: Մեծ խնդրանք՝ սադրանքի մի տրվեք, այդ թվում՝ տեղեկատվական»:

Այս ուղղումը չի փարատում մտահոգությունկը։ Ի վերջո, Թուրքիայի ներգրավվածության մասին թեկուզ ընդհանրացումով եւ պայմանականություն շեշտող այս հայտարարությունը ռուսական ցանկացած  հայտարարության նման չի։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: