ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չինական դասական պոեզիայի հարստությունը

28 նոյեմբերի, 2017 | 16:42

Գրքի շնորհանդես

 

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Չինական դասական պոեզիա» գրքի շնորհանդեսը:

Գիրքը ներկաներին ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը` ընդգծելով, որ Չինաստանում 618-907 թվականներին Թան դինաստիայի տիրապետությունը պայմաններ ստեղծեց պոեզիայի զարգացման համար և այդ ամենի արդյունքում ծաղկեց բանաստեղծական խոսքը` ավելի ու ավելի մոտենալով ժողովրդին: «Այդ ամենի արդյունքում Թան ժամանակաշրջանը թողել է 300 բանաստեղծի` 40.000 բանաստեղծություններով, որոնք ամփոփվել են 900 հատորում,- շարունակեց Ս. Երիցյանը,- հիմա դրանց ծաղկաքաղը ներկայացված է գրքում»:

Հանդես գալով ողջույնի խոսքով ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բարձր գնահատեց ժողովածուի լույս ընծայումը, մանավանդ որ այն նվիրվելու է Հայաստանի բոլոր դպրոցներին ու գրադարաններին: «Այս դինաստիայի բանաս­տեղծները պոետական աշխարհ բերեցին խոհափիլիսոփայական բանաստեղ­ծությունը, որում մարդը ձգտում է հասնել տիեզերքի փակ գաղտնիքներին, և բնության կախարդական երևույթներն արտահայտում բանաստեղծական հետա­քրքիր պատկերներով ու մեկնաբանություններով»,-ընդգծեց Արմեն Ամիրյանը:

Հաջորդ բանախոսը՝ ՀՀ ազգային ժողովի հայ-չինական բարեկա­մության խմբի նախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունելով ժողովածուի ծնունդը և այն արժևորելով որպես չինական ինքնության  արտահայտություն, ընդգծեց, որ նման քայլերը՝ գրքերի, ժողովածուների և հրատարակությունների տեսքով հնարա­վորութ­յուն են տալիս երկու ժողովուրդներին միմյանց ավելի ու ավելի լավ ճանաչելու ու հասկանալու:

«Միջմշակութային կապերը պետք է նպաստեն մեր երկու ժողո­վուրդների մերձեցմանը,-շարունակեց նա,- Հայաստանում Չինաստանի դեպանության քայլերը արժանի են երախտագիտության, քանի որ այս կերպ նաև հարստացվում են մեր գրադարանները»:

Իր ելույթում Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն ասաց, որ Թան դինաստիայի ժամանակա­շրջանում ստեղծված գրականությունն անվանում են «Ոսկե դար», որի ընթացքում ստեղծվել է նաև հարուստ պոեզիա:

«Այդ պոեզիան մոտեցավ ժողովրդին, այն ավելի ընկալելի դարձավ մեծ զանգվածներին։ Չին բանաստեղծի պոեզիայի կենտրոնում մարդն է` իր աշխատասեր, մտածող կերպարներով»,- իր խոսքը եզրափակելով ասաց դեսպանը

Բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը բարձր գնահատեց Թան դինաստաիայի  պոե­զիան` ասելով, որ դրանում լիովին արտահայտված է ժամանակի տպա­վորիչ կյանքը` կայսրից մինչև հասարակ ժողովուրդը: Ըստ բանախոսի չին բանաստեղծները հետաքրքիր ու ինքնանտիպ պատկերներ են ստեղծում, ներկայացնում Չինաստանի հարուստ բնությունը, լեռաշխարհը, սարերը, ձորերը, լճերը, մարդկանց:

Բանաստեղծը կարևոր իրողություն համարեց նման գրքի հրատարակությունը` համարելով այն միջմշակութային շփման կարևոր կռվան։ Այս ամենով նա հարկ համարեց մտածել հայ-չինական թարգմանչական դպրոցի ստեղծման մասին, որը թույլ կտա միմյանց ներկայացնել այն գրական արժեքները, որ ունեն երկու ժողովուրդները:

Ներկաներին գրքի ներկայացման հետաքրքիր տարբերակ առաջարկեցին մայրա­քաղաքի թիվ 135 դպրոցի սաները, ովքեր հայերենով և չինարենով ընթերցեցին բանա­ստեղծություններ՝ ներկայացված ժողովածուից` այն համեմելով չինական երա­ժշտության թովիչ հնչյուններով:

Միջոցառման ավարտին  նախասրահում բացվեց Չինաստանին և հայ- չինական հարաբերություններին նվիրված գրքերի ցուցադրություն, ուր նաև հետաքրքիր զրույց ծավալվեց թարգման­չական  գրականության մասին:

-Բարեբախտաբար, ինչ-որ չափով  ունենք թարգմանական  գրականություն, որը ստեղծվել է միջնորդ լեզվի` ռուսերենի միջոցով,-մեր զրույցի  ժամանակ ասաց Սերգո Երիցյանը,- օրինակ «Սասունցի Դավիթ» էպոսը, ժողովրդական հեքիաթները  թարգմանվել են հայերենով: Որոշ թարգմանություներ կան նաև հայերենով, վկայությունը նաև ընթերցողին ներկայացված ժողովածուն է: Բայց արդեն ժամա­նակն է, որ թարգմանություններ ունենանք բնագրերից` հայերենից չինարեն և հակառակը: Այս դեպքում  գործը առաջ կգնա, մանավանդ, արդեն հրապարակ են գալիս երիտասարդներ` իրենց բարձր լեզվական իմացությամբ ու մշակույթով: Պարզապես այս ամենին պետք է գումարել սկսնակների համարձակությունը և կոնկրետ քայլեր կատարել: Օրինակ, մինչև այսօր չինական ժամանակակից արձակն անծանոթ է հայ ընթերցողին: Գուցե, դա ևս պետք է թարգմանել: Այդ ամենի համար հորիզոնական կապեր են պետք, համագործակցություն, գրական գործիչների հանդիպումներ, պարբերաբար շփումներ:

Սերգո Երիցյանի մտայնությունը  կիսում էին նաև մեր մյուս  զրուցակիցները, որ իսկապես, կարիք կա զարգացնելու թարգմանչական գրականությունը, հայ գրակա­նությունը և Հայաստանը ավելի ու ավելի շատ  ներկայացնելու չին ընթերցողին և նաև հակառակը:

Ավելացնենք, որ ինչպես նախորդ տպագրված գրքերի դեպքում, այս անգամ էլ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Չինական դասական պոեզիա» գիրքը կնվիրի Հայաստանի բոլոր դպրոցներին ու գրադարաններին։

Աննախադեպ քայլ, որին հետևորդներ են անհրաժեշտ։

 

Կարինե Տիտանյան


Առնչվող նյութեր
1. Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
2. Թումանյան` մեծ նվիրյալը
3. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
4. Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
5. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
6. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
7. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
8. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
9. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
10. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: