ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին

19 ապրիլի, 2017 | 08:14

«Օրեր» եվրոպական ամսագրի հարցերին պատասխանում է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշատական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը

 paruir hovhannisyan

 

Պարույր Հովհաննիսյանը Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել 2016թ. հունիսի 14-ին: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ-ում Եվրոպայի վարչության պետի պաշտոնը: ԱԳՆ համակարգում է աշխատում շուրջ 22 տարի, ներառյալ երկարատև գործուղումներ ՄԱԿ-ում /Նյու Յորք/ և ԵՄ-ում /Բրյուսել/  ՀՀ առաքելություններում:

ՕՐԵՐ.- Վերջին շրջանում եվրոպական կառույցների նկատմամբ լայն տարածում գտած քննադատության համատեքստում ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) հարաբերությունները, ինչպիսի՞ դերակատարություն ունի ԵԽ այսօր Հայաստանում։

            Պ.Հ.- Այո, ճիշտ եք նկատել, որ այս օրերին եվրոպական մայրցամաքում բավականին մեծ տարածում ունեն պոպուլիստական, ազգայնական հոսանքները, որոնք գրանցում են նաև ընտրական լուրջ հաջողություններ։ Եվրոպական հաստատությունները /ԵՄ կառույցները/, ինչպես նաև Եվրոպայի խորհուրդը` ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), հաճախ թիրախներ են դառնում արդիական այնպիսի հիմնախնդիրների` միգրացիայի, ահաբեկչության, տնտեսական ճգնաժամի լուծման տեմպերից դժգոհողների համար։

Հայաստանի համար Եվրոպայի խորհուրդը շարունակում է մնալ համաեվրոպական կարևոր կառույցներից մեկը, որի գործունեության առանցքն են կազմում մարդու իրավունքների երաշխավորումը, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը։ ԵԽ-ը մշտապես աջակցել և ուղեկցել է Հայաստանին ինչպես ժողովրդավարության անցումային, այնպես էլ դրա ամրապնդման և կայացման հետագա փուլերում։

2001թ. դառնալով ԵԽ անդամ և ստանձնելով մի շարք պարտավորություններ՝ Հայաստանը վերահաստատեց իր պատկանելիությունը եվրոպական մեծ ընտանիքին՝ ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, այլև այդ արժեհամակարգի նկատմամբ հավատարմությամբ: Այդ առումով ցանկանում եմ մեջբերել ընթացիկ տարվա հունվարին ԵԽ-ում Հայաստանի անդամակցության 16-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքերը. «ԵԽ-ին Հայաստանի  անդամակցությունից ի վեր` ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ԵԽ արժեքները պետական հասարակական կառույցներում և ազգային օրենսդրությունում ներդնելու և դրանք հետևողականորեն ամրապնդելու հաստատակամությամբ: Ուստի Եվրոպայի խորհուրդն աջակցում է կայուն և բարեկեցության ուղով առաջ շարժվող Հայաստանին և բարձր է գնահատում Հայաստանի համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության հանդեպ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին»:

Ակներև է, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր դերակատարություն ունի ինչպես Հայաստանի հանրային-պետական կյանքում, այնպես էլ անհատ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Եվրոպայի խորհուրդն` իր բազմաթիվ մասնագիտացված մարմիններով, շարունակում է նշանակալի աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին։ Արժանահիշատակ է Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ։ Համագործակցության կարևոր գործիք է նաև Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագիրը, որը ներառում է տասնյակ ծրագրեր՝ արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։  Մեծ կարևորություն ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի վճիռներն էական են ոչ միայն անհատների խախտված իրավունքների վերականգման առումով, այլ նաև նախադեպային իրավունքի միջոցով նպաստում են եվրոպական չափանիշներին համահունչ օրենսդրության մշակմանը։

Paruyr HovhannisyanՕՐԵՐ.- ԵԽ-ին անդամակցությունից հետ Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ և դարձել ԵԽ բազմաթիվ կոնվենցիաների անդամ։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կողմից այդ կոնվենցիաների կատարման գործընթացը։

Պ.Հ.- Հայաստանն, իսկապես, լուրջ առաջընթաց է գրանցել իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բացի, վավերացրել է 60-ից ավելի ԵԽ կոնվենցիա։ ԵԽ-ն բազմիցս է նշել այդ փաստը և ընդգծել, որ մեր երկիրն ազգային մակարդակով վստահ քայլերով ամրապնդում է ժողովրդավարությունը։

Կառույցը, ըստ սահմանված պարբերական փուլերի, դիտարկում է Հայաստանում ընթացող գործընթացները, բարեփոխումները մոնիտորինգային մարմինների՝ ԵԽ նախարարների կոմիտեի ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքի միջոցով։ Ի դեպ, ցանկանում եմ ընդգծել, որ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության ԵԽ կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ զեկույցում Հայաստանում Սիրիայից, Իրաքից 20.000-ից ավելի փախստականների ընդունման փաստն արձանագրելիս հստակ նշվում է, որ եվրոպական տարածքում տիրող հակամիգրացիոն տրամադրությունների ֆոնին փոքր տարածքով և հնարավորություններով օժտված Հայաստանի համար նմանօրինակ մեծածավալ ներգաղթը չի դրսևորվել փախստականների հանդեպ որևէ թշնամանքով և կանխակալ վերաբերմունքով: Ավելին` անկախ փորձագետներն արձանագրել են, որ թե´ ՀՀ իշխանությունները, թե´ քաղաքացիական հասարակությունը ջանքեր են գործադրում փախստականների ինտեգրումը հնարավորինս դյուրացնելու համար:

ԵԽ-ում Հայաստանը համագործակցություն է ծավալում նաև ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հետ` նպատակաուղղված ՀՀ համայնքներում տեղական ժողովրդավարության  ամրապնդմանը, ինչպես նաև ԵԽ մասնագիտացած այլ կառույցների` Եվրոպական ֆիլմարտադրության աջակցման հիմնադրամի` Եվրիմաժի, Դեղորայքների որակի վերահսկման` Եվրոպական ֆարմակոպեայի հետ: Հայաստանը հետևողական հանձնառություն է դրսևորում նաև ԵԽ պաշտոնական լեզուների` անգլերենի և ֆրանսերենի իրավահավասարության սկզբունքի երաշխավորման հարցում` ԵԽ աշխատանքներում ի նպաստ տվյալ լեզուների հավասար գործածության և հասանելիության:

Մեր երկիրն ակտիվ մասնակցություն է ապահովում նաև ԵԽ հասարակական շարժումներում` անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի համար կոչված «Ո´չ ատելության խոսքին» և 2016թ. նախաձեռնված «Ո´չ ատելությանը և ո´չ վախին» ահաբեկչական սպառնալիքի դիմակայման ԵԽ շարժմանը:

 

ՕՐԵՐ.- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որքան հաճախ է անդրադառնում Հայաստանին առնչվող գործերին, հիմնականում ի՞նչ բնույթի են դրանք եւ որքանո՞վ են Հայաստանում իրականացվում ընդունված վճիռների կատարումը։

Պ.Հ.- Ընդունված տեսակետ է, որ Ստրասբուրգի դատարանը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան – ՄԻԵԴ) Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի «թագն» է։ Հայաստանը ևս մշտապես կարևորել է ՄԻԵԴ դերակատարությունը և աջակցել դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներին։ Հիշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, որոնք վերաբերում են դատարանի հետագա բարեփոխումներին, ստորագրման համար բացվել են 2013թ.՝ ԵԽ-ում Հայաստանի նախագահության աշխատանքների ընթացքում։

Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների կատարմանը, որոնց վերահսկողությունն իրականացնում է ԵԽ Նախարարների կոմիտեն /բարձրագույն գործադիր մարմին/, նշեմ, որ Հայաստանն այդ առումով  բավական բարենպաստ դիրքերում է։ 2015թ. Նախարարների կոմիտեում Հայաստանի վերաբերյալ առկախված է եղել 25 գործ, իսկ 2016թ. վերջին՝ 19-ը։

2015թ. փակվել է Հայաստանի վերաբերյալ 17 գործ, իսկ 2016թ. ավարտված է համարվել 16 գործերի նկատմամբ վերահսկողության իրականացումը։

Ընդհանրական պատկերը հասկանալու համար` նշենք, որ 2016թ. վերջին Նախարարների կոմիտեում կար առկախված մոտ 10.000 գործ, որոնցից 1.573-ը Ռուսաստանի դեմ, 168-ը՝ Ադրբեջանի դեմ, 39-ը Վրաստանի դեմ, 286-ը՝ Մոլդովայի դեմ և այլն։ Իհարկե, կան վճիռներ, որոնց իրականացումը ժամանակ և ռեսուրսներ է պահանջում։

Այդուհանդերձ Հայաստանում լուրջ ուշադրություն են դարձնում վճիռներում տեղ գտած խախտումների կրկնությունը կանխելու և համակարգային լուծումներ տալու աշխատանքներին։

paruyr strasburg 3ՕՐԵՐ- ԵԽԽՎ-ում ի՞նչ դերակատարություն ունի ադրբեջանական լոբբին և որքանո՞վ է հայկական կողմին հաջողվում չեզոքացնել հակահայկական բանաձեւերի ընդունումը։ Որքանո՞վ է մեր հարեւան երկիրը առնչվում հայտնի կոռուպցիոն սկանդալներին ԵԽԽՎ-ում։

Պ.Հ.- Անշուշտ, վերջերս ԵԽԽՎ-ում բռնկված կոռուպցիոն սկանդալները որոշակիորեն ստվեր գցեցին այդ կառույցի վրա և բացասաբար անդրադարձան դրա արժանահավատությանը։ Նախևառաջ խոսքը վերաբերվում է Իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեին, որի նկատմամբ Միլանի դատախազությունը քրեական գործ է հարուցել: Շրջանառվում է նաև ադրբեջանական կոցմից «ոչ պատշաճ» լոբբիստական գործունեության այլ դեպքերի մասին տեղեկատվություն և վերջերս նույնիսկ ԵԽ Գլխավոր քարտուղարը բաց նամակով դիմել է ԵԽԽՎ նախագահին` կոչ անելով անցկացնել համապատասխան հետաքննություն:

Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմի նման գործելաոճին, ապա անցած տարվա հունվարին բրիտանացի պատգամավոր Ուոլթերի ԼՂ վերաբերյալ տխրահռչակ բանաձևի` ԵԽԽՎ կողմից մերժումը ցույց տվեց դրա «արդյունավետությունը»:

ՕՐԵՐ.- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստան-ԵԽ հարաբերությունների ապագան։

Պ.Հ.- Անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԽ աշխատանքներում և իր ավանդն է բերում կազմակերպության բարեփոխման և «եվրոպական ճարտարապետությունում» դրա դերի ամրապնդման շարունակական գործընթացին։

Մենք արդյունավետորեն համագործակցում ենք ԵԽ Գլխավոր քարտուղարի, քարտուղարության ստորաբաժանումների, ԵԽԽՎ-ի, Կոնգրեսի, Մարդու իրավունքների հանձնակատարի հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել ԵԽ արդյունավետությունը մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում։

Մենք վստահ ենք, որ Եվրոպայի խորհուրդն իր անդամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել նաև կառույցի ներսից եկող մարտահրավերները և կշարունակի ծառայել իր կանոնադրական նպատակներին՝ ի շահ 47 երկրի և այդ երկրների 820 միլիոն քաղաքացիների։

 

ՕՐԵՐ

Orer.eu

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
2. Երեւանում բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը
3. Չեխիայի նախագահը վերահաստատեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտնի դիրքորոշումը. մեկնաբանում է Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանը
4. Ստելլա Կիրիակիդեսը ընտրվեց ԵԽԽՎ նոր նախագահ
5. Երեւանում օծվել է ռուսական եկեղեցին
6. Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը քննարկվել է Ստրասբուրգում
7. Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև
8. Հանդիսություն Ակնալճի եզդիական սրբատեղիում, ուր կառուցվում է Տաուսե Մալակի տաճարը
9. «Սենատ» համահայկական իրավաքաղաքական կառույց ստեղծելու գործընթացը սկսված է
10. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: