ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պայծառ ու անաղարտ ձայն, որ հնչում էր ջերմորեն . Հրաչուհի Բասենցի Միմին գրավեց Վիեննայի հանդիսատեսի սրտերը

07 հոկտեմբերի, 2017 | 21:37

 

,,Բասենցն այնպիսի մի ձայն ունի, որը զարմանալիորեն պայծառ է եւ անաղարտ, միաժամանակ շոշափելիորեն քաղցր է ու հնչում է ջերմորեն»,- այսպիսի գնահատական է տալիս ավստրիական  Kronen Zeitung պարբերականի հեղինակ Ֆլորիան Քրեսնթեթերը՝ սեպտեմբերի 30-ին Վիեննայի Պետական օպերայում իր առաջնախաղով հանդես եկած  տաղանդավոր սոպրանո Հրաչուհի Բասենցին, ով  Պուչինիի ,,Բոհեմ,,ում  մարմնավորում էր Միմիին։ Ավստրիացի երաժշտագետը չի թաքցնում իր հիացմունքը՝ գրելով՝  ,,Պետական օպերայում իր առաջին ելույթով հանդես է գալիս Հրաչուհի Բասենցը, ով իր լսարժան ձայնով ու համոզիչ դերասանական խաղով որպես հարևանուհի Միմի ջերմություն է մտցնում թախիծի մեջ ու բորբոքում Ռուդոլֆի սերը,,։

Հրաչուհի Բասենցի ելույթին արդեն իր գնահատականն է տվել նաեւ մեր մեծանուն սոպրանո, ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ով ներկա է եղել ներկայացմանը,  ֆեյսբուքյան էջում գրելով . ,,Սիրելի Հրաչուհի, նախ և առաջ շնորհավորում եմ փայլուն առաջնախաղիդ առիթով  Վիեննայի Շտաատսօպերայում: Անսահման հպարտ էի և ուրախ քեզ օպերային ամենակարևոր բեմերից մեկում տեսնել և վայելել որպես երգչուհի և անշուշտ նաև որպես հայուհի:
Մաղթում եմ քեզ կանաչ ճանապարհ, լավագույն բեմեր, հրաշալի դերերգեր և անսահման երջանկություն..,,։

Իսկ հանրահայտ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը գրել է .,, Մեր մեծանուն սոպրանո պրիմադոննա Հրաչուհի Բասենցը ֆանտաստիկ կատարեց Միմիի դերը՝ արժանանալով հանդիսատեսի մեծ ընդունելությանն ու  բուռն ծափահարությունների։ Բռավո՛ սիրելի Հրաչուհի, դու շահեցիր Վիեննայի հանդիսատեսի սրտերը,,։

Այս դերակատարմամբ Հրաչուհի Բասենցը հանդես եկավ նաեւ հոկտեմբերի 3-ին եւ 6-ին։  Ընդ որում, ներկայացումների ընթացքում, օպերայի շենքի մոտ տեղակայված մեծ վահանակների վրա  հեռարձակվում էր  ներկայացումը եւ Վիեննայի անցորդները նույնպես կարող էին դիտել այն։

ՕՐԵՐի խնդրանքով, մեծ հաջողությամբ անցած ներկայացումներից հետո Հրաչուհի Բասենցը սիրով պատասխանեց մի քանի հարցերի։

 

-Սիրելի Հրաչուհի, առաջին անգամ էի՞ք Միմիի դերակատարմամբ հանդես գալիս։ 

-Միմիի դերում առաջին անգամ չէի, բազում անգամներ եմ այն կատարել, բայց Վիեննայի օպերայում՝ ,,Շտատսօպեր,,ում, առաջին անգամ, այն էլ  լեգենդար Ֆրանկո Զեֆիրելլիի այդքան գեղեցիկ եւ հայտնի, աշխարհի ամենաազդեցիկ թատրոններում իր տեղն ամրագրած բեմադրության մեջ ելույթ ունենալը դեբյուտ էր, որի համար աննկարագրելի ուրախ եմ եւ հպարտ, հատկապես, որ հրաշալի ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Մամուլն էլ արդեն շատ դրական է արձագանքել։

-Լուսանկարներում  նկատեցի, որ Կոնստանտին Օրբելյանն էլ էր այնտեղ։ Ինքն է՞ր ներկայացման դիրիժորը։

-Ոչ, ցավոք մաեստրո Օրբելյանը չէր դիրիժորը, նա այս անգամ հանդիսատես էր, բայց ինձ համար, իհարկե, մեծ պատիվ էր եւ երջանկություն բազմահազար օտարազգի հանդիսատեսի կողքին դահլիճում ունենալ հարազատ մարդկանց՝  ի դեմս Մաեստրո Օրբելյանի։ Ինձ համար նաեւ մեծ պատիվ էր, որ ներկայացմանը ներկա եղան մեր սիրելի, բազում ազդեցիկ թատրոնների խստապահանջ հանդիսատեսի սրտերը գերած, հազարավոր «մեծամեծերի»ն իր արվեստով խոնարհեցրած մեր անչափ թանկագին հայուհին՝  Պրիմադոննա Հասմիկ Պապյանը եւ տաղանդավոր, առաջատար  դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։  Ուրախալի էր նաեւ, որ հանդիպեցի մեր հայտնի սոպրանո Կարինե Բաբաջանյանի դստերը՝ Լուսինեին, ով նոր է աշխատանքի անցել Վիեննայի օպերային թատրոնում։ Բազմաթիվ էին նաեւ ներկայացումներին ներկա մեր հայրենակիցները, եւ իհարկե, ուրախ էի, որ առաջնախաղիս իմ կողքին էին ամուսինս եւ որդիս։

– Ինչպիսի՞ն էին տպավորություններդ թատրոնի ստեղծագործական անձնակազմից ու գործընկերներից։

Այս թատրոնը աշխարհի ամենացանկալի եւ առաջնակարգ թատրոններից մեկն է։ Իհարկե, ոտնակոխել այն բեմը, որտեղ Կարայանն է ղեկավարել, եւ համաշխարհային մեծություններ են իրենց աստղափոշին թողել, մեր Պրիմադոննա Հասմիկ Պապյանն է հիացրել իր չքնաղ կատարումներով, ուր բոլոր մեծությունների նկարների կողքին կախված է մեր հայազգի սոպրանո Սոնա Ղազարյանի նկարը որպես Kammersängerin/օպերային երգիչներին տրվող պատվավոր անուն/, անխոս դա մեծ երջանկություն է եւ բախտավորություն ինձ համար, ինչի համար առաջինն իմ Աստծուն եմ շնորհակալ։ Իսկ ինչ վերաբերում է ստեղծագործական կազմին, բոլորս էլ փորձառու էինք, բոլորս էլ մեկ երաժշտական աշխատանքային համակարգում կոփված, ձեւավորված, եւ խնդիրներ չեղան, շատ բարեհամբույր, հյուրընկալ կազմ էր՝ մեծ արտիստներ տեսած եւ վարպետացած։ Բարդությունը միայն այն է, որ բեմի եւ նվագախմբի գերզբաղվածության պատճառով գոնե մեկ փորձի հնարավորություն չկա, ամեն ինչ փորձում եւ հասկանում ես ներկայացման ընթացքում։

Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավստրիայի Հայ եկեղեցական համայնքին՝  Տեր Անդրեաս Իսախանյանին ջերմ ընդունելության, հայկական պատարագին հրավիրելու եւ բարի մթնոլորտի համար, ինչպես նաեւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանին՝ դեսպանությունում ջերմ ընդունելություն կազմակերպելու համար։  Հատուկ  շնորհակալություն նաեւ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հատկապես  Սուսաննա Գեւորգյանին, ով իմ հանդիպումների ակտիվ կազմակերպիչն էր։ Դա երբեւէ իմ տեսած ամենաակտիվ հայ համայնքն էր, որ այդպես ակտիվորեն եկել էին ոչ միայն ներկայացմանը, այլեւ համայնքում կազմակերպված հանդիպմանը։

– Եվ իհարկե, ապագայի մասին. որտե՞ղ են ծրագրված նոր ելույթները։

-Առաջիկայում կրկին պետք է երգեմ ,,Նորմա,, Նյուրենբերգի օպերայում, ,,Բոհեմ,,՝ Դրեզդենում եւ Նյուրենբերգում, դեկտեմբերից կլինեմ Օսլոյում, ուր հունվար եւ փետրվար ամիսներին երգելու եմ Նորմայի պրեմիերա։ Այնուհետեւ կրկին Տրավիատան՝ Նյուրենբերգում եւ հունիս-հուլիսին՝ Դոն Ջովանին՝ Քովենթ Գարդենում։ Ի դեպ, 2017-ը վերջին տարին է Նյուրենբերգում, 2018-19 խաղաշրջանը կսկսեմ  արդեն Դրեզդենի օպերային թատրոնում։

Հ.Ասատրյան,  Օրեր

Լուսանկարները՝ (Wiener Staatsoper / Michael Pöhn ),  Հ. Բասենցի արխիվի

orer.eu

Հրաչուհի Բասենց, Հասմիկ Պապյան, Նարե Արղամանյան

Հրաչուհի Բասենցը Վիեննայի օպերայի տնօրեն Դոմինիկ Մայերի հետ

Սուսաննա Գեւորգյան, Կոնստանտին Օրբելյան, Հրաչուհի Բասենց


Առնչվող նյութեր
1. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
2. Ջոն Մալկովիչը կբացի Արամ Խաչատրյան փառատոնը. կհնչի նաեւ Սերժ Թանկյանի սիմֆոնիան
3. Ավստրիա. Նարե Արղամանյանի եւ Ստելլա Գրիգորյանի ելույթը Ավստրիայի դիվանագիտական ակադեմիայում
4. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
5. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում
6. ,,Զվարթնոցը,, գերեց նաեւ չեխահայերին
7. Մրցանակներ հայտնի հայ երաժիշտներին՝ «Նաիրի» համահայկական երաժշտական առաջին փառատոնում
8. Օպերան՝ անտառում. Դվորժակի ,,Յակոբին,,ը Պրահայի Դիվոկա Շարկայում
9. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
10. Հաղթելով համացանցում՝ Կարինե Սարգսյանը ելույթ կունենա Բրատիսլավայի երաժշտական փառատոնում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: