ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան

03 հուլիսի, 2018 | 09:26

Հայաստանի կինոգործիչների միության  նախագահ, ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի հիմնադիր տնօրեն  Հարություն Խաչատրյանը պատասխանում է ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագրի հարցերին

Հարցազրույցն ամբողջությամբ կտպագրվի ՕՐԵՐ եվրոպական ամսագրի առաջիկա համարում, ուր բացահայտվում են Կինոգործիչների միության գործունեության մանրամասներն ու կինո-քաղաքականության կարեւոր ծրագրերը։ Առայժմ ներկայացնում ենք հուլիսի 8-15 Երեւանում կայանալիք 15-րդ ,,Ոսկե ծիրան,, միջազգային կինոփառատոնի հետ առնչվող հարցերն ու պատասխանները, որոնք բացահայտում են այս տարվա փառատոնի կարեւոր դրվագները եւ նաեւ խնդիրները։

– Ինչպիսի՞ն էր ,,Ոսկե ծիրանի,, 15-ամյա ճանապարհը, որոնք են Ձեր ամփոփիչ գնահատակնները։ 

Մենք գիտենք, թե ինչ ենք արել, քանի որ շատ լավ հիշում ենք, թե մինչեւ փառատոնն,  ինչ վիճակում էր հայկական կինոն։ Հանդիսատես գոյություն չուներ, կամ էլ տարված էին միայն գռեհկաբանություններով ու սերիալներով։ Երիտասարդները հետաքրքրված չէին կինոարվեստով , քանի որ մոռացել էին մեծ էկրանի մասին։ Շատերը նույնիսկ կինոթատրոնում մինչ այդ կինո չէին դիտել։ Երեւանում մնացած մեկ կամ երկու կինոթատրոնն էլ միայն կոմերցիոն ֆիլմեր էին բերում,որ իրենց ծախսերը փակեն։ Ոչ մեկը չէր մտածում մշակութային կինոյի մասին, մշակութային քաղաքականության ու դաստիարակության մասին, կրթության մասին։ Դրա համար էլ ծնվեց ,,Ոսկե ծիրանը»։

Հիմնադրելով կինոփառատոնը, մենք արդեն  անհանգստությունը ունեինք, որ այս անգրագիտությունը մի օր խեղդելու է Հայաստանը, իսկ կինոն դաստիարակելու շատ լավ միջոց է։ Մենք նույնիսկ  վարպետության դասերով  հետաքրքրություն առաջացրեցինք, եւ դա ստացվեց։ Եթե առաջին տարին մենք ունեինք 1000-1500 հանդիսատես, ապա այժմ 40-45 հազար հանդիսատես է գալիս, որոնք ֆիլմեր են նայում, հանդիպում են հյուրերին, վարպետության դասընթացներին են մասնակցում։

Հյուրերն էլ երբ գալիս են, ծանոթանում են Հայաստանին, մեր երկրի մասին արժեքավոր կարծիքներ են գրում, ցույց են տալիս, հրապարակում են աշխարհով մեկ։ Վերջերս կարդացի Եվրոպական միության մշակույթի բնագավառին նվիրված ուսումնասիրությունը մեր տարածաշրջանի 5 երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա եւ Մոլդովա։  Այս հինգ երկրներում միակ լուրջ քաղաքականությամբ հիմնադրված ու իրականացված նախագիծը համարվում է ,, Ոսկե ծիրանը»։ Պատկերացրեք միայն ,,Ոսկե ծիրանի» միջոցով 20-ից ավելի հաղորդումներ են եղել ,,Եվրոնյուզ» հեռուստաալիքով Երեւանի ու Հայաստանի մասին, այդ թվում՝ քրիստոնեության ու  Սուրբ Էջմիածնի, Հայաստանի ներկայի ու անցյալի, այսօրվա խնդիրների մասին։ Սա լուրջ քաղաքականություն է։ Կինոաշխարհին նվիրված հայտնի պարբերականներ են գրել  մեր մասին, ,,Ոսկե ծիրանի» միջոցով Հայաստանի մասին խոսեցին, այդ թվում հայտնի ,,Հոլիվուդ ռեպորթերը»։  Իսկ ,,Հոլիվուդ պրեսից ,,Ոսկե ծիրանը» մրցանակ ստացավ զարգացող երկրներում կինորավեստին ցույց տված ուշադրության համար։ ,,Ոսկե ծիրանը» նաեւ  բազմաթիվ միջազգային փառատոնների է մասնակցել, ուր ներկայացրել ենք հայկական կինոն։

Փառատոնի շրջանականերում ստեղծվեց  հայ-թուրքական պլատֆորմը։  Այժմ արդեն այն կանցկացվի ,,ԳԱԻՖ Պրո,,  նախագծի շրջանակներում,ուր կլինի կինոնախագծերի  քննարկում, ֆինանսավորման եւ համաարտադրության հնարավորությունների լայն դաշտ։ Սա մեր փառատոնի գլխավոր մասերից մեկն է դառնալու։

Միայն կինո ցուցադրելով արդեն չենք բավարարվելու, հանդիսատեսն արդեն կա, ռեժիսորների քանակն արդեն ավելացել է, բայց շատերը միջազգային հիմնադրամների հետ աշխատելու ճանապարհը եւ ուղիները  չգիտեն, ինչը պետք է սովորեցնել։ Հաղթած ֆիլմերի նախագծերը միջազգային ֆինանսավորում կամ համաֆինանսավորում կունենան։ Այս բաժինը իրոք հեռանկարային է լինելու ,,Ոսկե ծիրանի» համար, դրանով լրջորեն ենք զբաղվելու։ Հետաքրքրությունը շատ մեծ է լինելու։

Կարեւոր հյուրեր ունենք այս հոբելյանական տարում, ինչպես նաեւ մեր լավ բարեկամները կգան, որ նախկինում եղել են եւ այժմ կնշեն մեզ հետ 15-ամյակը։ Ցուցադրելու ենք ինչպես միշտ լավագույն մշակութային ու կրթական ֆիլմերը, արվեստի, կինոյի լեզվի զարգացման ֆիլմերը։ Եվ նոր ֆիլմերի ցուցադրություններ կլինեն, եւ վարպետության դասեր։ Լոկառնոյի, Ռոտերդամի, Վենետիկի, Բեռլինի եւ Կանի ֆիլմերի պրեմիերաներ կլինեն։ Այդ ֆիլմերից շատերի երկրորդ ցուցադրությունը Հայաստանում է լինում։ Դա մեծ ստիմուլ է կինոսերների եւ մասնագետների համար գալ եւ դիտել այդ ֆիլմերը։ Կարծում եմ շատերի համար հաճելի կլինի։

Մեր ֆինանսավորումը խնդիր առաջացրեց մեր նախկին հովանավորների ու գործընկերների մոտ, մի քիչ դադար վերցրեցին՝ կապված այս փոփոխությունների հետ, մտածում են  շարունակել արվեստի ֆինանսվաորումը, թե՝ ոչ։

Քաղաքական փոփոխությունները նկատի՞ ունեք։

– Այո, այս իրավիճակի փոփոխության, պաշտոններից հրաժարվելու եւ այլն։ Իհարկե, սարսափելի չէ իրավիճակը, կարելի է ինչ որ բաներ կրճատել, փոքրացնել, բայց որ ,,Ոսկե ծիրանը,, պետք է շարունակի իր ընթացքը, դա շատ կարեւոր է։ Բոլորը դա հասկանում են եւ գիտեն։ Մեր նոր նախագահ Արմեն Սարգսյանը միությունների ղեկավարների հետ հավաքի ժամանակ ասաց, որ ոչնչից ստեղծվեց ,,Ոսկե ծիրանը» եւ այնպիսի մեծ անուն բերեց Հայաստանին, որ ամբողջ աշխարհը խոսում է ,,Ոսկե ծիրանի» մասին։ Դա մեծ գնահատական է, եւ այդ մասին շատ լավ գիտեին մեր նախորդ մշակույթի նախարարները՝ Հասմիկ Պողոսյանը եւ մյուսները։ Աշխարհում որեւէ տեղ, երբ հանդիպում են կինոգործչի, ապա Հայաստանի մասին խոսելիս, առաջինը խոսում են ,,Ոսկե ծիրանի» մասին։ Շատերն էլ երազում են ,,Ոսկե ծիրան,, գալու մասին։

-Այդ մասին մենք չեխական կինոփառատոնների ժամանակ էլ լսում ենք, երբ տարբեր կինոգործիչների հարցնում ենք այդ մասին։

– Այո, դա լուրջ քաղաքականություն է, պահպանելու մեր ունեցածը, արտահանելու եւ լավագույնը բերելու Հայաստան։ Նրանք, ովքեր այս ամենը չեն հասկանում, շատ պրիմիտիվ են մտածում։

-Իսկ ի՞նչ անակնկալներ կլինեն այս տարի։

Գիտեք, կինոփառատոնի բարձր մակարդակը մշտապես ապահովում են լավագույն ժյուրին իր նախագահով եւ, իհարկե, լավագույն ծրագրերը։ Մենք ռեժիսորական փառատոն ենք։ Իհարկե, մեկ-մեկ փորձում ենք հայտնի դերասաններ էլ հրավիրել, բայց դա մեզ այնքան էլ չի ոգեւորվում։ Քանի որ դերասանական կամ շոուների փառատոն չենք։ Այս անգամ էլ Օսկարակիր ռեժիսորը ղեկավարում  է մեր ժյուրին, որ շատ փառատոններ կերազեին, որ իրենց մոտ լինի։ Այս տարի գալու են համաշխարհային կինոյի մեծ վարպետներ, որոնք երազանք են ամեն մի փառատոնի համար։  Պատվավոր հյուրերի թվում են լինելու կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյքերը: Նրանց ֆիլմերը կցուցադրվեն, նրանք հանդիպումներ կունենան, վարպետության դասընթացներ կվարեն, որոնց մուտքը ազատ կլինի։ Բացման արարողությանը աշխարհի լավագույն ռեժիսորներից երկուսը կստանան ,,Փարաջանովյան թալեր,, մրցանակը։ Այս տարի նաեւ ԱՊՀ ֆիլմերի ցուցադրություն կլինի եւ կտեսնենք, թե մեր հարեւանները ինչպիսի զարգացում են ունեցել։ Դժբախտաբար ֆինանսական հարցերը մեզ միշտ ուշացնում են, եւ պետությունից ստանում ենք մեր ծախսերի ընդամենը 25 տոկոսը, որը  շատ քիչ է։ Բայց, փառք Աստծո, հույսով լինենք, որ 15- ամյակը լավ կանցնի։

Զրույցը վարեց

Հակոբ Ասատրյանը


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
3. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
4. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
5. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
6. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
7. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
8. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
9. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
10. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: