ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական մամուլը Ազնավուրի մասին. Հեռացավ շանսոնի թագավորը, սրբապատկերը, խորհրդանիշը, աստղը, լեգենդը…

03 հոկտեմբերի, 2018 | 14:16

 

ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ.- Հոկտեմբերի 2-ին չեխական կենտրոնական բոլոր թերթերը լույս տեսան առաջին էջերում հրապարակելով 94ամյա համաշխարհային լեգենդ Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրեր, հոդվածներ ու լուսանկարներ։

ՊՐԱՎՈ օրաթերթը վերնագրել էր. ՙՀեռացավ շանսոնի թագավոր Շառլ Ազնավուրը՚, ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթի վերնագիրն էր՝ ՙՄահացավ ֆրանսիական շանսոնի սրբապատկերը՚, մի այլ հոդվածի վերնագրում էլ նշելով, որ Ազնավուրը մինչեւ վերջ մնաց բեմի վրա։ ՄՖ ԴՆԵՍ օրաթերթն էլ հակիրճ արձանագրել է՝ ՙԱզնավուր, շանսոնի խորհրդանիշ՚։ ԴԵՆԻԿ օրաթերթը գրել է՝ ՙՄահացել է Շառլ Ազնավուրը, շանսոնի աստղը՚, իսկ ՀՈՍՊՈԴԱՐՍԿԻ ՆՈՎԻՆԻ օրաթրեթը՝ ՙՖրանսիական շանսոնի լեգենդ Շառլ Ալնավուրին դավաճանեց սիրտը՚։ Նրան համարում եւ երգիչ, եւ տեքստերի հեղինակ, եւ դերասան ու դիվանագետ, եւ գործարար։

Բոլոր հրապարակումներում լավագույնս ներկայացվում է Ազնավուրի հայկական ծագումը, արմատները, անցած ստեղծագործական ուղին։ Նշվում է, որ 200 միլիոն ալբոմ է վաճառել, 50-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել, որ 2016 թվականին, եւ այս տարի մարտ ամսին համերգներով հանդես է եկել Պրահայի Համագումարների պալատում, Պրահայի Ֆեբիոֆեստ կինոփառատոնում հանդիպել է Կատրին Դենյովին եւ արժանացել Համաշխարհային կինոարվեստում ունեցած վաստակի համար՝ Քրիստիան մրցանակին։ ԴՆԵՍ-ի թղթակիցը գրում է, որ չնայած իր առաջացած տարիքին, նրա համերգների հանդիսականները չէին կարող չգնահատել նրա դերասանական տաղանդը, որը կարողանոմւ էր հմտորեն շարժվել բեմում՝ իր թեթեւ իրոնիկ ու ծիծաղկոտ աչքերով։ Նրան անվանում են նաեւ ֆրանսիական Ֆրանկ Սինատրա։

Չեխական թերթերը հիշեցնում են նաեւ, որ առաջին համերգը նա պետք է ունենար 1969 թվականին, բայց Յան Պալախի ինքնահրկիզման պատճառով նա չեղյալ էր հայտարարել համերգը եւ իր ցավակցությունները հայտնել, նաեւ ներկա գտնվել թաղման արարողությանը։ ՙԱռաջին անգամ ես Պրահա եկա իբրեւ զբոսաշրջիկ, եւ ձեր երկիրը, պատմությունն ու ժողովրդին շատ սիրեցի։ Այնուհետեւ Պրահայում նկարահանվել եմ ամերիկյան  Էմիլ Զատոպկի ՙԽաղը՚ ֆիլմում, իսկ Յան Պալախի հետ կատարվածից հետո, իմ ներքին ձայնն ասաց, որ ես պետք է ներկա լինեմ նրա հուղարկավորությանը՚,- ասել է Ազնավուրը  ՊՐԱՎՈ թերթին տված հարցազրույցում։  Չեխական հեռուստատեսությանը տված հարացազրույցում էլ ասում էր, որ ինքն ամեն օր մի նոր բան է սովորում, եւ քնելուց առաջ անպայման ընթերցում է։

Թերթերը գրել են նաեւ, որ  ամերիկյան CNN հեռուստաընկերության հարցման արդյունքում նա ճանաչվել է 20-րդ դարի ամենամեծ արվեստագետը, արժանացել բազմաթիվ մրցանակների, Հոլիվուդում դրվել է նրա աստղը, իսկ չեխ երգչուհի Հանա Հեգերովան տարիներ ՙԼա  Բոհեմ՚ երգի չեխերեն տարբերակը։

Նա իր 1500-ից ավելի երգերը ութ լեզուներով կատարել է աշխարհի 90-ից ավելի երկրներում։

Ծնվելով 1924 թվականին Փարիզում, ցեղասպանությունից փրկված հայ էմիգրանտների ընտանիքում,երբեք չի մոռացել իր հայրենակիցներին օգնելու մասին՝ սկսած 1988 թվականի Հայաստանի երկրաշարժից։ Զուր չէ , որ տարիներ առաջ Մոնրելում ելույթից հետո ասել է, ՙՀայաստանն իմ հոգին է, իսկ Քվեբեկն՝ իմ սիրտը՚։ Թերթերը նշում են նաեւ, որ նա երկար տարիներ Հայաստանի դեսպանն է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Շվեյցարիայում եւ Ժնեւում ներկայացված ՄԱԿ-ի կառույցներում։

a2larm.cz էլեկտրոնային թերթը գրում է, որ նա ֆրանսիական հաջողակ ինտեգրացիայի սրբապատկերն է։

Չեխական քաղաքականության ու մշակույթի բազմաթիվ գործիչներ իրենց Թվիթերի կամ ֆեյսբուքյան էջերում խորը ափոսանքի խոսքեր էին գրում, Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան նույնիսկ տեսահոլովակ էր տեղադրել, ուր երգում էր Ազնավուրի երգը։ Իսկ նախագահ Զեմանն իր մամուլի քարտուղարը գրել էր, որ նախագահ Զեմանի համար հիանալի հիշողություն կմնա հանրահայտ շանսոնեի 2016 թվականի ապրիլին Համագումարների պալատի համերգը։

ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻՆ գրում է, որ սեպտեմբերի 17-ին Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում ելույթից հետո նա վերադարձել է տուն եւ սեպտեմբերի 30-ից լույս հոկտեմբերի 1-ի գիշերը հոգին ավանդել է ֆրանսիական Ալփիլեսի իր տանը։

Երկու տարի առաջ Պրահայում հրատարակվող  ՕՐԵՐ ամսագրին տված հարացազրույցում Ազնավուրն ասում էր, որ իր 100ամյակը անակնկալ կլինի ոչ միայն հանդիսականների, այլեւ իր համար։ Ցավոք, չհասցրեց վայելել այդ անակնկալը։

 

Հ.Ա. Օրեր

 


Առնչվող նյութեր
1. «Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան
2. ««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
3. «Ազնավուր» հիմնադրամը ներկայացրել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը
4. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
5. Նիկոլա Ազնավուր. «Իմ հայրը գերմարդ էր»
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները
8. Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը
9. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
10. Ախալցխայում Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: