ՊՐԱՀԱ.- ՕՐԵՐ. Մայիսի 9-ին չեխական Թերեզին հայտնի հուշահամալիրում, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին եղել է նացիստական համակենտրոնացման ճամբար, պաշտոնապես բացվեց Թերեզին Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը։ Կենտրոնի տնօրենն է ցեղասպանագետ Շիմոն Կրբեցը, գեղարվեստական տնօրենը Պավել Խալուպան, իսկ գիտական եւ մանկավարժական տնօրենը՝ ամերիկացի ցեղասպանագետ Պոլ Լեւինը։
Կենտրոնի հանդիսավոր բացումից հետո, ներկաները դիտեցին չինացի լուսանկարիչ Նյուեն Ֆուոնգ Տաոյի ՚՚Վերապրածները՚՚ եւ Ռոբին Բյոհնիշի ՚՚Հայաստան-լեռների, վանքերի եւ գինու՚՚ երկիր լուսանկարչական ցուցահանդեսները։
Այնուհետեւ ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր, որին հետեւեցին Պրահայի Սմիխովի առեւտրային դպրոցի ուսանողների պատրաստած Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի վիրտուալ մոդելը։ Օրվա բանախոսը Պոլ Լեւինն էր, ով իր զեկուցմամբ անդրադարձավ Եվրոպայում եւ աշխարհում ցեղասպանությունների ուսումնասիրման ընդհանուր միտումներին՝ անդրադառնալով նոր սերնդի կրթության մեջ դրա կարեւոր դերին։ Նա նաեւ կարեւորեց կենտրոնի բացումը, որը մեծ նշանակություն կունենա ցեղասպանության խնդիրներով զբաղվող երիտասարդ գիտնականների համար։
Միջոցառման ծրագրում տպագրված էր նաեւ 2017 ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից ընդունված ՝ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, եւ Օսմանյան կայսրությունում այլ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը։
Կենտրոնի գլխավոր նպատակներից է լինելու ցեղասպանությունների կանխարգելումը։
Այնուհետեւ գեղարվեստական տնօրեն Պավել Խալուպան ,,Լուստիգ Վագոն,,ում, որ տեղադրված էր Թերեզինի Հրետանային զորանոցների կենտրոնում, բացեց համերգային բաժինը՝ խոսքը տալով Չեխիայում Հայաստանի գործերի ժամանակվոր հավատարմատար, հյուպատոս Աննա Ավետիսյանին։ Վերջինս ներկայացրեց ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի խոսքը(վերջինս գտնվում էր Չեխիայից դուրս)՝ ուղղված ձեռնարկի մասնակիցներին։ Հայաստանի դեսպանն իր խոսքում կարեւորել էր ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի բացման դերը եւ նաեւ շնորհակալություն հայտնել այն բոլոր չեխերին՝ այդ թվում նախագահ Միլոշ Զեմանին,նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգին, պատգամավոր Ռոբին Բյոհնիշին, ինչպես նաեւ կենտրոնի տնօրեն Շիմոն Կրբեցին եւ Պոլ Լեւինին, որոնց դերն ու կատարած աշխաատնքը մեծ էր Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։
Այնուհետեւ ներկաներին ողջունեց Չեխական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենը, իբրեւ ձեռնարկի գլխավոր հովանավորներից մեկը, եւ նշեց, որ նման կարեւոր հարցի համար Չեխական երկաթուղիները միշտ պատրաստ են աջակցել կենտրոնին։
Համերգային մասը կոմիտասյան անզուգական կատարումներով բացեց չեխաբնակ սոպրանո Վարինե Մկրտչյանը։ Բացօթյա բեմում նրա մատուցած կատարումները անջնջելի տպավաորություն թողեցին ներկաների վրա։
Այնուհետւ ելույթներ ունեցան նաեւ չինուհի Ֆենգ յուն Սոնգը, Տրոմբենիկ հրեական հայտնի խումբը, գնչուական Բախտալե Ապսա խումբը եւ հայտնի կույր մեներգիչ Մարիո Բիհարին, հրեա ջութակահար Ալեքսանդր Շոներտը եւ Չեխական ռադիոյի մանկական երգչախումբը։
Կենտրոնի նպատակն է չեխ հասարակությանը ծանոթացնելու ցեղասպանությունների ծագման, առաջացման ու իրականացման պատճառների հետ, ինչպես նաեւ այն խնդիրների, թե ինչպես կարելի է ապագայում կանխարգելել նման ոճրագործությունները։
Մեզ հետ զրույցում Շիմոն Կրբեցը նշեց, որ նորաբաց կենտրոնում հիմնականում կկազմակերպվեն ցեղասպանություններին նվիրված ցուցահանդեսներ եւ դասախոսություններ։
2017 թվականի հուլիսի 10-16-ը Թերեզինի կենտրոնում կանցկացվի նաեւ ավանդական դարձած ,,Գնացք Լուստիգ,, 6-րդ փառատոնը, որտեղ տեղի կունենա արդեն հայտնի ,,Աղոթք Կատերինա Հորովիցովայի համար,, ներկայացումը՝ նվիրված ֆաշիստների կողմից դաժանորեն սպանված հրեաներին։
Թերեզինի ձեռնարկներին ներկա էին նաեւ Չեխիայի խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ՝ Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի գլխավորությամբ։
Հ.Ա.
ՕՐԵՐ