ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պարոնյանցիները նշում են թատրոնի հիմնադրման 75-ամյակը

21 նոյեմբերի, 2016 | 09:19

paronian-1Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար տարին հոբելյանական է. թատրոնը նշում է իր հիմնադրման 75-ամյակը: Ողջ տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների շրջանակում ցուցադրվեցին մի շարք ներկայացումներ` նվիրված թատրոնի երախտավորներ Վարդան Աճեմյանի, Արտեմի Այվազյանի, Արամ Տեր-Հովհաննիսյանի, Թադևոս Սարյանի, Շարա Տալյանի հիշատակին: Թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում` Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա» և Ժ. Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշներ» ներկայացումներով:

Հոբելյանական միջոցառումներն եզրափակվեցին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած հանդիսավոր հոբելյանական միջոցառմամբ:
«Մեր թատրոնը ստեղծվել է շատ տարօրինակ, աննախադեպ պայմաններում՝ Հայրենական պատերազմ, սով, քաղց,  զարմանալի ժամանակներ և այդ ժամանակվա ղեկավարությունը որոշեց  ստեղծել ծիծաղի թատրոն: Մեծն Ավետիք Իսահակյանն այսպես է արձագանել. «Այո, մենք նաև ծիծաղի զենքով պետք է հաղթենք թշնամուն»:
paronian-2Ի՞նչ է փոխվել այսօր: Անցել է 75 տարի: Պատերազմը մեր դռանը չոքած է: Մենք կրկին թատրոնի շենք ենք կառուցում՝ Գավառում»,-հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Երևանդ Ղազանչյանը:
Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ 1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։

Լրագրողների հետ զրուցում Ե. Ղազանչյանն ասաց, որ իր բոլոր հուշերը կապված են թատրոնի հետ, բայց բարձրաձայնել չցանկացավ:
«Դրանք ավելի շատ տառապանք են, քանի որ թատրոն կոչվածը տառապանք է, խնդիր է՝ ոտքից գլուխ: Եթե ուզում  ես ինչ-որ բանի հասնել, պետք է շատ աշխատես, տառապես: Քչեր են դիմանում այդ տառապանքին»,- նշեց ժողովրդական արտիստը՝ միաժամանակ հավելելով, որ իր կյանքի վեց տասնամյակն անցկացրել է այս մթնոլորտում:
Երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ ծնվելու դեպքում էլ Երվանդ Ղազանչյանը պատրաստ է գնալ նույն ճանապարհով ու կրել նույն տառապանքները:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանն ասաց, որ իրենք աշխատում են պահպանել ավանդույթները, որոնք եկել են դեռ 1941-42 թվականներից:  Նա նշեց, որ ինչպես բոլոր ոլորտներում, թատրոնում էլ կան խնդիրներ, սակայն կոլեկտիվն իր համախմբվածությամբ շարունակում է աշխատել, ստեղծագործել, ունեն հանդիսատես:

Հոբելյանական միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն մասնակցել են   Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:
Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել հոբելյանի առթիվ:

Ներկայացնենք Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ տոնական միջոցառման ժամանակ:

paronian-3«Բարի երեկո, հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Բարի երեկո, սիրելի՛ պարոնյանցիներ,
Ես սրտանց շնորհավորում եմ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ: Այս տոնը ոչ միայն պարոնյանցիների, ոչ միայն թատերասերների, այլ նաև մեր ողջ ժողովրդի տոնն է, որովհետև լինելով մայրաքաղաքի, Հանրապետության կարևորագույն մշակութային օջախներից մեկը՝ թատրոնը կրթել և դաստիարակել է սերունդներ:

Տասնամյակներ շարունակ այս թատրոնի շուրջ են համախմբվել տաղանդաշատ արվեստագետներ, հայոց բեմի իրական նվիրյալներ՝ Շարա Տալյան, Արտեմի Այվազյան, Կարպ Խաչվանքյան և ուրիշներ, ովքեր ծալք առ ծալք կերտել են հայկական երաժշտական թատրոնի դիմագիծը, և այդ դիմագիծը դարձել է բարետես, հաճելի ու մեզ համար ընդունելի:

Այս թատրոնի յուրահատուկ և մշտական այցեքարտն է եղել սուր երգիծանքը: Ասում են ծիծաղելով՝ մարդկությունն ուղղում է իր սխալները և հրաժեշտ է տալիս անցյալին: Մենք շատ սխալներ ունենք ուղղելու՝ ինչպես մեր, այնպես էլ ուրիշների և կարիք ունենք շատ բաների հրաժեշտ տալու: Իհարկե, մեր իրականության մեջ, և ոչ միայն այսօրվա, բազմաթիվ են ձեռբերումները՝ մեր մշակույթը հոյակապ է, ազգապահպան, մշտապես զարգացող, բայց, իրոք, կան հոռի երևույթներ, որոնց մենք վաղուց արդեն պետք է հրաժեշտ տայինք:

Վստահ եմ, որ այս կոլեկտիվի, այս թատրոնի լավագույն ներկայացումները դեռևս առջևում են: Եվ վստահ եմ, պարո՛ն Ղազանչյան, որ 30-40 տարի հետո էլ մարդիկ կհավաքվեն, շնորհակալություն կասեն նրանց, ովքեր անցել են առաջին հարյուրամյակը, իրենց վերաբերմունքը նրանց կցուցաբերեն, իսկ ձեր նոր, գերազանց ներկայացումները կվկայեն մեր երկրի և հասարակության ձեռքբերումների մասին:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ձեզ նորանոր ձեռքբերումներ: Շնորհակալություն»:

Միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է պետական պարգևներով` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար: Մասնավորապես, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանին, Վարուժան Մանուկյանին, Սաթիկ Հախնազարյանին, Նարինե Ալեքսանյանին, Ավետիք Խալաթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:paronian-4

Այսպիսով՝բարի երթ ու նորանոր հաջողություններ մաղթենք սիրված թատրոնին ու նրա աշխատակազմին՝ցանկանալով ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Գարիկ Ավետիսյան

Աղբյուր՝

panorama.am

president.am


Առնչվող նյութեր
1. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
2. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
3. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
4. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
5. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
6. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
7. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
9. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին
10. Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը Բեռլինում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: