ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ

05 օգոստոսի, 2018 | 16:14

1999-էն ի վեր Չեխիոյ մէջ (Փրակա) լոյս կը տեսնէ «Օրեր» անկախ ամսագիրը։ Հրատարակիչը ոչ-կառավարական Կովկաս-Արեւելեան Եւրոպա լրատուական կեդրոնն է՝ Յակոբ Ասատրեանի խմբագրապետութեամբ։ Պարբերականը ունի նաեւ իր կայքէջը /www.orer.eu/, որուն խմբագիրն է Աննա Կարապետեան։ Հայաստանի իրադարձութիւններէն բացի, «Օրեր»-ը կը լուսաբանէ ո՛չ միայն Չեխիա բնակող Հայերու գործունէութիւնը, այլ նաեւ կ՚անդրադառնայ արեւելաեւրոպական համայնքներու մշակութային, քաղաքական, ընկերային կամ մարզական կեանքին։
Ստորեւ կը հրատարակենք Երեւանի մէջ Յակոբ Ասատրեանի հետ ունեցած մեր հարցազրոյցը։

Ժիրայր Չոլաքեան եւ Հակոբ Ասատրեան

Նոր Յառաջ» – Չեխիոյ Հայութիւնը ինչպէ՞ս ապրեցաւ թաւշեայ յեղափոխութիւնը։

Յակոբ Ասատրեան – Հայաստանի թաւշեայ յեղափոխութեան ընթացքին արդէն միանգամից Չեխիայի հայ համայնքի մէջ վերազարթօնքը նկատելի էր։ Ճակատագրական օրերին, երբ այստեղ սկսուել էր «մերժիր Սերժին» շարժումը, մասնաւորապէս Պրահայում յանպատրաստից կազմակերպուեցին երեք ցոյցեր՝ փոքր եւ մեծ տարողութեամբ, որոնցից մէկը տեղւոյն եկեղեցիի մօտ, միւսը՝ Հայաստանի դեսպանատան առջեւ, եւ երրորդը՝ Պրահայի հրապարակներից մէկում։ Այս վերջին հանրահաւաքի ժամանակ ելոյթ ունեցողները նշեցին, որ Չեխիայի Հայութիւնը նոյնպէս միանում է հայաստանեան շարժմանը եւ պահանջում է Սերժ Սարգսեանի հրաժարականը։ Հետաքրքրական էր, որ այդ միջոցառումներին բացի Պրահահայերից մասնակցում էին երկրի տարբեր քաղաքներից եկած հայորդիներ։ Գաղութի վերազարթօնքը զգալի էր յատկապէս երիտասարդների մէջ, գլխաւորութեամբ «Ուրարտու» մշակութային միութեան նախագահ Ալեքսանդր Սարգսեանի։ Յեղափոխութեան Մայիսեան յաղթանակը ուղղակի վերածուեց համընդհանուր տօնախմբութեան՝ երգ ու պարով։ Առաջին անգամն էր որ Չեխիայի Հայերը համախմբուել էին ոչ թէ Ցեղասպանութեան պահանջատիրութեամբ, այլ՝ հայ մշակոյթի միջոցով իրենց ձայնը լսելի դարձնելով։ Պէտք է ասել, թէ մեր համայնքը շատ բարձր տրամադրութեամբ դիմաւորեց թաւշեայ յեղափոխութիւնը եւ բարոյահոգեբանական փոփոխութիւնները արդէն նկատելի են։

«ՆՅ» – Չեխիոյ եւ յատկապէս Փրակայի հայ համայնքը կարելի է նորաստեղծ համարել։ Ե՞րբ եւ ինչպէ՞ս կազմուած է գաղութը։
Յ.Ա. – Համայնքը հիմնականում 1990-ական թուականներին է ստեղծուել, եթէ նկատի չունենանք սովետական տարիներին գոյութիւն ունեցած փոքրաթիւ Հայութիւնը։ Գաղութը մեծամասնութեամբ կազմուած է Հայաստանցիներից, որոնք Չեխիայում հաստատուել են Սպիտակի երկրաշարժից յետոյ։ Այն ժամանակ նկարիչ Տիգրան Աբրահամեանի հիմնած «Արմէնիա» կազմակերպութիւնը մեծ օգնութիւն է ուղարկել Հայաստան։ Այդ առիթով հաւաքուած նիւթական օժանդակութիւնից պատկառելի մի գումար մնացել է Չեխիա, նկատի ունենալով մամուլի մէջ լոյս տեսած յօդուածները, որոնք գրում էին թէ հաւաքուած գումարը տեղ չի հասնում։ Այդ դրամով տղաները հիմնել են Չեխիայի ամէնից յայտնի մարդու իրաւունքների պաշտպանութեան բարեգործական հիմնադրամը, որ կոչւում է «Չելովեք թիսնի», այսինքն՝ մարդը կարիքի մէջ։ Այդ կազմակերպութիւնը անցեալ 28 տարիների ընթացքում մարդասիրական օժանդակութիւն է տրամադրել Հայաստանին եւ Արցախին։ Հայաստանի մէջ այդ կազմակերպութիւնը ունի ներկայացուցչութիւն եւ իրականացնում է քաղաքացիական հասարակութեան ի նպաստ նախագծեր։
1993-ից սկսեալ նկարիչներ, շինարարներ կամ գործարարներ են հաստատուել Չեխիա, որոնք հետզհետէ յաջողել են իրենց գործի մէջ։ Մօտաւորապէս 25 հայ նկարիչներ են ապրում Պրահայում, որոնց համար յաճախ կազմակերպւում են ցուցահանդէսներ։ 1997-ից գործում է շաբաթօրեայ հայկական դպրոցը(Տնօրէն Արմէն Քոլոեան), որտեղ երեխաները գրել կարդալ եւ երգ ու պար են սովորում, թատերական ներկայացումներ են պատրաստում։ Կարեւոր է ընդգծել, որ դպրոցը գործում է Չեխիայի թիւ մէկ «Չարլզ» համալսարանի մէջ, որ մեզ անվճար դասարաններ է տրամադրել։

Ի մէջ այլոց գալ տարի պիտի տօնենք Պրահայի մէջ լոյս տեսնող «Օրեր» ամսագրի 20-ամեակը։

«ՆՅ» – Ի՞նչն է, որ Հայաստանցիները մղած է երկիրը լքելու եւ Չեխիա հաստատուելու։

Յ.Ա. – Նրանց մեծ մասը անձնական կապեր են ունեցել Չեխիայի հետ։ Նրանք ո՛չ միայն Պրահա են հաստատուել, այլ նաեւ՝ Օսթրաւա, Ժիհլաւա եւ այլուր։ Չեխիա գաղթած առաջին սերունդի երեխաները արդէն չեխական դպրոց աւարտելով յաջողել են տարբեր մասնագիտութիւնների մէջ եւ բարձր պաշտօնների են տիրացել։

«ՆՅ» – Որքա՞ն է Չեխոյ Հայերու թիւը։

Յ.Ա. – Դժուար է յստակ թիւեր ներկայացնել, բայց մօտաւորապէս 7-8 հազար Հայեր են ապրում Չեխիայում։ Նրանց մի մասը գաղթել է Խորհրդային Միութեան հանրապետութիւններից, մի մասը՝ սովետական Հայաստանից եւ մի մասն էլ Բաքուից կամ Սումգայիթից փախստականներ են, որոնք նախ հաստատուել են Ռուսաստան եւ յետոյ են տեղափոխուել Չեխիա։ Արեւմտահայերի թիւը շատ քիչ է, որոնք եկել են Կիպրոսից, Լիբանանից կամ Սիրիայից։ Համայնքը ընդհանրապէս միատարր է։ Վերջին շրջանին Պրահայի համալսարանի մէջ Հայաստանից ուսանողներ ունենք։

«ՆՅ» – Հայաստանցի երիտասարդներու մէջ հայրենադարձութեան տրամադրութիւններ կա՞ն, թէ՞ ոչ։ Նաեւ՝ զինուորացու տղաքը ի՞նչ դիրքորոշում ունին Հայաստանի մէջ զինուորութիւն ընելու եւ հայրենիքի սահմանները պաշտպանելու առընչութեամբ։
Յ.Ա. – Նման հարցախոյզ չի եղել եւ ես չեմ կարող խօսել նրանց դիրքորոշումների մասին։ Բայց նրանք որ Չեխիա են ծնուել եւ կամ փոքր տարիքից են եկել, արդէն ընդհանուր առմամբ զինուորութեան խնդիր չունեն, իսկ զինուորական տարիք ունեցողներն էլ մեծ մասամբ վճարել են գինը (3.000 տոլար) եւ ազատ երթ ու դարձ են անում։ Ես այստեղ ուզում եմ յիշել 2016-ի Ապրիլեան պատերազմը, երբ համայքից շատ-շատերը զանազան միջոցներով աջակցեցին իրենց հայրենակիցներին։ Նրանց մէջ կային նաեւ Հայութիւնից հեռու ապրող երիտասարդներ։ Սա փաստ է, որ երբ հայրենիքը դժուարութեան մէջ է գտնւում, համայնքը միահամուռ կերպով միաւորւում է եւ օժանդակում իր հայրենակիցներին։ Իմ կարծիքով՝ նախ պէտք է մարդկանց մօտ իշխանութիւնների նկատմամբ վստահութիւնը վերականգնել եւ յետոյ էլ պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել, որպէսզի նրանք ովքեր ծնուել ու մեծացել են արտերկրում եւ իրենց ծնողների քաղաքացիութիւնն են որդեգրել, կարողանան զինուորութիւնից բացի այլ կերպով աջակցել իրենց հայրենիքին։ Պէտք է հաշուի առնել նաեւ դրսում ապրողների ընտանեկան, ֆինանսական եւ տնտեսական զանազան խնդիրները։

«ՆՅ» – Հայաստան-Չեխիա օդային ուղղակի կապ գոյութիւն ունի՞։

Յ.Ա. – Ցայսօր ո՛չ, բայց այս ամառ երեք ամսով վերականգնեցին ուղղակի կապը եւ այդ պատճառով էլ բազմաթիւ Չեխահայեր իրենց ընտանիքներով առիթ ունեցան արձակուրդը Հայաստան անցկացնելու։ Շատեր ուզում են իրենց աչքերով տեսնել թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ նո՛ր Հայաստանը։

«ՆՅ» – Հայաստանի դեսպանութիւնը ի՞նչ միջոցներով կ՚օգնէ համայնքին։

Յ.Ա. – Չեխիայի մէջ համայնքի կազմակերպման եւ ընդհանրապէս Հայութիւնը ներկայացնելու գործում դեսպանատունը կարեւոր դերակատարութիւն ունի։ 2011 թուականից սկսեալ Հայաստանի դեսպանատուն ունենք(դեսպան Տիգրան Սեյրանեան)։ Ասեմ, որ շնորհիւ Հայաստանի ներկայացուցչութեան՝ անցեալ 7 տարիների ընթացքում աննախադէպ զարգացում ապրեցին հայ-չեխական յարաբերութիւնները՝ նախագահների, խորհրդարանների կամ կառավարութեան մասշտաբով։ Դեսպանատան ջանքերի շնորհիւ՝ չեխական գործարարութիւնը սկսուեց հետաքրքրուել Հայաստանով, նաեւ հայկական շուկայից որոշ առարկաներ սկսեցին յայտնուել չեխական շուկայի մէջ, ինչպէս կոնեակը, տարբեր տեսակի այլ խմիչքներն ու պահածոները։ Իսկ հակառակ ուղղութեամբ՝ Չեխիայի ապակեղէնը կամ չեխական ինքնաշարժերը մուտք գործեցին Հայաստան։ Նաեւ Երեւանում արդէն գոյութիւն ունեն չեխական ճաշարաններ, գարեջրատուն եւ այլն։ Չեխիան նաեւ տարբեր ոլորտներում տեխնիկական օգնութիւն է ցուցաբերում Հայաստանին, ինչպէս աթոմակայանի վերակառուցումը, մշակութային առումով՝ ցուցահանդէսների կազմակերպումը կամ երաժշտական խմբերի համերգները։ Իսկ քաղաքական տեսանկիւնից –ինչպէս գիտէք– Չեխիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը, որ արդիւնք էր՝ հայ-չեխական պատգամաւորական խմբերի, Հայաստանի դեսպանատան եւ համայնքի անդամների աշխուժ ջանքերին։ Տեղեկացնեմ, թէ տարիներից ի վեր մեր ստեղծած Ապրիլ 24-ի կոմիտէն ո՛չ միայն Ցեղասպանութեան ոգեկոչումով է զբաղւում, այլ նաեւ՝ համակարգում է համայնքային ձեռնարկները։
Չեխիայի մէջ կարեւոր դեր ունի նաեւ Հայ առաքելական եկեղեցին, որի հոգեւոր հովիւը՝ Բարսէղ վարդապետ Փիլավչեանը, աւելի քան 15 տարի է, որ ծառայում է իր հօտին։ Չեխիայի կաթողիկէ եկեղեցին՝ Պրահայի կենտրոնը գտնուող 14-րդ դարի իր եկեղեցին 25 տարուայ օգտագործման համար նուիրել է մեր համայնքին։ Այնտեղ ամէն Կիրակի ժամերգութիւն է կատարւում, իսկ եկեղեցական տօներին էլ պատարագ է մատուցւում։

«ՆՅ» – Եկեղեցւոյ եւ դեսպանատան կողքին Չեխիոյ մէջ հայկական ի՞նչ կազմակերպութիւններ կը գործեն։

Յ.Ա. – Արդեն նշեցի «Արմենիա» եւ «Ուրարտու» կազմակերպութիւնների մասին։ Ինչպէս գիտէք, «Օրեր» ամսագրի հրատարակիչը ոչ-կառավարական Կովկաս-Արեւելեան Եւրոպա լրատուական կենտրոնն է եւ մենք իրականութեան մէջ զբաղւում ենք տեղեկատուական եւ քարոզչական հարցերով։ Գոյութիւն ունի նաեւ անցեալ տարի կեանքի կոչուած Հայ երիտասարդական միութիւնը, իսկ համահամայնքային միակ ոչ պաշտօնական կազմակերպութիւնը –ինչպէս ասացի– Ապրիլ 24-ի կոմիտէն է։

«ՆՅ» – Համայնքէն ի՞նչ արձագանգներ կան Նիկոլ Փաշինեանի հայրենադարձութեան կոչի նկատմամբ։
Յ.Ա. – Նման արձագանգներ ինձ յայտնի չեն։ Բայց դրանից առաջ արդէն չեխահայ գործարարներ Հայաստան գալով ներդրումներ են կատարել, ինչպէս՝ Աղասի Զաւարեանը, որ Լոռիի իր գիւղի մէջ հիմնել է ընկոյզի վերամշակման այգիներ, որոնք բնականաբար աշխատանք կ՚ապահովեն տեղացիներին։

«ՆՅ» – Չեխ ժողովուրդը Հայաստանի յեղափոխութեան նկատմամբ ինչպիսի՞ վերաբերում ցուցաբերեց։
Յ.Ա. – Չեխ ժողովրդի կողմից շատ լաւ ձեւով ընդունուեց Հայաստանի յեղափոխութիւնը։ Դրական էին նաեւ պետական մակարդակով արձագանգները, որոնք գնահատեցին Փաշինեանի ժողովրդավար շարժումը։ Նոյնիսկ թերթերից մէկը Փաշինեանը համեմատեց Չեխիայի թաւշեայ յեղափոխութեան առաջնորդ Վացլաւ Հաւէլի հետ, ասելով որ Նիկոլ Փաշինեանը Հայերի Հաւէլն է։ Միւս կողմից սակայն, որոշ մտավախութիւններ կան, թէ արդեօք պատերազմական վիճակում գտնուող Հայաստանը պիտի կարողանա՞յ բարեփոխութիւններ կատարել եւ միաժամանակ պահպանել այդ փխրուն խաղաղութիւնը։

«ՆՅ» – Հոն թարգմանական գրականութիւն կը հրատարակուի՞։

Յ.Ա. – Այդ կարգի հրատարակութիւնների թիւը մեծ չէ, եթէ էլ կան անձնական նախաձեռնութիւններ են։ Օրինակ վերջին տարիներին իմ խնդրանքով հրատարակչութիւններից մէկը չեխերէնով վերահրատարակեց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը»։ Միաժամանակ գրական ամսագրերից մէկը –դարձեալ իմ առաջարկով– իր ամբողջ թիւը նուիրեց «Հայ գրականութիւնը եւ Ցեղասպանութիւնը» թեմային եւ այնտեղ չեխերէնով լոյս տեսան թէ՛ հին եւ թէ ժամանակակից հայ գրողների գործերը։ Չմոռանամ ասելու որ գրող, հասարակական գործիչ Վարուժան Ոսկանեանի «Շշուկների մատեանը» գիրքն էլ թարգմանուեց չեխերէնի։ Կան նաեւ այլ հրատարակութիիւններ։

Տեսակցեցաւ՝
Ժիրայր Չոլաքեան ■

«Նոր Յառաջ» երկօրեայի Յուլիս 28-ի թիւին, 2018, Փարիզ


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
2. Միքայել Զոլյան. Ոչ մեկին չի հաջողվել Հայաստանում բռնապետություն կառուցել
3. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
4. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
5. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
6. Հարիւրամեակ անկախութեան. Ժիրայր Չոլաքյան
7. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
8. ՉԵԽԻԱ. Սազավայում հարգեցին Արշավիր Դավիդյանի հիշատակը եւ նշեցին մայիսյան քառատոնը
9. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
10. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երեք ակցիա մեկ օրում Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: