ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շահան Գանտահարյան. Արժեքները եւ այլընտրանքայինները

20 օգոստոսի, 2013 | 16:07

facebook-2Այլընտրանքային լրատվադաշտը, կամ ավելի մատչելի ընկալման համար՝ սոցցանցերը, հասանելիության նորանոր տարածքներ են նվաճում, մագլցողականության աննախադեպ եւ նույնիսկ անհաշվարկելի օգտատերերի դաշտ մուտք գործելով կայծակնային արագությամբ եւ ինքնատարածման գերարագ մեքենականություններով:

Կացությունը հասել է այնտեղ, որտեղ լրատու գործակալությունը, մամուլի այս կամ այն տարբերակը իր նյութերի տարածման համար ոչ թե մնում է այլընտրանքային լրատվադաշտի հետ, այլ օգտագործում է այն` իր հրապարակած նյութերի տարածման համար: Այսօր գրեթե չկա թերթ կամ ընդհանրապես զանգվածային լրատվամիջոց, որ ֆեյսբուքի իր էջերով հատուկ ճիգ չի խնայում իր ընթերցող հասարակության թիվը բարձրացնելու համար: Քանակական ոստումներ կատարելու ինքնամղումից մեկնած թերթերի ընկերային էջերը աշխատում են օրն ի բուն, ժամ առ ժամ, րոպե առ րոպե, մի ժամ առաջ իսկ թողարկված լրատվությունը ժամանակավրեպ չդարձնելու համար: Ներկա ժամանակներում թարմացման կշռույթը վայրկյանական է, իսկ հետ մնալը, կամ թարմացման ժամանակակից կշռույթը չհարգելը պարզապես անմրցունակության ցուցանիշ է:

Արագությունն ու զգայացնցումը այսօրվա լրատվության արժեքային համակարգի առաջին չափանիշերն են դարձել: Մնացյալը թվում է, թե երկրորդական նշանակություն ունի: Հավաստիությունը, առարկայականությունը, լրագրական բարոյագիտությունը, ինքնագրաքննությունը եւ նման այսօրվա ընկալմամբ դասականացած արժեքները այլընտրանքային լրատվադաշտի համար ժամանակը կորցրած «ապրանքանիշեր» են, որոնք շուկայի կողմից պահանջարկ չունեն:

Այս մասին տակավին կարելի է երկար գրել, օրինակներ մեջբերել, դասական եւ այլընտրանքային լրատվադաշտերի մասնագիտական համեմատությունը կատարել: Այս նախաբանը ամփոփ բնութագիրն է այսօրվա պատկերի, պարզապես արագ անցում կատարելու համար դեպի հայկական տեղեկատվական այլընտրաշխարհը:

Տաբուներ քանդող լուր տարածելու ներկա կարելիությունները քանդում են նաեւ այն պատնեշները, որոնք սկզբունքով պիտի սահմանազատեին մարդ անհատը եւ տվյալ հաստատության կամ կազմակերպության լուր տարածելու կարելիությունները: Այսպես. եթե մի թերթ հազարավոր բարեկամ ունի ֆեյսբուքի վրա, շուրջ նույնքան բարեկամ – ուրեմն նաեւ ընթերցող կարող է ունենալ անհատը այսօր, որ հավասար միջոցն ու հավասար քանակը կարող է ունենալ պաշտոնական թերթի հետ` իր խոսքը տարածելու, իր կարծիքը ընթեռնելի դարձնելու, այլ խոսքով ինքնադրսեւորվելու: Զգայացունց գրառումը բավարար է, որ հանկարծ արագությամբ աշխատեն «լայքերը, շեյրերը, ռիքոմենտները» եւ գրառումը տարածվի ու տարածվի անընդհատ` հասնելով ծանոթին ու անծանոթին: Այս մեքենական շրջանառությունները հաճախ զուգորդվում են մեկնաբանություններով, տեղի-անտեղի կարծիքներով, երբեմն նյութում չտեղավորվող, երբեմն անտեղի հաստատումներով: Կարեւորը այն է, որ քանակի աստիճանաչափը հարվածվում է, մարդիկ իրազեկվում են այն ինչի մասին, որ օգտատերը ուզո՛ւմ է, որ համացանցային հասարակությունը եւ մեր դեպքում ֆեյսբուքահայությունը իմանա: Կշռույթն ու տարողությունը հասել են այնտեղ, որտեղ քաղաքական բարձրաստիճան պաշտոնատարը հայտարարություն կատարելու փոխարեն հետզհետե ավելի հաճախակի նախընտրում է դիմատետրի կամ դայլայլիի (թվիթերի) իր էջի վրա գրառում կատարել, որին հղում կկատարեն զանգվածային լրատվամիջոցները:

Վիճարկելի չէ այն տեսակետը, որ ժամանակակից միջոցները պետք է օգտագործել առավելագույնս հայկական լրատվությունները տարածելու համար: Սակայն, անտառի օրենքով կառավարվող այս տարածքներում հաճախ հարվածվում են մեր ազգային արժեհամակարգի հենասյուները: Ոչ հեռու անցյալում էր, որ հարվածվեց մեր բանակը, երբ յութուբի վրա ցուցադրվեցին հայ սպայի կողմից հայ զինվորի նկատմամբ ստորացման նկարահանումները: Աշխարհին հասանելի դարձան նմանատիպ պատկերներ, որոնք խորքում հայ կրթահամակարգը խնդրո առարկա էին դարձնում: Պատահական չէին այս հրապարակայնացումները: Կրթական ոլորտում տարածաշրջանային մակարդակի վրա մրցանիշեր ապահովելու կամ Երեւանի` Համաեւրոպական բարձրագույն ուսումնական կենտրոնի վերածման միջոցին կատարվեց հայ դպրոցին վերաբերող գայթակղության բացահայտումը: Հայկական բանակի մարտունականության, ընդ որում դարձյալ տարածաշրջանային առումով անգերազանցելիության մասին գնահատականների միջոցին, հրապարակվեցին հայկական բանակի, հայ սպայի ու հայ զինվորի նկատմամբ առնվազն ոչ բարենպաստ պատկեր ստեղծող պատկերներ:

Իսկ հիմա՞: Հայ առաքելական եկեղեցին դարձել է այլընտրանքային լրատվադաշտի առանցքային նյութի առումով վերջին նորաձեւությունը: Այս մարզում, իհարկե խնդիրներ կան, սրբագրելի կետեր կան, բարեփոխության առաջադրանքներ կան, որոնք պետք է քննարկել եւ առաջնորդել լուծման: Բերենք միայն վերջին օրինակը, առանց որեւէ կողմնորոշման: Պարզ այն հարցումը, թե ինչպե՞ս է պատահում, որ Երուսաղեմի պատրիարքի՝ Ամենայն հայոց վեհափառին հղած նամակը նախքան առաքվելը հայտնվում է նույն այդ այլընտրանքային լրատվամիջոցի զանազան տարածքների վրա եւ վերը նշված միջոցներով, արագությամբ եւ մեկնաբանություններով տարածվում է, մեկնաբանվում։

Հրապարակումները, որոնք պատշաճ ոճով եւ նույնիսկ քննադատական մոտեցումով են խոսում եկեղեցու բարեփոխությունների եւ հավելյալ ժողովրդավարացման անհրաժեշտության մասին, կարելի է շատ հանգիստ եւ բնական ընկալել: Սակայն, անկախ նրանից, որ հայ եկեղեցու պառակտման մասին կատարվող նկատողություններն ու կարծիքները կամ վարկաբեկիչ նյութերի երեւալը կարող են նպաստել աղանդավորական շարժումների ենթահողի ձեւավորմանը, հարցը պետք է դիտարկել նաեւ քաղաքական դիտանկյունից:

Կիլիկիո կաթողիկոսության առած ուղենշային քայլից հետո` միջազգային օրենսգետների մասնակցությամբ Ցեղասպանության ճանաչումից հատուցում անցում կատարելու գիտաժողովի կազմակերպումով, երկու վեհափառ հայրապետների պահանջատիրական համատեղ հայտարարությունն ու միացյալ կեցվածքը վստահաբար անհանգստացնում էին շատ շատերին: Ուրեմն պետք էր ջլատել այս համատեղումը: Որովհետեւ թե՛ Էջմիածինը, թե՛ Անթիլիասը, թե՛ Երուսաղեմը եւ թե՛ Պոլիսը իրենց նվիրապետական աթոռների ճանապարհով այսօր նախապատրաստվում են իբրեւ իրավատեր ու պահանջատեր ներկայանալ Անկարային` վերականգնելու համար մեր համազգային պահանջատիրության մեկ կարեւոր բաժինը: Ահա թե ինչու առավել համոզիչ է դառնում, որ պատահական չէ պատրիարքական աթոռից Էջմիածին հղվելիք նամակի արխիվից սպրդումը եւ նախքան հասցեատիրոջը հասնելը երեւալ միեւնույն այլընտրանքային լրատվադաշտի տարածքների վրա:

Հրապարակայնությունը, թափանցիկությունը եւ տեղեկացվածությունը ներկա ժամանակների պահանջած կարգախոսներն են: Այս կարգախոսների շահարկման ճանապարհով ազգային արժեհամակարգի դեմ հարված է տեղի ունեցածը այսօր, որ վաղը կարող է կերպարանափոխվիլ եւ հարվածել միեւնույն համակարգի այլ արժեքները, որոնք հայտնաբար թիրախի են վերածվել: Մանավանդ որ ազգովին հատուցման պահանջատիրական թղթածրարի պատրաստության մեջ ենք բոլորս: Հայկական զանգվածային լրատվամիջոցները այս հանգամանքները նկատի առնելու հարկադրանքի առջեւ են կանգնած: Նաեւ այլընտրանքայինները:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: