ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ջիվան Ավետիսյանը Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկայում ներկայացրել է նոր ֆիլմի սցենարը

22 մայիսի, 2017 | 08:49

Կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի նախագահ Ջիվան Ավետիսյանը, մասնակցելով Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկային, այս օրերին մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ արվեստագետների հետ քննարկել է համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։

Այս անգամ Ջիվան Ավետիսյանը ներկա է կինոփառատոնին իր հաջորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի սցենարի համահեղինակի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ (սցենարի հեղինակներն են՝ Արտավազդ Եղիազարյանն ու Մկո Մալխասյանը)։  Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք եվրոպական կինոարտադրող, ինչպես նաև տարբեր համաշխարհային  դիստրիբյուտորական ընկերությունների հետ։

Խոսելով նոր ֆիլմի մասին՝ ռեժիսորը, մասնավորապես, նշել է. «Դեռևս վաղ է խոսել դերասանական և ստեղծագործական կազմի, համարտադրողների և դիստրիբյուտորական ընկերությունների մասին: Սակայն գոհունակությամբ կարող եմ ասել, որ ինչպես արդյունավետ էր փետրվարին Բեռլինի կինոշուկայում ներկայանալը, այնպես էլ, որպես  այդ պրոցեսի շարունակություն, հաջողված է Կաննի կինոշուկայում մեր ներկայությունը։ Ընդամենը ազնիվ և հետևողական աշխատանքով կարող ենք հասնել մեր բաղձալի ցանկությանը»։

Կաննի կինոշուկայում աշխատանքներ են տարվում նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային դիստրիբյուտորի՝ «Գալոփինգ ֆիլմս»-ի հետ միասին՝ դիստրիբյուցիայի ընդլայնման ուղղությամբ։

Միջազգային այս կինոփառատոնին մասնակցությունից հետո կհաջորդի «Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբը՝ Հոլանդիայում (Ալեմլո՝ մայիսի 26, Ամստերդամ՝ մայիսի 27), Ֆինլանդիայում (Հելսինկի՝ մայիսի 30) և Շվեդիայում (Ստոկհոլմ՝ հունիսի 2, Ուփսալա՝ հունիսի 4), որոնց ռեժիսորն անձամբ ներկա կլինի։

 «Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։

«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Իրանում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

 

Դիտե՛ք ֆիլմի թրեյլերը հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=5Nras4Uj_Z4

Հետևե՛ք ֆիլմի պաշտոնական էջին ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/TheLastInhabitant/


Առնչվող նյութեր
1. Աջակցեք Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմին
2. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը
3. ,,Լավագույն ֆիլմ,, եւ ,,Լավագույն դերասան,, մրցանակները Հելսինկիում տրվել է ,,Վերջին բնակիչ,,ը ֆիլմին
4. «Վերջին բնակիչը» ցուցադրվեց նաև Վենետիկի կինոփառատոնում
5. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նաեւ Վենետիկի կինոփառատոնում
6. Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել
7. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
8. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում
9. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ցուցադրվել է Բեյրութում
10. Ջիվան Ավետիսյանի «ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ֆիլմի պրեմերիան Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: