ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգության» քարոզարշավը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում

26 սեպտեմբերի, 2013 | 18:03

 zaruhi bostanjianԵրեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ: Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են «Ժառանգության» քարոզչախմբի երկու մեքենաները՝ առանց որեւէ հիմնավորման: Ընդ որում` մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը մինչեւ որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել իր պատգամավորական վկայականը, խմբի առաքելությունը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզչության շրջանակներում, եւ բացատրություններ պահանջել կատարվող գործողությունների համար, որից հետո ԱԴԾ-ականը ինչ-որ հեռախոսազանգ է արել եւ ապա թույլ տվել քարոզչախմբին շարունակել իր ճանապարհը: Ընդ որում` ռուս ԱԴԾ-ականները գործել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ ՀՀ ՊՆ զինվորների ուղեկցությամբ:

Սակայն երեկոյան՝ ետդարձի ճանապարհին, «Ժառանգության» ավտոշարասյունը նորից կանգնեցվել է ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչների կողմից՝ ստուգման եւ խուզարկության նպատակով: Նրանք վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ հիմնավորելու իրենց գործողությունները: Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ եւ անհարգալից պահվածք դրսեւորել թե ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ թե խմբի մյուս անդամների՝ ՀՀ քաղաքացիներ հանդեպ: Միջադեպի ամբողջ ընթացքը նկարահանել է Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը: Սակայն ԱԴԾ-ականը փորձել է խլել նրա տեսախցիկը եւ կոտրել այն: Հետագայում դեպքի վայր ժամանած մի բարձրաստիճան ԱԴԾ-ական՝ ոմն գնդապետ Միրզոեւ Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել իր ստորադասի կատարած արարքի համար, հիմնավորել ՌԴ ԱԴԾ-ի գործողությունները ինչ-որ իրանցի թմրագործակալի փնտրման աշխատանքներով եւ առաջարկել ներքին կարգով փոխհատուցել կոտրված տեսախցիկի արժեքը: Սակայն Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է առաջարկվող գումարից եւ պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով՝ ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին զուգահեռ:

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին:

Մենք դիտարկում ենք այս միջադեպը որպես կոպիտ արտաքին միջամտություն ՀՀ ներքաղաքական գործընթացներին, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ Հանրապետական կուսակցության եւ անձամբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի թողտվությամբ, եթե ոչ անմիջական մեղսակցությամբ: Այն եւս մեկ անգամ ի ցույց դրեց ընտրությունները կեղծած եւ իշխանությունը բռնազավթած խմբակի անկարողությունը ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Հայաստանում Ռուսաստանի իշխանություններից պահանջում ենք պաշտոնապես ներողություն խնդրել եւ բացատրություններ տալ այս անընդունելի միջադեպի կապակցությամբ, իսկ ՀՀ իրավապահ եւ դատական մարմիններից՝ համապատասխանաբար հետաքննել այս միջադեպը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Ժառանգություն» կուսակցություն

26 սեպտեմբերի 2013թ

Ռուսաստանի սահմանապահները պարզաբանել են Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը «Արմենպրես»-ի փոխանցմամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի երեկ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտարարությունների կապակցությամբ «Արմենպրես»-ը դիմել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչություն: Ի պատասխան Սահմանապահ վարչությունից հայտնել են.

«Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ. Ա. Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում հարակից Հայաստանի Հանրապետության Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին, որն, ըստ Ռուսատանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:

Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ:

Ժամը 20:00-ի շրջանում Երևան-Մեղրի ճանապարհի վրա կանգնացվել է մի մեքենա, որում գտնվել է Զ. Ա. Փոստանջյանը:

Զ. Ա. Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը և կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Ա. Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով (խմբ. вызывающе), փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապակայնորեն տեսանկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Ի հակառակ պատգամավորի պնդումների սահմանապահ ծառայության աշխատակիցները տեսանկարահանման սարքը չեն կոտրել:

Ավելին, դեպքի վայր է ժամանել Սահմանապահ վարչության ներկայացուցիչը, ով ճշտել է դեպքի մանրամասները և կարգավորել խնդիրը:

Այնուամենայնիվ, Զ. Ա. Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել վիրավորելով սահմանապահներին: Իրենց գործողություններով Զ.Ա. Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարումը կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների որոնման և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ցավում է տեղի ունեցածի համար:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել սահմանապահ ռեժիմի և սահմանի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Սահմանի ռեժիմը բոլորի համար նույնն է լինի դա խորհրդարանական կամ շարքային քաղաքացի:

Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել Ազգային ժողովի, որի անդամ է Զ. Ա. Փոստանջյանը, կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանի» մասին օրենքի 34-րդ հոդվածը. «Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանման հարցում, Սահմանապահ զորքերին անհապաղ հայտնել պետական սահմանին սպառնացող վտանգի մասին»:

 orer.eu


Առնչվող նյութեր
1. «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Նարինե Ավետիսյանի հանդեպ կատարված բռնությունը
2. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը քաղբանտարկյալների եւ ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ
3. Ժառանգություն.Տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ
4. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Երեւանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
5. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
6. «Ժառանգության» հայտարարությունը Ազատամարտիկներին բռնության ենթարկելու վերաբերյալ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: