ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պոեզիա. Նարեկ Կիրակոսյան-Նարեկյան աղոթք

14 հունիսի, 2013 | 00:32

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանի ստեղծագործություններից։ Նարեկը ծնվել է 1987 թ-ի փետրվարի 3-ին: 1993-2003թթ սովորել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում:2003-2008թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: 2003-2008թթ.սովորել է Երևանի Պետական համալսարանում:16 տարեկանում հրատարակել է իր առաջին գիրքը՝ ,,Ժամանակի սիմֆոնիա,,:

 

ՆԱՐԵԿՅԱՆ ԱՂՈԹՔ

Խնկյալ, բարեշնորհ, կենսապարգև ՏԵ՜Ր,

Անշոշափելի ԷԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,

ՊԱՏԱՐԱԳՎԱԾ ԼՈՒՅՍ:

Լսիր Աղոթքս Արփիացնցուղ:

Պարածածկիր ինձ Խնկաբույր Լույսիդ ճաճանչացողով:

Ալեկոծված եմ մրրիկներից ահեղասաստ:

Հառաչաձայն արցունքներով`

Մեղապարտ Մարդկանց Մաքրագործումն եմ փորձում կատարել`

ՕԾՅԱԼ ԽՈՐԱՆԻԴ, ՈՍԿԵՂԵՆ ՆՅՈՒԹԻԴ,

ՓԱՌԱՑ ՏԵՍԻԼՔԻԴ:

ՄԵղքով շղթայված` ԼՈՒՅՍ եմ աղերսում:

Պարուրիր ԴՈՒ ինձ բոլորաշաղախ ՔՈ ՓՐԿՈՂ ՀՐՈՎ:

Դարձրու տոկուն:

Տագնապի տենդով բորբոքված հոգուս իջեցրու անդորր,

հանիր թմրաբեր մրուրը Մեղքիս` Մարմնիս միջից:

Ներարկիր ԼՈՒՅՍԻԴ ԼՈՒՍԱԿԱԹՈՑՈՎ:

Աղերսում եմ, ՏԵ՜Ր,

խոսքիս հրայրքը ձուլիր միածին ՔՈ ներկայությամբ,

ՔՈ արևափայլ լուսապսակով:

Անմահ պատարագ ընծայիր հոգուս:

Օգնիր, որ հասնեմ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ:

Ճառագայթազարդ ԱՂԵՐՍՍ լսիր, ԱՄԵՆԱԿԱՐՈ՜Ղ:

Դարձրու երկնքիդ ոսկեզօծ ցողի կաթիլով օծված:

Լուսանորոգ շաղ կանթեղիր սրտիս խավար խորքերում:

Բոցանյութ ցոլքով Լուսեղեն ԱՄՊԴ տարածիր վրաս:

Հոգիս ներարկիր ԽՆԿՅԱԼ ԽՈՐՀՐԴՈՎ,

դարձրու խոսք հորդող Մարգարե դու ինձ,

օրհնիր ԼՈՒՍԱԶԱՐԴ ճառագայթներով :

Օտարության մեջ մենակ չթողնես,

խավարն հալածող Փրկության Ժամին`

հիշիր նվաստիս,

որ ՔՈ զավակն է:

Հայ՜ր, թող հեռանա հոգուս ծանրացած ամեն մի հանցանք:

Տարածիր լույսդ թույլ մարմնիս վրա,

տկարության մեջ` առողջացրու ինձ:

Կիզանուտ, հրոտ, արարչագործված լույսդ ճառագիր,

կարկամ կանթեղս դարձրու բորբոք,

ցողիր փրկությամբ,

որ ինձ հիշելով`

հառնեմ քաղցրահամ երազի նման:

Արցունքաթաթախ Աղոթքս լսիր

ԱՐԱՐԻՉ ԱՐԻ,

որ ԱՄԵՆԱԿԱԼ ՄԵՐ ՄԵԾ ԱՐՔԱՆ ԵՍ,

ՄԵՐ ՏԻԵԶԵՐՔԸ:

ԱՄԵ՜Ն:

 

Ժամանակի սիմֆոնիա Արշիլ Գորկուն

Կիզվում է ազատությունը հրաբորբոք,

որ մթության ցոլքերից

մետաֆիզիկական էությամբ

ձուլում է Ջահը ներազդման`

աքսորելով մտայնությունը գերկամային:

Հնչում է հռնդյունը Հարմոնիայի`

Շաղկապելով շնչառությունս ելևէջներին:

Արևաբախ ռիթմը քարացնում է արյունս:

Ծորում են հեքիաթային ջրվեժներ երգեհոնի`

Խեղդելով ինձ հորձանուտում ալեբախության:

Ակնաբիբս սուզված է գազափրփուր ջրերում հեշտանքի:

Խելագարվում եմ հեղաշրջող հնչյուններից:

Փողկապակցված երաժշության հորիզոնում

մարում է տեսիլքը տենդագին:

Փշրվում են հյուլեները քաղցրալուր ճախրանքի,

որ խոյաթռիչքի անցնելով`

կայծակնային խուժում են ուղեղիս մեջ:

Չեմ զգում մաշկս:

Քվանտային մասնիկների համանվագին համընթաց`

հիվանդագին սպասում եմ ռիթմի նոր եզրույթներ ճեղքելուն:

Սիմֆոնիայի թափիից ճախրում են Արծիվները Մարտամղիչ,

որ համաերիզ ներդաշնակության խենթացնող ուժից

մխրճում են մագիլները ռազմատենչ:

Կենսատարածքը խտացել է մթության էներգիայով,

փոշեհատիկների մորմոքով:

Տեսադաշտում մոլեգնում է Մշուշը Մենադավ`

Մորթելով աղոթքը կշռազանգվածի….

Պատարագի զորությամբ տարրալուծվում է

ինքնասևեռման ատոմից պայթող Հոգեկան Լույսը:

Հավերժական մեղեդիների ասուպային թռիչքը

Մեհյաններ է կերտում:

Փառքի Արևից շանթեր են խուժում`

շիկացնելով Երկաթե Կաղապարը:

Անկշռելիության ոլորտը ծանրացել է միրաժների ոգոց,

որի ներուժից կարծրանում է անսահմանությունը:

Լուսնից ծորում է շողը շիթերիզող:

Ծծմբի պես այրվեց ջերմությունը երկնային,

Կիզակետում շառագունեց բեկված բեկորը գույնի:

Լուսափայլ ամպերը հրդեհում են Վերջալույսը միստիկական:

Ժամանակն է Կայսրը Տիեզերքի,

որ աստղային ակորդներից երկնում է ՍԻՄՖՈՆԻԱՆ`

ԺԱՄԱՆԱԿԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ…

Այգաբացի պատարագ

Ոսկեձույլ առավոտվա արբած միգում

մխրճված է շիթերիզող քնարը հույսի,

որ ճախրում է արծաթացող, ցնորային տենդով`

պարփակվելով Հիշողության Դամբարանում:

Պատարագեց ապտակասույր քամին.

չի դիմանում ամպոտ ոսկեփոշուն,

երկաթակուռ, դեղին արեգակից

բաժանումի խոսքեր են դողում:

Ափիս մեջ զգում եմ շնչառությունը արցունքներիդ…

Քո մտքերը ծանր են հնչում,

զրնգում են անպատասխան

և լուծվում են բիրտ քաոսում`

Հրկիզելով ՄԵՌԱԾ ՆԵՐԿԱՆ :

Անրջանքներիս քրմուհին ես դու,

Ներշնչանքներիս աղբյուրը անհաս,

Ներարկում ես ինձ պաթոսով պագշոտ`

Առասպելական տենդով տառապած:

Թող շուրթերիդ ջերմությունը ես ներզգամ

ու տոգորվեմ աչքերիդ արևափառ առկայծումից`

կլանվելով տաք ցասումից քո հայացքի:

Թող խենթանամ բորբ մարմնիդ հպումից,

կապարի պես ձուլվենք իրար,

դառնանք ՏԵՍԻԼՔ,

Լիցքավորվենք,

ԼՈՒՅՍԻՑ ՔԱՄՎԱԾ ՍՏՎԵՐԻ ՊԵՍ ՏԱՐՐԱԼՈՒԾՎԵՆՔ

ու ներխուժենք հորիզոնի ցոլքերի մեջ`

Հրդեհվելով Հավերժության Հարմոնիայի ակորդներից:

Ոսկեձույլ առավոտվա արբած միգում

մխրճված է շիթերիզող Քնարը Հույսի,

մոխրացած երազների ԱՅԳԱԲԱՑԻՆ`

տխրությունից ԽՆԿԱՀՈՏ Է ԲՈՒՐՈՒՄ…

 

 


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: