ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկե ծիրան»ը ներկայացրեց փառատոնի համագործակցությունը ՀՀ օտարերկրյա դեսպանությունների հետ

27 հունիսի, 2014 | 12:31

Voske tsiran 27.06.14«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը այսօր` հունիսի 27-ին, մամլո ասուլիսով ներկայացրեց փառատոնի համագործակցությունը ՀՀ օտարերկրյա դեսպանությունների հետ: Որպես բանախոսներ հանդես եկան և համագործակցային ծրագրերը մամուլի ներկայացուցիչներին ներկայացրեցին ՀՀ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ. պարոն Անրի Ռենոն, ՀՀ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ռայներ Մորելը, ՀՀ ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար Տկն. Վիոլետա Տալանդիսը, ՀՀ Լեհաստանի հանրապետության դեսպանության Առաջին խորհրդական, Քաղաքական բաժնի ղեկավար Պրն. Ռոբերտ Ռոկիցկին և “Ոսկե ծիրան” Երևանի ՄԿՓ գեղարվեստական ղեկավար Տկն. Սուսաննա Հարությունյանը:

 

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս պատիվ ունի համագործակցելու ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Մասնավորապես` փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության և Իսրայելի Պետության Դեսպանության (Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի երևանյան գրասենյակի միջոցով) աջակցությամբ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության արդյունքում է, որ այս տարի ևս հնարավոր կդառնա մի քանի անվանի ֆրանսիացի կինոգործիչների երևանյան ներկայության և փառատոնային մասնակցության ապահովումը: Մասնավորապես, դեսպանության աջացությամբ է, որ Աննա Մուգլալիսը (դերասանուհի), Ժան-Քրիստոֆ Ֆերարին (կինոքննադատ) և Ռոն Դյենը (պրոդյուսեր) հրավիրված են ներկայանալու փառատոնի Միջազգային խաղարկային, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների ժյուրիի կազմերում համապատասխանաբար: Ավելին, Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի մասնակից Ջիովանի Դոնֆրանչեսկոն (ռեժիսոր), Ֆրանսիայի կինոկենտրոնի համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար Ժուլիեն Էցանոն, պրոդյուսեր և համատեղ արտադրությունների մասնագետ-դասախոս Դան Բուրլաքը և պրոդյուսեր Ալիս Օրմիերը, ով նաև հանդես կգա «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի ժյուրիի կազմում, Երևանի կինոփառատոնին կմասնակցեն դեսպանության հետ փառատոնի ունեցած համագործակցության շնորհիվ: Բացի այդ, ֆրանսիական արտադրության և/կամ համատեղ արտադրության շուրջ 10 ֆիլմ կներկայացվի մրցութային տարբեր ծրագրերում:

Կարևոր է նշել, որ Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ են իրականացվում հռչակավոր ռեժիսորներ Ամոս Գիտայի և Օթար Իոսելիանիի Հետահայաց ցուցադրությունների ծրագրերը: Համագործակցությունը հնարավոր է դարձրել նաև Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկիի հեղինակած «Բարբարոս երկիր» վավերագրականի, ինչպես նաև այս տարվա ամենակարևոր ֆիլմերից մեկի` հռչակավոր Ժան Լյուք Գոդարի` Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Adieu au Langage (հայերեն թարգմանությունը` շուտով) ֆիլմի երևանյան պրեմիերաների իրականացումը: Հիշեցնենք, որ Գոդարի ֆիլմը կներկայացվի որպես փառատոնի փակման ֆիլմ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացվում է Հայաստան –Թուրքիա կինոպլատֆորմ համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 14-16-ին: Ծրագրի օրակարգը և բաղկացած կլինի անհատական և խմբակային դասերից, նախագծերի ներկայացումներից և պաշտպանություններից (pitches): Դասընթացին մասնակցելու համար ընտրվել է տասը նախագիծ` հինգը Հայաստանից և հինգը` Թուրքիայից, որոնք մասնակցելով կզարգացնեն իրենց սցենարական և արտադրական փաթեթները: Լավագույն նախագիծը կարժանանա 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի: Ժյուրիի կազմում հանդես կգան սցենարի հեղինակ և ռեժիսոր Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), Անադոլու Քյուլթուրի ներկայացուցիչ Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), սցենարի հեղինակ, ռեժիսոր և գրող Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Նաիրա Սուլթանյանը, և Հայաստանում Եվրասիա հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագիրը հիմնադրվել է 2008թ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և Թուրքիայում գործող Անադոլու Քյուլթուր հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Սա երկու երկրներում գործող կինոգործիչների միջև համագործակցությունը առաջ մղող ընդհանուր հարթակ է և միտված է խթանելու հայ և թուրք կինոգործիչների համատեղ կինոարտադրությունները: Իրականացման տարիների ընթացքում ՀԹԿՊ-ն աջակցել է 15 ֆիլմերի ստեղծման: Հետաքրքրական է նշել, որ երբ իրականացվում էին նախագծի առաջին նախաձեռնողական քայլերը, հայ և թուրք կինոգործիչներին համատեղ ծրագրերում միավորելն անհնար էր թվում: Մինչդեռ այս նախագիծը եկավ ապացուցելու հակառակը, քանի որ ծրագիրը լայնորեն զարգացավ և այժմ արդյունավետ կերպով գրավում է հայ և թուրք կինոհամայնքների պրոֆեսիոնալների ուշադրությունը: 2014թ. ՀԹԿՊ ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դրամաշնորհի միջոցով:

 

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ և Գյոթե ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը նախաձեռնել է Նոր գերմանական կինո ծրագիրը, որը Երևանում կներկայացնի գերմանական արտադրության վերջերս ստեղծված լավագույն ֆիլմերից երեքը: Մասնավորապես, փառատոնի շրջանակներում կկայանան Բեռլինի միջազգային կինոփառատոնի այս տարվա հիմնական մրցույթում ներկայացված «Ջեքը» (Jack) (ռեժ.` Էդվարդ Բերգեր), Ֆեո Ալադագի «Աշխարների միջև» (Inbetween Worlds) և Դիտրիխ Բրուգմանի «Խաչի ճանապարհ» (Stations of the Cross) ֆիլմերի երևանյան պրեմիերաները, ընդ որում «Խաչի ճանապարհ» ֆիլմը ներկայացված կլինի միջազգային մրցութային ծրագրում: Ծրագրի շրջանակներում կներկայացվի նաև Յակոբ Լասի «Սիրո բիֆշտեքսներ» (Love Steaks) ֆիլմը: Նոր գերմանական ծրագրի մեկնարկը տեղի կունենա հուլիսի 16-ին վերոնշյալ ֆիլմերից մեկի պրեմիերայով:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ «Ոսկե ծիրան»-ի համագործակցությունն այս տարի կնշանավորվի մեր ժամանակների ամենահռչակավոր ռեժիսորներից մեկի` Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա` Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած «Հաստատուն գործոն» The Constant Factor (1980) ֆիլմի երևանյան պրեմիերայով: Փառատոնի համար պատիվ է նշել, որ Զանուսին «Ոսկե ծիրան»-ի արդեն երկար տարիների բարեկամն է, և որ փառատոնն ուրախ է այս տարի տոնել մեծ կինոգործչի 75-ամյա հոբելյանը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում նրան հանձնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի` հատուկ «Եղիցի լույս» մրցանակը:

«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ը ուրախ է տեղեկացնել նաև Իսրայելի Պետության դեսպանության հետ կայացող համագործակցության մասին, որն իրականացվում է Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի երևանյան գրասենյակի միջոցով: Համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել Ավի Վայսբլայի և Էլիրան Քնոլերի հեղինակած «Արարողություն» (The Ceremony) իսրայելական արտադրության վավերագրական ֆիլմի մասնակցությունը այս տարվա միջազգային մրցույթում, ինչպես նաև հեղինակների ներկայության կազմակերպումը Երևանում: Իսրայելական արտադրության մեկ այլ ֆիլմի` «Դասալիքը» (Deserted) (ռեժ.` Յոավ Հորնունգ) կարճամետրաժի մասնակցությունը «Կորիզ» մրցութային ծրագրին ևս կկայանա նշված համագործակցության շնորհիվ:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: