ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիա. Կոնստանցա քաղաքում նոր խաչքարի օրհնություն

26 ապրիլի, 2017 | 19:49

Ապրիլի 25-ը պատմական ու հիշարժան օր էր Ռումինիայի Հայոց Թեմի և մասնավորապես Կոնստանցա քաղաքի հայ համայնքի համար:

Ռումինիայի մի շարք քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից Կոնստանցա քաղաքում էին հավաքվել հոգևոր ու աշխարհիկ իշանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, դեսպաններ, հյուպատոսներ, ճարտարապետներ, բազմաթիվ հյուրեր, հեռուստա և ռադիո լրագրողներ, տեղական մամուլի և հայ համայնքի ներկայացուցիչներ: Առիթը մեկն էր:

Տեղի ունեցավ Կոնստանցա քաղաքում առաջին հայկական Խաչքարի բացման ու օրհնության սրբազան արարողությունը՝ Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի ձեռամբ: Արարողությանը ներկա էին ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Կոնստանցայի քաղաքապետ Դեչեբալ Ֆըգըդըուն, Կոնստանցայի փոխքաղաքապետներ Դումիտրու Բաբուն և Կոստին Ռըսըուցեանուն, Կոնստանցայի Մարզային խորհրդի նախագահ Հորիա Տուցուիանուն, Մարզային Խորհրդի փոխնախագահ Կլաուդիու Իորգա Պալազը, Կոնստանցայի Պրեֆեկտ Ադրիան Նիկոլաեսկուն, Ռումինիայի Հայոց Միության Կոնստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվիու Մերդինյանը, քանդակագործ, խաչքարագործ Արտակ Համբարձումյանը, Կոնստանցայում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մշակույթի գծով պատասխանատու Նիկոլայ Բելերան, Անդրեյ Շագունա համալսարանի ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Աուրել Պապարին, Օվիդիուս համալսարանի ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Սորին Ռուջինան, Օվիդիուս համալսարանի փոխռեկտոր Ալեքսանդրու Բոբեն, հունական համայնքի ղեկավար Միխնեա Հաջիուն, Ռուս լիպովենների համայնքի ղեկավար Նիկոլայ Արտիոմը, Հրեական համայնքի ղեկավար Սորին Լուչիան Իոնեսկուն, ներկայացուցիչներ տեղի թուրքական և թաթարական համայնքներից, հայ համայնքի ներկայացուցիչներ Ռումինիայի մի շարք քաղաքներից՝ Բուխարեստ, Տուլչա, Բաքըու և այլն, տեղի հայ համայնքը և բազմաթիվ հյուրեր:

Խաչքարի հեղինակը ճանաչված քանդակագործն Արտակ Համբարձումյանն է: Խաչքարը Ռումինիայի Հայոց Թեմին է նվիրաբերվել հեղինակի և Բիտեշտ քաղաքի նախկին հոգևոր հովիվ (ներկայումս՝ Ախթալայի հոգևոր հովիվ) Տ. Հեթում քահանա Թարվերդյանի կողմից:

Խաչքարը Հայաստանից Ռումինիա է տեղափոխվել Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի, տեղի ծխական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների ջանքերով և տեղադրվել է քաղաքի ամենաճանաչված ու ամենատեսանելի վայրում՝ Սև ծովյան նավահանգստին մոտ գտնվող գեղեցիկ պուրակում, ուր տարվա ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ են այցելում:

Տեղի ընտրությունը պատահական չէր նաև այն իմաստով, որ Հայոց Ցեղասպանությունից հետո հայ գաղթականները նավերով ժամանել են Կոնստանցա քաղաքի Սև ծովյան այդ նավահանգիստը, իսկ Ռումինիան եղել է առաջին պետություներից մեկը, որ գրկաբաց ընդունել և կացարան է տվել մազապուրծ եղած հայ որբերին ու գաղթականներին: Խաչքարը տեղադրվել է ի հիշատակ մեր սուրբ նահատակների, ինչպես նաև որպես նշան երախտագիտության և ապացույց հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամության:

Տերունական աղոթքի հնչյուններով սկսվում է խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը` գլխավորությամբ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդի: Խոսքով հանդես են գալիս Առաջնորդ Սրբազան հայրը, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, Կոնստանցայի քաղաքապետ Դեչեբալ Ֆըգըդըուն, Ռումինիայի Հայոց Միության Կոնստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվիու Մերդինյանը Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը՝ իր խոսքում շնորհակալություն հայտնելով Կոնստանցայի քաղաքապետին, Լիվիու Մերդինյանին, Հարի Բոյաջյանին և բոլոր այն նվիրյալ անձանց, որոնք աջակցել են այս կարևոր նախաձեռնությունն իրականություն դարձնելու կարևոր գործին:

Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանն իր խոսքում մասնավորապես նշում է. ,,Սիրելիներ, ուրախության, բերկրանքի ու ցնծության մեջ են այսօր ամենքիս հոգիները, քանզի ականատեսն ենք լինում Կոնստանցայի հայ համայնքի զարթոնքին ու վերածնությանը, միասնությանն ու համատեղ աշխատանքին հանուն հայ եկեղեցու զորացման և հայ ինքնության պահպանման: Խոսքերիս վառ ապացույցն այս հոյակերտ խաչքարն է, որն այսուհետ դառնալու է Կոնստանցա քաղաքի այցեքարտերից մեկը՝ հիշեցնելով այս քաղաքում հայ ժողովրդի դարավոր ներկայության ու թողած հետքի մասին, հիշեցնելով այն բարեկամության ու ամուր կապի մասին, որ դարերի ընթացքում ստեղծվել է հայ և ռումին ժողովուրդների միջև: Այս հրաշակերտ խաչքարը հարգանքի տուրք է և մեծարում մեր հերոս նախնիների ու նահատակների, որոնք դարեր շարունակ պայքարել են հանուն իրենց հավատքի, սրբությունների ու արժեքների, ինքնության ու մշակույթի պահպանման համար՝ շատ հաճախ նաև նահատակվելով և իրենց կյանքը զոհաբերելով հանուն այդ սրբությունների,,:

Բացման արարողությունից հետո Թեմակալ Առաջնորդի կողմից օրհնության ու գնահատանքի գրերով են պարգևատրվում և նվերների արժանանում Կոնստանցայի քաղաքապետ Դեչեբալ Ֆըգըդըուն, Լիվիու Մերդինյանը, Հարի Բոյաջյանը, քանդակագործ Արտակ Համբարձումանը, արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը և այլ նվիրյալներ: Հատուկ անակնկալ էր պատրաստվել Կոնստանցայի ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի և տեղի հայ համայնքի կողմից: Մի շարք արժանավոր ու նվիրյալ անձինք արժանանում են հատուկ այս առիթով Հայաստանից բերված փայտյա ձեռագործ խաչքարերի՝ որպես երախտագիտություն և արժեվորում ցուցաբերած աջակցության և նվիրյալ աշխատանքի համար:

Վերջում Առաջնորդ Սրբազան հայրն օրհնում է բոլոր ներկաներին և մաղթում, որ սուրբ Խաչի զորությունն ու պահպանությունը մշտապես լինի Կոնստանցայի հայ համայնքի, Կոնստանցա քաղաքի և ընդհանրապես հայ համայնքի և ռումին պետության ու ժողովրդի հետ:

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան




Առնչվող նյութեր
1. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
2. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
3. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
4. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
6. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
7. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
8. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
9. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
10. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: