ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շառլ Ազնավուրը Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառմանը Ժնեւում

13 մայիսի, 2013 | 18:01

ԺՆԵՎ-Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում:

Իր բացման խոսքում դեսպան Ազնավուրը կարեւորեց Շուշիի ազատագրումը արցախյան հաղթական ազատամարտում եւ նշեց, որ նման հաղթական իրադարձությունները եւ դրանց նշումը ուղղորդում են հայ ժողովրդին հետագա հաղթանակների:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ով ընդգծեց Շուշիի հաղթանակի պատմական նշանակությունը արցախյան ազատամարտում` բարձր գնահատելով այդ հաղթանակում հայ ժողովրդի միասնության, Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի դերը, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման ներկա ընթացքը:

Միջոցառմանը ցուցադրվեց ԼՂՀ ձեռքբերումներին նվիրված տեսաֆիլմ:

Տոնական միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Ժնեւի Սբ. Հակոբ Եկեղեցու հոգեւոր հովիվ, հոգեշնորհ Տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ով, շնորհավորելով ներկաներին մայիսյան հաղթանակների առթիվ, վստահություն հայտնեց, որ պատերազմում հաղթանակած արցախահայությանը կհաջողվի խաղաղության պայմաններում շենացնել հայրենիքը եւ հզորացնել հայկական պետականությունը:

Միջոցառումը եզրափակվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանի անունից տրված ընդունելությամբ:

 Orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: