ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի

24 հուլիսի, 2018 | 07:49

,,Ոսկե ծիրանի,, հավատարիմների ու սատարողների շարքում առանձնակի տեղ ունեն աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և նրա հանրահայտ տիկինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը: Փառատոնի օրերին հնարավորություն ունեցանք զրուցելու դերասանուհու հետ թե՛ ,,Ոսկե ծիրան,, միջազգային կինոփառատոնի, թե՛ Հայաստանում կատարված քաղաքան անցքերի մասին:

-Տիկին Արսինե, Դուք և պարոն Էգոյանը մշտապես տածում եք մեծագույն սեր  և ուշադրություն <<Ոսկե ծիրան>> կինոփառատոնի հանդեպ: Դուք նաև այցելել եք ՀՀ մշակույթի նախարարություն՝ անձամբ հորդորելու, որպեսզի պետության կողմից լինի առավելագույն ուշադրություն և սատարելու պատրաստակամություն կինոփառատոնի նկատմամբ: Սա բացատրվում է Ձեր հայրենասիրությա՞մբ, հայասիրությա՞մբ սոսկ, թե՞ <<Ոսկե ծիրանն>> իսկապես մեծ նշանակություն ունի՝ որպես միջազգային կինոիրադարձություն:

-Իմ և Ատոմի գործունեությունը միշտ եղել է արվեստի ծիրում, և մեզ համար առաջնահերթ է պրոֆեսիոնալ որակը: Բայց դա չի նշանակում, որ ազգասիրությունն էլ իր հերթին մեծ դեր չի խաղում, որպեսզի կանգնենք <<Ոսկե ծիրանի>> թիկունքին: Մենք շատ փառատոների ենք մասնակցում, անշուշտ, մեր գործի բերումով, բայց ամեն փառատոնի չէ, որ այսչափ ուշադրության ենք արժանացնում: <<Ոսկե ծիրանը>> ոչ միայն տեղ ունի մեր սրտի մեջ, այլև պրոֆեսիոնալ պատկերացումներում, որովհետև 15 տարի դրսևորել է շատ բարձր որակական հատկանիշներ: Թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական պատճառներով փառատոնը երբեմն իրականացվել է դժվարին պայմաններում, բայց այդուհանդերձ կարողացել է պահել իր շարունակականությունն ու մեր երկրի կյանքում կարևոր տեղ գրավել՝ իբրև մշակութային իրադարձություն: Թվում է, թե սա ընդամենը կինոյին վերաբերող իրադարձություն է, բայց սրա միջոցով ի հայտ եկան շատ այլ նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ այն բոլոր հարթակները, համատեղ նախագծերը, երիտասարդական ծրագրերը, որոնց մեջ ընդգրկվել են տարբեր երկրներ: Այսպիսի բաներ արվում են շատ այլ փառատոներում ևս, բայց այդ փառատոները նյութական մեծ օժանդակություն ունեն: <<Ոսկե ծիրանը>>, ժամանակ առ ժամանակ անհստակ իրողությունների մեջ հայտնվելով հանդերձ, մեծ ջանք է թափել և կարողացել լավագույն կերպով կայացնել հերթական փառատոնը: <<Ոսկե ծիրանն>> այսօր շատ արժանապատիվ համբավ է վաստակել:

-Դուք այս գնահատականը տալիս եք՝ նկատի ունենալով հայկակա՞ն տիրույթը, թե՞ <<Ոսկե ծիրանը>> նաև համաշխարհային չափանիշներով է ներկայանալի:

-Ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ որակները, որոնք <<Ոսկե ծիրանի>> պարագայում չեն զիջում այլ միջազգային կինոփառատոներին: Ատոմը տարիներ շարունակ նախագահել է <<Ոսկե ծիրանում>>, ես եղել եմ տարբեր ժյուրիների կազմում, և երկուսս էլ կարող ենք վկայել, որ այս փառատոնում համաշխարհային մակարդակ է տիրում: Իսկ Կովկասյան տարածաշրջանում սա ամենազորեղ կինոփառատոնն է: Նույնիսկ եթե այն համեմատելու լինենք շատ հարուստ ու տնետեսապես հզոր Թուրքիայում անցկացվող կինոփառատոների հետ, վստահաբար կարող ենք ասել, որ <<Ոսկե ծիրանը>> գերազանցում է նրանց, այն այս ողջ տարածաշրջանի համար է կարևոր իրադարձություն: Եվ միանգամայն բնական է, որ մենք մշտապես աջակցում ենք կինոփառատոնին, ողջունում այն նորությունները, որ <<Ոսկե ծիրանն>> ունենում է ամեն տարի: Այս տարի, օրինակ, շատ կարևոր նախաձեռնություն էր <<GAIFF Pro>> նախագծի ստեղծումը, որը հնարավոր է դարձրել հայերի համագործակցությունը Վրասանի, Իրանի, Թուրքիայի կինոգործիչների հետ: Սա շատ կարևոր նախագիծ է, այն թե՛ մեզ համար է շահավետ, թե՛ կինոյի աշխարհի համար առհասարակ: Եթե <<Ոսկե ծիրանը>> կարողանում է ծառայություն մատուցել կինոաշխարհին՝ այս բառի լայն իմաստով, նշանակում է այն դառնում է մեծ կինոիրադարձություն ոչ միայն Հայաստանի սահմաններում: Եվրոպացիներն ընդհանրապես օժանդակում են համատեղ կինոնախագծերին, և նրանց համար էական է, որ այս նախաձեռնությունը տեղի է ունենում Հայաստանում:

-Էական լինելու այդ հանգամանքը պայմանավորված է նաև մեր հայրենիքում կատարված վերջին քաղաքական շրջադաևձերո՞վ:

-Անշուշտ, վերջին քաղաքական զարգացումներից հետո մեր վարկանիշը բարձրացել է Արևմուտքում: Նախ՝ Հայաստանն առաջին անգամ գրավեց Արևմուտքի ուշադրությունն իր նկատմամբ: Արևմտյան ամբողջ լրատվադաշտը խոսում էր հայաստանյան հեղափոխության մասին: Եվրոպական երկրները, Ամերիկան, որոշ չափով նաև Կանադան աչալուրջ հետևում էին մեր երկրում կատարվող իրադարձություններին ու լուսաբանում դրանք: Աշխարհի չորս կողմում զարմացած էին մեր հեղափոխությամբ: Արևմուտքի մարդիկ, ցավոք սրտի, ծանոթ չեն Հայաստանին: Բայց այս ընթացքում բոլորը ճանաչեցին Հայաստանը՝ որպես հանդարտ, խաղաղ, ժողովրդի կամքով հեղափոխություն կատարած երկիր: Աշխարհը զարմացած էր, որ մեր երկրում մի կաթիլ արյուն չթափվեց այդ ընթացքում: Տասնյակ տարիներ Միջին Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում կատարվում են հեղափոխական քայլեր, որոնք անպայման ուղեկցվում են բախումներով: Իսկ Հայաստանն ինքն իրեն ներկայացրեց աշխարհին իբրև հին ու հարուստ պատմություն, ավանդույթներ ունեցող ժողովուրդ, որը կարող է ամենաժամանակակից ձևերով փոխել իր կյանքը, ունենալ նոր կառավարություն, երիտասարդ ղեկավարներ: Սա երիտասարդության հեղափոխությունն էր, և իր տեսակով օրինակ դարձավ աշխարհի բոլոր երիտասարդների համար: Երիտասարդների մեջ հավատ արթնացավ, որ իրենք կարող են իրողություն փոխել: Նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում մշտապես կա փոփոխության կարիք: Եվ երբ տեսնում են, որ Հայաստանն իր բարդ պարագաների մեջ, անկախության շրջանի անհասկանալի ժողովրդավարության պայմաններում կարողացավ նման հեղափոխություն անել, մտածում են, որ իրենց երկրներում էլ է դա հնարավոր: Մեր արածը կարծես որոշակի մշակույթ ձևավորեց նաև. երբ ես հիմա օտար մարդկանց առաջ խոսում են Հայաստանի մասին, զգում եմ, որ նրանք շատ հետաքրքված են մեր փոքր երկրով: Հայաստանն ասես նվաճել է իր տեղը աշխարհի քարտեզի վրա:

 

Լուսանկարը՝ հեղինակի   

Կարինե Ռաֆայելյան

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին
3. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
4. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
5. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
8. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
9. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
10. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: