ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրոֆեսոր Աուրոնը խստորեն քննադատեց Իսրայելի նախագահին՝ Հայոց ցեղասպանությունը ջարդ անվանելու համար

10 փետրվարի, 2015 | 22:43

sasunian auronՀարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

 

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ դարձավ:

 

Ռիվլինը, որպես Կնեսետի (խորհրդարանի) նախագահ և անդամ, երկար տարիներ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալուց հետո, ինչպես ԱՄՆ նախագահ Օբաման, Ռիվլինը ևս չկամեցավ վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում:

 

Անցյալ ամիս նախագահ Ռիվլինը հզոր ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա արարողության ժամանակ: Ցավոք, Իսրայելի նախագահը երկու կոպիտ սխալ թույլ տվեց: Նա Հայոց ցեղասպանությունն անվանեց ջարդ, և այդ մեկնաբանությունը հավասարակշռելու համար անդրադարձավ Արցախյան պատերազմի ժամանակ Խոջալու գյուղում տեղի ունեցած ադրբեջանցիների սպանություններին:

 

Ահա մի հատված ՄԱԿ-ում Ռիվլինի ունեցած ելույթից. «Երբ 1915 թվականին կոտորում էին հայ ժողովրդի զավակներին, Ավշալոմ Ֆեյնբերգը՝ Առաջին աշխարհամարտում դաշնակիցների հետ գործակցող «Նիլի» հրեական լրտեսական ցանցի ղեկավար անդամներից մեկը, գրել էր, մեջբերում եմ. «Ես ցասումից ատամներս կրճտացնելով մտածում էի, թե ո՞վ է լինելու հաջորդը: Երուսաղեմի ճանապարհին, երբ քայլում էի օրհնված և սուրբ հողի վրայով, ինքս ինձ հարց տվեցի, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում, արդյոք այժմ 1915 թվակա՞նն է, թե՞ Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի դարաշրջանը: Արդյոք մոռացե՞լ եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցրեցի ինքս ինձ՝ արդյոք իրավո՞ւնք ունեմ լացելու միայն իմ ժողովրդի ողբերգության վրա, մի՞թե Երեմիա մարգարեն արյունոտ արցունքներ չէր թափել նաև հայերի համար»: Ավշալոմ Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Վարանման և ժխտման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, Երուսաղեմում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր համարձակվում հերքել տեղի ունեցած ջարդը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները և ընտանիքի անդամները տեսել են այդ աղետը վերապրած սովալլուկ ու թշվառ հազարավոր հայ փախստականներին: Նրանք Երուսաղեմում ապաստան գտան, և մինչ օրս նրանց ժառանգները շարունակում են այնտեղ ապրել»:

 

Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր, ականավոր մտավորական Յաիր Աուրոնը, զայրացած է իր նախագահի բառերի ընտրության վրա՝ չնայած նրա հետ ունեցած անձնական մտերմությանը: Աուրոնը եղել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի ջատագով և դրա վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ: Այժմ նա դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 

Հունվարի 31-ին, երբ ես դասախոսություն էի կարդում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Երևանում նորաբաց Կոմիտասի թանգարանում, պրոֆեսոր Աուրոնը մոտեցավ ինձ և հարցրեց, թե արդյոք կարո՞ղ է դիմել լսարանին: Թույլտվություն ստանալուց հետո, նա կարդաց իր անձնական հայտարարությունը, որ վերնագրել էր. «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբայրներից» .

 

«Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանդես եկավ ուշագրավ ելույթով, շատ հուզիչ նախադասություններով՝ անկեղծորեն և խորապես ներկայացնելով հայ ժողովրդի տառապանքները: Սակայն, նա միտումնավոր կերպով չօգտագործեց Հայոց ցեղասպանությունը եզրը՝ ոչ եբրայերեն, ոչ անգլերեն»: Պրոֆեսոր Աուրոնը շարունակեց՝ բացահայտելով, որ նախագահ Ռիվլինն անձամբ է ասել իրեն, որ «չի փոխել իր կարծիքը, սակայն չի կարող այն [ցեղասպանություն] հայտարարել որպես Իսրայելի նախագահ: Սա ես կարող եմ հասկանալ: Սակայն, ելույթի վերջին րոպեին, ինչ-որ մեկը, հավանաբար Իսրայելի արտգործնախարարությունից, գուցե նույնիսկ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը նրան թելադրեց, որ ներառի հետևյալ սարսափելի նախադասությունը. «Արդյոք մեր պայքարը՝ այս Ասամբլեայի պայքարը ցեղասպանության դեմ բավարար չափով արդյունավե՞տ էր: Արդյոք այն արդյունավե՞տ էր Բոսնիայում: Արդյոք արդյունավե՞տ էր Խոջալուի սպանությունները կանխելու համար»:

 

Պրոֆեսոր Աուրոնը շարունակեց իր քննադատական ելույթը. «Պարոն Նախագահ, Դուք Խոջալուի անունը կիրառեցիք ցեղասպանության համատեքստում: Դուք շատ լավ գիտեք ցեղասպանության և ջարդերի տարբերությունը…. Ո՞վ առաջարկեց Ձեզ, պարոն Նախագահ, ո՞վ խնդրեց, որ անեք այս սարսափելի սխալը: Դուք չօգտագործեցիք ցեղասպանություն եզրը Հայոց ցեղասպանության մասին հիշատակելիս: Ցեղասպանության եզրի կիրառումը Լեռնային Ղարաբաղի մի գյուղի վերաբերյալ համատեքստում՝ անընդունելի է…. Դուք չեք համարձակվում ցեղասպանություն եզրն օգտագործել Հայոց ցեղասպանության առնչությամբ, իսկ այս գյուղի արյունահեղությունը, որի անունը, վստահ եմ, չգիտեիք Ձեր ելույթից մի քանի րոպե առաջ, բնորոշում եք որպես ցեղասպանություն: Դա սրբապղծություն է, և դրանով Դուք դավաճանում եք Հոլոքոստի և նրա զոհերի հիշատակը»:

 

Առաքինի պրոֆեսորն իր սրտի խոսքն ավարտեց՝ խոստանալով. «Իմ հայ եղբայրներ, թույլ տվեք իմ և իսրայելցի բազմաթիվ հրեաների անունից ներողություն խնդրել ձեզանից: Մենք ձեզ հետ ենք: Մենք չենք դադարեցնի մեր պայքարը մինչև Իսրայելը չճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

 

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: