ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մահափորձ Պարույր Հայրիկյանի դեմ .Նախագահի ընտրությունը կհետաձգվի՞ երկու շաբաթով

31 հունվարի, 2013 | 20:32

ԵՐԵՎԱՆ- Այսօր երեկոյան 23,30-ի սահմաններում Երեւանի Տպագրիչների իր տան մոտակայքում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց ԱԻՄ նախագահ եւ ՀՀ նախագահության թեկնածու Պարույր Հայրիկյանը։ Այս մասին հայտնում են հայկական լրատվական կայքէջերը։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ուսի մասում ստացած վնասվածքով Պարույր Հայրիկյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն եւ սկսել են վիրահատությունը։

Պատկան մարմիններն արդեն տանում են գործի քննություն։

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը հարված էր իշխանություններին և պետականությանը: Այդ մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ես կարծում եմ դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան ակնհայտ է, առաջին հերթին սա հարվածում է իշխանություններին և պետականությանը»,- ասաց ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշեց որ այս պահի դրությամբ ամենակարևոր հարցը Պարույր Հայրիկյանի առողջական վիճակն է: «Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են»,- հավաստիացրեց վարչապետը: «Բոլորիս իհարկե զայրացնում է այն, ինչ որ տեղի է ունեցել և բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք որպեսզի բացահայտենք մեղավորներին»,- ասաց վարչապետը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հանդիպել է հրազենային վնասվածք ստացած ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայրիկյանը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել է, որ կրակոցը եղել է ոչ թե մեկը` այլ երկուսը: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայրիկյանը չի տեսել ոչ որևէ մեքենա և ոչ էլ մահափորձն իրականացնողին: «Սա քայլ է պետության դեմ: Ոստիկանները կանեն հնարավորը` հանցագործությունը բացահայտելու համար»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Պատասխանելով հարցին՝ հնարավոր է, որ ընտրությունները հետաձգվեն երկու շաբաթով, ինչպես նախատեսված է ՀՀ սահմանադրության 52 հոդվածով, Հովիկ Աբրահամյանը չի բացառել նման հնարավորությունը:

Սահմանադրության 52 հոդվածը սահմանում է, որ հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Ակնհայտ է, որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից կախված՝ կորոշվի ընտրությունների հետաձգման հնարավորությունը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ևս այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է: Նա հասցրել է շփվել Պարույր Հայրիկյանի հետ:  Բժիշկների Արմեն Աշոտյանին փոխանցել են, որ վիրահատությունը հավանաբար տեղի կունենա վաղը, իսկ այսօր կշարունակվի բուժզննումը:

Այստեղ են եկել նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:

Orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: