ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիա. Արմավիրի մարզն ու Կլուժ նահանգը եղբայրացան

04 հուլիսի, 2017 | 17:29

Հունիսի 30-ին Ռումինիայի Կլուժի նահանգապետարանում ՀՀ Արմավիրի մարզի և Կլուժի նահանգի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Արմավիրի մարզի պատվիրակությունը, որին ուղեկցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, գլխավորում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

 

Ստորագրման արարողությանը ներկա էին նահանգային խորհրդի փոխնախագահներ Իշտվան Վակարը և Մարիուս Մընզատը, խորհրդի անդամներ և ծառայությունների ղեկավարներ, Ռումինիայի Հայոց միության (ՌՀՄ) նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչը, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներ, ՌՀՄ Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշին և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ ու լրագրողներ:

Համաձայնագիրը նախատեսում է փոխշահավետ համագործակցություն ծավալել մշակույթի, տնտեսության, կրթության, սոցիալական, սպորտի և տուրիզմի ոլորտներում, ինչպես նաև գտնել համագործակցության եզրեր երկու տարածքային միավորների հանրային հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ու ձեռնարկատիրական միությունների միջև:

Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, ով նաև Նահանգային խորհրդի կողմից այս հանդիպման համակարգողն էր և Արմավիրի մարզի հետ եղբայրացման նախաձեռնողը, ողջունեց Արմավիրի և Կլուժի միջև հարաբերությունների և համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը: Նա հիշատակեց այդ տարածաշրջանում հայկական համայնքի երկարատև գոյությունը, նրա երկար պատմությունը Արմենոպոլիս-Գեռլայում, ինչպես նաև հայերի նպաստը ռումինական հոգևոր և մշակութային ժառանգության հարստացմանը:

Հանդիպման շրջանակներում երկու կողմի ներկայացուցիչները ներկայացրին իրենց շրջանների տնտեսական և ներդրումային ուրվագիծը, յուրաքանչյուր շրջանի առանձնահատկություններն ու առավելությունները, այն ընդհանրությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկկողմ համագործակցության զարգացման համար:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաստիացրեց, որ կնքված համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից և կդյուրացնի նաև գործարար ծրագրերի իրագործումը և փորձի փոխանակումը:

Շնորհավորելով համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ դեսպան Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը կարևորում և խրախուսում է Ռումինիայի հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, ինչի մասին է վկայում 2012թ.-ից ի վեր տասնյակ քաղաքների և մարզերի միջև հաստատված համագործակցությունը:

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև փոխնահանգապետ Մարիուս Մընզատը և ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած աշխատանքային քննարկումների ընթացքում կողմերը պայմանավորվեցին առաջիկայում ներկայացնել համագործակցության ոլորտների մասին առաջարկություններ:

Հուլիսի 1-ին հայկական պատվիրակությունն այցելեց Գեռլա` պատմական Արմենոպոլիս, որտեղ ՌՀՄ Տրանսիլվանիայի մասնաճյուղի նախագահ Իոն Էստեգարի ուղեկցությամբ հանդիպեց քաղաքապետ Իոն Նեսելյանի և քաղաքային խորհրդի անդամների հետ, ինչպես նաև ներկա եղավ քաղաքի հայ կաթոլիկ Սբ. Երրորդության եկեղեցում Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնի առիթով մատուցված տոնական պատարագին և հանրային հանդիսությանը:

Տեղեկանք. Արմավիրի մարզի և Կլուժ նահանգի միջև համագործակցություն հաստատելու առաջին քայլերն արվել են դեռևս անցյալ տարի Ռումինիայում Հայաստանի դեսպանության և այդ ժամանակ Կլուժի նահանգային խորհրդի նախագահ, այժմ փոխնահանգապետ Իշտվան Վակարի համատեղ ջանքերով: Իշտվան Վակարը, ով Տրանսիլվանիայի նշանավոր հայկական գերդաստաններից մեկի շառավիղներից է, մնում է եղբայրացման ծրագրի պատասխանատուն և ջատագովը:

Կլուժում է գտնվում Սբ. Նիկուլայի հռչակավոր վանքը, որտեղ պահվում են Սեբաստիայի Հայոց 40 նահատակների մասունքները:

2014թ-ին հիմնադրվել է Կլուժի համալսարանի Հայագիտության ինստիտուտը:


Առնչվող նյութեր
1. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
2. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
4. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
5. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
6. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
7. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
8. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
9. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
10. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: