ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայում վճռվում է Արևելյան գործընկերության ճակատագիրը

Պրաժսկի Հրադում գումարվում է երկօրյա գագաթաժողով. Պրահա է ժամանել նաև Սերժ Սարգսյանը
24 ապրիլի, 2014 | 10:30

Eastern Partnership- Prague 2014.ՊՐԱՀԱ.  –  Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Պրաժսկի հրադյան իր նստավայրում հյուրընկալում է երկօրյա  գագաթաժողով, որը պաշտոնապես անվանվել է ,,բարձր մակարդակի հանդիպում,,։ Այն ի սկզբանե  ծրագրված էր Եվրամիության Արևելյան գործընկերության հնգամյակը նշելու համար, սակայն այժմ քննարկելու է ոչ այնքան տոնական խնդիրներ։ Վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի ու Հայաստանի հետ նախատեսված ասոցացման պայմանագրերի ստորագրման ձախողումից, այդուհետ նաև Ուկրաինայում ծավալված իրադարձություններից հետո, կացությունը կտրուկ փոփոխվել է, ու այժմ բազում հարցականների տակ է հայտնվել ինքնին ողջ ծրագիրը։

Եվրամիության Չեխիայի նախագահության ժամանակ՝ 2009 թվականին ծնված ծրագրի անդամ վեց պետություններն այսօր կրկին Պրահայում ներկայացված են հետևյալ կերպ. Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից ժամանել են նախագահներ Սերժ Սարգսյանը, Գեորգի Մարգվելաշվիլին, Նիկոլայե Տիմոֆտին,  Ադրբեջանը ներկայացված է ի դեմս, ինչպես չեխական հեռուստատեսությունն է անվանում  ,,վիճահարույց ղեկավար Իլհամ Ալիևով,,։  Պրահա չի ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ուկրաինան ներկայացնելու համար հրավերքը տրվել էր այժմ Ռուսաստանում ապաստանած Վիկտոր Յանուկովիչին։ Պաշտոնապես նրան ուղղված հրավերքն այդպես էլ չեղյալ չի հայտարարվել, ինչի պատճառով  էլ , շատ մեկնաբանների կարծիքով, այս խորհրդաժողովին հրաժարվեցին մասնակցել Եվրամիության բարձրաստիճան երկու պաշտոնյաներ՝ Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռամփույն ու ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության ներկայացուցիչ Քաթրին Աշթոնը։  Ուկրաինայից ժամանել է երկրի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցան, ով դեռևս նախորդ տարի ԵԱՀԿում Ուկրաինայի նախագահության ժամանակ էր ներկայացնում Ուկրաինան։ Եվրամիությունից գագաթաժողովին ներկա են  Սլովակիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Լիտվայի նախագահներ Իվան Գաշպարովիչը, Հայնց Ֆիշերը, Բրոնիսլավ Կոմորովսկին, Յանոշ Ադերը, Դալիա Գրուբաուսկայտեն։ Եվրամիությունը ներկայացնում է կառույցի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը, հաջորդելով Վայմարյան եռյակին, արդեն կարծիք է հայտնել, որ Արևելյան գործընկերության ծրագիրը լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Ըստ նրա, Եվրամիությունը պետք է այս վեց հետխորհրդային պետությունների նկատմամբ  առանձին, անհատական դիրքորոշում որդեգրեր և ոչ թե մեխանիկական, նույնական ասոցացման պայմանագրեր առաջարկեր. ,, Երբ սկզբնավորում ենք արմատական սոցիալական փոփոխություններ, մենք պետք է հաշվարկենք դրանց սոցիալ-տնտեսական ազդեցությունը պետության վրա։ Մենք դրանք (այդ հաշվարկները) չունեինք,, , – ասել է արտգործնախարարը, ապա հանգել եզրակացության, որ հենց այդ սխալներն էլ վարպետորեն օգտագործեց Ռուսաստանը ու ներգրավվեց Եվրոպայի սկսած գործընթացի մեջ։ Այդուհանդերձ Զաորալեկը շեշտել է, որ Եվրոպան չի կրում Ուրաինայում ծավալվող իրադարձությունների պատասխանատվությունը։

Այսօր գագաթաժողովի ծրագրով նախատեսված են լիագումար նիստ ու երկկողմ հանդիպումներ։ Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը կհանդիպի իր վրաց պաշտոնակցի հետ։  Վաղը գագաթաժողովը կշարունակի աշխատանքները ու միայն կեսօրից հետո պարզ կդառնա, թե եզրահանգումների են եկել դրա մասնակիցները։

Վաղը Պրահայում  երկրի արտգործնախարարության հովանու ներքո կկայանա նաև մեկօրյա խորհրդաժողով ,, Արևելյան գործընկերությունն  հինգ տարի անց. արդյո՞ք նոր ռազմավարության ժամանակն է,,  խորագրով։  Ելույթներ են նախատեսված նաև Հայաստանից։

Աննա Կարապետյան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում ինքնորոշման սկզբունքը բացակայում է
2. Եվրամիությունը բացում է ազատ երթևեկի ճանապարհն Ուկրաինայի ու Վրաստանի համար
3. Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրեց ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը
4. Ադրբեջանի նախագահն ապրիլին կժամանի Պրահա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: