ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ

31 հոկտեմբերի, 2018 | 09:53

Մշակույթների հաջողված երկխոսություն

Հոկտեմբերի 25 – 28ը Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ Երկրամասի հայ համայնքի և նրա հոգևոր հովիվ՝ արժանապատվ Տ․ Տիրատուր քհն․ Սարդարյանի նախաձեռնությամբ Շտուտգարտում անցկացվեցին «Հայ Մշակույթի Օրեր», որոնց այս տարվա խորագիրն էր «Շնորհակալ եղեք ամեն ինչում»։

Բազմաշերտ ծրագրիրն ընդգրկում էր հոգևոր, դասական և ջազային համերգներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրում, երեխաների համար ծրագրեր։ Մշակույթի Օրերի մասնակիցները ծանոթացան հայ խոհանոցի խոհարարական հրաշքներին, համտեսեցին Հայաստանում արտադրված գինիներ ու ծանոթացան Հայաստանին որպես զբոսաշրջային երկրի։

Ծրագիրն այսպիսով հնարավորություն է տալիս սփյուռքի հայ համայնքի համախմբմանը, ամրապնդմանը, ինչպես նաև նպաստում է  Հայաստանի ճանաչելիության մակարդակի աճին, հայկական մշակույթի, ավանդույթների, զբոսաշրջային ներուժի բացահայտմանը։ Զանազան ոլորտներում, առօրյայից մինչև բարձր արվեստ, հնարավորություններ ստեղծվեցին բազմաշերտ շփումների ու փոխանակման համար։

Այս տարվա Շտուտգարտի Հայ Մշակույթի Օրերը բացվեցին պոլսահայ երաժիշտներ՝ Արթուր Բաղդասարյանի (բարիտոն) և Եդվին սրկ․Ղալիպյանի (երգեհոն) համերգով, որի ընթքացքին հնչեցին հայ և միջազգային հոգևոր երաժշտության գոհարներ։

Հայ հոգևոր երաժշտությունը ներկայացված էր «Սաղմոսերգու» արական երգչախմբի կողմից։ Բացառիկ գեղեցկությամբ ու բանիմացությամբ Կոմիտասյան հոգևոր խմբերգերն ու խմբավար Վահե Բեգոյանի կողմից մշակված շարականները, կատարյալ կերպով ներկայացվեցին խմբի եւ մենակատար Վահագն Հովենցի կողմից՝ հիացնելով ներկաներին։ »Սաղմոսերգու»ի փայլուն կատարումը, մաքրամաքուր ձայներն ու փոխանցված հոգևոր մթնոլորտը բարձր գնահատանքի արժանացավ ունկնդրի կողմից, որն արտահայտվեց հոտնկայս ծափահարություններով։

Հոկտեմբերի 26-ին մասնակիցները ծանոթացան հայոց հազարամյա պատմություն ունեցող և տարածաշրջանում լայն տարածված խոհանոցին։ Յուլիա Նիկողոսյանը (գրքի թարգմանչուհին) ներկայացրեց Սուսաննա Սարգսյանի «Խոհարարական ճամբորդություն դեպի Հայաստան» գիրքը, իսկ «Արենի Փառատոն» հիմնադրամի կողմից ներկայացվեց Հայաստանում խաղողագործությունը, գինեգործությունը, իրադարձային զբոսաշրջության ողջ ներուժը։ Կազմակերպվեց գինու և հայկական ուտեստների համտեսում։

Մշակույթի Օրերիը ընթացքում Մարկ Դեգենսի «Երևան» գրքի շնորհանդեսի, ինչպես նաև «Սոնա Վարպետյան և ընկերներ» խմբի աննկարագրելի ջերմ համերգով, նշվեց քաղաքամայր Երևանի 2800 ամյակը։

«Երևան» գիրքը ներկայացնում էր Հայաստանում ու Երևանում շուրջ 3 տարի բնակվող գերմանացի գրող և հրատակարիչ Մարկ Դեգենսի անձնական տպավորությունները։ Իսկ Սոնա Վարպետյանն ու իր ընկերները հանդիսատեսին նվիրեցին անմոռանալի հուշեր, կատարվեցին երևանյան  սիրված  ստեղծագործություններ։

Հանդիսատեսի հետաքրքրությանն ու բարձր գնահատանքին արժանացան Ավետիս Հաճեանի «Գաղտնի Ազգ, Թուրքիայի գաղտնի հայերը» , որում նա նկարագրում է իր ճամփորդությունները դեպի նախկին Արևմտյան Հայաստան, իր այցելություններ Սասուն, Վան, Հաճն, Այթապ, Մարաշ, Ուրֆա, Տիգրանակերտ, որտեղ նա փորձում էր գտնել ցեղասպանությունը վերապրած հայերի իսլամացած ժառանգներին։

Շտուտգարտի Հայ Մշակույթի հյուրերից էր «Աշխարհների սահմանագծին» վավերագրական ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկեվիչյանը։ Ֆիլմը, որը ներկայացնում է 2-րդ աշխարհամարտի հայ ռազմագերիների եւ տեղահանված անձանց ճակատագիրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել գերմանացի հանդիսատեսի մոտ։ Ֆիլմը պատմում էր մարդկանց մասին, որոնք անցնելով պատերազմի, գերության, հարկադրանքի եւ ստրկության ճամփաներով՝ դժվարին ընտրություն պիտի կատարեին Հայրենիքի եւ ազատության միջեւ։ Հատկանշական էր, որ ֆիլմի գերմանական պրեմիերան կայացավ Շտուտգարտում, ուր և գտնվում էր հայերի ճամբարը՝ «Ֆունկերկազերնե»-ն։ Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի հանդիսատեսը առիթ ունեցավ հարցեր ուղղելու հեղինակին։

Մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանդիսատեսի մոտ նաև Թորսթեն Ֆլայգի հեղինակած «Հայաստան» գիրք-ուղեցույցի շնորհանդեսը։ Գիրքն առանձնահատուկ է նրանով, որ գերմաներենով Հայաստանի մասին համապարփակ, ծավալուն ինֆորմացիա է հաղորդում թե՛ զբոսաշրջիկների, թե՛ տեղացիների համար։

Հայ Մշակույթի Օրերը ավարտվեցին հոկտեմբերի 28-ին ավանդական դարձած գալահամերգով։

Հայլբրոնի Վյուրթեմբերգյան Կամերային Նվագախումբը իր նախկին դիրիժոր Ռուբեն Ղազարյանի ղեկավարության ներքո հանդես եկան թավջութակահար Սուրեն Բագրատունու և ջութակահար Էմանուել Ճգնավորյանւ հետ։ Կատարվեցին Օտտորինո Ռեսպիգիի «Antiche danze ed arie: Suite III», Յոզեֆ Հայդենի «Համերգ թավջութակի և նվագախմբի համար»-ը, Լորիս Ճգնավորյանի «Համերգ ջութակի և նվագախմբի համար», Իսահակ Ալբենցի «Cantons de Espana» ստեղծագործությունները։

Համերգին ներկա էր գտնվում մաեստրո Լորիս Ճգնավորյանը, ինչպես մի շարք քաղաքական և պետական գործիչներ, հոգևորականներ, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համերգի ավարտին Մաեստրո Ռուբեն Ղազարյանը ՀՀ Դեսպան Աշոտ Սմբատյանի կողմից պարգևատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

Աննկարագրելի զգացմունքներ, գեղեցիկ ու բարձրորակ երաժշտության, տաղանդաշատ ու անթերի կատարողների այս հանդեսը համապատասխան տոնական ավարտն էր Շտուտգարտի 8-րդ Հայ Մշակույթի Օրերի։ Հիասքանչ մի տոն, մշակույթների հաջողված երկխոսություն։

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնք

Նկարների հեղինակներ՝ Արմեն Անանյան, Թոմաս Շաուց

 


Առնչվող նյութեր
1. Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը
2. Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
3. Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան
4. «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
5. 21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
6. Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը Բեռլինում
7. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
8. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
9. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
10. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: