ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի Սենատի նախագահը Հայաստանը համարում է ժողովրդավարական երկիր

Հանդիպումներ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ
04 հոկտեմբերի, 2017 | 19:01

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին  Երեւանում շարունակվեց Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեյխի գլխավորած պատվիրակության այցը։ Օրը հագեցած էր տարբեր հանդիպումներով ։ Չեխիայի Սենատի նախագահը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ։ Իսկ առավոտյան մասնակցեց  հայ-չեխական բիզնես ֆորումի բացմանը, որը վարում էր Հայաստանի զարգացման հիմնադրամի նախագահ Արմեն Ավագ Ավակյանը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան նաեւ Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Չեխիայի Սենատի նախագահը եւ Չեխիայի արդյունաբերական կոնֆեդերացիայի նախագահ Յարոսլավ Հանակը։ Այնուհետեւ բիզնես ֆորումը շարունակեց իր աշխատանքները, որին մասնակցում էին նաեւ Չեխիայից ժամանած գործարարները։

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեյխի գլխավորած պատվիրակությանն այնուհետեւ ընդունեց  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, իսկ մինչ այդ տեղի ունեցավ նրանց առանձնազրույցը։ Հանդիպմանը մասնակցում էին  ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամները, ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ, իսկ չեխական կողմից՝ սենատի նախագահի տիկինը եւ սենատորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունելով Միլան Շտեյխին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովում՝ կարեւորեց Չեխիայի  հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը՝ Չեխիան համարելով Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից մեկը Եվրոպայում:

Արա Բաբլոյանն ընդգծեց խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում եւ կարեւորեց երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում: Նա նաեւ շնորհակալություն  հայտնեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Արա Բաբլոյանը փաստեց, որ Եվրոպական միությունը եղել ու մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը՝ հույս հայտնելով, որ նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ հարաբերությունները կմտնեն իրավական նոր հարթություն:

,, Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման եւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերում,,- ասաց նա:

Արա Բաբլոյանն անդրադարձավ նաեւ ԼՂ հիմնահարցին՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ հարցը լուծել խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նա նաեւ իր անհանգստությունը հայտնեց տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ. «Մեր մտահոգությունը կրկնապատկվում է, որովհետեւ ադրբեջանական կողմը չի ցանկանում նստել բանակցային սեղանի շուրջ եւ խաղաղ լուծում տալ հարցին: ԼՂ հիմնահարցը, ցավոք, չի դիտարկվում որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, այլ որպես տարածքային խնդիր»:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեյխը պատվիրակության անունից շնորհակալություն  հայտնեց ընդունելության համար եւ կարեւորել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունն ու հարաբերությունների աշխուժացումը:

Միլան Շտեյխը նույնպես ընդգծեց խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների խորացման գործում՝ նշելով, որ խորհրդարանները կարող են նպաստել տարբեր բնագավառներում կապերի հաստատմանն ու ընդլայնմանը:

Պարոն Շտեյխը նշեց, որ ակնհայտ են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներն ու ժողովրդավարական առաջընթացը, եւ հույս հայտնել, որ ԵՄ հետ կնքվող նոր պայմանագիրը կխթանի հարաբերությունների զարգացմանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Միլան Շտեյխը նշեց.«Համակարծիք ենք Ձեզ հետ, որ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որով այս հարցը կարող է քննարկվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող գերտերությունները պետք է ապահովեն հարցի խաղաղ լուծումը»:

Միլան Շտեյխը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց պաշտոնական այցով այցելել Չեխիա:

 

Համատեղ հայտարարությանը նախորդեց պարոն Շտեյխի ելույթը ՀՀ Ազգային ժողվում, որտեղ նա ներկայացերց հայ-չեխական հարաբերությունների ներկա վիճակը եւ համագործակցության հնարավոր ոլորտները՝ էներգետիկա, գյուղատնետսություն, նոր տեխնոլոգիաներ, պարենամթերք եւ այլ ոլորտներ։

Հանդիպման ավարտից հետո Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեյխն Ազգային ժողովի այգում եղեւնի տնկեց՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության: Նրան օգնեցին  ոչ միայն Արա Բաբլոյանը, այլեւ Չեխիայի պատվիրակության այլ անդամներ։ 

 

 Արա Բաբլոյանը եւ  Միլան Շտեյխը հանդես եկան ճեպազրույցով, որի ժամանակ ներկայացրեցին պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը: Արա Բաբլոյանը նշեց. «Չեխիան Եվրոպայում մեր ամենակարեւոր գործընկերներից է, եւ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: Երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խթանման հարցում կարեւորվել է բարեկամական խմբերի միջեւ ակտիվ փոխգործակցությունը»:

Անդրադարձ  կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքին, կարեւորվեց տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում երկկողմ հարաբերությունները:

Միլան Շտեյխն իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին հրավերի եւ ընդունելության համար, ընդգծեց, որ  քննարկումներն անցան արդյունավետ եւ  թեպետ Հայաստանն ու Չեխիան աշխարհագրորեն հեռու են միմյանցից, սակայն ունեն ընդհանրություններ եւ համանման խնդիրներ:

Նա գոհունակությամբ ընդգծեց, որ Չեխիան գնահատում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի եւ ժողովրդավարության զարգացումը եւ հավելեց, որ Հայաստանը դիտարկվում է ժողովրդավարական երկիր, ուր կայանում են ազատ եւ արդար ընտրություններ եւ կա խոսքի ազատություն:

Պարոն Շտեյխը հատկապես կարեւորեց երկու երկրների միջեւ գործարար կապերի ընդլայնումը՝ նշելով, որ տնտեսական հարաբերությունների խորացումն իր հերթին կնպաստի երկու երկրների առավել սերտացմանը: Այս համատեքստում նա անդրադարձավ այսօր տեղի ունեցած հայ-չեխական գործարար համաժողովի արդյունավետությանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ նա նշեց. «Ես կողմ եմ միայն մեկ տարբերակի՝ դա Մինսկի խմբի համանախագահների միջոցով հարցի խաղաղ կարգավորումն է եւ կարծում եմ, որ գերտերություններ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան պետք է կարողանան ապահովել խնդրի արդար եւ խաղաղ լուծումը»:

Չեխիայի Սենատի նախագահը խոսեց նաեւ Ադրբեջանում չեխական զենք հայտնվելու վերաբերյալ՝ նշելով, որ Չեխիայի Հանրապետությունը զենքեր չի վաճառել Ադրբեջանին: «Չեխիայի Հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Չեմ հասկանում, թե ինչպես են հասել այդ զենքերն Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան համաձայնություն չեն տվել»,-ընդգծեց Միլան Շտեխը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելով  Չեխիայի  Սենատի նախագահ Միլան Շտեյխի գլխավորած պատվիրակությանը, նշեց, որ Չեխիան Եվրոպայում Հայաստանի երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Կարեն Կարապետյանը գոհունակություն  հայտնեց հայ-չեխական քաղաքական հարաբերությունների մակարդակից։ Կարևորելով Չեխիայի հետ առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ վարչապետը շեշտեց, որ  տնտեսական հարցերով Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի  գործունեությունը պետք է ակտիվացնել  և առարկայական դարձնել:

«Թեև 2016 թվականի համեմատ ընթացիկ տարում ունենք երկկողմ առևտրաշրջանառության 60 տոկոս աճ, սակայն միևնույն է, թվերը շատ հեռու են այն ներուժից, որը մենք ունենք: Հուսով եմ, որ այսօր բացված բիզնես ֆորումը նոր լիցք կհաղորդի ու կնպաստի հեռանկարային գործարար կապերի ստեղծմանը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանը համոզմունք  հայտնեց, որ Երևանի և Պրահայի միջև ուղիղ օդային կապի վերականգնումը կարող է խթանել առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջության ոլորտում գործակցությունը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ վարչապետը հորդորեց չեխական կողմին Հայաստանը  դիտարկել որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ:

Նա ավելացրեց, որ արդեն իսկ չեխական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են տարվում Մեղրիի ազատ տնտեսական գոտում նեգրավվելու ուղղությամբ: Վարչապետը նույնպես բարձր  գնահատեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ու Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Միլան Շտեյխը Կարեն Կարապետյանին  փոխանցեց Չեխիայի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծեց հայ-չեխական կապերի դինամիկ զարգացման փաստը: ,, Չեխիան հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական իրավիճակին և փորձելու է ամեն կերպ աջակցել Հայաստանին՝ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման և հետագա զարգացման նպատակով,,- ասաց նա:

Պարոն Շտեյխը ևս գոհունակություն հայտնեց քաղաքական հարաբերությունների մակարդակից և անհրաժեշտ համարեց առևտանտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ներուժի լիարժեք իրացումը: Այդ առումով, Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը հեռանկարային համարեց Հայաստանի միջոցով Եվրասիական ու իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունն ու տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը:

Միաժամանակ, նա համոզմունք  հայտնեց, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը դրական արդյունքներ կտա: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Միլան Շտեյխը կրկին նշեց, որ իր երկիրն աջակցում է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

 Այնուհետեւ Չեխիայի սենատի նախագահը խոսքը փոխանցեց իր պատվիրակության անդամ, չեխական ,,Մառլենկա Ինթերնեշնլ,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանին, ով նախ շնորհակալություն հայտնեց Չեխիայի պետությանը, ուր բոլոր պայմանները ստեղծել են, որպեսզի ինքը զրոյից ստեղծի եւ զարգացնի թխվածքի արտադրության ժամանակակից ընկերություն, որն իր արտադրանքն արտահանում է աշխարհի 40-ից ավելի երկրներ։ Հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանը հայկական կողմին տեղեկացրեց նաեւ, որ 2014 թվականից Չեխիայում գործում է Ժամանակակաից պատմություն / www.moderni-dejiny.cz/ կայքը, որը նախատեսված է պատմության ուսուցիչների համար եւ որտեղից օգտվելով, չեխական դպրոցներում դասավանդում են Հայոց ցեղասպանության թեման։ Այս ծրագիրը կազմակերպել եւ հովանավորել է  ,,Մառլենկա Ինթերնեշնլ,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, ասելով՝ քանի որ հայ գործարարներն իրենց լավ են զգում Չեխիայում, պետք է ամեն ինչ անենք, որ չեխ գործարարներն էլ իրենց լավ զգան Հայաստանում։

Օրվա պաշտոնական վերջին հանդիպումը Հայաստանի նախագահի մոտ էր։ Նախագահ Սերժ Սարգսյանն ողջունելով հյուրին՝ ջերմությամբ հիշեց 2014թ. Չեխիա կատարած իր պետական այցի շրջանակներում Միլան Շտեյխի հետ ունեցած հանդիպումը։

Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի այցը Հայաստան արդյունավետ կլինի՝ ամրապնդելով երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, և պարոն Շտեյխը կզգա նույն ջերմությունն ու բարեկամությունը, որը մշտապես անձամբ ցուցաբերել է Հայաստանի ներկայացուցիչներին Չեխիա կատարած այցերի ընթացքում։ Նա ընդգծեց, որ Հայաստանը Չեխիան համարում է բարեկամ երկիր ու վստահելի գործընկեր և շահագրգռված է համագործակցության խորացմամբ ու առաջընթացով բոլոր ոլորտներում:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Հայաստանում իր բոլոր հանդիպումներն անցնում են ջերմ և դրական մթնոլորտում:

Միլան Շտեյխը ևս ընդգծել է, որ Չեխիայի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ հաշվի առնելով երկու երկրների բարձր ղեկավարության ակտիվ շփումներն ու փոխըմբռնումը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը: Նրա համոզմամբ, քաղաքական հարաբերությունների այս բարձր մակարդակը պետք է լրացնել նաև առևտրատնտեսական ակտիվ կապերով, ինչի ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տարվում են.

Սենատի նախագահը տեղեկացրեց, որ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ովքեր հանդիպումներ  են ունեցել  հայ գործընկերների հետ, ծանոթանում են Հայաստանի տնտեսության հնարավորություններին և շուկայի պահանջարկին:

Նա կրկին  անդրադարձավ Ադրբեջանին չեխական զինատեսակի վաճառքի վերաբերյալ աղմկահարույց թեմային՝ շեշտելով, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը, և այժմ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել այդ գործարքը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձան ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Հանդիպումներին մասնակցում էին նաեւ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Չեխական պատվիրակության համար նախատեսված էր նաեւ մշակութային ծրագիր, նրանք ծանոթացան Կասկադի տարածքում տեղադրված ժամանակակից արվեստի գործերին, այցելեցին Մատենադարան, իսկ մինչ այդ եղան նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Հ.Ա. ՕՐԵՐ

Երեւան

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի  եւ կառավարական մամուլի ծառայությունների


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: