ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի հուլիսի 7-ին Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմով

05 հուլիսի, 2013 | 13:25

ԵՐԵՎԱՆ. – «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնն այսօր հանդես եկավ փառատոնի բացմանն ընդառաջ մամլո ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն էին հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և «ԱՊՀ երկրների կինո»-ն ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն (Հուլիսի 7-14, 2013) իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը կնշանավորվի Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ իր իսկ անվան հրապարակում, որին կհաջորդի բացման արարողությունը և բացման ֆիլմի` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրադարձություններին ներկա կլինի ինքը` լեգենդար շանսոնիեն: Բացման օրակարգը կներառի նաև Ազնավուրին` «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը:

Փառատոնային հաջորդ օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների և Երևանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաև Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին:

Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:

Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը, որ կներկայացնի ԱՊՀ երկրների` վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում, որն ԱՊՀ երկու այլ պետությունների քաղաքների հետ մեկտեղ ճանաչվել է որպես 2013թ. մշակութային մայրաքաղաք: Ցուցադրությունների ծրագրում կընդգրկվեն 16 ֆիլմ, որից 2-ը` վավերագրական, 8-ը` խաղարկային և 6-ը` կարճամետրաժ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում և կներկայացնի Ռուսաստանի, Ուկրաինայի. Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ֆիլմեր:

Փառատոնի ծրագիրը կներկայացնի նաև «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Իսկ Գեորգի Դանելիայի անչափ սիրված «Միմինո» կատակերգությունը, կսկսի ցուցադրությունների իր ճամփորդությունը` ներկայացվելով նախ Երևանում և Գյումրիում, և ապա` տարվա ընթացքում Վրաստանի և Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլմի ստեղծման 35-ամյա հոբելյանը: Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում Փառատոնը Երևանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային: Կներկայացվեն նաև վերջին տարիների վրացական լավագույն ֆիլմերից:

Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա նաև «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության ֆիլմեր` այդ թվում նաև Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ:

Միջազգային համագործակցությունների մասին խոսելով` ավելացնենք նաև, որ այս տարի ևս Փառատոնի հետ համագործակցում է Բրիտանական խորհուրդը` հատուկ մրցանակ սահմանելով կարճամետրաժ ֆիլմի համար:

Արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է նաև նոր «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաև Հայաստանի մասին օտարազգի հեղինակների կողմից նախորդ տարում ստեղծված ֆիլմեր: Ծրագիրը կընթանա Մալյան թատրոնում:

Կարևոր է նշել նաև, որ ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը պատրաստակամ եղան վարպետության դասեր անցկացնել Երևանում: Մասնավորապես` հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը և Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաև ԹՈՒՄՈ կենտրոնում:

Նշված ծրագրերն առավել մանրամասնորեն ներկայացված են կից` միջոցառումների օրակարգում:

Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ի սկզբանե մշակվելով և զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաև հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների և ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Լուսանկարները եւ տեքստը՝ Ոսկե ծիրան կինոփառատոնի

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
3. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
4. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
5. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
6. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
7. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
8. ,,Ոսկե ծիրան,,ում ցուցադրվում է Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթանակած ֆիլմը՝ ,,Քառակուսին,,
9. ,,Ոսկե ծիրան,,ում շարունակվում են կինոբացահայտումները
10. «Եղիցի լույս» մրցանակ` Տիգրան Մանսուրյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: