ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՌԱՀՀԿ-ն Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծեց միջազգային քաղաքականության դիտանկյունից

30 ապրիլի, 2014 | 07:02

genocide Raffi center29 ապրիլի 2014թ., Երեւան: Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցին ընդառաջ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) 1915թ. Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծեց միջազգային քաղաքականության դիտանկյունից: Կլոր սեղանի հերթական քննարկմանը հրավիրված էին թուրքագետ-վերլուծաբաններ, քաղաքագետներ, հանրային հատվածի ակտիվիստներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Սեմինարը բացեց եւ նրա մասնակիցներին ողջունեց ՌԱՀՀԿ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախօրեին էր վերադարձել Թուրքիա կատարած վեցօրյա այցից: «Հատկանշական է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններն այս տարի զգալապես ընդլայնեցին իրենց աշխարհագրությունը՝ ներառելով նաեւ Ստամբուլը եւ Թուրքիայի մի շարք այլ քաղաքներ: Դրա հետ մեկտեղ՝ գնալով տիրապետող է դառնում այն գիտակցությունը, որ 99 տարի առաջ Արեւմտյան Հայաստանում կատարված ոճիրը սոսկ ցեղի սպանություն չէր, այլեւ հայրենազրկում, որի խնդիրը հավասարապես պետք է դրվի իրավական հիմքի վրա»,- ասաց Հովհաննիսյանը:

Այնուհետեւ «Ցեղասպանության հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում» թեմայով հետաքրքիր զեկուցում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը: 1965 թվականից ի վեր հայկական կողմի պայքարի թիրախը՝ ճանաչումը, նրա կարծիքով, ճիշտ չէ ընտրված. «Բոլոր ջանքերը հատուցման, պահանջատիրության հունով ուղղորդելու փոխարեն մենք անպտուղ պայքար ենք մղում թուրքական ժխտողականության դեմ»,- պատմական էքսկուրս կատարելով՝ փաստեց Մելքոնյանը: Մինչդեռ Ցեղասպանությունը վիճարկելը, ըստ բանախոսի, քաղաքական լրջագույն սխալ է, որի մեջ թուրքերը միշտ փորձել են մեզ ներքաշել: «Ճանաչումն առանց դատապարտման եւ հատուցման գրոշի արժեք չունի: Ցեղասպանվածի ու հայրենազրկվածի բարդույթից մենք կազատվենք միայն այն դեպքում, երբ մեզ վերադարձվի մեր հայրենիքը, ինչը, իմ խորին համոզմամբ, միանգամայն հնարավոր է»,- վստահեցրեց գիտնականը:

Իր հերթին՝ Ցեղասպանության ճանաչման միջազգային քաղաքականությունը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդրի լույսի ներքո դիտարկեց ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության հիմնահարցը արեւմտյան տերությունների համար վաղուց դարձել է Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների կարգավորման գործիք: «Համադրելի՞ է արդյոք այս վիճակը սփյուռքահայության եւ Հայաստանի շահերի հետ: Որքանո՞վ է պահանջատեր Հայաստանը, ո՞րն է նրա իրավունքը, մի՞թե մենք հաշտվել ենք այն իրողության հետ, որ մեր իրավունքն ուրիշներն են տնօրինում՝ ի շահ իրենց նպատակների: Ուրեմն ինչպե՞ս Ցեղասպանության խնդիրը դուրս բերել աշխարհաքաղաքականության ցանցից, ո՞րն է մեր այլընտրանքային դիրքորոշումը»,- այս հարցադրումների վրա հրավիրելով ներկաների ուշադրությունը, խնդրո առնչությամբ լուրջ վտանգներ է տեսնում Սարգսյանը:

Զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխանին եւ կարծիքների փոխանակությանը մասնակցեցին ՀՀ նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, փորձագետներ Սուսաննա Բարխուդարյանը, Սեդա Մելիքյանը, վերլուծաբան Սարո Սարոյանը եւ ուրիշներ:

Գերիշխող տեսակետն այն էր, որ պետք է ճկուն ու դինամիկ ուղեգիծ հաղորդվի ՀՀ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքին՝ այն հաշվով, որպեսզի անցած դարասկզբին իր բնօրրանում հայությանը պատուհասած ողբերգությունը մանրադրամ չդառնա գերտերությունների աշխարհաքաղաքական խաղերում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելովª Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշª ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:


Առնչվող նյութեր
1. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
3. Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ
4. Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
5. Սվեն-Էրիկ Ռիսեի “Հայաստան, իմ սեր” նորվեգերեն գրքի շնորհանդեսը Օսլոյում
6. ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՔՐԻՍՏԻՆ ԴԸՖՐԵՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
7. Լեհաստան. Դասական երաժշտության համերգ` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
8. Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավորներին սպառնում են սպանել, այդ թվում՝ Օզդեմիրին
9. Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը
10. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առնչությամբ Գերմանիայից դրական ազդակներ են գալիս

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: