ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պերճ Զեյթունցյան. Իսկական միավորողը պետք է Հայաստանը լիներ

23 օգոստոսի, 2017 | 10:48

Տաղանդաշատ  արձակագիր եւ դրամատուրգ, հրապարակախոս ու թարգմանիչ Պերճ Զեյթունցյանի հետ մեր հանդիպումը  2001 թվականին էր՝ Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններից հետո։ Սակայն մեր զրույցի շրջանակներն ավելի լայն էին՝ քաղաքականություն, մտավորականություն, գրականություն, երիտասարդություն եւ հայ ժողովրդի ապագան։ Տաղանդավոր մտավորականի ամեն մի գնահատական այսօր էլ արդիական է եւ  ամենեւին  չի կորցրել իր հրատապությունը։ Ցավալի է միայն, որ նրա ցանկությունները մինչ օրս չեն իրականացել։

Մեր միջեւ բարեկամությունը սկսվել էր դեռ ԱԶԳ-ում աշխատելու տարիներից, երբ մեծանուն գրողը այցելում էր խմբագրատուն եւ երկար զրույցներ ունենում գրականության եւ քաղաքականության շուրջ։ Հետագայում երբ Պրահայից  գնում էի Երեւան,  աշխատում էի տեսակցել, իսկ վերջին տարիներին իր հիվանդության պատճառով՝ ավելի հազվադեպ։  Բայց անկախ մեր հանդիպումների հաճախականությունից, նա միշտ սիրով էր արտահայտվում մեր կատարած աշխատանքի մասին։

Նրա քերթվածքները, որ ի դեպ թարգմանված են նաեւ չեխերենի, մշտապես կմնան հայ եւ միջազգային գրականության մեջ։

Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը սիրելի Մարդու, Մտավորական Պերճ Զեյթունցյանի հետ, որ տպագրել ենք ՕՐԵՐ ամսագրում 16 տարի առաջ՝  2001 թվականին։

Ափսոս, որ Մեծերն այսքան շուտ են հեռանում։

Հ.Ա.

 1700-ամյակի խորհուրդը եւ հավատքը Հայաստանում

Մեր հարցազրույցը հաջորդեց ՙԽոր Վիրապ՚ դրամայի պրեմիերային, որն իրադարձություն էր մայրաքաղաքի մշակութային, իսկ ավելի ճիշտ՝ թատերական կյանքում, թեեւ եղան ե՜ւ դրական, ե՜ւ բացասական արձագանքներ: Հատկապես Խորեն Աբրահամյանի խաղը նկատի ունեմ: Սակայն ինձ հետաքրքրում է մի այլ հարց. դրամայի ազդեցությունն այսօրվա իրականության վրա: Բնականաբար այն գրելիս միայն Տրդատի ու Գրիգոր Լուսավորչի պատմությունը նկատի չեք ունեցել:

– Նախ ասեմ, որ թեեւ ներկայացումը Սունդուկյանի շենքում էր, սակայն այն ոչ թե թատրոնինն էր, այլ ,,Խորեն Աբրահամյան եւ թատրոն,, կոչվող ընկերությանը, եւ ներկայացումը ֆինանսավորել էին պետությունը, եկեղեցին եւ ՀԲԸՄ-ն: 1700 ամյակին նվիրված ներկայացում է, բայց եթե քիչ թե շատ լուրջ մարդիկ են հեղինակները, ապա չեն կարող միայն վերարտադրությամբ բավարարվել, եթե չունեն իրենց սեփական ասելիքը, եթե աղերսներ չեն գտնում մեր ժամանակի հետ: Օրինակ, նույնիսկ աստվածաշնչյան թեմաներով ամերիկյան շքեղ ֆիլմերն այն տպավորությունը չեն թողնում, որքան հեղինակային ֆիլմերը` ասենք Պազոլինիի կամ Կազանձակեսի ֆիլմերը, որոնցում բացի հայտնի հիմքից կա նաեւ հեղինակային սցենար: Մենք էլ փորձեցինք այդ բանը անել: 1700 ամյակի կապակցությամբ այն կարծիքն էր շրջանառվում, թե խոզերի պատմությունը չպետք է օգտագործել, քանի որ Բյուզանդն ուրիշ հիվանդություն է նկատի ունեցել: Յոնեսկոն ,,Ռնգեղջյուրները,, պիեսում հորինել է դա, իսկ մենք դարեր առաջ այդ լեգենդը ունեցել ենք: Արտավազդի շղթաների պատմությանը ռեալիստական գնահատական տանք կամ Մհերի քարայր մտնելու լեգենդը չօգտագործե՞նք: Այս խոզանալու լեգենդն էլ սիրուն է, երբ ցույց է տալիս, որ մարդը խոզացավ եւ իր մեղքերի պատիժն է կրում: Թեկուզ կոպիտ հնչի, բայց այդ խոզանալու գործընթացը շարունակվում է նաեւ մեր հասարակության մեջ այսօր, եւ ոչ միայն մեզ մոտ, այլեւ ողջ աշխարհում: Մենք էլ երբեմն խոզ ենք դառնում: Այնպես որ, այս լեգենդի մեջ իմաստուն մի բան կա, որը պետք է ներկայացվի: Միգուցե ավելորդ է, ներկայացման վերջում, երբ պատմիչը դիմելով դահլիճին ասում է, թե` չկարծեք, այս պատմությունը, որ երջանիկ ավարտ ունեցավ, էլ չի կրկնվի: Ամեն անգամ, երբ որ ոսկին կդառնա մեր միակ հավատը, կապրենք կռապաշտի պես, էլի նույն բանը կկրկնվի. էլի պիտի մկրտվենք, ազգովի մաքրվենք, եւ զգույշ եղեք մարդիկ, ամոթ է խոզ դառնալը:

Պատգամ էր հանդիսատեսին:

-Այո, գուցե դա ուղղակի պատգամ էր, միգուցե պետք չէր բառերով արտահայտել, քանի որ ողջ ներկայացման մեջ արդեն իսկ այդ գաղափարը կար, բայց վախեցա, որ շատերին կարող է տեղ չհասնի: Ներկայացումը այսօրվա մասին է: Չգիտեմ, ինչքանով ստացվեց, բայց հանդիսատեսը արտակարգ ջերմ ընդունեց: Մեր թատրոններում վաղուց ես այդքան մարդ չէի տեսել, մանավանդ՝ օթյակներում: Սա շատ ուրախալի էր, բայց մի բան ինձ մտահոգում է, որ մենք էլ չդառնանք կամաց-կամաց սփյուռքի թատրոն: Սփյուռքում 10 հոգով մի տարի շարունակ դժվարություններով 5-7 ներկայացում են տալիս, եւ այդ ներկայացումը մեռնում է: Իսկ վերջերս դրամատիկականում ներկայացվեց իմ  ՙՄեծ լռություն՚  պիեսի 150-րդ ներկայացումը: Պատկերացնում եք 18 տարի է այդ ներկայացումը խաղացվում է … Ես դրա համար սփյուռքի ներկայացումների մասին` լավ են, թե վատ, չեմ ասում, ես գնահատում եմ նրանց նվիրվածությունը: Հիմա ես էլ վախենում եմ, որ այս ներկայացմամբ ընկնենք նույն օրը: Մի քանի անգամ ներկայացվի եւ վերանա:  Նախ ֆինանսներ են պետք: Դերասաններին պետք է վճարել, քանի որ նրանք բոլորը տարբեր տեղերից էին հավաքված…Ամեն մեկը մի թատրոնում է աշխատում, էլ չեմ ասում երգչախմբի ու պարային խմբերի համար: Իզուր կանցնի այսքան տարվա աշխատանքը: Խորեն Աբրահամյանի հետ դեռեւս մի քանի տարի առաջ, Միացյալ Նահանգներում գտնվելու օրերին, պայմանավորվեցինք այսպիսի ներկայացման համար սցենար պատրաստել: Այնտեղ սկսեցի գրել ,,Խոր Վիրապը,, եւ այստեղ վերջացրի: Այլ բեմերում դժվար է: Աբրահամյանը ուզում էր ֆիլմ նկարահանել, սակայն դա ահռելի գումարների հետ էր կապված:

Խոր Վիրապ անունով ցանկացել եք նշել, որ մեր ժողովուրդն արդեն վիրապում է եւ դուրս գալու ժամանակն է:

– Չէ, դա նկատի չենք ունեցել: Իմ նպատակն այն է, որ հանդիսատեսն իմանար, թե ուր է գնում: Դրեցի չափված վերնագիր: Այս թեմայով պետք է զբաղվեն մարդիկ, որոնք իրոք հավատացյալ են: Եթե հավատացյալ չես, ապա ամոթ է:

Դուք հավատացյալ ե՞ք:

-Այո: Նախ ես հայրենադարձ եմ: Եվ եթե նույնիսկ 10 տարեկանում գալիս ես մի անաստված երկիր, շատ դժվար է այդ հավատը մեջից հանել: Հավատացյալ եմ, չբացատրեմ թե ինչ ձեւով: Ամեն մարդ ունի իր հավատը եւ այդ մասին չպետք է երկար խոսել:

Այսօր մեր ժողովուրդն ինչքանո՞վ է մոտ այդ հավատին:

-70 տարի ապրել ենք անաստված երկրում: Աթեիզմն է եղել գլխավոր գաղափարախոսություններից  մեկը, Աստված համարվել է սուտ, հետապտնդվել են հավատացյալները: Այս տասը տարիներին թեեւ կրոնի, խղճի ազատություն կար, բայց հավատացնում եմ, որ մի ժողովուրդ, որ 70 տարի անհավատության մեջ է ապրել, 10 տարում հավատացյալ չէր դառնա: Հետաքրքրություն է առաջացել եկեղեցու նկատմամբ, մարդիկ կնունքներ են անում, ամուսնություններ, առաջ ադ ամենն արգելված էր: Այդ ամենը զուտ արտաքին նշաններ են: Հավատն ավելի խոր բան է, այն լեզվի վրա չէ, այլ ավելի խորը թաքնված բան է: Նոր սերունդն է, որ պետք է հավատացյալ մեծանա: Հայաստանը հիմնականում հավատացյալ երկիր չէ, այլ ցուցադրում է հավատացյալ լինելու ցանկությունը: Իսկ դա շատ  քիչ է։

– 1700 ամյակի տոնակատարությունները, Աստվածաշնչի քարոզչությունը, զվարճալի ուսուցողական միջոցառումներն ինչպիսի՞ ազդեցություն թողեցին, սպասվածը արդարացվե՞ց։

– Ես ուրիշ բան էի սպասում։ Լինել աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը՝ դա շատ մեծ երեույթ է, նույնիսկ մեծ բնորոշումն այստեղ քիչ է։ Դա հսկայական երեւույթ է համաշխարհային պատմության մեջ։  Աշխարհի քարտեզի վրա Հայաստանը դեռեւս իր գույնը չունի, շատ-շատերը չգիտեն ի՞նչ է Հայաստան եւ որտեղ է Հայաստանը։ 1700-ամյակն այն միակ առիթն էր, որ պետք է օգտագործեինք, որպեսզի աշխարհը ճանաչեր մեզ։ Հիմնական ուղղությունը մեր աշխատանքի պետք է լիներ դեպի արտաքին աշխարհը։ Օրինակ, Հռոմի Պապի այցն ու Վատիկանում Հայաստանին նվիրված ցուցահանդեսի բացումը շատ մեծ երեւույթներ էին։ Նման ակցիաներ պետք է շատ ունենայինք։ Ավելի շատ ներքին միջոցառումներ եղան, ճիշտ է, դա էլ պետք է, սակայն մեր քաղաքականությունը ավելի շատ դրսի աշխարհին պետք է վերաբերեր։ Այսպիսի համոզիչ առիթ մենք չենք ունենա այլեւս։ Հիմնականում դա ձեռքից բաց թողնվեց եւ 1700-ը մնաց նեղ շրջանի մեջ։

,,Ժողովրդի վրա հույս դնել կամ ժողովրդին մեղադրել այսօր ոչ ոք չի կարող։ Մեղադրել պետք է միայն իշխանություններին,,

-Քաղաքական իմաստով ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը՝  նկատի ունենալով եւ ներքին ահաբեկչությունները, եւ արտաքին աշխարհում ճգնաժամային երեւույթներն ու փոփոխությունները՝ Միջին Արեւելք, ԱՄՆ, Ռուսաստան….

– Ցավոք, ժողովրդի մասին չենք կարող խոսել, քանի որ անցած տասը տարիներին, հատկապես նախորդ իշխանությունները, եւ մասամբ նաեւ այսօրվա իշխանությունները, ամեն ինչ արեցին, որպեսզի ժողովուրդը չկարողանա գլուխը վերեւ բարձրացնել։ Բոլորը ցած են նայում, բոլորն իրենց սոցիալական բեռի տակ կքած, եւ նրանց համար որեւէ նշանակություն չունի, թե ինչ է կատարվում։ Իշխանությունները պետ է խելացի լինեն, որ խուսանավեն այս բարդ իրավիճակի մեջ։ Թե ինչ պետք է անեն, ես չգիտեմ։ Պետք է կարողանան ճիշտ հոտառություն ունենալ՝ արտաքին աշխարհի ճնշումներին դիմագրավելու համար։ Մենք պետք է ներսում ինքներս բարոյապես ուժեղ լինենք։ Եթե մենք ներսում ուժեղ չենք, մեզ հաստատ ցավ կպատճառեն։ Այս տասը տարիներին, եւ հիմա էլ, մենք ներսում ուժեղ չենք։

– Կարծում եք, որ ,,ներքին ուժեղությանը,, խանգարում են միայն իշխանական համակարգի թուլություննե՞րը։ Կար կարծիք, որ ժողովուրդն էլ պատրաստ չէ այդ համախմբվածությանը։ Քանի որ 88-ի համախմբվածությունն այնպես փլուզվեց, որ այսօր շատ դժվար կլինի վերագտնել այդ գերբնական ուժը՝  նորից ազգին մի գաղափարի շուրջ համախմբելու։

– Այդպիսի հզոր ժայթքում լինում է ոչ տասը տարին մեկ անգամ։ 1965-ին էր եղել, մեկ էլ 88-ին։ Դա հրաշք էր, որ եղավ… Բայց հետո ժողովուրդն այնպես հուսախաբ եղավ, դրան գումարվեց այս անբարո մթնոլորտը, սոցիալական բեւեռացումը… Ժողովրդի վրա հույս դնել կամ ժողովրդին մեղադրել այսօր ոչ ոք չի կարող։ Մեղադրել պետք է միայն իշխանություններին։ 1918 թվին, երբ Հայաստանն անկախացավ, ահավոր ժառանգություն ստացավ։ Այդ ժառանգությունը, երբ համեմատում ենք այն բանի հետ, որ մենք ստացանք անկախության տարիներին, համեմատելու բան էլ չեն։ Բայց ովքեր եկան իշխանության… պայծառ մարդիկ էին, նրանցից որեւէ մեկին կաշառակերության մեջ կարելի էր մեղադրե՞լ։ Դրանք սեւագործ մարդիկ էին, որ աշխատում էին այդ պետության համար։ 2.5 տարի տեւեց այդ հանրապետությունը, ինչ-որ բաներ արեցին։ Այսօր այդ սեւագործ մարդիկ չկան։ Ինձ ցույց տվեք մի մարդ, ով անանձնական տրված է իր աշխատանքին։ Այսօր այդպիսի մարդիկ են պետք, այլապես այս երկիրը ոտքի չի կանգնի։ Երբ ասում են իշխանության այսինչ մարդկանց փոխել, համաձայն եմ, բայց նախեւառաջ պետք է փոխել իշխանության տեսակը։

Նման մարդիկ կա՞ն Հայաստանում, թե դրսից պետք է գան։

-Դրսից եկան, բայց վարկաբեկվեցին։ Բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, թե Ժիրայր Լիպարիտյանը, թե Սեպուհ Թաշճյանը վարկաբեկվեցին… ներսից պետք է լինի։ Դրսից եկողները լավ  չգիտեն Հայաստանը։ Երեւի դրսում կլինեն Հայաստանից գնացած մարդիկ։ Ժամանակին մենք գիտեի՞նք ովքեր են Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը…

,,Գրողն ուրիշ է` հիվանդություն է եւ բուժում չունի»

-Իշխանություններից անցնենք մտավորականությանը, որը նույնպես ժողովրդի հայելին է։ Մեր մտավորականությունն ընդհանուր առմամբ, բացառություններին նկատի չունեմ, կարծես թե ենթարկվեց իշխանություններին, դարձավ հլու կամակատար, եւ փաստորեն կուլ գնաց վերեւներին։ Խորհրդային տարիներին երեւի թե Գրողների միությունը ավելի շատ էր ընդվզում, քան անկախության շրջանում։ Ինչո՞ւ հենց անկախության տարիներին , երբ գրողական միջավայրն ավելի համարձակ պետք է լիներ եւ կուլ չգնար, հետընթաց եղավ։

– Երբ մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, մեր ժողովրդի առաջնորդները եղել են հայ մտավորականներն ու հայ եկեղեցին։ Սովետական շրջանում էլ մտավորականությունը մնում էր ժողովրդի հույսը։ Որոշ մասն իրեն լավ էր պահում։ Ժողովրդից շատ հաճախ էին դիմում այս կամ այն գրողին՝ իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով։ Անկախությունից հետո թվում էր, թե մտավորականությունը պետք է այդ առաքելությունկ կրի։ Եվրոպական գրողները մեզ հետ հանդիպմանը վերջերս ասացին, որ իրենց երկրներում գրողներին ոչ ոք չի էլ ճանաչում, նրանք զբաղված են իրենց գրականությամբ։ Երանի մեզ մոտ էլ այն օրը գար, որ ոչ ոք մեզ չճանաչեր, ու մենք էլ զբաղվեինք մեր գործով։ Հայ մտավորականը ստիպված էր ե՛ւ հասարակական գործիչ լինել, ե՛ւ քաղաքական գործիչ։ Մի մասը անկախությունից հետո շփոթվեց, մի մասը աղքատության մեջ ընկավ, մի մասը ծախվեց իշխանություններին, ծախվեցին նաեւ շատ հարգելի մարդիկ, որոնց համար ես շատ ցավում եմ, որ նրանք ժողովրդի կողքին չեղան։ Թեեւ այս ,,ժողովրդին կողքին լինելու,, արտահայտությունն էլ այնպես են վարկաբեկել, որ չգիտես՝ ինչ ասես։ Բայց չեղան ժողովրդի կողքին։ Ես միշտ դժվարանում եմ խոսել մտավորականների մասին, քանի որ դա իմ տեսակն է, իմ սորտն է,  ես իմ տեսակի մասին խուսափում եմ մանրամասն խոսել, ընդհանուր բաներ ասել։ Մտավորականությունն իր բարձրության վրա չգտնվեց, երբեմն ամոթալի անկումներ ունեցավ։

– Գրական կյանքն ի՞նչ ընթացք ունեցավ։ Հունձքը ո՞րն է եղել։

– Չէի ասի, որ գրական հունձք է եղել։ Առաջներում եղել են սերունդներ, օրինակ իմ սերունդը՝ Հրանտ Մաթեւոսյան, Ռուբեն Ադալյան, Աղասի Այվազյան, Ռուբեն Հովսեփյան եւ այլն… Հետո եկավ բանաստեղծների սերունդը… իսկ հիմա կան շնորհալի մարդիկ, անուններ, բայց սերունդ չկա։  Չեմ կարող ասել, որ գրական նոր սերունդ կա։ Մի քանի հետաքրքիր մարդիկ կան։ Օրինակ, շատ եմ հավանում Գրիգոր Խանջյանին, որ շատ մոդեռն մտածողություն ունի։ Եվ ես նախանձում եմ այսօրվա գրողներին։  Ժամանակին, երբ ես մտածում էի, որ մեր գրականությունն իր պատյանից պետք է դուրս գա եւ դրսի աշխարհի հետ խոսի, համարվում էի հակահայ գրող, սվիններով էի ընդունվում։ 50 տարվա ստեղծագործության մեջ հաղթեցի ես։ Հիմա այդ հնարավորությունը կա։ Նույնիսկ չափազանցության մեջ են ընկնում։

– Այդ չափազանցության մասին էի ուզում խոսել, նկատի ունենալով եւ ,,Բնագիր,, ինտերնետային էջը,  եւ ,,Գարուն,,ում տպագրվող բանաստեղծությունները, որոնց մեջ երբեմն հաջողված գործեր լինում են, սակայն հիմնականում ազատությունը վերածվում է ցինիզմի ու լպիրշության, եւ ինչ որ տեղ աղավաղվում է ,,մաքուր,, գրականություն հասկացողությունը։ Պահպանողականի հագուստ չեմ ուզում հագնել, բայց նոր սերունդը, որ պետք է գրականությամբ ու արվեստով կրթվելու իր հնարավորությունը  բարձրաճաշակ գործերով լցնի, ընտրելու քիչ բան ունի։

– Իմ կարծիքով գրականության մեջ ամեն ինչ կարելի է, փակ դռներ չպետք է լինեն, ամեն ինչ պետք է բաց լինի, բայց դրա համար տաղանդ է պետք: Նույն Շահան Շահնուրի մոտ դա չի նկատվում, որովհետեւ տաղանդով է գրել, կամ Հիլզենրաթը որքան բաց բաներ ունի, որ չի էլ նկատվում, քանի որ միահյուսված է բնականորեն: Գեղարվեստական այնպիսի կոնտեքստի մեջ է դրված, որ ամոթ է ասել` այդպիսի բաներ չի կարելի անել: Դա սոված մարդու ագահություն է: Տաղանդավոր մարդը սահմանները չի անցնում, նա ամեն ինչ անում է առանց տաբուների: Մենք նոր գրական սերունդ չունենք: Անհատականություններ կան, բայց դրանց գումարը սերունդ չի տալիս: Ընդհանուր մի հոսանք կամ ուղղություն չկա: Այսօր դրա հետ զուգահեռ նաեւ ընթերցող չկա:

 – Այդ հարցը ես Դեր Զորում տվեցի նաեւ Հրանտ Մաթեւոսյանին, հարցնելով, թե ինչու 10 տարի է ոչինչ  չի գրում, եւ նա պատասխանեց. ,,Ընթերցող գտեք, եւ ես կգրեմ,,։  Դուք ինչպե՞ս եք մոտենում այդ հարցին:

– Եթե գրող ես, եւ արտահայտվելու կարիք ունես, չես կարող խեղդվել: Եթե բան ունես ասելու, այսօր պետք է ասես: Բայց այսօր ընթերցողի հետ կապն էլ չկա: Փողոցում թափված են Սեւակ, Շիրազ, որոնց համար ժամանակին հերթ էին կանգնում:

-Նույնիսկ Էջմիածնի գանձերը…

– Այո, որն առաջ հնարավոր չէր գնել: Երկխոսության ձեւերից մեկն ինձ համար թատերգությունն է: ՀԲԸՄ-ի տպագրած իմ 1000 տպաքանակով գրքույկից վաճառվել էր ընդամենը 300 օրինակ, որը հավասար է երկու ներկայացման դահլիճի` երկանգամյա երկխոսության: Մինչդեռ մյուս ներկայացումներն ավելի շատ են գնացել: Բայց ամեն մարդ դրամատուրգիայով չի զբաղվում: Հատուկ ժանր է: Գրողն ուրիշ է` հիվանդություն է եւ բուժում չունի:

– Հրապարակախոսությունն էլ կարծես նահանջ ապրեց ձեր սերնդից հետո: Այս ժանրն ինչո՞ւ իր ազդեցությունը թուլացրեց:

– Հրապարակախոսությունը բաց տեքստի գրականություն է, որը նույնպես հեշտ չի: Երեւի հոգնեցինք: Չնայած ես անցնող տարում մի քանի հոդվածներ գրել եմ: Ավելի նախընտրում եմ բանավոր խոսել հեռուստատեսությամբ, թեեւ հոգնելու իրավունք չունեի:

Ցեղասպանության հարցը քննարկելու հարց չէ, լուծելու հարց է:

 -Այժմ հոգեբանության տարբերության մասին, որ նկատվում է արդեն սփյուռքում ապրող հայաստանցիների ու Հայաստանում մնացած նրանց հարազատների, մտերիմների միջեւ: Այսինքն նույն վիճակն է, ինչ տարիներ առաջ սփյուռքահայի նկատմամբ ուներ ցանկացած հայաստանցի…

-Այս տարի ՙԱզգ՚ում տպեցի ՙԱյդ տարբեր, տարբեր հայերը՚ հոդվածը, ուր հենց այդ մասին էի գրում, թե որքա՛ն անջրպետ կա Հայաստանի ու սփյուռքահայության մեջ, դա դեռ քիչ է` բուն սփյուռքի մեջ որքա՛ն տարբերություն կա. ամերիկահայն ուրիշ է, սիրիահայն ուրիշ է, ֆրանսահայն ուրիշ է…տարբեր, տարբեր հայեր են: Ես գտա դրա բուժման մի միամիտ եղանակ` լեզուն ու մշակույթն են միավորողը, մինչդեռ ԻՍԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՂԸ ՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՆԵՐ:

Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկիր, դեպի որը կձգտեն սփյուռքում ապրողները, որոնք ինչե՛ր արեցին անկախության առաջին տարիներին, եւ ինչե՛ր կարող էին անել Հայաստանում: Բայց մեզ այնքան անարժան պահեցինք, որ այլեւս չեն հավատում: Այդ տելեթոնները, որ անցկացվում են, գումարներն ամեն տարի քչանում են, եւ մարդիկ չեն հավատում այլեւս: Մտածում են, որ իրենց գումարները գողացվում են: Հայաստանն է մեղավոր: Մինչդեռ Հայաստանն իսկի երկրի ներսում չի կարողանում մեզ միավորել, ուր մնաց թե աշխարհի հայությանը: Բայց սա տարագիր վիճակ է:

Ես լավատես չեմ, ոչ էլ` հոռետես: Ես իրատես եմ: Եթե այդ ակնոցով նայենք, ցավոք լավ բան չեմ տեսնում: Դա իմ երկիրն է, եւ իմ մասին եմ ասում… Իմիջիայլոց, հայ ժողովրդին միավորող հարցերից մեկը ցեղասպանության հարցն է: Սակայն այստեղ էլ հայ-թուրքական հանձնաժողով ստեղծեցին, նորից ՀՀՇ-ածին ուժերի մասնակցությամբ, որպեսզի իրենց օրոք տարած քաղաքականությունը շարունակեն: Դա օբյեկտիվ դավաճանություն էր: Ցեղասպանության հարցը քննարկելու հարց չէ, լուծելու հարց է:

Հարցազրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

ՕՐԵՐ   եվրոպական ամսագիր 11-12/ 2001 թվական

Երեւան-Պրահա

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
3. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
4. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
5. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
6. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
7. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
8. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
9. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
10. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: