ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պարզաբանում տվեք, պարոնայք պաշտոնյաներ. Լեզվի ճկունություն և ոչ մի խաբեությո՞ւն

Աննա Կարապետյան
15 ապրիլի, 2016 | 21:42

                                                            

Anna Karapetian

ՊՐԱՀԱ. –  Որպեսզի սույն պահանջն օդում դատարկ կրակոցի չնմանվի,  ճշգրտեմ` այն վերաբերում է բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր ի պաշտոնե ինչ-որ առնչություն ունեն Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք գնելու համար հատկացված (թե՞ հատկացվելիք) վարկի հետ (ֆինանսների, առևտրի, պաշտպանության նախարարություններ )։ Քառօրյա պատերազմի տարբեր վերլուծությունների, գնահատականների, տարբեր պաշտոնյաների արած-չարածի մասին մեր անդրադարձը  դեռ առջևում է` ՕՐԵՐ ամսագրի էջերում։ Սակայն, հաշվի առնելով շփման գծի երկայնքով դեռևս պահպանվող լարվածությունն ու ամենօրյա զոհերը դիրքերում, մի քանի անհրաժեշտ պարզաբանում ուղղակի հրամայական են` խարսխված մի քանի փաստերի վրա։

Որպես սկիզբ հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 26ին Հայաստանի ու Ռուսաստանի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլարի միջկառավարական վարկի համաձայնագիր ստորագրվեց։ Հայտարարվեց, որ վարկը տրամադրվում է 13 տարի ժամկետով, արտոնյալ 3% -ով։ Կար մի կետ ևս, որ Հայաստանը  պետք է վարկն օգտագործի 2015-2017 թվականների ընթացքում։

Photo by Vardan Petrosyan

Photo by Vardan Petrosyan

Համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց, հուլիսի կեսերին, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ «Զինատեսակներն արդեն իսկ ընտրված են, ճշգրտումներ են կատարվում: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են և նաև կանխարգելիչ, և դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»։

Մինչդեռ այսօր Հայաստանի կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրել է որոշում, որից  պարզվում է, որ միայն նոր` մինչև  ապրիլի 29-ը,  պետք է Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ աշխատանքներ իրականացվեն «վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ»։

Պարզաբանման հարց. այսինքն, ինչպե՞ս, ի՞նչ հասկանանք, Ռուսաստանից Հայաստանին վարկը դուրս գրվա՞ծ է արդյոք. (նկատեք` վարկի նպատակահարմարության մասին չենք խոսում) եթե` ոչ, ինչո՞ւ, ո՞վ կամ ո՞րն է ձգձգման պատճառը,  եթե` այո, նշանակում է  Հայաստանն արդեն վարկի տոկոսներ է մուծում առանց դրա դիմաց սպառազինություն ստանալո՞ւ։

Ավելին,  ՀՀ կառավարության այսօրվա նիստին ներկայացված նույն որոշման մեջ նշվում է. «Հանձնարարել նաև պաշտպանության նախարարին՝  հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, հանձնարարել  ՌԴ համապատասխան մարմինների  (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝  արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները»։

Հիշեցնեմ, որ նախորդ տարի հոկտեմբերին պաշտոնական այցով Պրահա ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց տվեց «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրին։ Մեջբերում եմ իմ հարցը և նախարարի պատասխանը.

«Աննա Կարապետյան. – 2015ի հուլիսին հայտարարվեց 200 միլիոն դոլարի վարկի դիմաց Ռուսաստանից Հայաստանին զենք մատակարարելու մասին։ Հարցազրույցներից մեկում ասել էիք, որ զինտեխնիկայի որոշ մասն արդեն պատվիրված է ու պատրաստ տեղափոխման, մյուս մասը` պատվիրվում է։ Ի՞նչ փուլում է այժմ այս գործարքը։

Սեյրան Օհանյան. – Ոչ մի երկրի հետ այնքան լայն ռազմարդյունաբերական համագործակցություն չունենք, որքան` Ռուսաստանի Դաշնության։ Մենք նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեծ ծրագրեր ենք իրականացնում։ Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պլանով մենք կարող ենք ուղղակի գնումներ իրականացնել, հաստատել երկկողմ ձեռնարկություններ։ Ինչ վերաբերում է վարկին, ապա որոշակի շրջանակներում պայմանավորվածությունները ձեռք են բերվել, ընթացքի մեջ են և իրականացվում են»։  

karabax smerchԱվելին,  ՀՀ պատշանպության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն, ով հարկ է նշել, բոլոր այս օրերին աշխատեց շատ նրբանկատորեն ու միաժամանակ պրոֆեսիոնալ ակտիվությամբ, Սիվիլնեթին երեկ տված հարցազրույցում նմանատիպ հարցին պատասխանեց, որ «200 միլիոնի ցուցակը ինքներդ եք տեսել, ինչպես է հրապարակվել»։ Ակնարկը ռուսական զինվորական  մամուլի նման հրապարակում-արտահոսքն էր։

Պարզաբանման հարց. – Ուրեմն, չհասկացանք, դեռ էլի նո՞ր պիտի հստակեցվեն Հայաստանին մատակարարվող սպառազինության ու ռազմական տեխնիկայի անվանացանկերը ու նո՞ր պիտի ստորագրվեն մատակարարման պայմանագրերը, երբ երկու տարի շարունակ շփման գոտում թշնամին ամսե-ամիս նորագույն հարձակողական զենքեր էր կուտակում` Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացման համաձայն։

Հիշեցնեմ, երբ մեկ շաբաթ առաջ` ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում հանդիպեց  իր հայաստանցի պաշտոնակցին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը  բարձրաստիճան հյուրին խնդրեց հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտին» արագացնել  Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հ1ին տված  իր վերջին հարցազրույցում ասաց . «չպետք է մոռանանք, որ այս մարտական գործողությունների հիմքը դրվել է 2014 թվականի հունվարի 19ին»։ Չենք մոռանում, անշուշտ, դրանից է ծագում հարցադրումը.

Պարզաբանման հարց. – Ի վերջո ո՞ր օղակում է  խցանված մնացել այս վարկի պայմանագիրը, եթե փաստացի նոր  միայն պետք է  «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ աշխատանքներ իրականացվեն «վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ» ու նոր է միայն Հայաստանի կառավարությունը երկրի պաշտպանության նախարարին հանձնարարում  «հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը»։ Ես կարող եմ միայն ենթադրել, որ Դմիտրի Անատոլևիչը Հովիկ Աբրահամյանին ասել է` հարց չկա, կասեմ, բայց դուք դրա համար անհրաժեշտ թղթաբանությունը պատրասե՞լ եք։ Հավանաբար` սխալվում եմ։ Պարզաբանեք` խնդրեմ։  Ու եթե ոչինչ պաստրաստ չի եղել ու պատրաստ չէ սպառազինության մատակարարման համար, ապա ինչի մասին էր հայտարարում  նշածս հարցազրուցների ժամանակ Սեյրան Օհանյանը։

zinvor glxark«Հետք»ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով դիրքերում է եղել պատերազմական օրերին, իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում կատարեց.

«Պարոն ավագ լեյտենենտ փամփուշտները վերջանում են,- զեկուցում է սերժանտը։
-Պատրաստվել ձեռնամարտի,-լսվել է պատասխանը։
Հետախուզական դասակը հյուսիսային հատվածում մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը…»

Հասկանալի է, որ «վերջին փամփուշտ» դարձվածքն այստեղ, ավաղ, ոճաբանություն չէ։

Պարզաբանման հարց.  ամենօրյա հետախուզության պայմաններում, երբ պաշտպանության նախարարի վկայմամբ հարձակումը «պաշտպանության բանակի և զինված ուժերի ղեկավարության համար անսպասելի չէր և զորքերը բերվել էին համապատասխան զգոնության աստիճանի», ինչպե՞ս է պատահել, որ առաջնագծում անգամ փամփուշտի պակաս է զգացվել, ու ինչո՞ւ էին առաջնագծում այդքան փոքրաթիվ ուժեր։

Քառօրյա պատերազմի ժամանակ Ղարաբաղի պաշտպանության բանակին ու կամավորականներին մեծ վնասներ հասցրեց իսրայելական «ինքնասպան» անօդաչու թռչող սարքը։  Հաարեց թերթը, մեջբերելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին, գրեց, որ Հայաստանը հրաժարվել  է իսրայելական ԱԹՍից։

Պարզաբանման հարց. Ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվել` թանկությա՞ն պատճառով, թե՞ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրերը  նման արգելք են սահմանում։  Հայաստանը կարո՞ղ է այլ զենք գնել, բացի ռուսականից։

Այն, որ պատերազմական 4 օրերի ընթացքում հայ զինվորը դիրքերում փառահեղորեն կատարեց իր առաջադրանքը` կասկածից վեր է։  Այն, որ սպաները չթաքնվեցին զորակոչիկների թիկունքում ու անվարան ղեկավարեցին մարտերը` ետ շպրտելով թշնամուն, ապա հակագրոհի տանելով տղաներին, ևս փաստ է։ ՈՒ եթե միջազգային մամուլը զանազան մասնագետ-փորձագետների, քաղաքական գործիչների ու պաշտոնյաների միջոցով օրեր շարունակ փորձում էր «պարզել», թե ով նախահարձակ եղավ, ով սկսեց պատերազմը կամ ում շահերից էր այն բխում, հայերիս համար շուտափույթ պատասխանի սպասող երկու ցցուն հարց է մնացել բաց` նախ,

ա) ինչո՞ւ դիրքապահներն այնուամենայնիվ անակնկալի եկան ադրբեջանցիների հարձակումից` ՀՀ պաշտպանության հայտարարած զգոնության աստիճանի բարձրացման պայմաններում,

բ) Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինությունների այսօրվա ակնհայտ անհավասարակշությունը չեզոքացնելու համար  որքա՞ն գումար է անհրաժեշտ և որքա՞ն ժամանակ։

 

ՕՐԵՐ ամսագիր

orer.eu


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
10. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: