ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ո՞րն է Հանրային խորհրդի խորհուրդը կամ առակս զի՞նչ ցուցանե

03 հուլիսի, 2013 | 21:27

ԵՐԵՎԱՆ. – Մեր երկիրն ունի հանրային լայն հնչեղություն ստացած մի մեծ պրոբլեմ՝ գիտության զարգացման խնդիրը: Երկիրը, հանրությունը հասկացել են, որ կա գիտության զարգացման համար անհրաժեշտ կազմակերպչական քայլերի, օրենսդրական դաշտի բարելավման և ֆինանսավորման էական ավելացման անհրաժեշտություն, բայց հարցը չի ստանում ոչ մի արձագանք վերևներում: Բազում դիմում-նամակներ են գրվել, չնչին մասն արձագանքվել է, մեծ մասը՝ ոչ…

Սակայն սա դեռ առակիս հետ կապ չունի: Դե, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դիմումների մեծամասնությունն անարձագանք է մնում: Սովորել ենք անարձագանք դիմումներին ու եթե հանկարծ պատասխան է լինում, դա համարում ենք վատ նշան ու, ապահովության համար, խաչակնքում: Պիտի ասել, որ հազվադեպ, բայց լինո՛ւմ են զարմանալի ու անսովոր դեպքեր…

Ավելի հասկանալի լինելու համար՝ խոսենք օրինակներով՝ առաջին՝ անարձագանք խմբի մեջ է մտնում 2011թ. սեպտեմբերի 30-ին, 250-ից ավել գիտաշխատողների ստորագրությամբ, Հանրային խորհրդի (ՀԽ) նախագահին ուղղված մի դիմում-նամակ, որում մասնավորապես ասվում էր` «Ելնելով այն հայտարարությունից, որ արել են քաղաքական կուսակցությունները՝ ՀՀ գիտության ֆինանսավորումը բյուջեից հասցնել 3 տոկոսի, դիմում ենք Ձեզ՝ խնդրանքով հնարավորինս շուտ այս տեսակետը քննարկել ՀԽ-ում և հասցնել այն ՀՀ նախագահին: Մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերը համակարծիք են, որ հապաղման յուրաքանչյուր օրը հակասում է հանրապետության զարգացման հռչակագրած ռազմավարությանը, սպառնում է ազգային անվտանգությանը և ընդհանրապես վտանգավոր է երկրի համար»:

2 տարի առաջ արված այս դիմումը ՀԽ-ի կողմից արժանացել է «Ձայն բարբառո հանապատի»:

Բայց սա էլ առակիս բուն ասելիքի հետ կապ չունի…

2-րդ՝ արձագանքված դիմումների խմբի մեջ է մտնում մեկ ուրիշ դիմում՝ վերոհիշյալի հետ կապ չունեցող: Բանն այն է, որ վերջերս մի խումբ երիտասարդ գիտնականների` ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկություններին ընթացք չտալու պատճառով ՀՀ Կրթության և գիտության նախարարի կողմից ՀՀ ԲՈՀ-ի նախագահն ստացավ նկատողություն: Նա դիմեց ՀԽ-ին, և 4 օր անց եղավ այսպիսի արձագանք՝ ՀԽ-ն այդ խիստ նկատողությունը հիմնավորված չի համարում:

Առակիս բուն ասելիքին դեռ չեմ հասել, այլ միայն կուլմինացիային…

Արձագանքված դիմումը հիշողություն արթնացրեց երիտասարդ գիտնականների մոտ առ այն, որ 2 տարի առաջ արված իրենց դիմումը դեռևս պատասխան չի ստացել: Օրերս «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» Հասարակական կազմակեպության նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես եկավ բողոք-նամակով, որ ՀԽ-ի կողմից բացակայում է անաչառ մոտեցումը դիմումներին:

Հանրային խորհուրդը պատասխանեց երիտասարդներին, և ահա այստեղ էր, որ պարզ երևաց վայրը, որտեղ թաղված էր շան գլուխը:

Պարզվեց, որ, ճիշտ է, ՀԽ-ն թերացել է՝ չպատասխանելով դիմում-նամակին, բայց մի կողմից էլ… ի՞նչ պատասխաներ, եթե նա, ինչպես պարզվեց, 2011 թվականին այդ հարցը ՀԽ-ում համակողմանիորեն քննարկել է «Գիտության զարգացման հեռանկարները, գիտության ֆինանսավորման և կառավարման հիմնախնդիրները» թեմայով կազմակերպված լայն քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել այն տեսակետին, որ գիտության զարգացումը կախված է ոլորտի ֆինանսավորման ավելացման հետ: Կազմվել են փաստաթղթեր և ուղարկվել նախագահին… ՀԽ-ի 2011թ. տարեկան հաշվետվության մեջ այն տեղ է գտել հետևյալ ձևակերպմամբ` «Հանրային խորհուրդը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պետք է վերանայի գիտության ֆինանսավորման կարգը՝ էապես ավելացնելով հատկապես հիմնարար գիտություններին հատկացվող ֆինանսական միջոցները»:

Փաստորեն ՀԽ-ն իր գործն արել է, էլ ի՞նչ աներ: Հո չէ՞ր պատասխանելու գիտնականներին, թե նախագահին ուղարկած մեր փաթեթը նմանվեց Նոյի ագռավին:

Դե հիմա պետք է նստել ու լրջորեն խորհել, թե ինչ բան է Հանրային խորհուրդը, և ինչի համար է այն ստեղծված: Ըստ ամենայնի՝ նրա առաքելությունն է՝ հանրության ձայնը լսելի դարձնել իշխանություններին: Առաջներում թագավորները, իբրև դերվիշ, կամ մուրացկան, կամ «Իբրև թե չարչի մի թափառական» մտնում էին ժողովրդի մեջ՝ լսելու հանրության ձայնը: Այսօր դրա փոխարեն կա Հանրային խորհուրդ, որը հանրության ձայնը՝ փաթեթի տեսքով, բերում և դնում է իր սեղանին: Մնում է՝ ծանոթանալ, ընթացք տալ, որպեսզի մարդիկ հավատ ունենան, որպեսզի երիտասարդ գիտնականները չհիասթափվեն ու չմտածեն, թե՝ Չի լինելու երկրի վրա ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր…

Ուրեմն այստեղ կա երկընտրանք՝ կամ պիտի մաքրել Հանրային Խորհրդի ձայնալարերը, կամ իշխանավորների ականջները: Այն, որ երիտասարդներին չկա պատասխան ՀԽ-ից, դա՝ ոչինչ, բայց այն, որ ՀԽ-ին չկա պատասխան նախագահից, ա՛յ դա է արգահատելի:

Առակս զի՞նչ ցուցանե… Փաստորեն կարելի էր եզրակացնել, թե Հանրային խորհուրդը ֆիկցիա է… այն չի՛ գործում: Բայց, ավա՜ղ, սիրելի՛ երիտասարդ գիտնականներ, շատ մի զայրացեք ու ՀԽ-ներո՛ւմ մի փնտրեք պատասխաններ՝ ձեր արդարացի հարցերին. իրականում մարդիկ հավաքվել են, ժամանակ հատկացրել, քննարկել, բանավիճել, ընդհանուր հայտարարի եկել, ձևակերպել, ստեղծել փաթեթ, ուղարկել նախագահին… և ընդ որում՝ մարդիկ, ում ժամանակը թանկ է՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Գիտության պետական կոմիտեի նախագահ, ակադեմիկոսներ, երիտասարդ գիտնականներ:

Ուստի` առակս այն ցուցանե, որ…

Իրականում մեր ղեկավարությունը նմանվել է Օստապ Բենդերին՝ այն առումով, որ, ի դեմս Հանրային խորհրդի, նա բացել է պոզերի և սմբակների հանձնման գրասենյակ («Եղջյուր ու սմբակ» գրասենյակ, Ի. Իլֆ և Եվ. Պետրով, «Ոսկե Հորթը»): Հետաքրքիր է` ո՞վ է այդ դեպքում ՀՀ նախագահին կից զիցնախագահ Ֆունտը [1]։

Այսպիսով, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր. Առակս զի՞նչ ցուցանե…

[1] Я – зицпредседатель Фунт. Я всегда сидел. Я сидел при Александре Втором «Освободителе», при Александре Третьем «Миротворце», при Николае Втором «Кровавом». […] При Керенском я сидел тоже. При военном коммунизме я, правда, совсем не сидел, исчезла чистая коммерция, не было работы. Но зато как я сидел при НЭПе! Как я сидел при НЭПе! Это были лучшие дни моей жизни! […] Я беру недорого: сто двадцать рублей в месяц на свободе и двести сорок – в тюрьме. Сто процентов прибавки на вредность. // И. Ильфа и Е. Петров, Золотой телёнок, Глава XV, Контора «Рога и копыта».

 

Մանե Հակոբյան

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
2. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
3. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
4. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
5. Նորարարության մրցույթ Հայաստանի համալսարանական ուսանողների եւ ասպիրանտների համար
6. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առաջարկվել է ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը
7. Պահանջում են չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը եւ կրկնել դրա քննարկումը
8. Հակոբ Փանոսյան. Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի
9. Գուցե բարի նախագահը տեղյա՞կ չէ գիտության խնդիրներից
10. Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 105 ամյակը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: