ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ գրատպության 500-ամյակը ոչ միայն տոնելու առիթ է, այլեւ խորհելու ու դասեր քաղելու պահ

01 նոյեմբերի, 2012 | 21:40

2012 թվականին Հայաստանը նշեց երկու կարեւոր իրադարձություն։ Նախ լրացավ հայ գրատպության 500-ամյակը, երբ 1512 թվականին Վենետիկում  Հակոբ Մեղապարտը տպագրեց առաջին հայկական տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, եւ նրա ջանքերով հայերենն արեւելյան լեզուների մեջ առաջիններից մեկը դարձավ գուտենբերգյան տպագրության լեզու: Ի դեպ, այս համարում անդրադարձել ենք նաեւ նոր լույս տեսած ,,Ուրբաթագրքին,, որն առաջին անգամ Լուսինե Ավետիսյանի ջանքերով թարգմանվել է աշխարհաբարի եւ ներկայացվել գրաբար բնօրինակի հետ զուգահեռ։

Երկրորդը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012-ին Երեւանը հռչակվել է Համաշխարհայի գրքի 12-րդ  մայրաքաղաքը։ 2001 թվականին առաջին անգամ այդ կոչումը շնորհվել է Իսպանիայի մայրաքաղաք  Մադրիդին։ Դեռեւս 1995 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ նստաշրջանի որոշմամբ ապրիլի 23-ը հայտարարվել է Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր, այդպիսով նկատի ունենալով, որ 1616 թվականի ապրիլի 23-ին են մահացել աշխարհին հայտնի երեք գրողներ` անգլիացի Վիլյամ Շեքսպիրը, իսպանացի Միգել դե Սերվանտեսը եւ պերուացի Ինկա Գարսիլասո դե լա Վեգան։

Հայ հետազոտողներին  հայտնի չէ մինչեւ 1512 թվականը հայերեն գիրք տպագրելու  փորձ արվել է, թե ոչ: Սակայն Գերմանիայի Մայնց քաղաքում 1486-ին լույս տեսած Բերնհարդ Ֆոն Բրայդենբախի Ճանապարհորդություն դեպի Սուրբ երկիր  գրքի 153-րդ Էջում կա հայկական տպագիր փորագրված այբուբեն։

Դեռ անցած տարվա դեկտեմբերից Վենետիկում բացված ցուցահանդեսով Հայաստանը սկսեց նշել հայ գրատպության 500-ամյակը։ Ցուցահանդեսներ ու տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում եւ այլուր։ Երեւանը իբրեւ համաշխարհային գրքի մայրաքաղաք այս տարվա ապրիլի 23-ին ընդունեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրերի, եւ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։ Նույն օրը Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց Գիրքը որպես ցեղասպանության վկա ժամանակավոր ցուցահանդեսը, որտեղ ներառված էին մոտ 300 սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող հնատիպ գրքեր ու փաստաթղթեր։

Օրեր-ի այս համարը նվիրելով վերը նշված տոներին, հարցազրույցներ ենք տպագրել այդ ոլորտի պատասխանատուների հետ, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի, Հայաստանի հրատարակիչների ընկերության նախագահ Մկրտիչ Կարապետյանի, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի, Հայ ընթերցողների միության նախագահ Ալբերտ Իսոյանի, հայաստանցի եւ սփյուռքահայ այլ հրատարակիչների ու գրականագետների հետ։ Ուշագրավ է հատկապես ամերիկահայ մատենագետ-հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի Հայ գրատպության ժամանակագրական ցանկը, որից տեղեկանում ենք, որ մինչ այժմ աշխարհում տպագրվել է մոտ 142 000 անուն հայերեն գիրք։ Միայն խորհրդային տարիներին Հայաստանում տպագրվել է 44 հազար անուն գիրք 300 միլիոն ընդհանուր տպաքանակով։  Եվ սա ընդամենը 1920-1980 թվականների տվյալներն են։

Չեխիայում հայկական գրին ու գրականությանը դեռ 1923 թվականին անդրադարձել է գրող եւ ճանապարհորդ Կարել Հանսան իր Արեւելքի սարսափները գրքում, որից մի հատված ներկայացնում ենք Օրերի այս համարում։ Այս գիրքը 2006 թվականին Օրեր ամսագիրը վերահրատարակեց Պրահայում՝ կիպրահայ բարերարների աջակցությամբ։

Այս համարի մեր զրուցակիցներից շատերը ափսոսանքով են նշում, որ այսօր Հայաստանում գրքի դերը երկրորդ պլան է մղվել, եւ հույս ունեն, որ այս տոնակատարությունները կնպաստեն գրքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը։ Իբրեւ լավագույն օրինակ են բերվում Չեխիայի եւ Գերմանիայի գրախանութները, ուր մեծ տպաքանակներով վաճառվում են ոչ միայն տեղի հեղինակների, այլեւ օտար գրողների գրքերը։ Այստեղ հարկ է նշել երկու նկատառում։ Նախ, իհարկե, տոնակատարությունները կարող են ժամանակավոր ազդեցություն ունենալ գրքասիրությունը վերակենդանացնելու հարցում, եւ հետո գրքի հետ կապված  բոլոր ձեռնարկները պետք է շարունակական լինեն, եւ ոչ թե միայն տոնական։  Ավելին, դպրոցական տարիքից պետք է սերմանել այդ սերը, ծնողներն իրենք պետք է գիտակից լինեն այդ հարցերում։ Քանի որ փոքր հասակից երեխայի մեջ թե՛ գրական ճաշակը, թե սերը գրականության հանդեպ սերմանում են ոչ միայն դպրոցն ու ուսուցիչները, այլ նախեւառաջ ծնողները։ Մի այլ կարեւոր հանգամանք, որ մեր հեռուստաեթերից իսպառ բացակայում է նոր գրքերի կամ հրատարակությունների մասին որեւէ հաղորդում։ Միայն բոլորովին վերջերս www.webtv.am համացանցային հեռուստատեսությունում հայտնվեց  Արքմենիկ Նիկողոսյանի նոր հաղորդաշարը ` Ի՞նչ կարդալ եւ ինչո՞ւ կարդալ հաղորդումը, որում գրողը ծանոթացնում է նոր հրատարակված գրքերի։ Նման ծրագրերը նաեւ հնարավորություն կտան ընթերցողին տեղեկանալու, զանազանելու եւ ընտրելու, թե ինչ գիրք կարելի է գնել ու կարդալ։ Այլապես տարեկան Հայաստանում մոտ 2000 գիրք է տպագրվում եւ բնականաբար  գոյություն ունեցող հատուկենտ գրախանութներում դժվար կլինի նախ այդ ամենին ծանոթանալ եւ հետո՝ ընտրություն կատարել։ Կարեւոր է նաեւ, որ փոխվել է  գրքերի տպագրական  որակը, անկախության տարիներին  պոլիգրաֆիական առումով հայ տպագրիչները բավականին մեծ առաջընթաց են գրանցել, ժամանակակից գրքերը դարձել են ավելի գրավիչ ու գեղեցիկ։ Հուսանք, որ այսպիսով գրքի նկատմամբ վերաբերմունքը աստիճանաբար կփոխվի  եւ ձնհալի նշաններ ցույց տվող հասարակությունը, կրկին չի սառի։

Հակոբ Ասատրյան

Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: