ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխ պատգամավոր Ռոբին Բյոհնիշը՝ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ արձագանքների մասին. ՕՐԵՐ 1-4/2017

03 սեպտեմբերի, 2017 | 09:27

ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին պատասխանում է Չեխիայի խորհրդարանի  Պատգամավորների պալատի անդամ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը

 

PhDr. Robin Böhnisch

– Հարգելի պարոն Բյոհնիշ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար։ Որքանո՞վ էր դժվար նման բանաձեւի անցկացումը եւ խորհրդարանական ուժերն ի սկզբանե ի՞նչ կարծիք ունեին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

– Բանաձեւի ընդունումը բազմամյա երկարատեւ աշխատանքի արդյունքն է, ինչպես Պատգամավորների պալատի ներսում, այնպես էլ նրանից դուրս։

Բոլոր քաղաքական ակումբներում եւ անկախ պատգամավորերի շրջանում կային մարդիկ, ովքեր այն կարծիքին էին, որ Չեխիայի Հանրապետությունը պետք է հայկական ցեղասպանության  հարցում որեւէ պաշտոնական դիրքորոշում ընդունի եւ այդ իրադարձություններն իրենց ճշմարիտ անունով  կոչի։ Մեծ աշխատանք են կատարել նաեւ դեսպան պ-ն  Սեյրանյանը եւ հայկական համայնքը։ Անկեղծ ասած, դեռ խորհրդարանում չեմ հանդիպել որեւէ մեկին, որ 19-րդ եւ 20-րդ դարերում Օսմանյան կայսրությունում հայերի եւ այլ ազգությունների նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ որեւէ կասկած ունենար: Բանավեճերի պատճառն ավելի շուտ տեսակետների տարբերությունն էր պատմական իրադարձությունների վերաբերյալ  ֆորմալ որոշման ընդունման իմաստի եւ ներկայիս համատեքստում երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացման վրա դրա հնարավոր ազդեցության տեսակետից:

-Մի քանի ամիս առաջ, մեզ տված հարցազրույցում ասում էիք, որ նման բանաձեւի ընդունումը դեռեւս վաղաժամ է եւ տակտիկական առումով ոչ հարմար, քանի որ Հոլոքոստի մասին էլ ընդունված բանաձեւ չունեք։ Ի՞նչ փոխվեց այս ընթացքում։

– Թյուրիմացությունից խուսափելու համար պետք է ասեմ, որ ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում ես ասել եմ, որ վաղաժամ եւ ոչ կոռեկտ կարող էր լինել հարցի նկատմամբ  օրենսդիրների դիրքորոշման արտահայտման  ձեւի եւ ժամանակի մասին խոսելը։ Ապրիլի 25-ին առաջարկված բանաձեւը ձեւակերպված է համեմատաբար լայնորեն եւ պարփակում է  նաեւ շոան (հրեաների հոլոքոսթը), պորայմոսը (գնչուների հոլոքոսթը), Արեւելյան Եվրոպայի գրավված տարածքներում սլավոնների կոտորածները եւ ընդհանրուր առմամբ բոլոր տեսակի ցեղասպանությունները՝  որպես հանցագործություն մարդկության դեմ։ Երեւի թե հենց այդ պատճառով պատգամավորների մեծամասնության համար  այն ընդունելի էր։

– Չեխիայի արտգործնախարարն արդեն մեկնաբանել է ընդունված բանաձեւը, եւ ասել, որ այն իրավական ուժ չունի եւ կառավարության արտաքին քաղաքականությունը չի փոխվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գնահատականը։

– Արտաքին քաղաքականությունը յուրաքանչյուր երկրի մի շարք պահանջների, հետաքրքրությունների եւ դիրքորոշումների փոխազդեցության արդյունք է: Այն ստեղծվում է երկար ժամանակաընթացքում եւ հիմնվում է մշակույթի եւ պատմական փորձի վրա:  Իհարկե, երկրների մեծ մասում միջազգային հարաբերությունների ընթացքի համար պատասխանատու է կառավարությունը:

Ավելի լայն իմաստով, իհարկե, արտաքին քաղաքականությունը ձեւավորում են նաեւ այլ հեղինակավոր կառույցներ, այդ թվում նաեւ խորհրդարանը: ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը Լյուքսեմբուրգում հայտարարել է, որ ինքը հարգում է խորհրդարանի կարծիքը, ինչը նրանից, որպես վաղեմի պատգամավորի եւ 2002-2006թթ. նույնիսկ Պատգամավորների պալատի նախագահի կողմից,  տրամաբանական եւ դրական է: Հայաստանի եւ Թուրքիայի համար օրինակ կարող են ծառայել չեխ-գերմանական հարաբերությունները եւ դրանց դրական զարգացումը։ Նախարարության խոսնակի այն մեկնաբանությունը, թե որքանով է ձեւակերպումը իրավականորեն պարտավորեցնող, պարզապես բառախաղ է։ Ի դեպ, չեխական քրեական օրենսգրքի 405 հոդվածում նշվում է ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, հիմնավորելու եւ արդարացման հանցագործությունների մասին եւ դժվարանում եմ պատկերացնել, որ  որեւէ դատախազ կամ դատարան կարող է նոր իրավիճակը հաշվի չառնել։  

-Չեխական մամուլում, մասնավորապես ՙԼիդովե Նովինի՚ թերթում բերվում էր թուրքական տեսակետը, որ ցեղասպանության հարցը պետք է պատմաբանները ուսումնասիրեն եւ դա խորհրդարանի գործը չէ, որ  այն կփչացնի Չեխիայի եւ Թուրքիայի հարաբերությունները եւ կխանգարի դիվանագետների աշխատանքին։ Ինչքանո՞վ են իրական այս գնահատականները։

– Խորհրդարանի բանաձեւում Թուրքիայի մասին ոչ մի խոսք չկա։ Ուստի թուրքական կողմի նյարդայնացած արձագանքը զարմանալի է, այնպես, ինչպես  դեսպան պրն. Բիգոլիի անքաղաքավարի արտահայտվելը։ Օրենսդիրների բանաձեւը որեւէ կերպ չի վիճարկում պատմական հետազոտության անհրաժեշտությունը։ Սակայն, պատմական հետազոտությունը պետք է լինի ազատ, քաղաքական ճնշումներից եւ հանձնարարություններից  զերծ։ Մինչդեռ վերջերս նույնիսկ Կարլի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում ցեղասպանությունների մասին հետազոտությունների հարցում  տեղի է ունեցել դիվանագետների եւ քաղաքական գործիչների սկանդալային միջամտություն, ապա այժմ դժվար է հավատալ պատմությունը պատմաբաններին թողնելու ալիբիստական կոչերին։ Առաջին հերթին պետք է նրանց ազատություն եւ միջոցներ ապահովել։ ,,Լիդովե նովինի,, լրագրի հոդվածը չեխական փոքրոգության նշան է, այն նույնիսկ մեկնաբանության արժանի չէ։

– Շատերին հետաքրքրում է նաեւ այն հարցը, թե արդյոք բանաձեւը սենատի կամ նախագահի կողմից հաստատման կարիք ո՞ւնի։

– Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը Սենատի կողմից հետագա հաստատման կամ երկրի նախագահի կողմից ստորագրման կարիք չունի։

-Եվ վերջում, ըստ Ձեզ ի՞նչ նշանակություն ունի բանաձեւի ընդունումը Չեխիայի համար։

-Թեեւ այժմ Սոբոտկայի կառավարության ժամանակաշրջանում Չեխիան ուշագրավ տնտեսական վերելք է ապրում, եւ կենսամակարդակը պատմական ամենաբարձր մակարդակի վրա է, մեր երկիրը դեռեւս  Եվրոպայի շարժիչ ուժը չէ։ Նույն կերպ դժվար է  Չեխիայի Հանրապետությունը որպես կարեւոր ռազմական ուժ ներկայացնել։ Բայց մենք աշխարհում հարգանք ենք վաստակել երկրի արտաքին քաղաքականությունը կենտրոնացնելով  մարդու իրավունքների բնագավառի վրա։ Չնայած այդ գծից որոշ պրագմատիկ շեղումների, այնունամենայնիվ, այդ ավանդույթները շարունակում ենք եւ ապրիլի 25-ի քվեարկությունը դա ապացուցեց։ Հետաքրքիր է, որ քվեարկությանը ներկա երկու նախարարները՝ Յան Խվոյկան եւ Մարտին Ստրոպնիցկին, ինչպես նաեւ 6 նախկին նախարարները, քվեարկել են հօգուտ բանաձեւի։ Այդ քվեարկությունը նպաստեց այն բանին, որ երբ այլ չեխ քաղաքական գործիչներ ցանկանան լուսանկարվել ԱՄՆ կոնգրեսում Վացլավ Հավելի կիսանդրու մոտ, անհարմար չեն զգա։  

 

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Պրահա

ՕՐԵՐ  ամսագիր 1-4/ 79  2017թվական


Առնչվող նյութեր
1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետը
2. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
3. ՉԵԽԻԱ. Սազավայում հարգեցին Արշավիր Դավիդյանի հիշատակը եւ նշեցին մայիսյան քառատոնը
4. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
6. Setkání ,,Kulturní genocida, paměť a krása,, v Brně, 10. května
7. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
8. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
9. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
10. Յիհլավա. Չեխահայ երիտասարդներն իրենց պարով միացան Հայաստանի իրենց հայրենակիցներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
2.Պարույր Հովհաննիսյան. Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
3.Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան
4.Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
5.Նախագահը հյուրընկալում է երեխաներին
6.Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
7.Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8.Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
9.Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին
10.Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին. Շանթ Հարությունյան.
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: